Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Թունիսի հետ (G խումբ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց Թունիսի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Էդեն Ազարը` 1:0: Ճիշտ 10 րոպե անց` 16-րդ րոպեին, եվրոպացիները կրկնապատկեցին հաշվի առավելությունը:

Ոտքերի արանքով մեծ վարպետությամբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ռոմելու Լուկակուն: Չէր էլ անցել 3 րոպե, Թունիսը կրճատեց հաշվի տարբերությունը: Տուգանայինի խաղարկումից հետո թունիսցիներից Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց պաշտպան Բրոնը: Երկու թիմերն էլ ազատ էին գործում և պաշտպանությունից անմիջապես անցնում էին հարձակման:

Առաջին կեսի վերջնամասում առավել ակտիվ էր Թունիսի հավաքականը և ամեն առիթ օգտագործում էր հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Բելգիան հերթական հակագրոհներից մեկի ժամանակ խփեց նաև երրորդ գնդակը: Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Թիմերը հանգստի գնացին 3:1 հաշվով` հօգուտ Բելգիայի:

Երկրորդ կեսը Թունիսը շատ ակտիվ սկսեց` տիրելով խաղային իրավիճակին: Բայց ինչպես և առաջին կեսի ավարտին էր, արագ հակագրոհից հետո Էդեն Ազարը խփեց իր երկրորդ, իսկ Բելգիայի 4-րդ գոլն այս խաղում: Հրաշալի գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն: Բելգիան չբարարվեց ձեռքբերածով և հանդիպման վերջում խփեց նաև 5-րդ գնդակը: Աչքի ընկավ Բատշուային: Թունիսն ամեն ինչ անում էր գոնե մեկ գնդակ խփելու համար և լրացուցիչ ժամանակում խփեցին «սփոփանքի գոլը»: Գոլն իր ակտիվում գրանցեց Հազրին: Բելգիան հաղթեց 5:2 հաշվով:

G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:




Լրահոս