ՎՐԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով մեկնել էր Թբիլիսի ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել ինչպես Վրաստանի նախագահի, այնպես էլ վարչապետի հետ: Իսկ ահա վաղը Վրաստան է այցելելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նրա երրորդ աշխատանքային այցն է լինելու Արցախ եւ Սոչի այցելություններից հետո:
Սպասվող այցի եւ հայ-վրացական հարաբերությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

-Պարո՛ն Վասաձե, օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր այցելել Թբիլիսի, վաղն էլ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը: Ի՞նչ տպավորություն ստացաք նախագահի այցից:
-Այս այցն ավելի շատ խորհրդանշական հանդիպում էր: Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպեցին, բարի մարդիկ հանդիպեցին իրար, ոչ ավելին: Պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի այցն ու հանդիպումները: Դա արդեն այլ հարց է, եւ պետք է սպասել ավելի շատ այդ հանդիպումներին: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այցին, եւս մեկ անգամ կրկնեմ, որ նախագահները հաճելի մարդիկ են, նույնիսկ նման են իրար արտաքնապես:
-Այսինքն` առաջնային եւ գլխավոր եք համարում վա՞ղը կայանալիք այցը:
-Իհարկե, Հայաստանում եւ Վրաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվում են ավելի շատ վարչապետերը, հետեւաբար հենց այդ այցին պետք է ավելի ուշադրություն դարձնել:
-Ըստ Ձեզ` վարչապետի փոփոխությունը որքանո՞վ կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:
-Աստված չանի: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հիանալի են, ինչո՞ւ պետք է նրանք փոխվեն: Այլ հակառակը, դրանք պետք է շարունակվեն եւ ավելի ամրապնդվեն: Ես հույս ունեմ, որ իշխանությունների փոփոխությունը չպետք է հետք թողնի արտաքին քաղաքականության վրա, այդ թվում եւ հայ-վրացական հարաբերությունների: Դրանց զարգացումը պետք է շարունակվի:
-Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր:
-Գիտեք, ցանկացած տեսանկյունից դա հեղափոխություն է եւ ժողովրդի ճնշման արդյունք: Սակայն թե ով ում հետեւում է կանգնած եւ ով կարող է շահել այս մեծ խաղից, մենք դեռ դատել չենք կարող: Այդ ամենի մասին եզրակացության կարող ենք հանգել միայն արդյունքներից հետո:
-Հիմա մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ օրենսդիրում այլ ուժ է իշխում, գործադիրում` այլ: Իրավիճակը, ելքը ինչպե՞ս եք տեսնում:
-Ընդհանրապես պրատիկայում այդ բոլոր հարցերը կարգավորվում են ընտրությունների միջոցով, բայց այս պարագայում իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակներ կան: Օրինակ, ընտրությունները տեղի են ունենում միայն մեկ տարի կամ էլ մի քանի տարի անց, իսկ այդ ընթացքում մեծ թվով պատգամավորներ Հանրապետական կուսակցությունից անդամագրվում են «Ելք»-ին կամ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը: Կան բազմաթիվ տարբերակներ, սակայն այստեղ հարցն այլ է, թե որ տարբերակը կարող է հանգեցնել հստակ երաշխիքի, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բարեփոխումներ իրականացնել: Ես կարծում եմ, որ այս ամենի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, Նիկոլ Փաշինյանը միգուցե իր անձնական այլ տեսակետն ունի: Միջազգային պրակտիկայում գոյություն ունի փոքրամասնության կառավարություն հասկացությունը, սակայն այդպիսի կառավարությունները երկար չեն կարողանում կառավարել, եւ այդ ամենն ավարտվում է արտահերթ ընտրությամբ, սակայն Հայաստանի պարագայում այդ ամենը մի փոքր դժվար է իրականացնել: Մնում է կա՛մ բանակցել ու համաձայնության գալ, կա՛մ էլ շարունակել աշխատել այնպես, ինչպես կա:

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Սա, թերեւս, հետաքրքիր է առաջին հերթին նոր կառավարության ֆոնին, երբ նորանշանակ նախարարների գերակշիռ մեծամասնությունը /բացառությունը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է, որ նախկինում փոխնախարարն էր, գլխավոր գանձապետը/ առհասարակ մասնակից չեն եղել բյուջեի կատարողականին, եւ այսօր քննարկման առարկա կդառնա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կատարած աշխատանքը:

Բյուջեի կատարողականի նախագծից տեղեկանում ենք, որ 2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.5 տոկոս, որը զգալիորեն գերազանցել է ՀՀ պետական բյուջեի տարեկան ծրագրում նպատակադրված տնտեսական աճի 3.2 տոկոս մակարդակը: Ընդ որում` տնտեսական աճի բարձր մակարդակը ձեւավորվել է` տարվա առաջին եռամսյակից սկսած այն դեպքում, երբ 2016 թվականին ամփոփվել էր ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճի պահպանմամբ: Բյուջեի նախագծի եզրակացությունից տեղեկանում ենք, որ տնտեսական աճին նպաստել են թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին գործոնների բարենպաստ զարգացումները: Իսկ ահա գյուղատնտեսության ճյուղում գրանցվել է իրական ծավալների նվազում, որը նախորդ տարվա համեմատ ավելի ցածր է եղել:
Իսկ ահա անդրադառնալով գնաճին` նշենք, որ տարեվերջին գնաճը կազմել է 2.6 տոկոս, ինչը Կենտրոնական բանկը համարել է թույլատրելի միջակայք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 237,7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 504,8 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 267 մլրդ դրամ: Ուսումնասիրելով տվյալները` պարզեցինք, որ 2017 թվականի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են եղել 1տրիլիոն 210մլրդ դրամ, սակայն ընթացքում փոփոխություն է եղել, եւ եկամուտները ծրագրված է եղել 1 տրիլիոն 320.8 մլրդ: Արդյունքում այն ամբողջությամբ չի ստացվել: Այդ գումարից 1 տրիլիոն 157.9 մլրդ դրամը հավաքվել է հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից, սակայն սա էլ է թերակատարված, քանի որ ճշտված պլանով ավելի մեծ գումար է նախատեսված եղել՝ 1 տրիլիոն 204.7 մլրդ դրամ:
Պաշտոնական դրամաշնորհների պարագայում կտրուկ անկում է եղել: Մասնավորապես, ճշտված պլանում նախատեսված է եղել 35.1 մլրդ դրամ, սակայն փաստացի թիվը կազմել է 14.6 մլրդ դրամ, եւ կատարվել է ընդամենը 41 տոկոսով: Այլ եկամուտները նախատեսված են եղել 80 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 65 մլն, եւ կատարողականը եղել է 80 տոկոս:
Չնայած այս ամենին` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում էր, թե իրենք բյուջեն գերակատարել են` իհարկե, նախնական ծրագրված ցուցանիշների հետ համեմատած:

ՆՅՈՒԹԵՐԸ՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆի

 

 

ՀՀԿ-ԻՆ ՄՈՌԱՑԵ՞Լ ԷԻՆ
Երեկ Սարդարապատում մեծ շուքով նշվել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը եւ հայ ժողովրդի հերոսամարտերը: Որքան էլ զարմանալի էր, հանդիսավոր միջոցառումից բացակայում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները` բացառությամբ գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, ովքեր էլ ավելի շատ ներկայացնում էին ԵԿՄ-ն, ներկա էր նաեւ ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բայց ՀՀԿ խմբակցության կողմից բարձրաձայնումներ եղան այն մասին, թե իրենց հանդեպ պատշաճ վերաբերմունք չի եղել, եւ նրանց, այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` որպես երկրի դեմք, չեն հրավիրել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Մուղնեցյանը հերքեց այդ տեղեկությունները` ասելով, թե ՀՀԿ բոլոր խմբակցություններին անխտիր հրավեր է ուղարկված եղել, այդ թվում էլ Արա Բաբլոյանին` որպես ԱԺ նախագահ: Իհարկե, չենք կարող վստահ ասել, թե որ կողմն է իրավացի, որ կողմը՝ ոչ:

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի շարք խոշոր ընկերություններ, որոնք նախկինում չեն գրանցել իրենց աշխատակիցներին, այս օրերին փորձում են ուղղել սխալը: Ու քանի որ գրանցված աշխատողների աշխատավարձերը վճարվում են ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցման միջոցով, այս օրերին մի շարք բանկերում լուրջ աժիոտաժ է: Մարդիկ հերթ են կանգնում՝ բանկային քարտ ձեռք բերելու նպատակով: Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի մասին: Ավելին` մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Նաեւ եղան աղմկահարույց ձերբակալություններ:

 

 

ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂՔԸ
Մայիսի 27-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացան ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «ՆորՖոլկ քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենի եւ աշխատակիցների գործով դատական նիստերը: Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը եւ աշխատակիցներ` գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանն ու հաշվապահական ծառայության տնօրեն Սիմոն Առաքելյանը կալանավորվեցին: Նախաքննական մարմնի միջնորդությունն, այսպիսով, բավարարվեց: Ընկերության 2 աշխատակիցների գործով փաստաբան Արմեն Անդրիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Պատրաստվում ենք բողոքարկել դատարանի վճիռը: Հիմա փաստաթղթերն ենք պատրաստում: Դա անհիմն որոշում էր: Եվ 10-օրյա ժամկետում կներկայացնենք մեր բողոքը»: Իսկ արդյոք տվյալ անձինք ընդունում են իրենց մեղքն այն հանցանքի մեջ, որում դատարանն իրենց կասկածում է, փաստաբանն ասաց. «Իմ պաշտպանյալները չեն ընդունում իրենց վերագրվող մեղքը: Ասեմ ավելին` դատարանը որեւէ ապացույց չի ներկայացրել անգամ, թե ինչ միջոցով են իրենք օժանդակել հանցանքին»:




Լրահոս