ՕՐԵՆՔ ՄԵԿ ԱՆՁԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները ամեն ինչ արել են` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում տեղափոխվելիս ֆինանսական կորուստներ չունենա, այլ ստանա ամենաբարձր աշխատավարձը:

Եվ այսպես, ՀՀ դատական օրենսգրքի 83 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը հստակ սահմանում են. «Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:
4. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաեւ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:
Նկատեցիք, որ 4-րդ կետը հստակ սահմանում է, որ Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով:
Ստացվում է, որ դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանի խնամին ինչ պաշտոնի էլ նշանակվի, օրինակ, ընտրվի ԲԴԽ սովորական անդամ կամ ընտրվի ԲԴԽ նախագահ, եթե ԲԴԽ-ի կողմից սահմանված աշխատավարձը ցածր լինի, ապա նա այդ ոչինչ չասող աշխատավարձը չի ստանա, այլ կպահպանի իր նախկին աշխատավարձի չափը, ասել է թե` կստանա այն աշխատավարձը, որը նախկինում ստացել է սահմանադրական դատարանի նախագահ լինելու ընթացքում:
Իսկ, օրինակ, ինչքա՞ն աշխատավարձ են ստանում Սահմանադրական դատարանի նախագահը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Պարզեցինք, որ Սահմանադրական դատարանի նախագահը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ստանում են նույն չափի աշխատավարձ: Նրանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվել է 16, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ:
Ստացվում է, որ ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նույն աշխատավարձն են ստանում: Բայց այստեղ կա մեկ հարց. եթե մի գեղեցիկ օր Բարձրագույն դատական խորհրդի նախագահը` այդ դեպքում Գագիկ Հարությունյանը, դառնա ԲԴԽ սովորական անդամ կամ թոշակի գնա, ապա ինչ էլ լինի նրա գրպանի պարունակության հետ, արդյոք նա ստանալու է սովորական ԲԴԽ անդամի գումարը կամ թոշակը, թե պահպանելու է որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրությունը կամ թոշակը:
Եվ ահա դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները այս հարցը եւս չեն շրջանցել, եւ այստեղ էլ են օրենքը մի լավ ի շահ Գագիկ Հարությունյանի գրպանի հարմարեցրել: Ասել է թե` անկախ նրանից, թե նա կլինի ԲԴԽ նախագահ, թե ԲԴԽ սովորական անդամ` նա կպահպանի իր ՍԴ դատավորի ստացած աշխատավարձի չափը, ասել է թե` կստանա այն գումարը, որը նախկինում ստացել է ՍԴ դատավոր աշխատելիս: Նույն սկզբունքը պահանվելու է նաեւ թոշակի անցնելու դեպքում:
Այսպիսով ստացվում է, որ բոլոր դեպքերում Գագիկ Հարությունյանին չնեղացնելու կամ, մեղմ ասած, նրա գրպանին չկպնելու համար անգամ օրենքներ են մշակվում եւ կյանքի կոչվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵ՞Տ, ԹԵ՞ ԳՈՂԱԿԱՆ
Մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 4 քաղաքացի` Կարբի գյուղի բնակիչներ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, որը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուրշուդյանի հորեղբայրն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանը եւ 33-ամյա Արթուր Բաղդասարյանը, որը Կարբի գյուղապետ Կարո Բաղդասարյանի եղբայրն է, եւ 29-ամյա Արգամ Պողոսյանը: Ըստ համայնքում տարածված տեղեկությունների` միջադեպը տեղի է ունեցել, երբ քրեական տարրերը, գյուղում հայտնի Զուբ մականվամբ մեկը փորձել են համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի թիմին հասկացնել, որ նրանք չեն գյուղում կանոններ թելադրողը: Ասել են, թե համայնքի գյուղապետի թիմը քրեական տարրերի հետ հարց ու պատասխան է ունեցել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի հետ հասկանալու համար, թե նա հիմա գյուղապետ է, թե գողական: Վերջինս ասաց, որ նման բան չկա, եւ ինքը որեւէ խնդիր չունի որեւէ մեկի հետ եւ համայնքի ղեկավարի գործառույթներն է իրականացնում. «Եղբայրս վիավորվել է, հիվանդանոցում է, վիրավորվածներից մեկն էլ իմ աշխատակիցն է: Ես Ձեզ ազնվությամբ ասում եմ, որ եղբայրս պատահական է հայտնվել դեպքի վայրում, կապ չի ունեցել այս ամենի հետ: Իմ հետ կապված ինչ-որ քրեական աշխարհ, հարց լուծող, նման բացարձակ խնդիրներ գյուղի մեջ չկա»:
Մեր այն հարցին` իսկ ինչպես ստացվեց, որ այդպես պատահական իր եղբայրը հայտնվեց կրակոցների կիզակետում, ի պատասխան` Կարո Բաղդասարյանը հայտնեց, որ եղբայրը լսել է, որ հավաքված մարդիկ կան, զանգել, ասել են, ինքը եկել է դեպքի վայր, ու միանգամից կրակոցները սկսել են. «Իրեն ուղղակի զանգել, ասել են, որ կարող է իր մտերիմներից մարդիկ լինեն, տղերք կան հավաքված, ինքը գնացել է ու այդպես եղել: Մեր գյուղում մեկը մյուսի հետ կապված են, ազգակից են, խնամի են եւ այլն»:
Անդրադառնալով այն հարցին, որ Զուբ անունով քրեական հեղինակության հետ նա կապ ունի` գյուղապետ Բաղդասարյանն ասաց, որ ինքը առհասարակ` որպես համայնքի ղեկավար, բոլորի հետ բարեկամական կապ ունի, իսկ կոնկրետ Զուբ անունով քրեական տարրի հետ խնդիրներ չի ունեցել:
Ինչեւէ, Բաղդասարյանի վստահեցմամբ՝ վախենալու բան չունի, եւ քննությունը կպարզի, որ կրակոցների թիրախում հայտնված իր աշխատակիցն ու եղբայրը կապ չունեն կատարվածի հետ:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻ ՔԱՆԻ ՕՐ
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի` ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: Կազմակերպությունների պատասխանատուներին տրվել է մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առեւտրային ցանցերը, որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով եւ 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ: ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որեւէ ձեւով չպետք է մասնակցեն հաշվարկներին:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետ Դավթյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի` Կարապետ Դավթյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուսուցչական կազմը հարցաքննվել է: Սակայն դեռ չի հարցաքննվել հենց ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանը. քրեական գործը քննվում է նրա բացակայության պայմաններում: Պատճառը ոչ թե այն է, որ Ազիզյանը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ իրավապահները նրա դեմ փաստեր հավաքելու համար մի քանի անգամ հարցաքննել են դպրոցի ուսուցիչներին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել է, որ իրավապահները քրգործը պետք է ավելի օպերատիվ հարուցեին: Բայց ամեն դեպքում ոչինչ չի խանգարի, որ հիմա հարցաքննեն դպրոցի ուսուցչական կազմին, ձեռք բերեն համապատասխան փաստեր, որից հետո ինտերպոլով հետախուզում հայտարարվի:

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանությունը կատարելու եւ կազմակերպելու համար։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կ.Փիրուզյանի սպանությունն իրագործելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռեւս 2016թ. հունիսից նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի կողմից Ալավերդի քաղաքի բնակիչ Վ. Աբգարյանի երկու մտերիմներին սպանելու պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով։ Համաձայն ստանձնած դերաբաշխման՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ. Դավթյանը հետեւել է Կ. Փիրուզյանի տեղաշարժին եւ դեպքի օրը Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել նրա ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Քրեական գործի տվյալների համաձայն՝ ատրճանակը Դավթյանին է տրամադրվել Վ. Աբգարյանի կողմից։ Մինչ սպանությունն իրականացնելը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Մարցի ձոր» կոչվող տեղանք զենքին լավ տիրապետելու, դիպուկ կրակելու հմտություններ ձեռք բերելու համար։ Բացի այդ, պարզվել է, որ Վ. Աբգարյանը Կ. Փիրուզյանի սպանությանն իր առնչությունը կոծկելու նպատակով կաշառք է տվել վարույթն իրականացնող պաշտոնատար երկու անձի։




Լրահոս