ԹԲԻԼԻՍԻԻՑ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տուրիստական սեզոնին ավիատոմսերը զգալի թանկ են վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնականում բարձր գին ունեն դեպի եվրոպական եւ ծովափնյա երկրներ ավիատոմսերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից տեղեկացավ, որ հիմնականում թանկացել են դեպի Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա ավիատոմսերի գները: Մեզ հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները ավիատոմսերի բարձր գները կապում են սեզոնային գործոնի հետ: Նրանց պատմելով` լինում է նաեւ, երբ դրանք ժամ առ ժամ են թանկանում: Արդյունքում` վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը գերադասում է դեպի եվրոպական երկրներ մեկնել Վրաստանի Թբիլիսիի օդանավակայանից, որովհետեւ այնտեղ ավիատոմսերը զգալի մատչելի են, երբեմն էլ՝ կրկնակի: Նրանց մի մասն էլ ճամփորդելիս մեքենայով գնում են Վրաստան, Թբիլիսիի օդանավակայանում կայանում ավտոմեքենան, ապա մեկնում իրենց ուզած երկիր արձակուրդը վայելելու:
Այսօր Հայաստան մի քանի տասնյակ ավիաուղիներ են թռչում, բայց այդպես էլ չեն կարողանում էժան գնով ավիատոմս առաջարկել, քանի դեռ Հայաստանում ե՛ւ վառելիքն է թանկ, ե՛ւ բարձր են «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սակագները:
Օրինակ` հուլիսի 15-ից 30-ը ընկած ժամանակահատվածի համար Թբիլիսի օդանավակայանից դեպի Իտալիա «Lufthansa» ընկերությունը առաջարկում է 605 եվրոյով, մինչդեռ Երեւան-Իտալիա ուղղությամբ ավիատոմսը հուլիսի 15-ից 30-ը ընկած ժամանակահատվածում «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը առաջարկում է 870 եվրոյով: Այսինքն` ռուսական ընկերությունը 265 եվրոյով թանկ է առաջարկում, քան «Lufthansa»-ն:
Հուլիսի 15-ից մինչեւ հուլիսի 24-ը Թբիլիսիի օդանավակայանից դեպի Փարիզ ուղղությունը երկու անձի համար առաջարկվում է 680 եվրոյով «Պեգասուս ավիաուղիներ» ընկերության կողմից:
Իսկ ահա Երեւան-Փարիզ ուղղությունը նույն ժամանակահատվածի համար լեհական Լոտ ավիաընկերությունն առաջարկում է 840 եվրո: Այսինքն` դեպի Փարիզ չվերթը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելիս 160 եվրոյով (96 հազար դրամ) թանկ է, քան Թբիլիսիից: Եթե հաշվենք, Երեւանից Թբիլիսիի օդանավակայան հասնելու եւ հետ գալու համար կծախսվի ընդամենը 28 հազար դրամ: Անգամ այս դեպքում ավելի մատչելի է Թբիլիսիի օդանավակայանից Փարիզ մեկնել, քան «Զվարթնոց»-ից, ու պատահական չէ, որ մեր շատ հայրենակիցներ հենց այս տարբերակով են մեկնում հանգստանալու:
«Քաթար ավիաընկերությունը» հուլիսի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածի համար Երեւան-Բարսելոնա ուղղությամբ երկու անձի համար ավիատոմը առաջարկում է 840 եվրո, իսկ Թբիլիսիի օդանավակայանից «Թուրքական ավիաուղիները»-ը՝ 673 եվրո: Նշենք, որ արդեն արձակուրդ մեկնողների շարժն ակտիվացել է: Ի դեպ, ավիատոմսերի վաճառքով զբաղվում են նաեւ անհատ մարդիկ, ովքեր տոմսերի վաճառքի մասին հայտարարությունները տեղադրում են list.am էլեկտրոնային կայքէջում: Նրանց մեծ մասը եւս դեպի եվրոպական երկրներ ցածր գներով ավիատոմսեր են առաջարկում դարձյալ Թբիլիսիի օդանավակայանով: Ըստ որոշ մասնագետների՝ աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում:
Իսկ սեզոնին՝ ամռան ամիսներին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները: Այդպես նրանք փորձում են կոմպենսացնել իրենց ծախսերը: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ավիատոմսերի գները աշնան ամիսներին կրկին կնվազեն: Այդ ամիսներին անգամ կարձանագրվեն էժանացման դեպքեր, իհարկե, ոչ շատ ծանրաբեռնված չվերթների դեպքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԴՊՐՈՑ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանին եւ շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանին: Նախարարը կարեւորել է ընթացքի մեջ գտնվող նախադպրոցական կրթության հասանելիության եւ նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրերի դերն ու նշանակությունը եւ նշել, որ այդ ծրագրերի օգնությամբ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում ենք առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Աստղիկ Մովսիսյանը ներկայացրել է նախադպրոցական կրթության հասանելիության ծրագրի շրջանակում մշակված վաղ մանկության զարգացման եւ կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների վերլուծությունն ու ֆինանսական հաշվարկը, ինչը հնարավորություն կտա նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել բոլոր համայնքների երեխաների համար: Նա անդրադարձել է նաեւ նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ եկած խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղղություններին, մանկատների բեռնաթափման հիմնախնդիրներին: Ավելացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցել գործընկեր պետական կառավարման մարմինների հետ եւ բոլոր ջանքերը ներդնել կազմակերպության նախաձեռնած ծրագրերի արդյունավետ իրականացման եւ նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

 

Կորուստները շատ են
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ նշել է, որ Արփա-Սեւան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:
Ըստ նրա` Սեւանի մակարդակը, տարեսկզբի համեմատ, ավելացել է մոտ 30 սմ-ով` 1900,74 սանտիմետր: «Չնայած նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք 13 սմ-ով, որը պայմանավորած է 17-18 թվականների տեղումների սակավությամբ, հիմա ինչ էլ բարձրացել է, անձրեւների հաշվին ենք կարողացել պահել»,-ասել է նա:
Ա. Հարությունյանի տեղեկացմամբ` ոռոգման ջրի կորուստները բավական շատ են: «70% կորուստներ ունենք համակարգում, եւ եթե այդ կորուստները չլինեին, կարող է եւ ջրի սակագինն էապես փոխված կլիներ»,-ամփոփել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա:
Մայրաքաղաքում հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:




Լրահոս