Հանրապետական կուսակցության համար ծանր օրերը դեռ նոր են սկսվում: Երեկ մինչ Հանրապետական խմբակցության անդամները քիչ-քիչ գալիս էին խորհրդարան, որպեսզի խմբակցության նիստ անցկացնեին եւ իրենց շարքերից հեռացնեին խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին, պարզ դարձավ, որ կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Սակայն սա վատ օրվա սկիզբն էր միայն: Արդեն խմբակցության նիստում անակնկալ քայլով ՀՀԿ-ին, շախմատային լեզվով ասած, մատ արեց հենց Շիրակ Թորոսյանը: Եվ մինչ խմբակցությունը կհայտարարեր նրան իր շարքերից հեռացնելու մասին, վերջինս ինքը հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն դեռ անցյալ շաբաթ էր ցանկանում Թորոսյանին հեռացնել ՀՀԿ խմբակցությունից, քանի որ վերջինս առանց զգուշացնելու կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ գործն ավարտին չհասցրեց: Իսկ մյուս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, ով կողմ էր քվեարկել դեռ մայիսի 1-ին, նախորդ նիստում նկատողություն էր ստացել, ինչը երեկվա նիստում այնքան էլ լավ չի ընդունվել խմբակցության անդամների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականները դժգոհել եւ կարծիք են հայտնել, թե խմբակցությունում երկու կարծիք լինել չի կարող, եւ Ֆելիքս Ցոլակյանին էլ պետք է հեռացնել, այլ ոչ թե միայն նկատողությամբ սահմանափակվել: Մեր տեղեկություններով` առաջիկայում այդպիսի նիստ կհրավիրվի, եւ այդ հարցն էլ լուծում կստանա:
Սակայն այս ամենը ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը, քանի որ փաստացի ՀՀԿ-ից դուրս եկող յուրաքանչյուր պատգամավոր պոտենցիալ կարող է ձայներ ապահովել արդեն Փաշինյանի թիմի կողմից ներկայացրած նախագծերի համար: Այժմ խորհրդարանում ներկայացված երեք ուժերը միասին 47 մանդատ ունեն, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի արդեն 50 մանդատ ունեն նրանք եւ առաջիկայում, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա նրանք փաստացի կզրկվեն նաեւ խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց: Իսկ նման սցենարը ձեռնտու է հենց Փաշինյանի թիմին:
Բախվել ենք մի իրավիճակի, երբ Հանրապետական կուսակցություն գոյություն չունի: ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականները, գրեթե առանց բացառության, ուղիներ եւ ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյան կամ Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք»-ին միանալու համար: Բոլորն ամեն կերպ ցանկանում են իրենց հարաբերությունները լավացնել այդ թեւի հետ: Եվ հիմա, երբ ՀՀԿ-ն շարունակում է դեռ նիստեր անել եւ ոտքի վրա մնալ, դա իներցիայի ուժի հետեւանք է պարզապես, եւ կարճ ժամանակ անց դա էլ չլինի, ու ՀՀԿ-ն դադարելու է լինել Հայաստանի ամենաազդեցիկ ուժերից մեկը:
Եվ որքան մոտենում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այդ խնդիրն ավելի է սրվելու, քանի որ ՀՀԿ շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ թաթախված են եղել կոռուպցիոն տարբեր երեւույթների մեջ եւ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը համատարած ապօրինություններին ձեռնոց է նետում, բոլոր ՀՀԿ-ականներն այս կամ այն կերպ անցնում են տարբեր գործերով: Եվ որպեսզի կարողանան ջրից չոր դուրս գալ, պատրաստ են զոհաբերել իրենց կուսակցական մանդատը: Օրինակ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանի որոշումը կապվում է մի պատմության հետ: Իհարկե, միգուցե նա իր պատճառներն է ունեցել այդպես վարվելու, սակայն չի բացառվում, որ այդ որոշումը կապված է նաեւ իր եղբոր կնոջ անվան հետ: Խոսքը Երեւանի թիվ 59 մանկապարտեզի տնօրեն Անուշ Գեւորգյանի մասին է: Խոսքը 285 հազար դոլարով այդ մանկապարտեզում արված վերանորոգման մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանատան ծրագրով վերանորոգման հետեւում իրականում այլ բաներ կան թաքնված, որոնք էլ այս օրերին ջրի երես են դուրս եկել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը փորձեց ամեն կերպ խուսափել հստակ պատասխաններից: «Վերանորոգումը կատարել է Միացյալ Նահանգների դեսպանատունը, եւ ոչ ոք իրավունք չի ունեցել միջամտելու աշխատանքներին, հետեւելու որակին, որն իմիջիայլոց բարձր որակի է եղել, եւ այն նյութերը, որոնք օգտագործել են իրենք, իրենց ստանդարտներով է որոշված: Ո՛չ վարչական շրջանը, ո՛չ վարիչը չեն կարող կապ ունենալ դեսպանատան կողմից իրականացված ծրագրերին»: Ճշտող հարցին՝ Ձեր եղբոր կինն անազատության մե՞ջ է, նա պատասխանեց. «Անհեթեթ բաներ եք գրում, այդ թեմայով խնդիր չի եղել»: Միեւնույն ժամանակ հարցին՝ ինչ փոխվեց երկու շաբաթում, որ որոշեցիք դուրս գալ կուսակցությունից, քանի որ դեռ դեռ մայիսի 16-ին նշել էիք, թե առայժմ չեք պատրաստվում այդպես վարվել, նա նշեց. «Ոչինչ: Առայժմ ոչը նշանակում է առայժմ ոչ»:
Հ. Գ.-1 Սպասվում է, որ առաջիկայում այլ պատգամավորներ եւս դուրս կգան ՀՀԿ խմբակցությունից: Որքան Նիկոլ Փաշինյանի թիմը նոր բացահայտումներ անի, այնքան այդ թիվը կավելանա: Այժմ խոսքը 7 պատգամավորի մասին է, ում անուններն առաջիկայում կլսենք: Խոսքը նաեւ Միհրան Պողոսյանի մասին է, ով վերջին պահին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
Հ.Գ.-2 Արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք է սկսել. թավշյա հեղափոխության օրերին շատերը բացահայտ պատռում էին կուսակցական անդամատոմսը կամ վերադարձնում, ՀՀԿ-ից հեռացողների հոսքը չի դադարել նաեւ դրանից հետո, պարզապես այդ ամենը բացահայտ բնույթ չի կրում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ
Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտումներ է իրականացնում պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնատար անձանց եւ խոշոր ընկերությունների կողմից պետությանը վնաս հասցնելու դեպքերով, ՀՀ պետական եկամուների կոմիտեում նոր գործընթաց է սկսվել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում հասկանալու համար, թե այս տարիներին ՊԵԿ-ում ինչեր են կատարվել: Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտումներից բացի բացահայտումներ իրականացվեն նաեւ նորանշանակ նախագահի կողմից, եւ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեն ՊԵԿ վարչության արդեն նախկին պետեր: Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատն էլ իր հերթին, բացի տարեկան ծրագրով նախատեսված պետական մարմիններից, պատրաստվում է ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնել: Նման որոշում կայացվել էր ՀՊ օրերս տեղի ունեցած խորհրդի նիստում:
ՔՆԵԼ ԵՆ ԲՈՒՀՈՒՄ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող ուսանողները երեկ քնել են հենց համալսարանում: Ինչպես հայտնի է, ամբողջ օրը մոտ 100 ուսանող համալսարանում դասադուլ էր անում` շարունակելով պահանջել ռեկտորի հրաժարականը: Սակայն Ա. Սիմոնյանն այդպես էլ ընդառաջ չգնաց այդ պահանջին: Երեկոյան «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը ռեկտորին է հյուրասիրել իր ծննդյան տորթից: Արամ Սիմոնյանն էլ շնորհավորել է ուսանողին, ով ամիսներ շարունակ պահանջում է բարեփոխումներ իրականացնել համալսարանում: Ապա Դավիթն ու ընկերները որոշել են մնալ բուհում գիշերելու: «Ժամը 19.00-ի սահմաններում ռեկտորը գնաց, իսկ մենք որոշեցինք մնալ, գիշերել համալսարանում մոտ 30 հոգով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Պետրոսյանը:
ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չնայած ծրագրով չեն կնքվել պետպատվերի պայմանագրեր, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ բուժհաստատությունների ամբողջությամբ ֆինասավորել է: Նախկին նախարարների հրամանների համաձայն` վերաբաշխումների արդյունքում բյուջետային տարվա վերջին եռամսյակում իրականացրել են ախտորոշիչ հետազոտություններ, որոնց դիմաց ամբողջությամբ ֆինասնավորվել են: Այսպես, այդ բուժհաստատությունների ցանկում տեղ է գտել նաեւ «Վարդանանց» նորարարական ԲԿ-ն, որը, ինչպես հայտնի է, պատկանում է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին: Այս բուժհաստատությանը ծրագրով ճշտված պայմանագրային գումարը 2015 թվականին կազմել է 12 մլն դրամ, որի դիմաց նախարարությունը իրականացրել է ֆինանսավորում: Իսկ ահա 2016 թվականի դրությամբ պայմանագրային գումարը կազմել է 24 մլն դրամ: Իսկ ինչպես հայտնի է, 2016 թվականին Ալթունյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը:
ԱԿՆՀԱՅՏ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթներին Հայաստանում, մտածելակերպի հեղափոխություն էր: Պ. Սվիտալսկին հավելել է, որ իշխանության ու հանրության առջեւ այս պահին մեծ մարտահրավերներ կան պահպանելու դրական փոփոխությունները: «Հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, շատ խորն է: Կարեւոր էր երիտասարդների մասնակցությունը: Մեծ մարտահրավերներ կան այս պահին՝ եւ՛ իշխանության, եւ՛ հանրության առջեւ, թե ինչպես պահպանել այս դրական փոփոխությունները, որը ճառագում է մարդկանցից»,- ասել է Սվիտալսկին: Դեսպանի խոսքով` օտարերկրյա դիտորդներին ակնհայտ էր, որ հայաստանյան հանրության ներսում լուրջ դժգոհություն է կուտակվել, հանրությունը բավարարված չէր տնտեսական զարգացմամբ, դժգոհ էր աղքատության, գործազրկության բարձր մակարդակից:
ԿՀԵՏԱՁԳԵՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է եւս մեկ տարով հետաձգել մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Նախագծով նախատեսվում է մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգել մեկ տարով, սակայն հետաձգումը չի կարող վերաբերել պետական համակարգում աշխատողներին, քանի որ վերջիններս արդեն ներառված են այդ համակարգում: «Այսինքն՝ հունիսի 1-ից ներդրվող կուտակային համակարգի կիրառումը կհետաձգվի եւս մեկ տարի: Մենք այդ հարցի շուրջ քննարկումներ կծավալենք հանրության հետ միասին եւ հետո միայն կտեսնենք՝ ինչպես է հնարավոր համակարգը ներդնել Հայաստանում»,- նշել է նախարարը:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով աշխատանքի եւ սոց. հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկին՝ կապված 1 տարի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգելու հետ, ասել է. «Որպես ֆինանսիստ՝ վարքագիծը բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում ներդրումներ չեն լինի: Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»: Միաժամանակ ընդգծել է, որ ինքը չի ասում, թե դեմ է այդ որոշմանը կամ դեմ է պարտադիրին ընդհանրապես, այլ ասում է, որ պետք է հավասարակշված մոտեցում լինի:
ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատել ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը: «Այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն չկա»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով նման հանդիպման հնարավորությունը: Նշենք, որ վերջերս զանգվածային լրատվամիջոցները եւ քաղաքագետները հաճախ են խոսում նման հանդիպման հնարավորության մասին: