Երիտասարդ օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպմանը վարչապետին հայտնեց, որ Հայաստանում երկար տարիներ մեներգիչների մենաշնորհ է եղել, եւ շատերը բեմ բարձրանալու հնարավորություն չեն ունեցել: «Ես Եվրոպայում միջազգային մրցույթի դափնեկիր եմ դարձել, այսօր մեր թատրոնում բեմադրվում է նույն ներկայացումը: Ավստրիայում 230 հոգուց ես եմ ընտրվել, երգել եմ գլխավոր դերում, այստեղ մասնակցեցի մրցույթի, բարձր գնահատականի արժանացա Օրբելյանի կողմից: Հենց ուզեցի արդեն գնալ ներկայացման փորձերին, պարզվեց՝ իմ անունն ընդհանրապես չկա ցուցակում»,- ասել էր նա: «Ժողովուրդ» օրաթերթը Անիից պարզել է՝ ինչ արձագանք է ստացել իր հայտարարությունը, արդյոք դրանից հետո թատրոնում գրանցվել են դրական տեղաշարժեր:
-Անի, Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ օպերային երգարվեստի դաշտը մոնոպոլիզացվել է:
-Այո՛, իհարկե, ես դա ասել եմ եւ իմ խոսքերից ետ չեմ կանգնում:
-Հիմա Դուք Հայաստանու՞մ եք մշտական բնակություն հաստատել, թե՞ արտերկրում:
-Ես միշտ էլ Հայաստանում եմ բնակվել, պարզապես արտերկրի հետ սերտ կապերի մեջ եմ, առաջին հյուրախաղերս եղել են ԱՄՆ-ում, Ղրիմում, իսկ ավելի ուշ՝ Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ այլն:
-Որքանով հասկացա, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այլեւս չեք երգում: Ինչո՞ւ: Ձեզ այդ մասին նախապես զգուշացվե՞լ է:
-Ըստ օրենքի` երբ երգչուհու հետ աշխատանքային պայմանագիրը խզում են, նրան երկու շաբաթ առաջ այդ մասին զգուշացնում են, ասում են, որ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նոր պայմանագիր չի կնքվելու: Այն օրը, երբ իմ պայմանագրի ժամկետն ավարտվում էր, պետք է անցկացվեին նոր լսումներ, նոր մրցույթ: Ես նույնիսկ համերգի հրավեր ունեի Ավստրիայից, բայց հետաձգեցի այցս՝ գերադասելով մշտական աշխատանք ունենալ հայրենիքում, նոր մեկնել: Բայց սպասված լսումներն այդպես էլ չեղան: Փոխարենը այսօր օպերային թատրոնի ներկայացումներում ընդգրկված են երգիչներ, որոնք պայմանագիր չունեն կամ պայմանագիր են կնքել առանց մրցութային կարգն անցնելու: Այսինքն` թատրոնում, կարելի է ասել, շիլաշփոթ է տիրում:
-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցած Ձեր ելույթից հետո փորձե՞լ է Ձեզ լսել, Ձեր բարձրացրած խնդրին լուծում տալ:
-Մշտապես փորձել եմ հանդիպել նրա հետ, բայց չի ստացվել, անընդհատ հետաձգվել է հանդիպումը: Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ, ես ընդամենը փաստն եմ արձանագրում:
-Ըստ Ձեզ՝ սա անձնակա՞ն, թե՞ աշխատանքային խնդիր է:
-Յուրաքանչյուր ոլորտում կարելի է հավասարակշռել անձնականն ու աշխատանքայինը: Կան հարցեր, որոնք պատասխանները ես չունեմ, ընդամենը կարող եմ ասել այն, ինչ գիտեմ:
-Ձեզ նման այլ արտիստներ կա՞ն, որոնք եւս տուժել են այս իրավիճակից: Ինչո՞ւ նրանք բողոքի ձայն չեն բարձրացնում:
-Ընդհանրապես, դժգոհողներ շատ կան, հույս ունեմ, որ շուտով նրանք էլ իրենց խոսքը կասեն: Շատ են ինձ զանգահարում, ասում՝ էս էլ պետք է ասեիր, էն էլ պետք է ասեիր, բայց ես կարող եմ անձամբ իմ անունից խոսել, իմ օրինակի համար եմ պատասխանատու: Շատերը լռում են, որովհետեւ դժվար է նման պատասխանատվություն վերցնել: Բացի այդ՝ թատրոնում դեռեւս առկա է վախի մթնոլորտ: Հանրապետությունում այն կարծես թե նահանջել է, իսկ օպերային թատրոնում` դեռ ոչ: Շատերը վախենում են, որ իրենց ունեցածն էլ կկորցնեն: Բայց ես չդիմացա, որովհետեւ դանակը հասել էր ոսկորին: Քանի որ մեր վարչապետը մեզ հնարավորություն է տվել խնդիրների մասին ազատ բարձրաձայնելու, ես էլ օգտվեցի դրանից:
-Կարելի՞ է ասել, որ դրսում Ձեզ ավելի շատ են գնահատում, քան սեփական հայրենիքում:
-Այդպես է ստացվում: Մի ցավալի դրվագ վերհիշեմ: Երբ դրսից համերգի հրավեր եմ ունենում, ինձ խնդրում են ներկայացնել զբաղվածությունս հայրենիքում, որպեսզի ինձ հետ հարմարվեն: Իրենց թվում է՝ ես այստեղ գերզբաղված եմ, բայց, ցավոք, այդպես չէ: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ եթե ոչ շուտափույթ, ապա աստիճանաբար օպերային թատրոնում դրական տեղաշարժեր կգրանցվեն, եւ ես իմ ռիսկային քայլով կկարողանամ օգտակար լինել ոլորտին:
Հավելենք, որ Անի Պիվազյանի վերջին ձեռքբերումներից են Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած «Գրանդի Վոչի» մրցույթի շրջանակում Մոցարտի անվան մրցանակը: Նա մասնակցել է նաեւ Շվեյցարիայում կայացած “Opernwerkstatt der Jungen Stimmen” փառատոնին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆ VS ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ամեն առավոտ արթնանալիս ինքս ինձ հարց եմ տալիս՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, երա՞զ էր, թե՞ իրականություն: Անկեղծ եմ ասում` մինչեւ այսօր էլ չեմ հավատում, որ իրականություն է: Չէի սպասում, որ կապրեմ նոր Հայաստանում: Կարծում եմ՝ այս փուլում քաղաքացիներիցս ամեն մեկը շատ բան կարող է անել իր տեղում: Օրինակ՝ կարող է ՀԴՄ պահանջել: Սա փոքրիկ օրինակ է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան, «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը, որը մշտապես եղել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման մեջ:
Այս ընթացքում, սակայն, մենք նկատել ենք, որ Գիսանե Պալյանը իր քաղաքական հայացքների պատճառով ֆեսյբուքյան դիսկուրսների մեջ է ներքաշվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Նա չի թաքցնում իր ակնհայտ համակրանքը Փաշինյանի կառավարության անդամների հանդեպ եւ պարբերաբար քննադատության է ենթարկում ՀՀԿ-ականների քայլերը՝ իր շուրջը համախմբելով մի շարք օգտատերերի: Շուշան Պետրոսյանն էլ նմանատիպ մի առիթի դեպքում Գիսանե Պալյանին կոչ էր արել վայելել իր աստղային ժամը: «Ժողովուրդ»-ը Գիսանեից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս այս ընթացքում հասցրեց կորցնել ընկերներ. «Իմ գիտակցական կյանքի առաջին իսկ օրերից եղել եմ ընդդիմադիր: Գուցե ի ցույց չեմ դրել հայացքներս, բայց միշտ պայքարել եմ անարդարությունների դեմ: Ես այս ընթացքում ոչ մի ընկեր չեմ կորցրել, քանի որ մտերիմներս ինձ նման են մտածել, գուցե որոշ ծանոթներ, այդ թվում՝ Ձեր նշած գործիչը, այո՛, այլ տեսակետ են ունեցել: Բայց կա մեկ օբյեկտիվ իրականություն. նախորդ իշխանության օրոք երկիրը գտնվում էր ծանր վիճակում, եւ դա կուրորեն հերքելը մանկամտություն է»,-պատասխանեց երգահանը:
Նա նորմալ համարեց նաեւ սոցցանցերում նմանատիպ դիսկուրսների ծավալումը. «Բնականաբար, այն գործիչները, որոնք հավատում էին նախորդ իշխանությանը, զայրացած են եւ սրտնեղած: Դա էլ է հասկանալի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԶԱՎԵՇՏԱԼԻ ԴԵՊՔ
Բրազիլիայի հավաքականի մարզումներից մեկի ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել: Երբ ֆուտբոլիստները դեռ խաղադաշտում են գտնվել, հանկարծակի միացել է խոտածածկի ջրամատակարարումը, ինչն անակնկալի է բերել հատկապես ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Հիշեցնենք, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի հետ պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Մունդիալից առաջ բրազիլացիներն ընկերական խաղեր կանցկացնեն Խորվաթիայի եւ Ավստրիայի հետ: ԱԱ-2018-ի խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի եւ Սերբիայի հետ:
45 ՄԼՆ ԵՎՐՈ
ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է իր թիմում տեսնել Նեյմար-Մբապե-Ռոնալդու հարձակողական եռյակին եւ պատրաստ է պորտուգալացուն պայմանագիր առաջարկել` տարեկան 45 մլն եվրո աշխատավարձով: Սակայն ՊՍԺ-ում վախենում են, որ հարձակվողի ձեռքբերումը կհեշտացնի «Ռեալ»-ի` Նեյմարի տրանսֆերն իրականացնելու խնդիրը: Ընդ որում` Ռոնալդուի` «Ռեալ»-ի հետ պայմանագրում 1 մլն եվրո հրաժարագին է սահմանված, իսկ փարիզեցիները պատրաստ են առավելագույնը 150 մլն եվրո վճարել:
2017/18 մրցաշրջանում 33-ամյա Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում անցկացրած 27 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ:
ԻՆԻԵՍՏԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Ճապոնական «Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնա»-ում, խոսել է «Ռեալ»-ի` Չեմպիոնների լիգայի եզրափակչում տարած հաղթանակի մասին: Ինիեստան նաեւ իր հիասթափությունն է հայտնել` կապված այն բանի հետ, որ նրանք չեն կարողացել հասնել մինչեւ եզրափակիչ. «Չեմպիոնների լիգայի եզրափակիչը որոշակի ցավով եմ նայել, բայց ոչ հենց արդյունքի պատճառով: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել «Ռեալ»-ի հաջողությանը, բայց անձամբ ինձ զայրացնում էր այն, որ «Բարսելոնա»-ն չկար եզրափակչում: Նրանք գոհանում են Չեմպիոնների լիգայում հաղթանակով, իսկ մենք` Իսպանիայի առաջնությունում եւ Գավաթի խաղարկությունում»,- ասել է Ինիեստան:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին: