ՀՀԿ-Ն՝ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԳԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության անդամներն ընկել են իրենց իսկ փորած փոսը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` երբ պատգամավորը հայտարարում է խմբակցությունից դուրս գալու մասին, պարտավորված չէ վայր դնել մանդատը: Հատկանշական է փաստը, որ օրենքում այս դրույթն ամրագրելու պաշտպանները ՀՀԿ-ականներն էին, եւ հիմա հենց այդ խմբակցությո՞ւնն է սկսել քանդվել:

Երբ պատգամավորները հայտարարում են Հանրապետական խմբակցությունից հեռանալու մասին, նախկին օրենքն ամենալավն օգնության կհասներ նրանց: Բանն այն է, որ նախորդ կանոնակարգ-օրենքի համաձայն` միայն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարները կարող են խմբակցությունը լքելուց հետո համարվել անկախ պատգամավոր, իսկ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, եթե հայտարարեին խմբակցությունը լքելու մասին, պարտավոր էին վայր դնել մանդատը:
Եվ այս կանոնակարգման լավագույն օրինակը նախորդ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունն էր, որի ցուցակով պատգամավոր էին դարձել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Մասնավորապես՝ քանի որ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը միասնական համամասնական ցուցակի 2-րդ տեղում էր, նա խմբակցությունում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո համարվեց անկախ պատգամավոր, իսկ նրա հետ նույն հայտարությունն արած Ալեքսանդր Արզումանյանը դե յուրե «Ժառանգություն» խմբակցության անդամ էր մնացել: Եվ մինչ խորհրդարանի գործունեության ավարտը Ազգային ժողովի պաշտոնական կայքում` խմբակցությունների բաժնում, Ալեքսանդր Արզումանյանի անունը ներառված էր որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր՝ ի տարբերություն Քոքոբելյանի:
Նոր կանոնակարգ-օրենքում անկախ պատգամավոր հասկացությունը վերացվել է, միեւնույն ժամանակ օրենսդիրները հնարավորություն ունեն լքել այն կուսակցությունը կամ դաշինքը, որով մուտք են գործել Ազգային ժողով՝ միաժամանակ պահպանելով իրենց մանդատը: Բանն այն է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերը ամրագրված են Սահմանադրության մեջ: Դրանք են՝ քաղաքացիություն կորցնել, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն, հենց այդ պատճառով էլ նոր կանոնակարգում չէր կարող սահմանվել, որ եթե խմբակցությունից պատգամավորը դուրս է գալիս, ապա պետք է մանդատը վայր դնի: Սակայն պատգամավորը, ով դուրս է գալիս ֆրակցիայից, դառնում է միայնակ. հենց սա է նոր օրենքի նորամուծությունը. պատգամավորը ոչ թե անկախ է, այլ` միայնակ: Ըստ այդմ` նոր կանոնակարգ օրենքով այն պատգամավորը, որը խմբակցության դիրքորոշմանը հակառակ է գնում, դուրս է գալիս ֆրակցիայից, «կիսատ-պատգամավոր» է լինելու, չի կարողանալու հանձնաժողովներում ներգրավվել կամ բարեկամական խմբերում ընդգրկվել:
Սա է թերեւս այն մեխանիզմը, որով «կպատժվեն» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Սակայն այս օրերին ՀՀԿ-ական պատգամավորները կուլիսային զրույցներում ափսոսում են, որ ժամանակին դեմ էին արտահայտվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին: ՀՀԿ-ականների հաշվարկը պարզ էր. նրանք չէին մտածում, որ մի օր էլ իրենք են կանգնելու նման խնդրի առաջ: Ընդհակառակը, իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ պատեհ պահի «պայթեցրել են ականները», խմբակցություններից դուրս են բերել իրենց մարդկանց` այդպես պատժելով ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին, երբ ընթանում էին նոր կանոնակարգի շուրջ քննարկումները, Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր, որպեսզի խորհրդարանական որեւէ խմբակցության պատգամավորները, որոնք դուրս կգան, պետք է նաեւ վայր դնեն մանդատը: Նշենք, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո այդպիսի խնդրի առջեւ էին կանգնել նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի քանի պատգամավորներ լքեցին Ծառուկյանին, դուրս եկան ԲՀԿ-ից, սակայն կարողացան պահել մանդատը: Ավելի վաղ՝ 2004թ. ձեւավորված խորհրդարանում այդպես եղավ ՕԵԿ-ի հետ, երբ այն ժամանակ այդ կուսակցությունը լքեց կոալիցիան. զանգվածային առնետավազք տեղի ունեցավ:
Եվ ահա այժմ ՀՀԿ-ն է կանգնել այդպիսի խնդրի առջեւ, սակայն որեւէ փոփոխություն չի կարող կատարել, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, հիշելով իր առաջարկի եւ մերժման պատճառների մասին, նշեց. «Եթե հիշում եք, երկու տարի առաջ ես առաջարկեցի, որ կատարվի փոփոխություն, որ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, այսինքն՝ նշանակում է նաեւ կուսակցության քաղաքական գծի հետ տարաձայնություն ունի, ապա ինքը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Եվ եթե հիշում եք, Հանրապետական կուսակցությունը սրերը բարձրացրեց վերեւ, եւ հայտարարեցին, որ ես հակասահմանադրական հայտարարություն եմ անում, եւ նման առաջարկությունը կլինի հակասահմանադրական: Եվ այսօր, կարծում եմ, իրենք կհիշեն իմ առաջարկը», – նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Եվ, իսկապես, այն ժամանակ նույն ՀՀԿ-ականներն էին դեմ նման կարգավորմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես են նրանք այժմ վերաբերվում այդ առաջարկին եւ չեն փոշմանել արդյոք, որ նախկինում նման կերպ էին վարվել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում խուսափեց ասել՝ չեն փոշմանել, որ օրենքը փոխվել է: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` օրենքն այդպիսին է, եւ վե՛րջ. «Կա օրենք, եւ վե՛րջ: Իհարկե, նախկինում այլ օրենք էր, իսկ հիմա գործում է այլ օրենք, եւ վե՛րջ: Մենք իրավական պետություն ենք, եւ օրենքն ամեն ինչից բարձր է»,- նշեց նա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականներն իսկապես կցանկանային նախկին կանոնակարգումներն ունենալ, սակայն արդեն անկարող են:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՕԳՏՎԵԼ
Ինչպես հայտնի է, այս խորհրդարանը գործում է նոր կանոնակարգ-օրենքով, որի նորամուծություններից մեկն էլ քննիչ հանձնաժողովի գոյությունն է: Ըստ այդմ` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում պատգամավորներին հնարավորություն է տրվում ԱԺ-ի լիազորությունների ներքո հարցերի քննարկման համար խորհրդարան հրավիրել պաշտոնատար անձանց, ստանալ բացատրություններ: ՀՀԿ-ի ներկայացուցիչները սա համարում էին շատ լավ գործիք ընդդիմության համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մինչ այժմ ոչ մի անգամ այն չի օգտագործվել: Նշենք, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ԱԺ-ի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով: Հետաքրքիր է՝ իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ն կփորձի՞ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ գործածել այդ «զենքը», թե՞ ոչ:

 

 

ԼՈ՞ՒՐՋ ԵՍ ԱՍՈՒՄ
Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը երեկ չի հերքել, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի բողոքի ցույցի մասնակիցներին Ավանի թաղապետարանի աշխատակիցներն են բռնության ենթարկել: Հիշեցնենք, որ այդ անձինք դիմակավորված հարձակվել էին ցուցարարների վրա եւ ծեծի ենթարկել: Ջավադյանը նաեւ նշել է, թե նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, եւ դրանում որեւէ կասկած չկա: Որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոհմակը կպատժվի, այն էլ՝ օրենքի ողջ խստությամբ, որեւէ կասկած չկա: Բայց զարմանալի է՝ ինչու է Ջավադյանը նման հայտարարություն անում, երբ պատժողը ոչ թե ինքն է, այլ իրավապահները պետք է դա անեն: Իսկ մինչ այդ Ջավադյանն իր իրավասությունների շրջանակում կարող էր աշխատանքից ազատել այդ անձանց: Նկատենք նաեւ` թաղապետը ճիշտ կաներ, եթե պատասխաներ նաեւ մեկ հարցի էլ՝ ո՞վ է հրահանգել թաղապետարանի աշխատակիցներին նման քայլի դիմել: Չէ՞ որ թաղապետարանում որեւէ մեկն ինքնագլուխ նման քայլի չէր գնա:

 

 

ԿՈՆՅԱԿԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Պարզվում է` թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ եւ գնել 10 հատ կոնյակ: Այսպես, պարզվում է` գնվել է 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոնյակ՝ 240 հազար դրամով, 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով (հատը՝ մոտ 39.5 հազար դրամ) եւ մեկ հատ «Արարատ» կոնյակ` 89 հազար դրամով: Բացի այս` գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաեւ տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակադեմիան պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ:

 

 

ՀՅԴ ՆԻՍՏ
ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 29-ին Երեւանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալից քննարկման առարկա է դարձրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել հնարավոր քաղաքական զարգացումներին եւ առաջիկա անելիքներին։ Ժողովը վերահաստատել է հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը եւ իր ամբողջական զորակցությունն է հայտնել ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին:

 

 

ՊԱՏՎՈՎ ԳՆԱՑԵՔ
Երեւանի ավագանու նիստում «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, թե արդեն հինգ տարի է` ինքն ավագանու անդամ է, բայց նման «անգույն, անդեմ, անհոտ օրակարգ» չի տեսել: Նա նաեւ նշել է, թե Երեւան քաղաքն անտեր է։ «Շատ կարեւոր է, որ քաղաքում տիրեն, աշխատեն մարդիկ, որոնք կցավեն ամեն միլիմետր կանաչի համար, կանաչը վերացնելու փոխարեն էլ կտնկեն։ Փոխվել է քաղաքական իրադրություն, ուրեմն այդ փոփոխությունը պետք է լինի նաեւ քաղաքապետարանում։ Պատվով գնացեք, պարո՛ն Մարգարյան»,- դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ասել է Բախշյանը:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ Զոյա Բարսեղյանը նախկինում զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել. Գաբրիել Բալայանը եւ Մակար Ղամբարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ:
Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ: Ալբերտ Աբգարյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Հայկ Սարգսյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ:
Նշենք, որ վարչապետի հրամանով Իշխան Կարապետյանն ազատվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն, Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:




Լրահոս