ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՈՒՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը: Արդեն երկու պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը, հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա մի քանի այլ պատգամավոր եւս:
Ու հիմա ՀՀԿ-ն չունի օրենսդրական որեւէ լծակ կանխելու համար տեղի ունեցողը, ստիպելու պատգամավորներին, որ խմբակցությունից հեռանալու դեպքում վայր դնեն մանդատները: Ավելին` երբ ժամանակին ԲՀԿ-ն պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրենքում նման դրույթ ամրագրել, ՀՀԿ-ականները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին: Ընդհակառակը, խմբակցությունից հեռացած պատգամավորների համար ազատ գործունեության երաշխիքներ սահմանվեցին ոչ միայն օրենսդրությամբ, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀԿ վերնախավն այս օրերին ափսոսում է, որ չի գնացել այդ քայլին. մասնավոր զրույցներում նրանք պարբերաբար այդ մասին են խոսում:
Այն ժամանակ ՀՀԿ-ականների մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանն օրերից մի օր հրաժարական կտա, իրենք կհեռանան իշխանությունից: Ընդհակառակը, ՀՀԿ-ում համոզված էին, որ դեռ 20-30, միգուցե 40-50 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին, իրենք են թելադրելու խաղի կանոնները: Իսկ օրենսդրությամբ խմբակցությունից հեռացած պատգամավորներին գործունեության ազատ երաշխիքներ տալով` իրենք կփորձեին վերահսկողության լծակներ ունենալ խորհրդարանական մյուս խմբակցությունների վրա. իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ հնարավորություն են ունեցել պատեհ պահի «պայթեցնելու ականները», խմբակցություններից դուրս բերելու իրենց մարդկանց` այդպես «զինաթափելով» ընդդիմախոսներին: Եւ այդ մեթոդը կիրառվել է տարիներ շարունակ՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի դեպքում, երբ վերջիններս հեռացան իշխանությունից: Բայց հիմա, փաստորեն, ՀՀԿ-ի համար ամեն ինչ ուշ է. ՀՀԿ գնացքը վաղուց է գնացել:

 

 

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ: «Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։ Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ եւ վերջնական լուծմանը դեռեւս որեւէ կերպ պատրաստ չեն»։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության նոր պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ժամանակին եղել է ՀՅԴ-ական, ընդ որում` 1990թ. գերագույն խորհրդում նա ՀՅԴ խմբակցության քարտուղարն է եղել: Այսօր, սակայն, Աղազարյանն անդամակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ թեեւ ժամանակին հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն հիմա նորմալ հարաբերություններ ունի նախկին կուսակցական ընկերների հետ: «1998 թ. ես հեռացվել եմ Դաշնակցությունից: Դրանից հետո բողոքարկել եմ դա, բայց իմ բողոքը չի ընդունվել, զղջումագիր եմ գրել, դա էլ չի ընդունվել: Եվ ես սպասել եմ մի քանի տարի` հույս ունենալով, որ ասելիք կարող եմ ունենալ քաղաքական դաշտում: Եվ երբ շփվեցի ՔՊ-ի երիտասարդ քաղաքական գործիչների հետ, տեսա, որ իմ տեսակետներն առավել շատ համընկնում են պարոն Փաշինյանի տեսակետների հետ»,- ասել է նա:

 

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլեւ հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երեւան սիթի» սուպերմարկետների 461 աշխատակցի ԱԱԾ տանելով` իրապես հարցը չի լուծվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական կառավարման ոլորտի մասնագետներից շատերը պնդում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նոր կառավարությունը սահմաներ խաղի նոր կանոններ, գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջեւ՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուզածը ոչ թե անցյալը փորփրելն է կամ վենդետաներ անելը (ինչը բացառել է բազմիցս), այլ ամենքին օրենքի դաշտ բերելը: Իսկ հասարակ աշխատակիցներին ԱԱԾ տանելը, ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել բիզնեսմենների շրջանակում: Մանավանդ, մեծ թվով, ըստ պաշտոնական տեղեկության, 11 խոշոր ընկերություններ են այդպիսի վիճակում: Եւ ուրեմն ինչ, հանրապետության կեսը պետք է ճաշակի ԱԱԾ-ում լինելու «համը»:

 

 

 

ԻՍԿ ԴՈ՞Ւ ՈՐՏԵՂ ԷԻՐ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018 թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման ու կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաեւ կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ»:
Ձերբակալությունը որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու խնդրի մասին խոսվել է մշտապես: Գաղտնիք չէ, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ դեպքերում ձերբակալությունը, այնուհետեւ կալանավորումն օգտագործել են ոչ թե իրավական խնդիր լուծելու համար, այլ ընդամենը նպատակ են ունեցել իրենց հերթին պատժել մեղադրյալի աթոռին հայտնված մարդուն: Սա հատկապես քաղաքական գործերի դեպքում, երբ շինծու մեղադրանքներով փորձում էին մեկուսացնել ընդդիմախոսներին: Այս առումով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը տեղին է, ավելին՝ նույնիսկ շատ ուշացած: Եվ դժվար չէ կռահել, թե ինչեր կբացահայտվեն ուսումնասիրությունների ընթացքում, եթե, իհարկե, լուրջ ուսումնասիրություններ լինեն:
Բայց մյուս կողմից, համաձայնեք, Արթուր Դավթյանի կողմից նման հանձնարարական տալը շատ արհեստական է դիտվում: Ի վերջո, Դավթյանն այս պաշտոնին նոր չի նշանակվել. նա 2016թ. սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազն է: Ուսումնասիրությունների համար նախանշված ժամանակահատվածը համընկնում է հենց իր պաշտոնավարման տարիների հետ: ՀՀ սահմանադրության համաձայն` դատախազությունը նաեւ հսկողություն է սահմանում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Ասել է թե` ձերբակալությունների հարցը նաեւ դատախազության իրավասությունների տիրույթում է եղել: Եթե այդ հարցում եղել են խնդիրներ, մասամբ պատասխանատու է նաեւ դատախազությունը: Բացի այդ` եթե հիշում եք, նույն Արթուր Դավթյանն ԱԺ-ում վերջերս փորձում էր արդարացնել ապրիլի 22-ին այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալությունները, չնայած նրանք անձեռնմխելի էին: Այնպես որ նրա հանձնարարականը մի տեսակ չի ընկալվում, եւ հարց է հնչում՝ իսկ դո՞ւք որտեղ էիք:




Լրահոս