ՏԵՍԱ՞Ր, ՏԵՍԱ՞Ր` ԻՆՉ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում՝ բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու պատճառով պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել: Ավելի ուշ ՀՀԿ-ից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան: Ի դեպ, Գեւորգյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մայիսի 8-ին Փաշինյանին դեմ էր քվեարկել: Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից հնարավոր է` հեռացնեն նաեւ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, որը եւս առանց ՀՀԿ-ում համաձայնեցնելու Փաշինյանին կողմ էր քվեարկել: Բայց պարզվում է` ՀՀԿ ներքին խնդիրներն այսքանով չեն ավարտվելու. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում խմբակցությունը լքելու մասին կհայտարարեն եւս յոթ պատգամավոր, հիմնականում գործարար թեւից: Արդյունքում ստեղծվելու է հետաքրքիր իրավիճակ. ԱԺ-ում «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 մանդատ, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի հիմա նրանք ունեն 50 մանդատ, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա քսան տարի իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ն կզրկվի նաեւ խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց: ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականներն ուղիներ եւ ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյան կամ Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք»-ին միանալու համար: Ինչպես հայտնի երգում էր ասվում, «տեսա՞ր, տեսա՞ր` ինչ եղավ»:

 

 

Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին: Օրինակ` Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները գրվեցին Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի դառնալով վարչապետ` նա շարունակեր իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին, որը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է: Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»: Նաեւ ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես, որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը: Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, եւ ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են, ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»: Մինչ այդ երեկ վարչապետը, անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. « Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որեւէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»։

 

 

Այս օրերին ՀՀԿ շարքերից զանգվածային արտահոսք է սկսել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում ՀՀԿ շարքերը պատրաստվում է լքել Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շադունցը հայտարարել է, թե դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան իմ գյուղի խնդիրները: Ինձ համար նշանակություն չունի, թե որ կուսակցության անդամ եմ: Ժամանակը ցույց կտա` դուրս կգամ, թե կմնամ: Եթե դուրս գամ, իհարկե ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Ես չեմ սիրում տարածքներ փոխել, թե որտեղ բարենպաստ է, մնամ այնտեղ»,- պնդել է նա: Փաստորեն, Թավշյա հեղափոխության օրերին ականատես եղանք, թե ինչպես էին շատ քաղաքացիներ պատռում կուսակցական անդամատոմսերը, հայտարարում ՀՀԿ-ն լքելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ գործընթացը շարունակվում է նաեւ այս օրերին, ընդ որում՝ բավական ինտենսիվ կերպով:

 

 

 

ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 2017թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս շատ կարեւոր հայտարարություն է արել: «Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»,- ասել է նա:
Ջանջուղազյանը ոլորտի հնաբնակներից է. մինչեւ թավշյա հեղափոխությունը ինքը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը, միաժամանակ նաեւ ՀՀ գլխավոր գանձապետը: Եւ բնական է, որ նա նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, պետական պարտքի մասին խոսելիս պետք է բավական մեղմ արտահայտվեր: Ի վերջո, այսպես, թե այնպես, նրա հնչեցրած գնահատականները նաեւ իր աշխատանքին են վերաբերում:
Բայց իր այս հայտարարությամբ Ջանջուղազյանը հիմնավորել է նախորդ կառավարությունների հասցեին տարիներ շարունակ հնչեցված քննադատությունների իրավացիությունը:
Եվ ոլորտի մասնագետները, ե՛ւ մամուլը բազմիցս բարձրաձայնել են, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին ՀՀ պետական պարտքի բեռը գնալով միայն ավելացել է` հասնելով ահռելի չափերի: Իսկ վարկային միջոցներն ուղղվել են ոչ թե կապիտալ ներդրումների ոլորտ, ոչ թե լրջագույն խնդիրների լուծմանը, այլ ընդամենը ընթացիկ ծախսերն ապահովելուն, ընթացիկ խնդիրներ լուծելուն՝ «Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ» ասացվածքի նման: Ու արդյունքում միայն մեկ տարվա մեջ նախորդ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց բավական կլորիկ գումարով՝ 832.5 մլրդ դոլարով: Սակայն սա միայն Կարապետյանի կառավարության գործելաոճը չէր: Այդպես վարվել են նաեւ նրա նախորդները. հատկապես Տիգրան Սարգսյանի կառավարությունը զբաղված էր միայն պարտք վերցնելով, միայն թե, թեկուզ կիսատ-պռատ, բայց լուծեն ընթացիկ խնդիրները: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եւս շարունակեց պետական պարտքի ավելացման քաղաքականությունը: ՈՒ ստացվում է` ընթացիկ ծախսերի համար պարտք վերցրել են ոչ թե «կարճաժամկետ հատվածում», այլ տասը տարի շարունակ` այդպես ՀՀ պետական պարտքն ավելացնելով 5 մլրդ դոլարով: Էլ չենք խոսում այն մասին, որ վերցված գումարները միշտ չէ, որ ծախսվել են արդյունավետ: Ծախսվելուց հետո էլ ուղղվել են ոչ թե լուրջ ծրագրերին, այլ այսրոպեական խնդիրներ լուծելուն: Ահա նաեւ դրա համար էին քննադատում Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքականությունը:




Լրահոս