Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն իր բացահայտումները սկսեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր թիմի անվան հետ կապվող ընկերությունից: Մասնավորապես խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է հանցավոր սխեմա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։
Հատկանշական է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ` այս ընկերության մասին խոսելիս, բավական մեղմ գտնվեց: Նա ասաց, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ: ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում: «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը: Ես թերեւս ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցվել են, թե ոչ, քննություն է ընթանում, որը կպարզի»,- նշեց Անանյանը:
Նրա խոսքով՝ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել եւ ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր: Ավելին` Անանյանը կարծես թե ամեն կերպ փորձում էր համոզել, որ այս ոլորտում մենաշնորհն ավելի լավ էր, քան մի քանի ընկերություն ունենալը: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի եւ կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել»,- նշեց նա:
Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքով հարկերից խուսափելու համար քրեական պատիժ է նախատեսված: Սակայն օրենսդրությունը հնարավորություն է ստեղծել չվճարված գումարները վերադարձնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից: Այդ կարգավորումներն ամրագրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածում (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Մասնավորապես այդ հոդվածի կետերում ներառված է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի եզրույթները, որով էլ կանոնակարգվում են պատիժները: Ըստ այդմ, հարկերից չարամտորեն խուսափելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:
Միեւնույն ժամանակ այդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Հիմա չի բացառվում, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ շուրջ ստեղծված աղմուկը հանգուցալուծվի հենց այս ճանապարհով, առավել եւս, երբ այս ընկերության տնօրենը մեծ ունեցվածքի տեր է եւ կարող է վերադարձնել գումարները: Բայց այդ դեպքում անհասկանալի է հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերության ղեկավարի կալանավորումը, եթե կարելի էր խնդիրը լուծել գումարները վերադարձնելու ճանապարհով:
Իսկ մինչ այդ նոր կառավարությունը խոստանում է սկանդալային բացահայտումներ ու պատիժներ, եթե նախազգուշացումներից հետո խոշոր տնտեսվարողները չվերանայեն իրենց գործելաոճն ու չփորձեն հարկային դաշտում գործել: Ըստ այդմ` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր արդեն խոշոր առեւտրի կենտրոններում՝ սուպերմարկետներում, սկսված ստուգումներին, որտեղ խնդիրներ կան ՀԴՄ-ների հետ կապված: «Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,- ասել էր Անանյանը: Սուպերմարկետներում սկսված ստուգումներին լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան եւ պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ ոք չմտածի, թե կարող է պետությանը խաբել»։ Վարչապետը կոչ արեց կամավոր գալ հարկային դաշտ, վերահաշվարկել նախկինում չվճարված հարկերը, որպեսզի դա չանի ԱԱԾ-ն։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում լարված իրավիճակ է: Ուսանողները պահանջում են բուհն ազատել իրենց բնութագրմամբ «գլխավոր կաշառակեր Կարինե Ավդալյանից»: Ըստ նրանց` բուհ-ում կրթական ծրագիրը խաթարված է, կրթությունը փոխարինված է «Վերածնունդ» փառատոնով, որը տարիներ շարունակ հովանավորել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Կարինե Ավդալյանի առաջարկով է Սերժ Սարգսյանի եղբորը հանձնվել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը: Լ.Սարգսյանի հետ Ավդալյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է, եւ ըստ շրջանառվող լուրերի` նա տարիներ շարունակ գործել է վերջինիս հովանու ներքո:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում նոր հույսեր են ծնվել, որ կոնսերվատորիայում եւս վերջ կտրվի արատավոր բարքերին, ու տնօրենը կլքի բուհ-ը այնպես, ինչպես ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը:
