ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՍ ՉԵՄ ԱՍՈՒՄ, ՈՐ ԱՆՄԵՂ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ձեռուոտ ընկած, ստորագրության համար խմբակցության պատգամավորներին էր փնտրում: Բանն այն է, որ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երեկ ձերբակալվել էր, եւ նրա ազատության համար ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, իսկ Մելիքյանն էլ փորձում էր օգնել նրան:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն աջ ու ձախ է գնում, ՀՀԿ-ականների փնտրում, որ ստորագրություն տան: Ի վերջո, կարողացան պեղել 8 ստորագրություն՝ Մուրադ Մուրադյան, Խոսրով Հարությունյան, Արայիկ Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մելիքյան, Կորյուն Նահապետյան, Գագիկ Մինասյան եւ Էդուրադ Շարմազանով:
Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ձերբակալել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին եւ Սարգիս Սահակյանին: Նրանք ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, քանի որ իրենք եւս մասնակից են եղել ողջ ծեծուջարդին:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, ինչո՞ւ որոշեցիք նման ստորագրահավաքով հանդես գալ:
-Դե, որոշեցինք, որ մարդիկ դուրսը մնան, թող մարդիկ դուրսը մնան, քննության ընթացքում եթե պարզվի՝ մարդիկ մեղավոր են, թող այն ժամանակ արդեն կալանավորեն: Դե, հիմա ասում են՝ առավոտ շուտ մասկեքով մտել են, տներից տարել են: Է, մարդկանց կարող էին հրավիրել համապատասխան մարմիններ, կգնային, կներկայանային: Մենակ ասում են, բայց ո՛չ մեղադրանք կա, ո՛չ բողոք կա, ո՛չ բան կա, ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ է, 37 թի՞վն է:
-Հենց այդպես էլ փորձո՞ւմ են պարզել, թե ինչ է կատարվել:
-Հա, թող կանչեն, քննեն: Թող կանչեն առերեսում՝ ո՞ւմ են խփել, ո՞վ ա խփել, ո՞նցա եղել: Դուք հավատո՞ւմ եք, որ քաղաքապետը գնացել է, մա՞րդ է խփել:
-Պարո՛ն Մուրադյան, բայց ականատեսների վկայություններ կան, տեսագրություններ կան:
-Դե հիմա, գիտե՞ս, ինչ կա…, նոր հեռուստացույցով ցույց են տալիս մի 20-30 հոգի խփում են, դրածա քաղաքապետի նկարը: Քաղաքապետի նկարն այդ 20-30 հոգու հետ ի՞նչ կապ ունի:
-Դուք ծեծկռտուքը հանցանք չե՞ք համարում:
-Բոլոր գործերի մեջ, ովքեր սխալ բան են անում, ես դա հանցանք եմ համարում, բայց այս պահին իրա հետ կապված ի՞նչ հանցանք, ես դա եմ ուզում` իմանամ:
-Իր եւ իր մտերիմների կատարած գործողությունները: Ի վերջո՝ ո՞վ պետք է պատասխան տա այդ ամենի համար:
-Ես չեմ ասում` պատասխան չտան, բայց մի բանը, եթե դեռ չկա ու ապացուցված չէ, հնարավո՞ր է, չէ՞, այդ մարդը դուրսը մնա, ինչի՞ համար է պատգամավորների երաշխավորագիրը, ինչի՞ համար է ֆինանսական երաշխավորագիրը: Թող բաց թողնեն մարդկանց, էլի տանեն, բերեն: Եղե՞լ է մի հատ դեպք, որ մարդկանց կանչեն քննության, մարդիկ խուսափեն:
-Այսինքն` որ ապացուցված համարվի, կո՞ղմ եք, որ պատիժը կրի, պատասխան տա՞:
-Այո՛, բայց ես 99 տոկոս համոզված եմ, հավատում եմ, որ այդպիսի բան չկա:
-Միայն ի՞ր մասով, թե՞ նաեւ իր տեղակալների, մտերիմների:
-Տեղակալն էլ սարքել եք… դուք էլ տեղակալ, տեղակալ, դրել եք, եսիմ ինչ եք սարքել: Չափված, ձեւած, տարիքով, կլինի 40-45 տարեկան, ընտանիքի տղա է:
-Բայց Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ էլ բազմաթիվ հրապարակումներ կան:
-Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ չափահաս մարդը մի բան անի, մյուս չափահաս եղբայրը պետք է պատասխան տա: Դա ճի՞շտ եք համարում:
-Բայց Մասիսի քաղաքապետն իր արարքների համար է ձերբակալվել: Այսինքն` կարծում եք, որ նա անմե՞ղ է:
-Ես չեմ ասում` անմեղ է, ես ասում եմ` թող քննեն, քննության ընթացքում կերեւա՝ մեղավոր է, անմեղ է: Ես ասո՞ւմ եմ, թող իրան չկանչեն քննության: Նախաքննական մարմին կա, զբաղվում է, թող ապացուցի: Բայց որ մտնում են մասկեքով, փոքր երեխաներ կան տանը, մարդուն տանում են, իմաստը ո՞րն է: Կանչե՞լ են, չի՞ ներկայացել: Հիշում եք՝ իմ ու որդիներիս մասին ինչեր են գրում, հիմա էլ հերքում են, դուրս եկավ` սաղ սուտ է: Ո՞ւմ էր պետք այդ հերքումը, եթե ներվերս կերան:
-ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին ի՞նչ եք մտածում, կարծես թե արտահոսք է սկսվել:
-Ով որ լքում է, իրենց հարցրեք, ես ի՞նչ գործ ունեմ: Ես ո՛չ պատասխանատուն եմ, ո՛չ էլ կարող եմ մեկին հրահրել, ասեմ` գնա, այնպիսի բան արա, որ ես ամաչեմ: Մեկը լքել է Հանրապետականը, իրեն հարցրեք, թող ինքն էլ ասի:
-Հնարավո՞ր է` դուք էլ լքեք մի օր:
-Էլ մի սկսեք ճնշում, նոր ուրիշ հարց էիք տալիս , հիմա հասաք եսիմ ուր:
-Հիմա նման մտադրություն չունե՞ք:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պրծա՞նք:

Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ Է ՈՐԱԿԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Չի բացառվում, որ հանդիպմանը քննարկված լինի Բալասանյանի հետագա պաշտոնավարման հարցը:

Սա հատկապես այն քայլից հետո, երբ Սամվել Բալասանյանի թիմակիցներն անվստահություն էին հայտնել իրեն, հետո քաղաքապետ չընտրվեց, եւ նա շարունակեց պաշտոնավարել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Իսկ այդպես վարվեցին, որպեսզի ՏԻՄ մասին օրենքի համաձայն` մեկ տարվա ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամները հնարավորություն չունենան հանդես գալ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սամվել Բալասանյանից պարզել, թե ինչ են քննարկել վարչապետի հետ հանդիպմանը, եւ արդյոք ինքը պատրաստվում է թողնել քաղաքապետի պաշտոնը:

-Պարոն Բալասանյան, տեղեկություն ունենք, որ Դուք հանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ի՞նչ թեմա է շոշափվել այդ հանդիպման ժամանակ:
-Եթե նման բան լիներ, մամուլում այդ մասին տեղեկատվություն կլիներ:
-Մենք ցանկանում ենք Ձեզ հետ ճշտել այդ տեղեկությունը:
-Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին:
-Դուք շարունակելո՞ւ եք մնալ քաղաքապետի պաշտոնում, թե՞ հեռանալու եք:
-Ես աշխատում եմ: Շարունակում եմ իմ գործառույթների իրականացումը:
-ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ ավագանու վերջին հայտնի նիստով Դուք շոու եք կազմակերպել, երբ Ձեր թիմակիցները Ձեզ անվստահություն էին հայտնում: Նա շեշտել էր նաեւ, որ դա հերթական խայտառակությունն է, եւ Դուք պետք է հեռանաք քաղաքապետի պաշտոնից:
-Բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ չեմ պատրաստվում մեկնաբանել ոչ ադեկվատ մարդու հնչեցրած մտքերը:
-Շիրակի նոր մարզպետի հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, քանի որ պարբերաբար մարզպետների հետ Ձեր հարաբերություններում խնդիրներ են եղել:
-Մարզպետների հետ ոչ մի խնդիր երբեւէ չի եղել: 2012-18 թվականների ընթացքում ես աշխատել եմ չորս մարզպետների հետ, եւ ծավալվել է կառուցողական աշխատանք:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն այս օրերին մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովների նիստին, բայց ներկուսակցական հանձնարարականով: Նա հիմա փորձում է եվրոպացիների մոտ տպավորություն ստեղծել, թե ՀՀԿ-ն` նախկին իշխանությունները, Հայաստանում անխնա հալածվում են, դարձել են ատելության քարոզչության զոհ: Բացի այդ, նա փորձելու է գնահատականներ կորզել եվրոպացիներից, որ այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե այդ ընտրությունները պետք է անցկացվեն, ապա ժամանակ պետք է տրվի քաղաքական ուժերին նախապատրաստվելու: Սա էլ ՀՀԿ-ին պետք է, քանի որ հույս ունեն այդ ժամանակում նոր իշխանության վարկանիշը կընկնի, իրենք էլ կկարողանան հակահեղափոխություն անել: Միայն թե, նկատենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մայիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բառացի ասել է. «ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը»:

 

 

ԿՀԱՏՈՒՑԻ ԵՎՐՈՅՈՎ
Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում 865 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարը ԱՆ-ն վճարելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշենք, որ դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին եւ ներկայումս կալանավորված է Երեւանում: 2004 թվականի դեկտեմբերին նրա դեմ քրգործ է հարուցվել՝ խարդախության եւ վաշխառության մեղադրանքներով: Եւ 2012 թվականի ապրիլի 2-ին Ագանիկյանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ եւ բողոքել իր դատավարության երկար ժամկետի մասին: Նա բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում. արդար դատաքննության իրավունքը եւ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է: Արդյունքում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչի համար էլ այս կառավարությունը ավելի քան կես մլն դրամ պետք է փոխհատուցի:

 

 

ԹԵԺ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Բարձրագույն դատական խորհրդում երկուշաբթի թեժ է լինելու: Բանն այն է, որ երկուշաբթի խորհրդի անդամները պետք է ԱԺ ներկայացնելու համար ընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուները վաղուց ներկայացվել են ԲԴԽ, սակայն նիստ չի անցկացվել, ու քվեարկություն չի կայացվել, քանի որ ԲԴԽ անդամներից Հայկ Հովհաննիսյանը բացակայում է երկրից: ՈՒ հիմա այդ գործընթացը տեղի կունենա երկուշաբթի:




Լրահոս