ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ԻՆՔՆԱԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱ՞Կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանից Տ. Տաճատ աբեղա (Մհեր) Ծատուրյանի վերաբերյալ նամակ է ստացել: Պարզվում է` այս հոգեւորականը, Վարշավայի նշված համալսարանում ութ տարի ուսանելով, այդպես էլ չի կարողանում դոկտորական պաշտպանել:

Նշենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարականով Լեհաստանում ուսանող Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը 2010 թվականից այնտեղ ստանձնել է լեհահայոց հոգեւոր հովվի պատասխանատու գործը: Այնուհետեւ Ծատուրյանը Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան կաթոլիկ համալսարանում շարունակել է ուսումը պատմության բաժնում դոկտորական աստիճան ստանալու համար:
Բանն այն է, որ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը դեռեւս 2011 թվականին է Հայաստանից Լեհաստան գնացել Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դոկտորական պաշտպանելու նպատակով: Բայց պարզվում է, որ նրա դոկտորականի պաշտպանությունը ձգվել է 4 տարի: Ավելին` այն նույնիսկ հոգեւորական Ծատուրյանի համար երկու անգամ երկարաձգվել է, որպեսզի կարողանա պատրաստվել դոկտորական ատենախոսությանը:
Վարշավայի կաթոլիկ ուղղվածությամբ պետական այս համալսարանը հոգեւորական Ծատուրյանին հնարավորինս աջակցել է, որովհետեւ հայերի նկատմամբ այս համալսարանը միշտ ունեցել է մեծ համակրանք, ինչպես հնում եղած արտագաղթից, այնպես էլ վերջերս ժամանած նորեկներով` առաջնորդվելով էկումենյան գաղափարներով, ցուցաբերելով հատուկ մոտեցում, ամեն հնարավոր օգնություն ցույց տալով այլ կրոնի հոգեւոր անձին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տ. Տաճատ Ծատուրյանը ի վերջո կարողացել է իր դոկտորականը ներկայացնել միայն 2017 թվականին: Բայց երբ նրա ատենախոսությունն ուղարկվել է վերանայողներին, նրանցից մեկը համացանցում բացահայտել է, որ հոգեւորական Ծատուրյանը գրեթե նույն աշխատանքը արդեն պաշտպանել է Էջմիածնում:
Իրավիճակը շատ տխուր է եղել ոչ միայն իրավաբանական, այլեւ բարոյական տեսանկյունից: Չնայած սրան` Վարշավայի համալսարանը փորձել է չհրապարակել այս միջադեպը, բայց միաժամանակ իրավաբանական տեսանկյունից չի կարողացել գաղտնի աջակցել դոկտորական ատենախոսությանը, որն արդեն պաշտպանվել է այլ համալսարանում: Ի դեպ, համալսարանից ցավում են, որ հոգեւորականի այս քայլով հնարավոր է, տուժում են հայերի եւ հայ հոգեւորականների մասին կարծիքները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դոկտորական ատենախոսությունը վերանայողներից մեկը կարծիք է հայտնել այս ամենի մասին: Մասնավորապես, հոգեւորականի դոկտորական ատենախոսության վերաբերյալ նրանից մեկը ի պատասխան ցավով է հայտնել, որ կասկածներ ունի` դրա օրիգինալության հետ կապված: «Հոգեւորական Ծատուրյանը դոկտորականի աստիճան ստացել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Գեւորգյան ճեմարանում, որը համարվում է բարձրագույն հոգեւոր դպրոց եւ գործում է Էջմիածնում՝ բոլոր հայերի կաթողիկոսի նստավայրում:
Իսկ դոկտորականի հանձնաժողովը, որի կազմում եղել են եպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը, Մկրտիչ Պռոշյանը, Գեվորգ Սարոյանը, նաեւ կաթողիկոսության կրթական հաստատությունների դեկանը, հոգեւորական Ծատուրյանի դոկտորական ատենախոսությունը համարել են ճանաչված, որպեսզի նա ստանա դոկտորական աստիճան, ապա նաեւ վարդապետի տիտղոս: Մինչդեռ խնդիրն այն է, որ նախորդ տարվա դոկտորական ատենախոսության առարկան համընկնում է Վարշավայում ներկայացված դոկտորականի թեմայի հետ: Միակ տարբերությունն այստեղ նախորդ տարվա ատենախոսությանը լսումների կարճ ժամանակահատվածն է»:
Ըստ վերանայողի` Վարշավայում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալասարան Ծատուրյանի կողմից ներկայացված ատենախոսությունը հնչում է այսպես. «The Controversy over the celebration of the feasts of Nativity and Epiphany in Armenia in the 4th-14th centuries: historical study», այն դեպքում, երբ Էջմիածնում պաշտպանված դոկտորական ատենախոսությունը հնչում է հետեւյալ կերպ. «Feast of the Holy Nativity and Theophany of Our l ord Jesus Christ in the Armeniom Church during the 4-7th centuries, according to the Armenian ecclesiastical tradition»:
«Սա ատենախոսության մի հատվածն է, որը թեմատիկայով համընկնում է 2017 թվականի ատենախոսության հետ: Եվ իմ կողմից նայված տեքստի 60 տոկոսը օրիգինալության մասով կասկածներ է առաջացնում: Ամենայն հավանականությամբ` մենք գործ ունենք ինքնագրագողության (աուտոպլագիատ) հետ: Այս հանգամանքները լեհական ցանկացած համալսարանում անհնարին են դարձնում հոգեւորական Ծատուրյանին դոկտորի աստիճան տալը, կամ էլ հեղինակը պետք է ներկայացնի համեմատություններ 2016 թվականի ատենախոսության եւ ապացուցի իմ կասկածների անհիմն լինելը: Քանի որ ես կասկածում եմ, որ նա կարող է դա անել, ես ստիպված եմ հրաժարվել դոկտորական ատենախոսությանը դրական կարծիք տալուց: Ես նաեւ ուղարկում եմ հաղորդագրություն հոգեւորական Ծատուրյանի կողմից Գեւորգյան ճեմարանում պաշտպանված դոկտորական ատենախոսության մասին, որը գալիս է Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին:
Ի դեպ, ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների տիպային էթիկայի կանոնագրքերի` ուսանողների, վարչական եւ ակադեմիական աշխատակազմի համար փաստաթղթով ակադեմիական աշխատանքի սեփականությանը վերաբերող կանոնները խախտելու համար նախատեսված են պատիժներ: Իսկ ինքնագրագողությունը գրագողության տեսակ է: Ակադեմիական բարեվարքությունը վտանգում են գրագողությունը, անպատշաճ համագործակցությունը, անազնվությունը քննությունների ժամանակ, այդ թվում՝ սեփական անվան տակ ուրիշի կողմից պատրաստված/գրված աշխատանքի ներկայացումը, տվյալների կեղծումը, այլ ուսանողների կամ գիտնականների աշխատանքին միջամտելը, կաշառքը, անհարկի լավություն անելը, սպառնալիքները, ակադեմիական այլ զանցանք:
Հ.Գ. Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ փորձեց ստանալ նաեւ Տ. Տաճատ Ծատուրյանից, սակայն արձագանք չեղավ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց, որ կապ կհաստատի Հայր Տաճատի հետ, խնդիրը կուսումնասիրեն, ապա կպարզաբանեն։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ երկրորդ կողմի տեսակետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն

 

 

ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի խոսքով` ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում կար որոշակի հեռավորություն, անդունդ. «մենք կփորձենք այդ անդունդը լցնել»: Նա նշել է, որ հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր մակարդակի լինեն: Ամեն ինչ անելու են, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից: «Բարեփոխումներ միշտ էլ եղել են, երեկ, այսօր եւ վաղն էլ կլինեն: Զգալի աշխատանք ունենք արած, բայց դա դեռ թերի է, պետք է զարգացնենք: Շարունակում ենք հայտնաբերել բարքերը, այն երեւույթները, որոնք ստվերում են հասարակություն-ոստիկանություն կապը»,- ասել է ոստիկանապետը:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ ոստիկանապետը նշել է, որ այն պետք է տեղ չունենա ամբողջ Հայաստանում: «Կոռուպցիայի մասով մենք որդեգրել ենք իսպառ վերացնել այն: Կոռուպցիան պետք է տեղ չունենա որեւէ ոլորտում, համարենք, որ այն ամենաչար երազում է եղել»,- ամփոփել է Վ. Օսիպյանը:

 

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՓՈԽՎԵՆ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հանրապետության տոնից հետո մարզպետները փոխվելու են: «Այսօրվա Հայաստանում ունենք մարզեր, որտեղ եղել են մարդիկ, այսուհետ չեն լինելու: Այսուհետ Նոր Հայաստանում չեն կարող լինել արտոնյալ մարդիկ, չեն կարող լինել իշխանության հովանավորյալներ, այլապես մեր հեղափոխությունը ոչ մի իմաստ չէր ունենա: Մենք չենք եկել ընդամենը փոխարինելու նախորդ պաշտոնյաներին մեզանով ու շարունակել հովանավորել այլ անձանց: Մենք բերում ենք նոր որակի, նոր մտածողությամբ իշխանություն: Պաշտոնյան պիտի հասկանա, որ ինքը չի կարող ունենալ բիզնես, ինքը չի կարող լինել որեւէ մեկի հովանավոր»,-հայտարարել է Պապիկյանը:
Նախարարի պնդմամբ` պետք է փոխվեն բոլոր մարզպետները, որոնք իրենց էությամբ եւ բովանդակությամբ չեն համապատասխանում Նոր Հայաստանի տեսլականին:

 

 

ԵՄ-Ն ԿԱՐԳԵԼԻ
Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը եւ տուգանել Եվրամիության անդամ պետություններին պլաստիկ աղբի համար, որը ենթակա չէ վերամշակման, այս մասին տեղեկացրել է գերմանական Funke Mediengruppe մեդիակոնցեռն-ը՝ վկայակոչելով պլաստիկ աղբի դեմ պայքարի միջոցառումների փաթեթը, որը ԵՄ հանձնաժողովը ներկայացրել է Բրյուսելում:

 

 

ԵԹԵ ԼԻՆԵՆ…
Ըստ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` գործարար պատգամավորներն առանձնապես հետաքրքրված չեն լինի գնալ ԱԺ կոճակ սեղմելու, եթե ունենան երաշխիքներ, որ իրենց սեփականությանը ոչինչ չի սպառնում: «Ուղերձներ ենք հղում հատկապես գործարար պատգամավորներին, մենք ուզում ենք իսկապես տալ երաշխիքներ այդ տնտեսվարողներին, որ նրանք հետաքրքրված չլինեն գտնվել ԱԺ-ում: Նրանք պարզապես ուզում են ինչ-որ անձեռնմխելիություն ունենալ, որ կարողանան իրենց շահը պաշտպանել, բայց եթե մենք հստակ ասենք, որ կլինի մասնավոր սեփականության պաշտպանություն, եւ ձեզ ոչինչ չի սպառնում, գուցե ինչ-որ պահի նաեւ չցանկանան լինել ԱԺ-ում»,-ասել է Լ. Նազարյանը:

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը Լոռու մարզի Ազնվաձոր եւ Բազում գյուղերի բնակիչներից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: Նա բնակիչներին հասանելիք նպաստը տալու, վճարումը շարունակելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակից իրենց դուրս չթողնելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն: Ո՛չ Վանաձորի քաղաքապետարանում, ո՛չ Լոռու մարզպետարանում չեն հիշել, թե երբ է վերջին անգամ վերահսկվել Վանաձորի սոցիալական աջակցության բաժնի գործունեությունը: Մարզային կառույցում նշել են, որ Վանաձորի նշված բաժինը ենթարկվում է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանում չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում իրենց լիազորությունների սահմանը:




Լրահոս