Անվճար համակարգում, ըստ նախկին ուսանողների, ընդունվել են միայն նրանք, ովքեր համապատասխան գումար են վճարել: Նրանք հիմնականում տղաներն են եղել, որոնք անվճար տեղերն օգտագործել են տարկետում ստանալու համար։ Ըստ նրանց՝ բուհում վախի մթնոլորտ է։ «Նայում եմ անվճարներին ու տեսնում եմ, որ տարրական գիտելիքներ չունեն երաժշտության մասին: Ես նստում եմ, գիշերը 40 հարց պարապում եմ, ինձ ասում են 16 միավորից բարձր չդնել»,- ասում է ուսխորհրդի նախագահ Լենա Խռխռյանը:
Կոնսերվատորիայի նախկին աշխատակից Հասմիկ Հարությունյանն էլ, ով հեռացվել է բուհ-ից, ասում է. «Բուհ-ում երաժշտական բարձրագույն կրթությունը, ռազմավարությունը շեղված է, բովանդակախեղված է, առաջնահերթությունը ամենեւին խեղված է: Գիտելիքի կրողը դասախոսներն են, սակայն դասախոսի գիտական աճի համար ոչինչ չի կատարվում: Ես հեռացել եմ Ավդալյանի գալուց երեք տարի հետո, մշտապես ենթարկվել եմ սիստեմատիկ նվաստացումների: Անմնացորդ նվիրվել եմ Ավդալյանի բարեփոխումներին, սակայն դա երբեւէ չի գնահատվել: Եթե «Վերածնունդ» փառատոնը բուհ-ի զարգացման ցուցիչն է, ապա կարող եմ ասել, որ այդ փառատոնը ոչինչ չի տալիս մեր քաղաքին: Երաժշտական կրթությունը չի կարող փոխարինվել փառատոնով»:
Երաժիշտ Արփինե Խլղաթյանն էլ անձամբ էր բախվել կաշառակերության տեսարանին, բայց այդ մասին միայն տարիներ անց խոսեց. «Ես, ավարտելով Դիլիջանի արվեստի քոլեջը, եկա կարմիր դիպլոմով ընդունելության: Մոտեցա հանձնաժողովին: Մայրիկիս թուղթ փոխանցեցին, որի վրա գրված էր 1000 դոլար` այս ֆակուլտետը, անվճարի համար` 1500 դոլար: Ես եթե ցանկանայի ընդունվել իմ ուզած ֆակուլտետը, առնվազն 4000 դոլար պետք է վճարեի»:
Կարինե Ավդալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Մինչ այդ Գյումրիում սպասում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այցին, որ իրավիճակին հանգուցալուծում տա:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱն
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ
Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում մինի-ֆուտբոլի դաշտեր է կառուցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին չափաբաժնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 9 ընկերություն, իսկ երկրորդ չափաբաժնի համար` 16 ընկերություն: Երեւանի քաղաքապետարանը ընտրել է երկու ընկերությունների`«Շինհայ ՊՈ»-ին եւ «Բիլդինգ Գրուպ»-ին: Քաղաքապետարանը նախատեսել է Էրեբունի վարչական շրջանում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար ծախսել մոտ 11 մլն դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` ավելի քան 13 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ չափաբաժինների համար ընտրել է ցածր գին առաջարկած ընկերություններին: Այսպես, առաջին չափաբաժնի համար ընտրվել է «Բիլդինգ Գրուպ»-ը, որի հետ կնքվել է ավելի քան 6.8 մլն դրամի պայմանագիր, իսկ երկրորդ չափաբաժնով հաղթել է «Շինհայ ՊՈ»-ն` 7 մլն 704 հազար դրամով:
Բայց ուշագրավն այն է, որ քաղաքապետարանը ֆուտբոլի դաշտի կառուցման մրցույթին հաղթող է ճանաչել այն ընկերություններին, որոնք ժամանակին հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեւ ցուցակում՝ որպես անբարեխիղճ:
Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել էին 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները: Ըստ ՏՄՊՊՀ-ի` մասնակիցների միջեւ մրցակցությունն ընդհանրապես բացակայել էր, քանի որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չէին խաչվել, եւ նրանք հաղթող էին ճանաչվել առանց միմյանց հետ մրցակցելու: Պարզվում է, որ տնտեսվարողները միմյանց միջեւ համաձայնության էին եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու եւ հաղթելու: Այսինքն` բաժանել էին մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր: Հետեւաբար ինչ երաշխիք, որ այս դեպքում եւս նույն ոճով չեն աշխատել, քանի որ այս մրցույթին եւս մասնակցել են այն ընկերությունները, որոնք ժամանակին անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն