Արցախի տնտեսական վիճակի, հակամարտության կարգավորման, ՀՀ նոր վարչապետի հետ աշխատանքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Արցախի տնտեսական վիճակն այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում։
-Արցախի տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ կայուն զարգացող, քանի որ հատկապես գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ տնտեսության մյուս ճյուղերի շնորհիվ մենք այս տարի բյուջետային զգալի լրացուցիչ մուտքեր ենք ապահովել։ Մասնավորապես` առաջին եռամսյակի արդյունքներով ունենք 16.1% տնտեսական աճ, իսկ չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 23.1%։ Մեր կանխատեսումներով` ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը պահպանվելու են մինչեւ տարեվերջ, եւ պետական բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական եւ մյուս ծրագրերը, ըստ ժամանակացույցի, ստանալու են համապատասխան ֆինանսավորում։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաեւ, որ մասնավոր հատվածի հետ տարեսկզբին ունեցած մեր բոլոր ներդրումային պայմանավորվածությունները պահպանվել են։
-Պարբերաբար խոսվում է այն մասին, որ Արցախը պետք է որպես բանակցային կողմ ներգրավվի ԼՂ հակամարտության հարցով բանակցություններում։ Այս պահին արդյոք տեսնո՞ւմ եք դրա հնարավորությունը։
-Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մայիսին` Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Սակայն այս պահին որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում արված հայտարարությունները` կապված ղարաբաղյան խնդրի հետ, Ձեզ համար ընդունելի՞ են։
-Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ես գնահատում եմ որպես հայության արդար պահանջի ճանաչման, իսկ քաղաքական առումով՝ առկա իրողությունների հետ հաշվի նստելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչ։ Անցած տարիների ընթացքում բազմիցս միջազգային դիտորդների, կազմակերպությունների, քաղաքական ուժերի եւ մի շարք պետությունների միութենական ու դաշնային իշխանությունների կողմից հաստատվել է, որ ինքնիշխան Արցախի Հանրապետությունն իր բոլոր ժողովրդավարական ինստիտուտներով վաղուց կայացած իրողություն է։ Այս տեսակետից ողջունելի է ՀՀ վարչապետի կողմից ուղիղ երկխոսության առաջարկը, որն Ադրբեջանի կողմից ընդունվելու դեպքում կնպաստի հիմնախնդրի հանգուցալուծմանը եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։ Սակայն ինչպես տեսանք, դրան հետեւեց Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը, ինչը եւս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ եւ վերջնական լուծմանը դեռեւս որեւէ կերպ պատրաստ չեն։
-Իսկ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մայիսի 17-ին նշել է, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Հայաստանը ներքաշված կողմ է։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։
-Վստահաբար կարող եմ ասել, որ անգնահատելի է Հայաստանի Հանրապետության դերակատարությունը խաղաղության պահպանման, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների զսպման եւ, ընդհանրապես, հիմնախնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ձեւավորման գործում։
-Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ տեղի ունեցան։ Այն ոգեւորություն էր առաջացրել ՀՀ-ում, իսկ Արցախում ինչպե՞ս ընդունվեց:
-Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ ներքաղաքական կյանքում, մեծ ոգեւորություն է առաջացրել ինչպես հայության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Այդ տեսանկյունից այս պահին ամենակարեւոր հանգամանքը Հայաստանի ավելի լավ ապագայի հանդեպ լավատեսության եւ հավատի մեծ պաշարի առկայությունն է հայ ժողովրդի մոտ: Մենք իսկապես շարժվում ենք նոր Հայաստան կերտելու ճանապարհով, որտեղ առավել քան երբեւէ պետք է բարձր գնահատվեն ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Սակայն պետք է փաստել, որ դա այնքան էլ հեշտ եւ կարճ ճամփա չէ, պարզապես վերջին գործընթացներն ապահովեցին խոստումնալից առաջընթացը: Եթե զարգացումներն ընթանան բոլորիս դրական սպասումներին համապատասխան, ապա համարձակորեն կարող ենք ասել, որ դրանից կշահի հայության միասնական հայրենիքը՝ ներառյալ Արցախը: Այստեղ վճռորոշ դերը ՀՀ քաղաքացիներինն է, եւ նրանց կամքը պետք է ընդունելի լինի ողջ հայության համար:
-Ի՞նչ եք մտածում Նիկոլ Փաշինյանի մասին` որպես քաղաքական գործչի, եւ արդյոք պատրա՞ստ եք համագործակցել նրա հետ։
-Նիկոլ Փաշինյանը փորձառու եւ սկզբունքային քաղաքական գործիչ է, եւ այդ մասին ես արդեն առիթ եմ ունեցել խոսելու մամուլում: Մեր առաջին լուրջ շփումը եղել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ նա իր թիմով գտնվում էր Արցախում: Հետագայում, արդեն որպես ընդդիմադիր պատգամավոր, մի խումբ այլ հասարակական-քաղաքական գործիչների հետ մենք նրան հրավիրեցինք Արցախ հավաքագրված ֆինանսական միջոցներով առաջնագծում կատարված աշխատանքները ներկայացնելու: Այսինքն` Նիկոլ Փաշինյան հանրային գործչի նկատմամբ մեր վստահությունը տարիների պատմություն ունի: Չեմ կարող հարգանքս չնշել նաեւ նրա որդու այն որոշման առթիվ, որ ինքը պետք է Արցախում անցկացնի պարտադիր ժամկետային զինծառայությունը: Դա, իհարկե, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի տված դաստիարակության արդյունք է: Իսկ համագործակցության առումով ընդամենը կարող եմ ասել, որ մենք միշտ պատրաստ ենք ՀՀ ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ շարունակել ծառայել մեր ժողովրդին եւ միասնական հայրենիքին։
ԱՍԵԼԻՔԻ ՀՈՒՅՍՈՎ ՍՊԱՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ
Կուսակցություն փոխելու եւ այլ քաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, Դուք նախկինում եղել եք ՀՅԴ անդամ: Ինչո՞ւ տարիներ անց որոշեցիք ՔՊ-ին անդամագրվել:
-1998թ. ես հեռացվել եմ Դաշնակցությունից: Դրանից հետո բողոքարկել եմ դա, բայց իմ բողոքը չի ընդունվել, զղջումագիր եմ գրել, դա էլ չի ընդունվել: Եվ ես սպասել եմ մի քանի տարի` հույս ունենալով, որ ասելիք կարող եմ ունենալ քաղաքական դաշտում: Եվ երբ շփվեցի ՔՊ-ի երիտասարդ քաղաքական գործիչների հետ, տեսա, որ իմ տեսակետներն առավել շատ համընկնում են պարոն Փաշինյանի տեսակետների հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ 2013 թվականին: Հետո ես դարձել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամներից մեկը:
– Իսկ հիմա ՀՅԴ-ի հետ ունե՞ք հարաբերություններ, մանավանդ` նրանք Փաշինյանի կառավարության մաս են:
– Հարաբերությունները լավ են, խնդիր չկա:
-Այժմ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Այս պահին քաղաքական դաշտը գտնվում է անոմալ վիճակում, որովհետեւ ԱԺ-ում դեռ գոյություն ունի քաղաքական ուժ, որը մեծամասնություն է կազմում, բայց իշխանությունը փաստացի գտնվում է քաղաքական փոքրամասնության ձեռքին, ինչը թավշյա հեղափոխության արդյունք է: Բոլոր դեպքերում այս իրավիճակը պետք է շտկվի: Եվ կարծում եմ` որքան շուտ տեղի ունենա դա, այնքան լավ մեր հայրենիքի համար: Եվ կարծում եմ, որ ՔՊ-ն կլինի ֆավորիտների շարքում:
-Իսկ ՀՀԿ-ի՞ դեպքում:
-Դե, չեմ մտածում, որ ՀՀԿ-ի շանսերը բարձր կլինեն, բայց երեւի թե իրենք խորհրդարանում ներկայացված կլինեն: Այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնց մակարդակը լրիվ բավարար է նման պետական մարմնում գործունեություն ծավալելու համար, եւ օգտակար կլինի:
-Ըստ Ձեզ` ո՞ւմ գործունեությունն օգտակար չէ, եւ չարժե, որպեսզի այդ անձինք որպես պատգամավոր աշխատեն:
-Այո՛, ինձ համար անընդունելի է ցանկացած բիզնեսմենի` խորհրդարանում լինելը: Բիզնեսմենը պետք է աշխատի հավասար օրենսդրական դաշտում եւ զբաղվի իր գործունեությամբ: Ես ոչ թե իրենց մարդկային որակի վրա եմ կասկածում, այլ պարզապես բիզնեսմենի` քաղաքականությամբ զբաղվելն ինձ համար անընդունելի է:
ՆՅՈՒԹԵՐԸ` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՄԱՐԶՊԵՏՆԵՐ
Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու ՀՀ մարզերից 6-ի ղեկավարները: Նրանցից երկուսը ՀՅԴ-ականներ են, իսկ մյուս չորսը՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները: Դեռ պարզ չէ, թե ԲՀԿ-ին որ մարզերն են բաժին հասնելու. կառավարության առաջիկա նիստի հաստատմանը ներկայացված թեկնածուների մեջ ԲՀԿ-ականներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այս հարցում վարչապետ Փաշինյանի ու ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը կրկին կվերանշանակվի Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Նա այդ պաշտոնին նշանակվել էր ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ժամանակ: Մյուս ՀՅԴ ԳՄ անդամը Իշխան Սաղաթելյանն է, ով կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Այս մարզի համար պայքարում էր նաեւ «Ծառուկյան» դաշինքը, սակայն այն բաժին հասավ ՀՅԴ-ին: Սաղաթելյանը ԱԺ ընտրություններին այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուն էր եւ ստացել էր 3458 ձայն: Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը, որ հանդիսանում է ՔՊ անդամ: Վահե Ղալումյանը, ով նշանակվելու է Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի համակիրներից է վաղուց, սակայն մինչ այժմ էլ անկուսակցական է: Նա Իջեւանի ավագանու անդամ է: Կոտայքի մարզպետ է նշանակվելու Ռոմանոս Պետրոսյանը, որն էլ ՔՊ հիմնադիր անդամ է եւ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել, ԱԺ ընտրություններում Կոտայքում ստացել էր 924 ձայն: Արարատի մարզպետ էլ կնշանակվի Գարիկ Սարգսյանը, ով Նոր Կյանքի գյուղապետն է, որը ՀՀԿ իշխանության օրոք հաղթել էր իշխանական թեկնածուին:
ԲՈՒԺՎՈՒՄ Է
Մայիսի 29-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կեսգիշերին հոսպիտալացվել էր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հիշեցնենք` ուսանողները պահանջում էին նրա հրաժարականը, եւ ռեկտոր-ուսանող հարցուպատասխանը բավական թեժ էր ընթացել: Սիմոնյանը հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Պարոն Սիմոնյանը գտնվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնում: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Իսկ հիվանդանոցից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչ բուժում է ստանում Արամ Սիմոնյանը, կամ ինչպես է նրա ինքնազգացողությունն այժմ: Ի դեպ, ի աջակցություն ռեկտորի` նրա հրաժարականը պահանջող ուսանողները դադարեցրել են բողոքի ակցիաները:
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արարատի մարզի Լուսառատի համայնքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով պարտադրել համայնքապետարանին անվավեր ճանաչել պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, ինչպես նաեւ Սամվել Հակոբյանին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները: Հավանաբար եկեղեցուն պատկանող տարածքը վաճառվել է քաղաքացուն, եւ պահանջ է ներկայացվել վերադարձնելու այն: