ՄԱՅԻՍԻ 28-Ը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսությունը բավական քննարկվեց հայ հանրության կողմից: Շատերին հիացրել էր Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում: Փոխարենը քննադատվեց տոնահանդեսի կազմակերպման մակարդակը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 28-ին, տոն չէր, չնայած որ պետականությունը մայիսի 28-ին նշելը ամրագրված է ՀՀ տոների մասին օրենքով: Տիկին Խառատյանը պնդում է՝ ակնհայտ է, որ այս միջոցառման ծրագիր-սցենարը կոմսոմոլի միջոցառումների կազմակերպիչների փորձն է շարունակել:

-Տիկին Խառատյան, Դուք նշում եք, որ մեր տոնահանդեսի մշակույթը կարող էր վերաձեւավորվել անկախ երկրի եւ նրա ազատ ժողովրդի արժեքների տրամաբանությամբ: Խնդրում եմ` մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչ բացթողումներ ունենք այս ճանապարհին:
-Դիտարկելով Հայաստանում տոնահանդեսի ներկայիս զարգացումները՝ հանգում ենք հետեւության, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ցանկի 20 տոներից եւ հիշատակի օրերից փաստացի հասարակական հնչեղություն, տոնահանդեսի կամ հիշատակման ձեւի հասարակայնորեն հայտնի կանոնակարգ ունեն գլխավորապես Ամանորը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հաղթանակի ու խաղաղության օրը, մասամբ` Կանանց տոնը, քաղաքներում՝ նույնպես մասամբ` նաեւ Ծննդյան ու Հայտնության տոնը: Հանրապետության եւ Անկախության տոները հասարակության կողմից գործնականում չեն նշվում, եթե այդպիսին չհամարենք որոշ հուշահամալիրների մոտ տեղի ունեցող պաշտոնական արարողությունները եւ այդ օրերին վարչական մարմինների կողմից կազմակերպվող համերգները` փոքրաթիվ, գլխավորապես հրավիրված հանդիսատեսով: Բնակչության շրջանում, մեր հետազոտությունների նյութերի համաձայն, տոնացանկի մյուս միավորները հանրապետության ողջ տարածքում նշվում են իմիջիայլոց կամ առհասարակ չեն նշվում: Շուրջ երեսուն տարի է՝ մենք «փնտրում ենք» ՀՀ պաշտոնական երկու կարեւոր քաղաքական բովանդակության տոների՝ Պետականության եւ Անկախության տոնահանդեսային կարեւոր արժեքները, ի՞նչ եւ ինչպե՞ս ենք դրանք ներկայացնում, ինչի՞ց է ուրախանում հասարակությունը, եւ ինչպե՞ս է ուրախանում, ի՞նչն է ընդունում եւ ի՞նչն է մերժում տոնահանդեսի եւ տոնի ընթացքում կիրառվող ծես/արարողության միջոցով: Կարծում եմ, որ դրանք մեծ հաշվով այդպես էլ չեն գտնվել, եւ փնտրտուքն էլ գտնվում է սաղմնային վիճակում: Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսությանը ծրագրավորված էին ոչ թե տոներ՝ տոնահանդեսի մշակույթով, այլ միջացառումներ՝ փաստացի կուսակցական ինքնահաստատումով, ճառեր եւ համերգներ մինչեւ վերջ, այսինքն՝ թատրոն: Տխուր է, որ մայիսի 28-ը տոնահանդեսի մշակույթ չունի, մնում է պաշտոնական միջոցառման մակարդակում: Ակնհայտ է, որ այս միջոցառման ծրագիր-սցենարը կոմսոմոլի միջոցառումների կազմակերպիչների փորձն է շարունակել:
-Խնդրի լուծման գործում ի՞նչ դեր ունի մշակույթի նախարարությունը:
-Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը պատկերացնում է իր հետագա անելիքները: Մենք դեռ պետք է նշենք սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տոնը: Արդեն ունենք բավական փորձ հենց այս պահից քայլեր ձեռնարկելու, որպեսզի այդ օրը իսկապես վերածենք տոնի:
Հավելենք՝ մի շարք արվեստագետներ նկատել էին, որ մայիսի 28-ի շքերթը նոր Հայաստանին դեմ էր եւ ոչ մի կապ չուներ Նիկոլ Փաշինյանի ասելիքի հետ: Դժգոհություններ հնչեցին նաեւ միջոցառման ընթացքում գրանցված տեխնիկական խոտանների եւ նվագախմբի ցածրակարգ կատարումների շուրջ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱն

 

 

 

ԴԱԼԻԹԱՆ ԿԵՐԳԻ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Օրեր առաջ երկրպագուները, տեսնելով երգչուհի Դալիթային կառավարական առանձնատանը Վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը, կարծել էին, թե նա նույնպես այս տարվա շրջանավարտներից է: Սակայն երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է՝ ավարտել է դպրոցն ու այժմ ուսանում է մաթեմատիկա եւ ծրագրավորում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա պատմեց, որ միջոցառմանը ներկայացել է զուտ որպես երգչուհի եւ մեծ տպավորություն է ստացել. «Շրջանավարտների աչքերում ակնհայտ էր ուրախությունը, նրանք իրենց շատ ազատ էին զգում, երջանիկ: Սա իմ սերունդն է, որն արդեն ապրում է այլ Հայաստանում: Իսկ այդ օրը կմնա ոչ միայն շրջանավարտների, այլեւ մեր՝ այնտեղ ներկա երգիչ-երգչուհիներիս հիշողություններում»,-ասաց Դալիթան:

Հարցին, թե ինչպես է կարողանում համակեցություն ապահովել միաժամանակ թվերի եւ արվեստի աշխարհներում, նա պատասխանեց, որ դա իրենից մեծ ջանքեր է խլում, սակայն, միեւնույն ժամանակ, մեծ բավականություն է պատճառում իրեն. «Մեր ընտանիքում միշտ էլ եղել է սերը մաթեմատիկայի նկատմամբ: Մորեղբայրս, օրինակ, նույնպես ծրագրավորող է, եւ նրա հետ շփումն էլ անդրադարձել է իմ ընտրության վրա: Ասում են, որ ինձ մոտ լավ է ստացվում ծրագրավորումը: Իսկ, առհասարակ, շատ եմ կարեւորում ե՛ւ արվեստը, ե՛ւ այն կրթությունը, որ ստանում եմ: Հիմա փորձում եմ ջանք չխնայել, որպեսզի հետո վայելեմ արդյունքները»:
Դալիթան տեղեկացրեց, որ ունի երկու նոր երգ. դրանցից մեկն ինքն է գրել, այն առաջին սիրո թեմայով է. «Նախկինում երգերի խոսքեր գրել եմ, բայց երաժշտություն առաջին անգամ էի գրում»,-ասաց նա՝ հավելելով, որ մյուս երգն արդեն իրեն նվիրել են:
Դալիթան առիթ է ունեցել ներկայանալու նաեւ սերիալներում եւ ֆիլմերում: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ունի նոր առաջարկներ. «Կա մի գեղարվեստական ֆիլմ, որի սաունդթրեքը ես եմ կատարել, բայց դրա պրեմիերան դեռ չի եղել: Չգիտեմ՝ երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱն

 

 

 

ԱԼԻՍՈՆԸ` ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը նորից կփորձի համաձայնության գալ «Ռոմա»-ի հետ դարպասապահ Ալիսոն Բեկերի տրանսֆերի շուրջ: «Ռեալ»-ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լորիս Կարիուսի թույլ տված սխալներից հետո «Լիվերպուլ»-ը ցանկանում է փոխել հիմնական դարպասապահին: Մարզչական շտաբը Ալիսոնին դիտարկում է որպես հիմնական թեկնածու:
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին «Լիվերպուլ»-ը հրաժարվել էր «Ռոմա»-ին 68 մլն եվրո վճարել դարպասապահի համար: Հիմա Ալիսոնի տրանսֆերի համար անգլիական ակումբից կարող է 100 մլն եվրո պահանջվել: Ի դեպ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Ռեալ»-ը:

 

 

ՍԱԼԱՀԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Անգլիական «Լիվերպուլ»-ի եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը խոսել է վնասվածքից ապաքինվելու ժամկետների մասին: «Չափազանց ծանր երեկո էր, սակայն մարտիկ եմ: Չնայած բոլոր դժվարություններին՝ վստահ եմ, որ լինելու եմ Ռուսաստանում, որպեսզի բոլորը հպարտանան ինձնով: Ձեր սերը եւ աջակցությունն ինձ ուժ են տալիս, որի կարիքն ունեմ»,-ասել է եգիպտացի հարձակվողը: Հիշեցնենք, որ Սալահը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսի հետ բախման ժամանակ: Ընդ որում` տեղի ունեցածից հետո Ռամոսը մնաց անպատիժ. մրցավարն անգամ դեղին քարտ ցույց չտվեց:

 

 

ԿԼՔԻ ԱԿՈՒՄԲԸ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է ամռանը լքել ակումբը: ՊՍԺ-ին սպառնում է ՈւԵՖԱ-ի կողմից սանկցիաներ ֆինանսական fair play-ը խախտելու համար: Չի բացառվում, որ փարիզյան ակումբը կզրկվի ֆուտբոլիստ ձեռք բերելու իրավունքից եւ ստիպված կսահմանափակի ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը: Հիշեցնենք, որ անցած ամռանը ՊՍԺ-ն ծախսեց մոտավորապես 400 մլն եվրո Մբապեի եւ Նեյմարի համար: Եթե ՈւԵՖԱ-ն որոշի պատժել ՊՍԺ-ին, փարիզյան ակումբը կվաճառի 19-ամյա Մբապեին: Նրանով արդեն հետաքրքրվում են «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:

 

 

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դիմակայությունում կայացել է վերջին՝ յոթերորդ խաղը: «Քլիվլենդ»-ը մրցակցի հարկի տակ հաղթել է 87-79 հաշվով եւ հռչակվել Արեւելյան Կոնֆեդերացիայի չեմպիոն: Նշենք, որ հաջորդ խաղում միմյանց հետ կմրցեն «Գոլդեն Սթեյտն» ու «Հյուսթոն Ռոկետս»-ը:




Լրահոս