ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՀԱՆԳՐՎԱՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԲՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀՀԿ-ական գյուղապետերի մի մասը անհամբեր սպասում է կուսակցության ճակատագրին, մի մասը մտածում է դուրս գալու մասին, իսկ մի մասն էլ առաջիկայում դիմում կգրեն անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Գյուղապետերից շատերը ուղիղ տեսքով կամ անուղղակի ակնարկներով ասել են, որ ժամանակին ՀՀԿ-ին անդամագրվել են ստիպված, որպեսզի այդկերպ կարողանան լուծել իրենց պաշտոնավարման, նաեւ գյուղի խնդիրները, ժամանակին ու քիչ թե շատ նորմալ չափի դոտացիա ստանալու նպատակով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընթացքում մի շարք գյուղապետեր դուրս են գալիս ՀՀԿ-ից` իրենց հենարան փնտրելով ԲՀԿ-ում: Օրինակ` ՀՀ Գեղարքունիքի մարզում գյուղապետերը խուսափեցին այս թեմայի շուրջ հայտարարություններ անելուց: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք անկեղծացան՝ նշելով, որ դեռ սպասում են, թե ինչ ճակատագիր կունենա կուսակցությունը: «Ուղղակի խիղճներս թույլ չի տալիս, որ դուրս գանք: Հո՞ չենք թողնելու գնանք: Մեզ ասել են սպասեք, համբերեք…»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին Գեղարքունիքի մարզի գյուղապետերը՝ հրաժարվելով նշել, թե ով է իրենց հորդորել սպասել:
Իսկ ահա մի շարք գյուղապետեր շունչները պահած սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ազգային Ժողով բերելու ծրագիրը, եւ ինչ ճակատագրի է արժանանալու այն: Տեղեկացնենք, որ կառավարության ծրագիրը ԱԺ բերվելու է հունիսի 7-ին հատուկ նիստում:
Մինչ այդ Շիրակի մարզի Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը չբացառեց ՀՀԿ-ից դուրս գալը. «Բայց այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ: Սպասենք, տեսնենք կուսակցությունն ինչ ճակատագիր կունենա»: Մեր այն հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո այլ կուսակցության կանդամագրվի, Գոռ Պետրոսյանը նկատեց, որ գյուղապետը պետք է անկուսակցական լինի, ապա ավելացրեց. «Նույն սխալը երկրորդ անգամ չեն կրկնի»:
Իսկ ահա ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը առաջիկա շաբաթվա մեջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու. «Դա քննարկման ենթակա չէ: Հիմա առողջական խնդիրներ ունեմ, դրանք կարգավորեմ, դուրս գալու դիմում կներկայացնեմ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո կանդամակցի ԵԼՔ-ին, թե ԲՀԿ-ին, գյուղապետը արձագանքեց. «Դա էլ ենթակա չէ քննարկման»: Տեղեկացնենք, որ Ենոքավանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է, բայց նա ծնվել եւ մեծացել է Իջեւանում:
Նույն մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը, անդրադառնալով իր ՀՀԿ-ից դուրս գալու տեղեկությանը, արձագանքեց. «Անհամբեր սպասում եմ գրասենյակը բացի, դիմում գրեմ: Չեմ ուզում: Ես նախկինում կպած չեմ ցանկացել, որ ՀՀԿ-ական լինեմ»: Հարցին՝ այդ դեպքում ինչու է անդամագրվել նախկինում ՀՀԿ-ին, գյուղապետը նկատեց. «Հասկանալով, որ համայնքի ղեկավար ենք, պետք է կուսակցության մեջ լինենք, հանուն գյուղի մեր ժողովրդի, որ այդպես կարող ենք մի գործ անել, մտել ենք: Հանուն մեր ժողովրդի, ուրիշ էլ ոչ մի բանի համար»: Զրույցի ավարտին նա հայտարարեց, որ առաջիկայում ինքը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ոչ մի կուսակցության չի անդամակցի:
Տավուշի մարզի Լուսահովիտի գյուղապետ Արայիկ Սարհատյանը եւս մտադիր է դուրս գալ ՀՀԿ-ից. «Հնարավոր է դուրս գամ: Իսկ այլ կուսակցություններին անդամակցելու մասով դեռ չեմ կողմնորոշվել: Ես կնախընտրեմ ԵԼՔ-ը»: Չնայած, նկատենք, որ «Ելք»-ը կուսակցությունների դաշինք է, այլ ոչ թե առանձին կուսակցություն, եւ իշխանության ղեկին հիմա «Ելք»-ի մաս կազմող ՔՊ-ն է:
Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Բայց դե կուսակցությունը կուսակցություն է էլի, տեսնենք` կառավարության ծրագիրն ինչպիսին է… ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են, եթե ժողովուրդը անհրաժեշտ է համարում, մենք էլ իրենց կողմը կանցնենք: Եթե կառավարության ծրագիրը սրտներովս եղավ, դուրս կգամ ՀՀԿ-ից: ԲՀԿ-ն կամ ԵԼՔ-ը նույնը չեն: Եթե ժողովուրդը գերադասի ԵԼՔ-ը, կսատարենք ԵԼՔ-ին, եթե ԲՀԿ-ին, ուրեմն ԲՀԿ-ին: Բայց ես այժմ ՀՀԿ անդամ եմ, բայց սատարում եմ ԵԼՔ-ին»:
Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ փաստ է: Անգամ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը միտք ունի ՀՀԿ-ից դուրս գալու, բայց ասում է, որ դեռ չի կողմնորոշվում. «Դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան իմ գյուղի խնդիրները: Ինձ համար նշանակություն չունի, թե որ կուսակցության անդամ եմ: Ժամանակը ցույց կտա` դուրս կգամ, թե կմնամ: եթե դուրս գամ, իհարկե ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Ես չեմ սիրում տարածքներ փոխել, թե որտեղ բարենպաստ է, մնամ այնտեղ»:
Ինչպես ասում էր հանճարը. «Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն

 

 

 

ՏՐԱԿՏՈՐԸ ՊԱՅԹԵԼ Է
Օրերս Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ պայմանագրային զինծառայողը տուժել է հակատանկային ականի պայթյունից: 34-ամյա զինծառայողը իր ծառայության ժամանակ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում տրակտորով հողաշինարարական աշխատանքներ է կատարել: Տրակտորը հողաշինարարական աշխատանքների ժամանակ գետնից հանել է տարիներ առաջ տեղադրված հակատանկային ականը: Այն, դիպչելով տրակտորի թրթուրին, պայթել է: Ծանր տրակտորի առաջնամասը պայթյունից պոկվել, մաս-մաս է եղել: Պայթյունի հզոր ալիքը պայմանագրային զինծառայողին տրակտորից դուրս է շպրտել: Բարեբախտաբար, զինծառայողը լուրջ վնասվածքներ չի ստացել: Նա ներկայումս շարունակում է պայմանագրային զինծառայությունը: Տավուշի սահմանագոտում վերջին 28 տարում տեղադրված բազում հակատանկային եւ հակահետեւակային ականներ կան, դրանց տեղադրման վայրերը որոշ դեպքերում նույնիսկ զինվորականներին հայտնի չեն:

 

 

ԱՆՊԱՇՏՊԱՆ
Մայիսի 26-ի երեկոյան ավելի քան կես ժամ տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի պտղատու այգիների, բանջարեղենի, մյուս ցանքերի ողջ բերքը: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ կարկուտը մանր էր ու խիտ: Վազաշենի հողերի մեծ մասը գտնվում է սահմանամերձ գոտում, չի մշակվում, գյուղացիները տնամերձ տարածքների բերքի հույսին էին, որը կարկտից ոչնչացավ: Լ. Բադիրյանը հայտնեց, որ ինքը կարկտահարության մասին իրազեկել է Տավուշի մարզպետարան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, գյուղատնտեսության նախարարության «Թեժ գիծ», Հայաստանի վարչապետի գրասենյակ: Նա ասաց, որ կազմվել է համայնքապետարանի հանձնաժողով, որը ներկայումս հաշվարկում է գյուղացիների կրած վնասները: Արդեն ճշտվել են գյուղի մի թաղամասի բնակիչների կրած վնասները: Գյուղապետի խոսքերով` տեղացած կարկուտը գետնին 10 սմ հաստության շերտով նստել էր: Բնական տարերքից պտղատու ծառերի չհասունացած պտուղը, նույնիսկ ծառերի տերեւներն են ոչնչացել: Լ. Բադիրյանը հույս ունի, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի կարկտահարությունից բերքն ամբողջությամբ կորցրած սահմանամերձ վազաշենցիներին: Տավուշի մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի տարածաշրջաններում հակակարկտային կայաններ չկան: Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում, Դեբեդի հովտի տարածքում տեղադրված «Զենիթ» տեսակի հակակարկտային կայանները իրենց չեն արդարացնում, նրանք ի զորու չեն այդ տարածաշրջանի պտղատու այգիները եւ ցանքերը լիարժեք պաշտպանել կարկտից: Նախատեսվում է Տավուշի մարզի տարածքում տեղադրել հակակարկտային հրթիռային կայանքներ, սակայն այդ գործը տարիներով ձգձգվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇ

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՐԳԱՆԻԶՄ ԼՈԼԻԿԻ ՄԵՋ
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հետ Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել:
Կողմերի երկխոսության առանցքային թեման եղել է հայկական կողմից Ռուսաստան լոլիկի մատակարարման ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման հարցը: Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ըստ որում՝ 27 դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի մեջ, ուտիճով վարակված լոլիկ:
Նշենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, եւ Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաեւ ընթացիկ հանդիպման ժամանակ:
Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին: «Ռոսսելխոզնադզոր»-ը լրատվամիջոցներին խնդրել է չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով:

 

 

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում մասնավորապես ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների եւ իրողությունների հայտնաբերման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` +37455411911: «Խնդրում ենք տրամադրել հասցեական եւ ճշգրիտ տեղեկատվություն: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս