ՄԱԿՈՒՆՑԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԵԹԵ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ներկայիս կառավարության կազմը նոր էր ձեւավորվում, եւ պարզ դարձավ, որ մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը, մեծամասնությունն իր արձագանքներում նշեց, որ պարզապես չի ճանաչում նրան։ Առհասարակ, նորաթուխ նախարարի՝ այդ պաշտոնում հայտնվելու եւ ներկայիս աշխատելաոճի մասին տեղեկություններ քիչ կան։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասել են որոշ ուշագրավ մանրամասներ։

Պարզվում է՝ նախապես որոշված է եղել մշակույթի նախարարի պորտֆելը հանձնել Դաշնակցությանը, սակայն ՀՅԴ-ն հրաժարվել է այն ընդունել։ Դրանից հետո արդեն առաջարկ է արվել Ծառուկյան դաշինքին։ Եվ պատահական չէր, որ տվյալ ժամանակահատվածում որպես մշակույթի նախարարի հնարավոր թեկնածու շրջանառվում էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը։ Այս խմբակցությունը, սակայն, վերջին պահին հրաժարվել է պորտֆելից՝ Նիկոլ Փաշինյանի թիմին դնելով փակուղային իրավիճակում։ Թիմը այլ ելք չի ունեցել, քան հապշտապ որոշում կայացնելը։ Արդյունքում մշակույթի նախարարն ընտրվել է մեկ օրում։ Ընդ որում` նախապատվությունը տրվել է Լիլիթ Մակունցին, քանի որ նա անհայտ էր հանրության լայն զանգվածներին, եւ նրա նշանակման պարագայում մշակութային դաշտը ճամբարների չէր բաժանվի։
Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ մշակույթի նախարարությունում Մակունցին ընդունել են բավական սառը, գրեթե բոյկոտել են նրա մուտքը համակարգ։ Նույնիսկ կրքերը հանդարտեցնելու նպատակով կողմնակի միջամտություններ են եղել։
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել նաեւ մշակույթի նախարարությունում սպասվելիք կադրային փոփոխությունների մասին։ Օրեր առաջ անդրադառնալով այն հարցին, թե սպասվում է արդյոք տեղակալների փոփոխություն, եւ ում թեկնածությունը նա կառաջարկի այդ պաշտոններում` նախարարը պատասխանել է, որ այս փուլում չի ցանկանում քննարկել այդ հարցը եւ որ կան անձինք, որոնք առնչվում են թե՛ մշակույթի ոլորտին, եւ թե՛ քաղաքական որոշակի սկզբունքայնություն ու դիրքորոշում ունեն, պատրաստակամ են ազնիվ կերպով աշխատել։ Մեզ հայտնի դարձավ, որ Մակունցն առաջին հերթին ցանկանում է ազատվել մշակույթի նախարարի տեղակալներ Արեւ Սամուելյանից եւ Արթուր Պողոսյանից։ Իսկ ահա փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի ճակատագիրը կախված է օդից։ Նրա առնչությամբ որոշում չի կայացվել։ Չի բացառվում, որ Տեր-Վարդանյանը մնա համակարգում, սակայն այլ կարգավիճակով։
Շատ է քննարկվում կառավարության նոր կազմի անդամների երիտասարդ եւ անփորձ լինելու հանգամանքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մակունցը պատրաստվում է նախարարության կազմում ընդունել երիտասարդ, բայց փորձառու անդամների, անվանի, որոշակի հեղինակություն ունեցող դեմքերի։ Շրջանառվում է, օրինակ, գրականագետ, ԵՊՀ դոցենտ, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի անունը։ Թե ինչ պաշտոն նրան կառաջարկվի, հայտնի չէ։
Մենք տեղեկացանք նաեւ Մակունցի գործնական մի քանի պլաններից։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ճակատագրին։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պատրաստվում էր Ազգային կինոկենտրոնի բազայի վրա ստեղծել նոր կառույց։ Հենց նրա օրոք էր, որ կինոկենտրոնի տնօրեն նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը, իսկ գեղարվեստական ղեկավար` ֆիլմ- հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում սպասվում է կինոկենտրոնի տնօրենի փոփոխություն։
Մեզ հայտնի է սպասվելիք եւս մեկ փոփոխություն, այս անգամ՝ գրականության ոլորտին առնչվող։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում պետպատվեր հասկացությունն առհասարակ հանվելու է։ Գրողներին այդ ֆորմատում պետական աջակցություն չի տրամադրվելու։ Նրանք ստիպված կլինեն իրենք հոգալ իրենց ծախսերը։
«Ժողովուրդ» օրաթերթը նշյալ թեմաների շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ Լիլիթ Մակունցի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից։ Նախարարը մասնակցում էր նիստի, հետո պատրաստվում էր մեկնել Վրաստան, այդ պատճառով չհաջողվեց նախարարի մեկնաբանությունները ստանալ, սակայն խոսնակը հայտնեց տեղեկություն, որին ինքն է տիրապետում։ Նրա տեղեկացմամբ` փոխնախարար Արթուր Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱն

 

 

 

ՍՈՆԱՅԻՆ ԲԵՄ ՉԵՆ ԹՈՂԵ՞Լ, ԹԵ՞ ՆԱ ՈՒՇԱՑԵԼ Է

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վրդովվել է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին ելույթ չի ունեցել. «Ես ինքս չեմ առաջարկել երգել, ստացել եմ առաջարկ եւ համաձայնվել երգել Ձեզ համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը: Թե՞, սիրելի՛ կազմակերպիչներ, կարծում էիք՝ որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան»,-հայտարարել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստացավ Սոնայից պարզելու համար, թե ինչ է կատարվել: Նա նշեց, որ մայիսի 28-ի համերգի երկրորդ մասում նախատեսված է եղել իր ելույթը, սակայն անհասկանալի պատճառներով այն չի կայացել. «Ես պետք է համերգի փակումն անեի, բայց ստացվեց այնպես, որ բեմ չբարձրացա: Երեւի կազմակերպիչները ժամանակի մեջ չէին տեղավորվել: Ընդ որում` ես միայնակ չէի: Էլի կային արտիստներ, որոնց ելույթները նախատեսված էին, սակայն նրանք այդպես էլ բեմ չբարձրացան, օրինակ՝ «Նեմրա» եւ «Որդան կարմիր» խմբերը: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, պարզապես անհայտ պատճառով իրադարձությունները նման ընթացք ստացան»:
Սոնան հավելեց, որ համերգից երկու օր առաջ են իրեն տեղեկացրել, որ նախատեսում են իր ելույթը: Փոխարենը եղել են արտիստներ, որոնք իրենց ելույթների մասին տեղեկացվել են ավելի վաղ. «Պատրաստված գնացել էի երգելու, գնացի, երբ համերգը գրեթե վերջանում էր, սակայն ելույթ այդպես էլ չունեցա: Այնպես չէ, որ պետք է խնդրեի, որպեսզի մասնակցեի համերգին: Մայիսի 28-ին ես երեք բեմերում եմ երգել»:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ մեկնաբանություն ստացավ նաեւ համերգի կազմակերպիչ «Մեցցո պրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանից: Նա շտապեց հակադարձել երգչուհուն. «Սոնան համերգից ուշացել է, այդ պատճառով էլ չի երգել, բայց, չգիտես ինչու, գրառումներ է անում այն մասին, որ իրեն չեն թողել երգել: Կա սահմանված օրենք, եւ որոշակի ժամանակահատվածից հետո հնարավոր չէ Հանրապետության հրապարակում անցկացնել համերգ: Մեր կազմակերպությունը օրենք չի խախտել: Սոնան այդ օրը ուրիշ ելույթներ էլ է ունեցել եւ պարզապես չի հասցրել ճիշտ ժամանակին ներկայանալ: Կոչ եմ անում նրան մեղավորներ չփնտրել, քանի որ իր դեմ որեւէ միտում չի եղել»:
Ինչ վերաբերում է Սոնայի նշած երկու խմբերին, ապա Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ «Նեմրա»-ն այդ օրը ելույթ չի ունեցել, քանի որ խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ «Որդան կարմիր»-ի հետ կազմակերպիչները համաձայնության են եկել, որ խումբը հանդես չի գալու, քանի որ տվյալ ելույթի հետ կապված առկա են եղել տեխնիկական խնդիրներ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՀԱՎԱՏՈՒՄ Է ԹԻՄԻՆ
«Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի 2018թ. առաջնությանն ընդառաջ իր հայրենակիցներին կոչ է արել իրատես լինել իրենց սպասելիքներում. «Մարդիկ պետք է իմանան, որ մենք Ռուսաստան չենք մեկնում ֆավորիտի կարգավիճակով, բայց մենք մի շարք հիանալի ֆուտբոլիստներ ունենք: Ես հավատում եմ մեր թիմին: Մենք ունենք տաղանդավոր եւ փորձառու խաղացողներ, բայց չենք կարող համարել, որ լավագույնն ենք: Ավելի լավ թիմեր կան` Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան»,-ասել է հարձակվողը:
Ավելի վաղ, հիշեցնենք` Մեսսին հայտարարել էր, որ «Բարսելոնա»-ի իր չեմպիոնական տիտղոսը կփոխեր աշխարհի առաջնության տիտղոսի հետ:

 

 

ԴԱՋՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլիգը քննադատության թիրախում է հայտնվել ոտքի դաջվածքի պատճառով: 23-ամյա ֆուտբոլիստը զենքի նկար է դաջել ոտքին, ինչը դուր չի եկել «Մայրերն ընդդեմ զենքի» կազմակերպությանը: Վերջինիս ղեկավար Լյուսի Կոուպը կոչ է արել Ստերլիգին հեռացնել հավաքականից: Ստերլիգը սոցցանցի իր էջում պատասխանել է այդ քննադատությանը: «Երբ ես 2 տարեկան էի, հայրս մահացել է հրազենային կրակոցից: Ես խոսք եմ տվել ինքս ինձ, որ երբեք չեմ դիպչի զենքի, այլ կկրակեմ աջ ոտքով: Այնպես որ, այդ դաջվածքն ունի ավելի խորը նշանակություն»,-գրել է անգլիացին:
Այս օրերին Ստերլիգն Անգլիայի հավաքականի կազմում պատրաստվում է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որի խմբային փուլում բրիտանացիները կմրցեն Բելգիայի, Պանամայի ու Թունիսի թիմերի հետ:

 

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Ժիլինա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 30-րդ տուրի` «Պոպրադի» հետ խաղում ծնկի վնասվածք էր ստացել, վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում գրել է.-«Աստված իմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար»: Ըստ ամենայնի, Բիչախչյանի վիրահատությունը հաջող է անցել:




Լրահոս