ՕԵԿ-ԻՑ ԱՐՏԱՀՈՍՔ Է ՍԿՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունում ակտիվ տեղաշարժ է սկսվել բացասական իմաստով, իհարկե: Կուսակցությունը սկսել են լքել երիտասարդ ներկայացուցիչները: Երեկ պարզ դարձավ, որ ՕԵԿ-ից դուրս են եկել միանգամից երկու ներկայացուցիչ` կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը եւ կուսակցության նախկին խոսնակ Արթուր Միսակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երկու գործիչների հետ պարզելու համար դուրս գալու պատճառը: Էդգար Առաքելյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է հեռանում կուսակցությունից, սակայն նշեց, որ շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական դաշտում: «Շարունակելու եմ գործունեություն ծավալել: Իսկ թե ինչով եմ զբաղվելու, առաջիկայում կտեղեկանաք: Այս պահին ես դադարեցրել եմ իմ աշխատանքը կուսակցությունում: Ասեմ նաեւ, որ այլեւս չեմ հանդիսանալու «Հայկական երրորդ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական բաժնի տնօրենը»: Հարցին` հնարավո՞ր է` Առաքելյանը միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հատկապես որ համաժողովրդական շարժման օրերին մասնակցել է ցույցերին, նա նշեց. «Ո՛չ, ՔՊ-ին չեմ միանալու»: Երիտասարդ գործիչը նշեց նաեւ, որ շարունակելու է մնալ Հայաստանում, եւ ավելի վաղ տարածված լուրերը, թե երկրից հեռանում է, իրականությանը չեն համապատասխանում: Արթուր Միսակյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ կուսակցական գործունեությամբ չի զբաղվում, պարզապես վերջին օրերին այդ թեմայով շահարկումներ են եղել, եւ ինքը որոշել է հրապարակավ գրառում կատարել` տեղեկացնելով այդ մասին: Ի՞նչն է պատճառը, որ Միսակյանը դուրս է եկել կուսակցությունից, նշեց. «Տեսեք` խնդիրը որն է. ես մեկ տարի գրեթե զրոյական շփում եմ ունեցել կուսակցության ղեկավարի եւ, ընդհանրապես, ղեկավար կազմի հետ: Իհարկե, եղել է մեկ, երկու դեպք, երբ ես հանդիպումներ եմ ունեցել, բայց կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել: Եվ ես զգուշացրել եմ, որ չեմ զբաղվում եւ չեմ պատրաստվում զբաղվել կուսակցական գործունեությամբ: Մի քանի ամիս առաջ էլ այդ մասին շատ հստակ ակնարկել եմ, կուզեք` համարեք, կուզեք` մի համարեք, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը կուսակցության մեջ»: Արդյո՞ք իր անձի հանդեպ է սխալ վերաբերմունք եղել, որ Միսակյանը որոշել է հեռանալ կուսակցությունից, նա նշեց. «Ես անցյալ տարվա ընտրություններից հետո համարել եմ ոչ նպատակահարմար մնալ կուսակցության մեջ: Վերջին համագումարին ներկա եմ եղել, բայց դա ոչինչ չէր նշանակում, ուղղակի ինձ հրավիրել էին, ներկա եմ գտնվել»: Այլ կուսակցության անդամագրվելու հարցի շուրջ Միսակյանն այս պահին որոշում չունի, սակայն շեշտեց` առաջիկայում հստակ որոշում կկայացնի: «Կարծում եմ, այն քաղաքական միջավայրը, որ ձեւավորվել է Հայաստանում, տալիս են հնարավորություն նորմալ քաղաքական գործընթացներով զբաղվելու»,-ասաց նա:
Հատկանշանական է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հատկապես վերջերս շատ էր խոսում, թե երիտասարդ կադրերով, թարմ ուժերով պետք է շարունակեն քաղաքականության մեջ առաջ գնալ, բայց արի ու տես, որ այժմ հենց երիտասարդներն են թողնում ՕԵԿ-ն ու հեռանում: Թերեւս, երիտասարդ քաղաքական գործիչները հասկացել են, որ ՕԵԿ-ի անվան ներքո դժվար կլինի ճանապարհ հարթել, հարգանք վայելել ու կարեւոր դերակատարում ունենալ քաղաքական գործընթացներում: Ի վերջո, Բաղդասարյանի անունն ասոցացվում է ճամբարափոխության հետ: Ու հիմա իրեն նվիրված երիտասարդներն այսօր հեռանում են` գուցե փորձելով մաքուր պահել իրենց անունը:
