Եթե այս կենտրոնում իրենք իրենց ներկայացնող կառույցի անունն են նման թերի ձեւով գրել, ապա արդեն հասկանալի է, թե ինչպես են կատարում իրենց գործառույթները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել անձնագրային բաժանմունք 4 տարեկան երեխայի անձնագիր ձեռք բերելու համար: Ուզում եմ իմանալ` դիմում գրելու համար երեխայի ներկայությունը պարտադի՞ր է: Խնդրում եմ պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացնել մանրամասն:
Հասմիկ Համբարձումյան (32 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին անգամ դիմելու դեպքում անհրաժեշտ է ծնողներից մեկի ներկայությունը: Այս դեպքում երեխայի ներկայությունը անձնագրային բաժանմունք պարտադիր չէ: Իսկ ահա 16 տարին լրացածը անձամբ պետք է դիմի անձնագիր ձեռք բերելու համար: Ծնողը ներկայացնում է իր անձնագիրն ու պատճենը, մյուս ծնողի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականը եւ պատճենը, ամուսնության վկայականը եւ պատճենը, երեխայի երկու նկար: Եթե երեխան վեց տարեկան է, ապա անձնագիրը տրվում է 5 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է վճարներին, ապա նշեմ, որ պետք է վճարել 1000 ՀՀ դրամ մեկ տարվա վավերականացման համար: Դիմումը ներկայացնելուց հետո անձնագիրը տրվում է 5-րդ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է` քաղաքացին հավաքի պահանջվող փաստաթղթերն ու ներկայանա իրենց տարածքային անձնագրային բաժանումունք:
ՀԱՐՑ. Դիմել եմ մանկավարժական թոշակի անցնելու համար, եւ ինձ սոցիալական բաժնից տեղեկացրել են, որ իմ աշխատանքային գրքույկում արտադրական վարպետի ուսուցման փոխարեն գրված է վարպետ: Դա պատճառ է հանդիսացել, որպեսզի ինձ չտրամադրեն մանկավարժական թոշակ: Խնդրում եմ պարզաբանել:
Սոնիկ Դավթյան (ք.Դիլիջան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարզվել է, որ Ս. Դավթյանը 04.10.2017թ. դիմել է Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժին մասնակի կենսաթոշակ նշանակելու համար: Մասնակի կեսնաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ին աշխատած ժամանակահատվածները:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կնսաթոշակների իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների» ցանկի 5-րդ կետում նախատեսված են արտադրական ուսուցման վարպետները (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատուները):
Ըստ 10.11.1989թ. լրացված աշխատանքային գրքույկի գրառումների` Ս. Դավթյանը 01.09.1983թ. մինչեւ 10.05.1989թ. աշխատել է որպես վարպետ:
Ուստի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար վերը նշված ցանկի պահանջով մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությամբ (արտադրական ուսուցման վարպետ (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատու)) 12 տարվա աշխատանքային ստաժ չունենալու պատճառով մերժվել է Ս. Դավթյանին մասնակի կենսաթոշակի նշանակումը: Այս մասին նրան պատասխանվել է Դիլիջանի տարածքային բաժնի 19.10.2017թ. թիվ 2-506 գրությամբ:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ընդամենը մեկ բառի պատճառով քաղաքացին զրկվել է մանկավարժական թոշակ ստանալու հնարավորությունից: