ԱԱԾ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին ԱԱԾ-ն նոր հանցավոր խումբ էր բացահայտել, որոնք ցանկացել էին Հայաստանում ահաբեկչություն իրականացնել եւ վախի մթնոլորտ տարածել: Մասնավորապես, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով:

Արդյունքում` 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կալանավորվածները շուրջ 10 հոգի են: Ի դեպ, գրել էինք, որ գործով կալանավորվել էր «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության դասախոս, մասնագիտությամբ դիպուկահար Գնել Հովհաննիսյանը:
«Ողջ մնալու արվեստ» կուրսի ղեկավարն է լեգենդար հետախույզ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է բաց նամակով դիմել ԱԱԾ-ի կողմից կալանավորված Գնել Հովհաննիսյանի հայրը` Գագիկ Հովհաննիսյանը, եւ իր որդու կալանավորման, նրա հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ԱԱԾ գաղտնալսումների մասին մանրամասներ հայտնել: Եվ այսպես, ստորեւ ներկայացնում ենք կալանավորվածի հոր խնդրանքը:
«Քաղբանտարկյալ Գնել Հովհաննիսյանի հայր Գագիկ Հովհաննիսյանի բաց նամակ Պավլիկ Մանուկյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին: Պավլիկ, ես Գագիկ Հովհաննիսյանն եմ: Մենք դեռեւս 88-ի շարժման առաջին օրերից, երբ ես ղեկավարում էի Նաիրիի շրջանային շարժումը, իսկ դու խիզախ ֆիդային էիր, միմյանց հարգել ու համակրել ենք: Դու, իհարկե, մեծ ազգասեր ու հայրենասեր մարդ ես, նույնը եւ Ժիրայր Սեֆիլյանը: Դուք ժամանակին Ձեր անձերը դրեցիք Ղարաբաղյան ազատագրական պատերազմի զոհասեղանին: Երկուսդ էլ ու ձեր տղաները եղել ու մնում եք ազգի նվիրյալներ ու ազատության ջատագովներ: Ժիրայրը ընտրեց հայրենիքը բռնակալությունից ազատելու քաղաքական ուղին, իսկ դու` զինված պայքարի ուղին: Դու, որ զինված կռվել էիր ազերիների դեմ, հետո այդ նույն զենքը ուղղեցիր բռնակալության դեմ: Եվ ինչպես մեր պապերից ոմանք իրենց որդիների հետ ելան թուրքերի դեմ Սարդարապատի ճակատամարտում, այնպես էլ դու, քո զավակին առած, վեր կացար բռնակալության դեմ: Եղբայրնե՛ր, տղե՛րք, մեր ազգը երեսուն տարի ցնցումների մեջ էր, երեսուն տարի է` հայ մարդը գիշերները հանգիստ խղճով աչք չի փակել: Այս երեսուն տարիների ընթացքում մեր ազգի մի մասը դարձավ փախստական, մյուս մասը՝ ստրուկ իր հայրենիքում:
Ձեր, իմ եւ մեր ժողովրդի երազանքները՝ կապված բռնակալությունից ազատվելու հետ, արդեն իսկ փաստ է: Վարչապետը իր բերանով Ձեզ հայտարարեց քաղբանտարկյալներ: Խնդրում եմ, ծնկաչոք աղերսում եմ` մի փոքր էլ համբերեք, եւ արդարությունը կհաղթանակի: Դուք արդեն իսկ արդարացված եք: Մի փոքր ժամանակ, եւ դուք կլինեք օրինավոր ազատության մեջ: Ձեզ նման բաց նամակով դիմելու իրավունք եմ վերապահում, որովհետեւ ես քաղբանտարկյալ Գնել Հովհաննիսյանի հայրն եմ: Թեեւ նման ձեւով դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի, ով ուզում է ապրել ազատ, բարեկեցիկ եւ արժանապատիվ:
Գնելին կալանավորեցին 2018թ. ապրիլի 21-ին: Գնելին մեղադրում են իբրեւ այն «Դիվերսիոն» խմբի պատվիրատու, որն իբրեւ պատրաստվում էր դիվերսիոն մեթոդներով վախ առաջացնել իշխանավորների մեջ, որպեսզի նրանք ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին եւ«Սասնա Ծռերի» տղաներին: Բայց իրողությունը այն է, որ Գնելը ծանոթ չէ ո՛չ Ձեր, ո՛չ էլ այդ իբրեւ «Դիվերսիոն» խմբի տղաների հետ: Մի քանի խոսք, թե ով է Գնելը, եւ ինչու են ուզում նրան «կապել» այդ խմբի պատվիրատուի մեղադրանքը: Գնելը տասնութ տարեկան էլ չկար, որ ինձ ստիպեց` իրեն տանեմ ու միացնեմ Հովսեփ Հովսեփյանի ջոկատին, որը այդ ժամանակ գտնվում էր Վարդենիսի շրջանի Տորֆավան գյուղում: Ամուսիններով տարանք ու Գնելին հանձնեցինք Հովսեփ Հովսեփյանին, որի ջոկատները պատրաստվում էին գրոհել Քյալբաջարը: Գնելը մասնակցել է նաեւ Մռովի դիրքերի հետ գրավման կռիվներին: Դրանից հետո դարձավ շինարար արհեստավոր եւ դրանով մի կերպ պահում էր իր ընտանիքը:
Մոտ մեկ տարի առաջ Գնելը մտավ Վովա Վարդանովի «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության մեջ եւ լրիվ անվճար բանակային տարիքի տղաների խմբերին ուսուցանում էր պատերազմի ժամանակ էքստրեմալ պայմաններում կռվելու եւ հաղթելու արվեստը: Այդ կազմակերպությունում ծանոթացել է Սաթեն անունով մի աղջկա հետ, որը հետագայում պարզվել է, որ կապ ունի իբրեւ «Դիվերսիոն» խմբի անդամների հետ: Այս տարի Սաթենի եղբայրը Գնելից գնեց նրա սեփականաշնորհված հողը, եւ այգի հիմնեցին: Մարտ ամսվա կեսերին Սաթենը զանգում է Գնելին եւ հարցնում, թե հնարավոր է արդյոք այգին ջրել: Գնելն էլ պատասխանում է. «Հարց չկա, երբ ուզես, կարող ենք ջրել»: Իսկ Սաթենի հեռախոսը այդ ժամանակ ԱԱԾ-ն գաղտնալսման տակ է պահել: ԱԱԾ-ի աշխատակիցները այդ հեռախոսազրույցը համարում են որպես կոդավորված խոսակցություն, ընդ որում` «այգին» «դիվերսիոն» խմբի տղերքն են, իսկ «ջուրը» փողն է, որը Գնելը պետք է տար, որպեսզի տղաները իրականացնեն «դիվերսիոն» գործողությունները: Բացի այս Սաթենը Գնելին խոսքի մեջ ասել է, որ կա մի մարդ, որը կարողանում է ռումբ սարքել: Գնելը, իր հասարակական գործունեության բնույթից ելնելով, ուզում է հանդիպել հողից ռումբ սարքողին, բայց նրանք այդպես էլ չեն հանդիպում: Միայն այս հեռախոսազրույցի պատճառով Գնելին ուզում են մեղադրել որպես «Դիվերսիոն» խմբի պատվիրատու:
Իմ հարազատները ինձ հորդորում են դիմել Սասուն Միքայելյանին, որպեսզի նա միջնորդի Գնելի խափանման միջոցը փոխելու հարցով: Ես բավականին լավ հարաբերությունների մեջ եմ Սասունի հետ, այնքան լավ, որ երբ նա 2016թ. Հրազդանի քաղաքապետի թեկնածու էր, մասնակցություն եմ ունեցել նրա ընտրարշավին: Այդ ընթացքում էլ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որն ինձ վրա ազնիվ եւ ժողովրդավար քաղաքական գործչի տպավորություն է թողել: Ես մերժել եմ իմ հարազատներին մի պարզ պատճառով. ես տեսնում եմ, որ Նիկոլը, Սասունը եւ մյուսները կաշվից դուրս են գալիս Հայաստանը օրինական երկիր դարձնելու համար, իսկ նման պետություն ես երազել եմ 88-ի շարժման առաջին օրվանից: Ես համբերատար սպասում եմ իմ Գնելի եւ բոլոր քաղբանտարկյալների եւ այլ պատվերներով բանտարկվածների ազատմանը: Հույսով եմ, որ Ձեր նման հայրենասերները որոշ ժամանակ համբերելու կամք ունեն»: Գագիկ Հովհաննիսյան 24.05.2018թ. քաղաք Եղվարդ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Նախօրեին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Պարզվել է, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն ու 33-ամյա Արթուր Բաղդասարյանն են եղել: Մարմնական վնասվածքով «Աստղիկ» բկ է տեղափոխվել մի հոգի` Կարբի գյուղի բնակիչ, 29-ամյա Արգամ Պողոսյանը։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ տուժածներից Արթուր Բաղդասարյանը համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել համայնքապետի եւ տեղի քրեական հեղինակություններից մեկի միջեւ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով: Խոսքը Քոնչո անունով հայտնի հեղինակության մասին է: ArmLur.am-ը տեղեկացել է նաեւ, որ հրազենային վիրավորում ստացած Հենրիկ Գրիգորյանի վիճակը ծանր է, նա ի վիճակի չի եղել անգամ հաղորդում տալու:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` վիրավորում ստացածներից Վրեժ Խուրշուդյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուրշուդյանի հորեղբայրն է: Մ. Խուրշուդյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, թե Խուրշուդյանը վերջերս է Բելգիայից եկել Հայաստան, քանի որ իր տատիկը վատառողջ է: Նրա խոսքով` իրենց համար եւս հանելուկ է` ինչպես է իր հորեղբայրը հայտնվել այս դեպքերի կիզակետում: Հարուցվել է քրգործ:

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը, մեկնաբանելով Ն.Փաշինյանի վերջին տեսաուղերձը, որում վերջինս տեղեկացնում է, որ իր 18-ամյա որդին շուտով մեկնելու է ԼՂ ժամկետային զինծառայության, հայտնել է. «Հայաստանի քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների եւ նույնիսկ Հայաստանի օրենքների կոպիտ խախտում է: Այս քայլով Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ վկայեց, որ Երեւանն է կրում ադրբեջանական տարածքների զավթման միջազգային իրավական պատասխանատվությունը»:

 

 

ԿԱՊԻՏԱՆԸ ԵՐԿՏՈՂ Է ԹՈՂԵԼ
Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին կապիտանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 28-ամյա Հմայակ Հակոբյանը ապրում էր Արարատի մարզի Հնաբերդ համայնքում, ուներ մեկ եղբայր, որը պայմանագրային զինառայող էր: Ասել է թե, երկու եղբայրներն էլ ծառայում էին Հայոց բանակում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը պատմեց, որ Հմայակ Հակոբյանի նման կապիտաններ շատ քիչ կան, ու այդ դեպքը իրենց համար էլ է զարմանալի.«Ինքը այդ երեխան չէր, որ գնար այդ քայլին, ու նախնական վարկածով ինքը ինքնասպան է եղել, կրկնում եմ` նախնական վարկածն է դա, բայց երեւի այդպես էլ գնա, քանի որ մեզ լուրեր են հասել, որ նա գրություն է թողել, որ իր այս քայլում ոչ մեկի չմեղադրեն» :
Ըստ համայնքի` «Դրական տղա էր, 4 տարի Արցախի Հանրապետությունում է ծառայել, շատ բարձր մակարդակով, հետո եկավ Սիսիան, հետո Արտաշատ, որից հետո էլ եկավ Նուբարաշեն: Բոլորն էլ հարգել ու պատվել են իրան, ողջ համայնքը ողբում է, ախր իսկական կապիտան էր, ջահել տղա, ամուսնացած չէր, իրեն ամբողջությամբ տվել էր զինվորական գործին: Ընտանիքը նորմալ, սովորական հայկական ընտանիք է` իրենց աշխատանքով ապրող, մի հատ էլ եղբայր ուներ, ինքը պետական ծառայող էր, եղբայրն էլ` պայմանագրային: Ով ճանաչել է Հմայակին, շատ մեծ ցավ է ապրել, այդ սխալը չպետք է աներ»:
Մարատ Պողոսյանի խոսքով` լսել են նաեւ, որ մի խնդրանք է գրել նաեւ իր երկտողում. «Ասել է` հորաքրոջս չանտեսեք. հորաքույրը մեծ կին է, չամուսնացած է ու ապրում է իրենց հետ: Երեւի ցանկացել է ասել, որ ես գնամ, ինձանից հետո չանտեսեք էլի հորաքրոջս: Շատ կապված է եղել հորաքրոջ հետ, շատ ցավալի է, ափսոս, որ այսպիսի կադրեր ենք կորցնում, շատ լավ էր գործը կատարում, գալիս էր գյուղ, երեխեքին հայրենասիրական ոգով էր լցնում, ինչը դրդեց` չգիտենք, ախր ի՞նչը:
Անդրադառնալով, որ միգուցե լուրջ ֆինանսական խնդիր է ունեցել կամ այլ խնդիր` գյուղապետ Մարատ Պողոսյանը նշեց, թե ով այսօր ֆինանսական խնդիր չունի. «ընկնեք դրա հետեւից` բոլորս էլ ազգովի պետք է գնանք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն




Լրահոս