ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են: Այդ փաստը լավ երեւաց երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թե ԸՕ-ի, թե ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների: Նա պնդել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ արգելք չի տեսնում: Այնուհետեւ խոսելով ԸՕ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մեխանիզմների ներդրմանը` նա նշել է. «Որպես կարեւորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա: Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է, եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի` պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»:
Սա իսկապես զարմանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2016 թվականին, երբ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում փոփոխվեց ընտրական օրենսգիրքը, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դիմադրում էր ե՛ւ մատնահետքերի միասնական բազայի, ե՛ւ ընտրացուցակները մաքրելու դրույթներին, որ պնդում էին ընդդիմադիրները: ՈՒ այն ժամանակ նույն Դավիթ Հարությունյանը փորձում էր հակառակը համոզել, իսկ երբ ստիպված էր, այնուամենայնիվ, համաձայնել ընդդիմության պնդած որեւէ դրույթի, այնպիսի մեխանիզմներ էր առաջարկում, որ պարզապես անհնարին էին դարձնում օրենքի կիրառումը: Միաժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջերս դեմ էր արտահայտվում արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց հիմա Դավիթ Հարությունյանի միջոցով փորձում է ուղերձ հղել` պատրաստակամություն հայտնելով այս փուլում քննարկել այդ հարցը: Իսկապես, քաղաքական դաշտը գնալով հետաքրքիր է դառնում:

 

 

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը, այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ «թավշյա հեղափոխությունից» հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը` ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրեց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում»: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ու Ն.Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան: «Ամեն անգամ, երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը:

 

 

Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել: «Մոտ 600 հոգի դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չէ, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք: Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա »,-ասաց Թադեւոսյանը: Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել` գրավոր դիմում ներկայացնելով պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու: Ասել է թե` իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է: Ի դեպ, արտահոսք է սկսվել նաեւ ՕԵԿ-ից, ընդ որում` այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաեւ Էդգար Առաքելյանը, որ մինչեւ երեկ այդ կուսակցության խոսնակն էր: Ասել է թե` երիտասարդներն այլեւս իրենց ապագան չեն տեսնում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողքին, ով քաղաքական դաշտում ճամբարափոխի համբավ ունի:

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Հիշեցնենք` հունվար-մարտ ամիսներին ՀՀ նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր, վարչապետն էլ՝ Կարեն Կարապետյանը, իսկ ներքաղաքական կյանքն էլ համեմատաբար խաղաղ էր: Եւ ահա, ըստ վիճակագրական կոմիտեի, ուղղակի ներդրումներն ավելացել են. եթե 2017թ. այն 19.7 մլրդ դրամ էր, ապա այս տարի այն դարձել է 40.3 մլրդ դրամ: Բայց այդ` աճը դեռ չի նշանակում, թե իսկապես ավելացել են Հայաստան օտարերկրյա ներդրողների թիվը: Ներդրումների առյուծի բաժինը՝ 20.6 մլրդ դրամը, եկել է օֆշորային Ջերսի կղզուց եւ ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Խոսքը տվյալ դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նախորդ տարի Ջերսի կղզուց ներդրումները կազմել էին 5.7 մլրդ դրամ: Նշենք, որ մոտ 1 մլրդ դրամի չափով ավելացել է ՌԴ-ից արված ուղղակի ներդրումները, 4.4 մլրդ դրամի չափով՝ Գերմանիայից եկած ներդրումները եւ վերջ:

 

 

 

ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Այս օրերին խոշոր գործարարներին պատկանող ընկերություններում ԱԱԾ լայնածավալ ստուգումների արդյունքում բացահայտված փաստերն ուշագրավ էին: Տարիներ շարունակ գործարարներն աշխատել են ոչ թե երկրում օրենքով հաստատված հարկային ռեժիմում, այլ բոլորովին ուրիշ խաղի կանոններով: Արդյունքում ՀՀ պետական բյուջեն զրկվել է լուրջ ծավալի հարկային եկամուտներից: Ընդ որում` գործարարներն այդ ռեժիմով աշխատել, ըստ այդմ, ամբողջ ծավալով հարկային վճարումներ անելուց խուսափել են ոչ թե ինքնագլուխ կերպով, այլ իշխանությունների հետ համաձանեցված` գործելով նրանց սահմանած խաղի կանոններով: Պատահական չէ, որ ԱԱԾ բացահայտումների մասին խոսելիս ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ե՛ւ ՊԵԿ պաշտոնյաները պնդում էին, թե տեղյակ են կատարվածից, նախորդ կառավարությունների հետ պայմանավորվածություններ են եղել:
Եվ ուրեմն միլիարդավոր դրամների հարկերից խուսափելու պատասխանատուն ոչ այնքան գործարարներն են, որքան իշխանությունները, որոնք խոշոր բիզնեսի համար հակաօրինական դաշտում գործելու պայմաններ էին ստեղծել: Եւ այդպես եղել է ոչ թե մեկ-երկու ամիս կամ մեկ-երկու տարի, այլ խաղի կանոնները գործել են վերջին քսան տարվա ընթացքում` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ու առնվազն միամտություն կլիներ հավատալ, թե խաղի այդ կանոնները թելադրել են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները՝ ՊԵԿ նախկին նախագահները կամ ՊԵԿ նախագահի տեղակալները: Ամենեւին էլ ո՛չ: Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ ծանոթ անձը կփաստի, որ վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում նման հարցերը որոշվել է երկրի ղեկավարի մոտ. Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին, Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք: Անգամ վարչապետներն այս հարցում ձայնի իրավունք չեն ունեցել. նրանք ընդամենը հետեւել են, որ պահպանվեն սահմանված խաղի կանոնները, որ որեւէ մեկը չշեղվի պայմանավորվածություններից: Այնպես որ, ԱԱԾ բացահայտումների անմիջական պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնած անձինք են եղել:
Հիշում եք դեռ 2007թ. իշխանության հասցեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները. «Գործարարներն այդ իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: …Եւ մի՛ մտածեք, թե այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք մտնում են, գիտեք՝ ում գրպանը»: Հիմա համոզվեցի՞ք:




Լրահոս