«Օրինաց երկրի» հնաբնակները, սակայն, որեւէ արտառոց բան չեն տեսնում կատարվածի մեջ: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Հիմա մարդիկ պասիվ են, ակտիվ են, դա երկրորդ խնդիրն է, բայց մենք ոչ մի նման դիմում չունենք»: Իսկ հարցին, թե ինչպես է կուսակցությունն աշխատելու, երբ երիտասարդ ուժերն են գնում, ասաց. «Շատ նորմալ: Կուսակցությունն ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատելու է»: ՕԵԿ մյուս փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր հերթին նշեց, որ մարդիկ ունեն անձնական գործեր. «Էդգար Առաքելյանը մեզ ասել է, որ ինքը մեկնում է Ռուսաստան: Եվ մենք նշանակեցինք նոր մամուլի խոսնակ` Վահե Թորոսյանին: Հետո ինքը գրեց, որ այստեղ է: Չգիտեմ` փոշմանել է Ռուսաստան գնալու հարցում, թե ոչ: Ես որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում, որովհետեւ ամբողջ երկրով մեկ են վերադասավորումներ լինում: Ես զարմանալի որեւէ բան չեմ տեսնում: Իսկ Միսակյան Արթուրի դեպքում ասեմ` քանի որ գիտեք` կուսակցությունը վերամիավորում է կատարել ՀՎԿ-ից հետո, մենք որեւէ մեկին չենք պարտադրել գալու եւ վերահաստատելու իր ՕԵԿ-ական լինելը: Արթուր Միսակյանի հետ կապը ցույց է տալիս, որ պարզապես նա այսօր նախընտրում է զբաղվել բիզնեսով»: Բիշարյանը շեշտեց, որ փետրվարի 24-ին կայացած համագումարից հետո կուսակցությունն ակտիվ աշխատում է. «Ովքեր կգան, կմիավորվեն մեզ հետ, կգնան ճանապարհ, ովքեր չեն ցանկանում, մարդկանց պետք չէ պարտադրել կամ մտածել այլ բան»: ՕԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում մոտ 1500 ընդունված նոր կուսակցականներ կան: Իսկ հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում շատ հնաբնակներ, այդ թվում ինքը, Շահգելդյանը եւ կուսակցության այլ հիմնադիրներ չեն ընդգրկվի նախընտրական ցուցակներում, Հ. Բիշարյանն ասաց. «Այո՛, շատ հնարավոր է, որ չլինենք մենք, լինեն երիտասարդները»:
Թե որքանով ՕԵԿ-ին կհաջողվի արտահերթ ընտրություններում ձայներ հավաքել, դժվար է ասել: Ավելի ճիշտ, դժվար չէ կռահել, որ այս կուսակցությունը հազիվ թե կարողանա ԱԺ անցողիկ շեմը հաղթահարել: Բավական է միայն հիշել, որ առանց իշխանությունների աջակցության նախորդ տարվա ապրիլյան ընտրություններին կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել անգամ նվազագույն` 5 տոկոսի շեմը, եւ խորհրդարանի դռները փակվեցին Ա. Բաղդասարյանի թիմի առջեւ:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ-ից դուրս եկողների թիվն այսքանով չի սահմանափակվելու: Առաջիկայում կուսակցությունից դուրս են գալու նաեւ մի շարք այլ անձինք:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ
Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ աղմկահարույց ձերբակալություններ են եղել: Ի թիվս 5 անձի` Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե այս գործով որեւէ կարգավիճակով անցնո՞ւմ է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Արդյո՞ք քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, իր թիմի հետ միասին անկարգությունները կատարել են Գասպարյանի անուղղակի հրահանգով: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ այժմ քննություն է կատարվում, հարցաքննվում են տարբեր մարդիկ:
Այսինքն՝ չի բացառվում` նախկին ոստիկանապետը որեւէ կարգավիճակով ներգրավվի այս գործում: Իսկ մինչ այդ երեկ Մասիսում քաղաքապետի կողմնակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել, անգամ փակել դեպի Երեւան ճանապարհը:

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ խմբակցության հաջորդ նիստում քննարկվելու է պատգամավոր Արթուր Գեւորգյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումը: Վերջինիս կողմից դիմում ներկայացնելու ժամանակ ՀՀԿ-ականները զբաղված էին` մեկ այլ պատգամավորի՝ Շիրակ Թորոսյանին հեռացնելու մասին որոշում կայացնելով: Գեւորգյանի դիմումի քննարկումը ձեւական բնույթ է կրելու, սակայն արարողակարգային է եւ պետք է կատարվի: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ի ներսում հակասական տրամադրություններ են: Կուսակցությանը հավատարիմ են մնացել միայն կարկառունները, իսկ ահա երիտասարդ հանրապետականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ ինչ-որ ելքեր են փնտրում գլուխներն «ազատելու» համար: Ըստ այդմ` ՀՀԿ-ի ներսում երկու թեւ է ստեղծվել՝ հնաբնակներ եւ երիտասարդներ: Այս ամենից զատ առկա է նաեւ գործարարների թեւը, ում ճակատագիրն արդեն որոշված է: Իհարկե, այս ամենը ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

 

 

ԸՆԴՀԱՏԱԿ ԵՆ ԱՆՑԵԼ
ՀՀԿ խմբակցության անդամներն անցել են ընդհատակ եւ չեն ներկայանում անգամ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումներին: Երեկ հանձնաժողովի քննարկումներում ակտիվ էին «Ծառուկյան» խմբակցության անդամները եւ հատկապես երեկ, երբ գլխադասային հանձնաժողովի նախագահները հենց այդ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդեւան Գրիգորյանն էին: Ասել է թե` այս խմբակցության անդամները եկել էին ընդամենը իրենց կուսակցական գործընկերների հանձնաժողովներում մարդաքանակ ապահովելու համար: Հատկանշական է, որ այս օրերին բյուջեի կատարողականի քննարկումներին գրեթե չեն մասնակցում նաեւ ՀՅԴ եւ Ելք խմբակցություների պատգամավորները:

 

 

ԿՀԻԱՍԹԱՓՎԵ՞Ն
Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը եւ կենտրոնի ռազմավարական խորհրդի անդամ Դենիս Սամութը գրել են, որ Նիկոլ Փաշինյանի սրընթաց իշխանության գալն անսպասելի տեղի ունեցավ, «թավշյա» հեղափոխությունը հսկայական սպասելիքներ է ստեղծել: Սակայն դրանք իրականացնելու հնարավորությունը սահմանափակված է ընտրությունների միջոցով ժողովրդական մանդատ ապահովելու անհրաժեշտությամբ եւ Հայաստանի հարեւանների հետ բարդ ռազմական եւ ռազմավարական հարաբերություններով: Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք նրան դիտարկում են որպես «ժամանակավոր անհարմարություն»: Հեղինակների պնդմամբ` խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին: Այն ցանկանում է ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ մարդիկ կհիասթափվեն այդ ընթացքում: Վերլուծաբանները նշում են նաեւ, որ շփման գծում, որտեղ իրավիճակը միշտ անկայուն է, միջադեպերն անխուսափելի են եւ կարող են վերահսկողությունից դուրս գալ: Ադրբեջանի համբերությունը քիչ հավանական է, որ երկար կտեւի, այս խնդրում միջազգային միջնորդության դերը երբեք այդքան կարեւոր չի եղել, ինչպես հիմա:

 

 

ԿՕԳՆԻ
Հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն անդրադարձել է Հայաստանի «Թավշյա հեղափոխությանն» ու զարգացման նոր հեռանկարներին: Նա կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները: Աճեմօղլուն շեշտել է,-«Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր երիտասարդ կադրերով, միեւնույն ժամանակ պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»: Աճեմօղլուն իրեն Հայաստանի կառավարության կազմում չի տեսնում, սակայն պատրաստ է օգնել: «Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ գա, կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է կառուցի Հայաստանի քաղաքացին»,-ասել է անվանի տնտեսագետը:

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը միշտ պատրաստ է բովանդակային բանակցությունների՝ ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու համար: «Այդ բանակցությունների միջոցով պետք է լուծվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման, բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը»,- ասել է նա:




Լրահոս