ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ «ՍԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվելու են՝ ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Հանդիպման ընթացքում Փաշինյանն այս երկու լուրն է հայտնել գործարարներին՝ մեկն ուրախ, մյուսը՝ տխուր: Որպես ուրախ նորություն հենց այն է եղել, որ այսուհետ որեւէ գումար որեւէ հիմնադրամի, որեւէ հաշվեհամարի փոխանցում չեն կատարի նախագահի կամ վարչապետի անունից, իսկ վատն էլ այն է, որ այսուհետ պետք է աշխատեն հարկային դաշտում եւ հավասար պայմաններում բոլորի հետ:

Իհարկե, գործարարների մեծ մասը ոգեւորությամբ են ընդունել եւ թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանցից շատերի կողմից «սեւ դրամարկղին» տրվող գումարներն ավելի մեծ են եղել, քան հարկային պարտավորությունները: Եվ հիմա իրենք ավելի մեծ սիրով պատրաստ են աշխատել հարկային դաշտում, կատարել բոլոր պարտավորությունները եւ հանգիստ խղճով ապրել առանց օրենքի հետ խնդիր ունենալու: Իսկ նրանք մինչեւ այժմ այդպես չեն գործել, քանի որ չի եղել օրվա իշխանության պահանջը: Այժմ իշխանությունները պահանջում են, եւ գործարարներն էլ պատրաստ են խաղալ նոր խաղի կանոններով:
Թե ի՞նչ են «սեւ դրամարկղերը», ոչ բոլորը գիտեն: Տարիներ շարունակ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը գործարարներից յուրաքանչյուրին տվել է որոշակի հաշվեհամարներ՝ պարտադրելով նրանց գումար փոխանցել այդ հաշվեհամարին: Ըստ օդում կախված լուրերի` դրանցից սնվել են պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քարտով գումարներ են ստացել եւ այդպես կարողացել են իրենց իրական կարիքները հոգալ, քանի որ առկա պետական աշխատավարձի պայմաններում հասկանալի է, որ որեւէ մեկը չի կարող այդ գումարներով ապրել այնպիսի շքեղությամբ, ինչպես ապրում են եւ, իհարկե, իրական աշխատավարձը նրանց չի բավարարում: Այժմ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, քանի որ պաշտոնյաներն այս ամիս արդեն չեն ստանալու նշված «սեւ դրամարկղերի» գումարները, եւ շատ պաշտոնյաներ ունեն վարկեր, որոնք այլեւս չեն կարողանալու վարել: Առավել եւս նրանք այլեւս չեն կարողանալու կաշառքներ վերցնել, քանի որ վարչապետը մանրադիտակով հետեւում է բոլորին, եւ պաշտոնյաներից շատերն իրականում ոչ նախանձելի վիճակում են հայտնվել:
Այս ընթացքում նաեւ բանակի անվան տակ են որոշակի գումարներ տարվել գործարարներից, սակայն 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ գումարները եւս, ըստ էության, արդյունքի չեն ծառայել, քանի որ այդ ժամանակ պարզ դարձավ, որ մենք չունեինք պաշտպանության տարրական կանոնները պաշտպանող սարքեր, ինչպես նաեւ կռվում էինք 80-ականների զենքերով: Ասել է թե` իշխանությունները պարզապես լափել են բանակի համար հավաքած գումարը:
Առայժմ պարզ չէ, թե ինչ է անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բանակի համար եղած «սեւ դրամարկղի» բացը լրացնելու համար: Միգուցե իրականում նա կարողանա այդ ամենը բերել «սպիտակ դաշտ» եւ պետբյուջեի միջոցների հաշվին կարողանա այդ ամենը կանոնակարգել:
Քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ էր խոսում ապօրինի հարստացածների եւ հետեւանքների մասին, բնական է, որ գործարարների եւ օլիգարխների խավը վերջին շրջանում շատ անհանգիստ էր։ Նա հանդիպման ընթացքում պատասխանատվության հարց չի բարձրացրել, ուստի գործարարները վարչապետի հանդիպումից հետո թեթեւացած շունչ են քաշել:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ցանկացած կառավարության պարտականությունն է պայքար տանել «սեւ դրամարկղերի» դեմ, եւ այլ հարց է, թե որքանով դա կհաջողվի: «Բնականաբար այն ընկերությունները, որոնք գործում են սեւ դաշտում, ի համեմատ նմանատիպ ընկերությունների, որոնք գործում են սպիտակ դաշտում, ունեն հարաբերական առավելություններ: Եվ դա խեղում է մրցակցային միջավայրը: Եթե մենք ունենում ենք մրցակցային միջավայրի շեղում, դա նշանակում է, որ տնտեսության ռեսուրսներն անարդյունավետ են տեղաշարժվում տնտեսության մեջ»:
Անդրադառնալով «սեւ դրամարկղերի» նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարին` նախկին նախարարը նշեց. «Չեմ կարծում, որ աշխարհում գտնվի մի կառավարություն, որը կասի չէ, սեւով աշխատելը դա ճիշտ է: Այլ բան է, թե կառավարությունների մոտեցումներն ու գործիքակազմն ու տակտիկան ինչպիսին են: Յուրաքանչյուր կառավարություն, եթե ցանկանում է, որ ունենա արդյունավետ տնտեսություն եւ բարենպաստ միջավայր, շահագրգռված չի լինի տեսնի, որ դրանք գործեն ընկերությունների մոտ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՎԴԱԼՅԱՆԸ ՀԱՄԱՌՈՒՄ Է
Գյումրիում շարունակում են մերժել ՀՀԿ անդամներին կամ այդ կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց: Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, հերթը Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանինն է: Նրա դեմ բողոքները շարունակվում են. կոնսերվատորիայի նախկին ու ներկա աշխատակիցները, ուսանողները Ավդալյանին մեղադրում են կոռումպացվածության մեջ: Ի պատասխան նախօրեին իր հասցեին հնչած մեղադրանքների` Կարինե Ավդալյանը երեկ պատասխանել է լրագրողների հարցերին` հայտարարելով, թե բնակչության պահանջը գոհացնելու որեւէ նպատակ չունի եւ հրաժարական չի տա: «Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ պաշտոնից, այս բուհ-ը ես եմ ոտքի կանգնեցրել: Հանգստացե՚ք, գնացեք ձեր տները, աշխատեք եւ արեք այն, ինչ մենք ենք անում: Ցույց տվեք քաղաքին, թե դուք ինչ եք արել ձեր քաղաքի համար: Ինձ ասում եք` ինչու եմ ստեղծել «Իմպրոռիթմ» վարժարանը այն պարագայում, երբ կա երաժշտական ուսումնարանը, սա ազատ մրցակցություն է. երբ Հայաստանը դարձավ ազատ եւ անկախ, մարդիկ իրավունք ձեռք բերեցին ստեղծել այն, ինչ ցանկանում են: Չեմ ստեղծել հյուրանոց, ժամանցի կենտրոններ, ստեղծել եմ դպրոց ու 150 աշխատատեղ»,- ասել է նա: Միայն թե տիկին Ավդալյանը մոռանում է, որ ապրիլի 22-ին նույնը հայտարարում էր նաեւ Սերժ Սարգսյանը, բայց հաջորդ օրն իսկ ստիպված եղավ հեռանալ վարչապետի պաշտոնից: Նույնկերպ հրաժարական չէր ուզում տալ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, բայց նա էլ ստիպված եղավ հեռանալ: Հիմա նույն ճակատագիրը սպասվում է տիկին Ավդալյանին: Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում սպասում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այցին: Թե՛ կոնսերվատորիայի աշխատակազմը, թե՛ բողոքողները նամակներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին ու ԿԳ նախարարին: Թե ինչպես կլուծվի խնդիրը, առաջիկայում կհստակեցվի:
Նկատենք, որ Գյումրիում խոսացություններ են շրջանառվում, որ Կարինե Ավդալյանի հիմնած ընկերությունը կուտակել է պարտքեր, պարտապանների ցանկում է նաեւ Կարինե Ավդալյանի հիմնադրած Իմպրոռիթմ-Արվեստի Ակադեմիա ՍՊԸ-ն: Ընկերության կուտակած պարտքերը կազմում են շուրջ 944 միլիոն ԱՄՆ դոլար: Դրանք պաշտոնական տվյալներ են: Պարտքերի փաստը տիկին Ավդալյանը չի հերքել, բայց եւ զայրացել էր այդ մասին հարցից` հրաժարվելով հստակ պատասխանել. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իմ անձնական ընկերությունն է, այնտեղ կա մի մեծ գույքի փաթեթ, իմ անձնական գործն է»:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
ԳՅՈՒՄՐԻ

 

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ ՊԱՅՔԱՐ ԼՈԼԻԿԻ ՑԵՑԻ ԴԵՄ

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» խնդրում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը: Բանն այն է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստան մոտ 9200 տոննա ընդհանուր ծավալի լոլիկներով բեռնված 450 ավտոմեքենա է տեղափոխվել: Դրանից 27–ի դեպքում Ռոսսելխոզնադզորը լոլիկների խմբաքանակի մեջ լոլիկի ցեց է հայտնաբերել: Եւ սա այն դեպքում, երբ խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով: Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան:

ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի արտահանման համար: Ռուսական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը: ԳՆ խորհրդական Արմեն Հայրապետյանը վստահեցրել է ռուսական կողմին, որ կարճ ժամկետներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Տեղեկացնենք, որ Ռուսաստանի ահազանգից հետո հայկական կողմը սկսել է խստացնել լոլիկի արտահանման հսկողությունը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից փորձել է պարզել, թե որքան գումար է ծախսվել լոլիկի ցեցի դեմ պայքարի նպատակով: Պարզվում է` նախարարությունն այդ խնդրի լուծման համար 2016 թվականին ծախսել է 2 մլն 375 հազար դրամ: Իսկ ահա 2017 թվականին այդ նպատակով ընդհանրապես գումար չի ծախսվել: «Ընթացիկ տարվա համար մենք նորից նախատեսել ենք ծախսել այնքան գումար, որքան 2016 թվականին: Ջերմատներում, որտեղ լոլիկ է աճեցվում, մարդիկ օգտագործում են եվրոպական արտադրության ֆերոմոնային թակարդներ: Եւ տարածքը քանի որ փակ է, լոկալ է, այնտեղ արդյունավետությունը ավելի բարձր է. մարդիկ անմիջապես նկատում են եւ մինչեւ վնասատուների արագ բազմանալը հասցնում են արդյունավետ պայքարել, որը տալիս է դրական արդյունք»,- իրավիճակը ներկայացրեց գյուղփոխնախարարը: Ըստ մեր զրուցակցի՝ սա համարվում է սովորական վնասատու, որի դեմ մայիս ամսից պետք է արդյունավետ պայքար տանել: «Մենք ոչ թե պայքար ենք իրականացրել, այլ ֆերոմոնային թակարդներով մոնիտորինգ ենք անցկացրել:
Եթե գյուղնախարարությունը ցեցի դեմ պայքարի, նախ այդքան միջոցներ չկան, հետո էլ հողօգտագործողը կբողոքի, կասի` կոլորդյան բզեզի դեմ էլ պայքարեք»,- նկատեց Աշոտ Հարությունյանը: Նշենք, որ դեռեւս 2014 թվականին ԳՆ-ն իրականացրել էր կարտոֆիլի ցեց եւ լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիր: Դրա իրականացման համար պետական բյուջեից հատկացվել էր 27 մլն 460 հազար 800 դրամ, որով Արարատի եւ Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրվել էին 2900 ֆերոմոնային թակարդներ: Փաստորեն, տարիների ընթացքում հատկացվող գումարները այդպես էլ նպատակին չեն ծառայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս