ԱԱԾ. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արշավ է սկսել գործարարների դեմ, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, թաքցրել են հարկերը կամ ինչ-որ ճանապարհով խուսափել են կատարել պետության հանդեպ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները:

Եվ այսպես, դեռեւս 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց.«Ես ուզում եմ` եւս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության եւ վենդետայի մթնոլորտը պետք է բացառել: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, բոլոր այն քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի հետ կապված եւ մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն եւ վենդետա. հարգելիներս, մի՛ արեք այդ բանը, որովհետեւ վենդետա չի լինելու, որովհետեւ ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում, այս պահից սկսած, հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության եւ ազգային միասնության մթնոլորտ»:
Վերջինիս այս հայտարարությունից հետո` մայիսի 19-ին, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոսեց կոռուպցիոն բացահայտումների մասին` նշելով, որ առաջիկայում աղմակահարույց դեպքեր են բացահայտվելու. «դա չի նշանակում, որ մենք գնալու ենք ռեպրեսիաների կամ վրեժխնդրության, ո՛չ, լինելու է հրապարակային… Իմ մոտեցումը հետեւայլն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում, եւ ոչ մի բան չլինի»:
Եվ ահա այս հայտարարություններից հետո սկսվեց գործընթացը, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արշավ է սկսել գործարարների դեմ՝ ստիպելով նրանց վերադառնալ հարկային դաշտ:
«Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ-ի կողմից տեղի չունենա: Այո՛, ինչ խնդիր դրվի ԱԱԾ-ի առջեւ, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»,- նախօրեին ասել է Փաշինյանը:
Սակայն նկատենք, որ հայտարարությունների այս ֆոնին կալանավորումների գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից հետաքրքրվեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասել էր, որ իր մոտեցումը հետեւյալն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները, եւ դեռ ավելին` այդ մասին հայտարարել է նաեւ վարչապետը: Ինչ փուլում է ԱԱԾ պետի կողմից մատնանշված գումարները վերադարձնելու գործընթացը, եւ, առհասարակ, գումարներ վերադարձվե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ, ի պատասխան` մեզ հայտնեցին.«Պետությանը հասցված վնասների փոխհատուցման գործընթացը սկսված է. այն ենթադրում է մասնագիտական հաշվարկ եւ եզրակացություններ, ինչը որոշակի ժամանակ կպահանջի: Այսինքն` գործընթացը սկսված է, բայց դեռ գումարներ չեն փոխհատուցվել»:
Այսինքն` այս փուլում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է հաշվարկ, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենը, կալանավորված մյուս անձինք, ինչպես նաեւ մյուս ընկերությունների կողմից իրականացված բացահայտումների գործով պետությանը ինչքան վնաս է հասցվել, եւ կկայացվի ակտ:
Այս գործընթացից հետո կայացված ակտը կներկայացվի կալանավորվածներին, եւ եթե վերջիններս ընդունեն, որ իրավապահների կողմից կատարված փորձաքննության արդյունքում ճիշտ ակտ է կայացվել, եւ իրենք պատրաստ են փոխհատուցել այդ վնասը, ապա նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը կդադարեցվի:
Չի բացառվում, որ այս գործընթացի արդյունքում կալանավորվածները համաձայն չլինեն իրենց ներկայացված գումարի չափի հետ եւ բողոքարկեն` փորձելով պակասեցնել գումարի չափը: Ինչեւէ, բոլոր դեպքերում, եթե փոխհատուցեն, ապա վերոնշյալ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ եթե ոչ, ապա քրեական հետապնդումը կշարունակվի կալանքի տեսքով: Ստացվում է, որ այս ընթացքում նրանց եւ այլ քրեական գործերով անձանց կալանքի տակ գտնվելը փոքր-ինչ կամայական որոշում է, քանի որ խնդրի մասին ահազանգում են նաեւ փաստաբանները:
Մասնավորապես` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց.«Կամայական եզրույթը այս պահին կխուսափեմ կիրառել՝ այս պահին ներգրավված չլինելով այն գործերով, որոնցով անձինք են ձերբակալվում կամ կալանավորվում կամ բերման ենթարկվում, այդ առումով սխալ կլինի գնահատական տալ: Բայց ընդհանուր իրավիճակը եւ հատկապես մի քանի մասնավոր դեպքերը, որոնցով մարդիկ ինքնակամ իրենց ոտքով հրավեր ստանալով գնացել, ներկայացել են վարույթ իրականացնող մարմին եւ կալանավորվել են, հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձանց նկատմամբ առնվազն կալանավորումը` որպես խափանման միջոց, չպետք է կիրառվեր: Այո՛, տարիներ, տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ընդունված պրակտիկա էր մարդ կալանավորելը: Ցանկացած հանցագործության մեջ կասկածվող անձ հատկապես, եթե ինքը մեղադրվում էր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, մեր մոտ գործում է կալանքի կանխավարկածը, որ մարդը պետք է կալանավորվի: Ընդամենը արձանագրում եմ, որ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է կիրառվել, ինչը անթույլատրելի է: Դատավորների անունները հրապարակվեցին, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են այդ կալանավորումներով, դատավորներ կան, որ կալանքի միջնորդություն երբեք էլ չեն մերժել: Կարծում եմ, որ ժամանակ եւ ավելի լավ առիթ, քան այսօր, էլ այլեւս չի լինելու, որ մենք շտկենք այդ ոլորտը»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳԵՆԵՐԱԼԻ ՏՂԱՆ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երեւանի բնակիչ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում ելել է ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետեւ՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք` բախվելով հաստաբուն ծառին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել, վարորդը հրաժարվել է բժիշկների օգնությունից՝ հայտարարելով, որ ինքն իրեն լավ է զգում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եւ պարզվել է, որ նա եղել է սթափ: Նշենք, որ նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է:

 

 

ՏԱՐՈՆԻ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ
««Պիստ»-ը իմ մտերիմն է, մանկության ընկերն է, բայց նա բռնության որեւէ գործողության չի մասնակցել: Եթե մասնակցել է, նա պատասխան կտա»,- ասել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Պիստ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի գործողություններին: «Էրեբունի թաղամասում 100 հազարից ավելի մարդ է ապրում, եւ չեմ կարող պատասխան տալ բոլորի համար»,- նշել է թաղապետը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Նոր-Արեշի Էրեբունի եւ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հարցին՝ եթե Տարոն Մարգարյանը, այնուամենայնիվ, հրաժարական ներկայացնի, շարունակելո՞ւ եք աշխատել, Դ. Գրիգորյանը պատասխանել է. «Ես Տարոն Մարգարյանի թիմի անդամ եմ: Եթե նա որոշում կայացնի, այն կլինի ընդհանուր»:

 

 

ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Երեկ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում առաջին նիստին Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել: Դատարանում հավաքված են եղել մեծ թվով աջակիցներ, որոնք բողոքի ակցիա են արել դատարանի շենքում: Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նշենք, որ Վերաքննիչ դատարանում այս գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար, որի ընթացքում Սեֆիլյանի փաստաբանը պատրաստվում էր խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել:

 

 

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հայաստանի ազգային պատկերասրահի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կռիվը նոր թափ է ստանում: Բանն այն է, որ մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահը կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ ֆինանսների նախարարությանը` անվավեր ճանաչի մայիսի 19-ի որոշումը: Պարզեցինք, որ նախարարության եւ պատկերասրահի կռիվը թեժացել է թավշյա հեղափոխությունից հետո:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` թավշյա հեղափոխությունից հետո նախկինում ֆինանսների նախարարության հետ խնդիրներ ունեցող կազմակերպությունները, ՊՈԱԿ-ները կանգնել են խնդրի առաջ: Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գրել էինք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ 2017 թվականի մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին, ինչը չի իրականացվել, եւ, ըստ այդմ, համապատասխան ակտ է կայացրել: Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգներ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը, ըստ մեզ հասած լուրերի, կազմում էր մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէր նախարարության այս որոշման հետ, դիմել էր դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել նաեւ, որ Պատկերասրահը մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել եւ հաշտության չի գնացել:
Սկզբում Ազգային պատկերասրահը հրաժարվել էր հայցից, որովհետեւ նախարարության հետ որոշել էր հաշտության գալ: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել, ու թավշյա հեփախությունից հետո, ըստ էության, նախարարությունը Հայաստանի ազգային պատկերասրահին ասել է, թե ներում, հաշտություն չկա, փողերը պետք է բերեք, ինչի արդյունքում էլ պատկերասրահը կրկին դիմել է դատարանը` պնդելով, որ նախարարության կողմից կայացված ակտը անհիմն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս