Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց:
-Պարոն Հարությունյան, դուք մշտապես ապահովել եք ՀՀ նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգությունը, համարվել եք իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նա հրաժարական տվեց, ինչո՞ւ եք դուք մնացել:
-Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում:
-Իսկ դուք անձամբ փորձե՞լ եք հրաժարական տալ, ասել, որ չեմ ուզում աշխատել նոր թիմի հետ:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ չպետք է հավատարիմ մնամ իմ զինվորական սկզբունքներին:
-Լավ, մնացել եք հավատարիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս Ձեզ ընդունեց, չքննադատե՞ց Ձեզ` նախկին աշխատելաոճի հետ կապված:
– Ո՛չ, շատ լավ:
-Չի էլ քննադատե՞լ:
– Ո՛չ,ո՛չ, խնդիր չի առաջացել
-Իսկ կարողանո՞ւմ եք համագործակցել, հասկանալ միմյանց:
-Շատ նորմալ է:
-Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք իր հրաժարականից հետո:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար իր հետ հանդիպելու:
-Առիթ չի եղել:
-Իսկ ինքը ո՞նց ընդունեց Ձեր մնալը համակարգում:
-Դա պետք է իրեն հարցնեք, ինձ մի՛ հարցրեք:
-Սերժ Սարգսյանի օրոք պարբերաբար ուժեղացվում էր նրա անվտանգության պահպանությունը: Ավելին` նրա դեմ ահաբեկչական գործողության իրականացման փորձերը իրավապահների կողմից կանխվեցին, եւ այսօր անգամ կան կալանավորվածներ: Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ի՞նչ վիճակ ունեք:
-Վիճակը նորմալ է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դարձյալ կուժեղացնենք:
-Հիմա վտանգ չեք տեսնո՞ւմ, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց բացահայտումներ են իրականացվում նախկին պաշտոնատար անձանց գործունեության մասով:
-Գիտեք, պահպանությունը դա համալիր միջոցառումներ են, շատ բան դուք կարող եք տեսնել, շատ բան կարող եք չտեսնել, եթե երկու մեքենա է ուղեկցում, դա չի նշանակում, որ վարչապետի պահպանությունը թույլ է իրականացվում. կան իրականացման տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ, այնպես որ հանգիստ եղեք:
-Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի:
-Դժվար է ասել:
-Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք: Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը:
-Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել:
-Կմանրամասնե՞ք:
-Ամեն անգամ, երբ ինքը մտնում է ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում:
-Ինչո՞ւ, սովո՞ր չեն այս իրավիճակներին:
-Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա:
-Հիմա այս իրավիճակը հաշվի առնելով` Նիկոլ Փաշինյանի հե՞տ է դժվար աշխատել , թե՞ Սերժ Սարգսյանի:
-Ի՞նչ եք ուզում ինձանից լսել:
-Ո՞ւմ հետ է հեշտ եղել:
-Ես ասացի Ձեզ, ինչ-որ մի բան եք ուզում իմանալ, չկա նման բան, մենք մեր աշխատանքը նորմալ կատարում ենք: Ծառայությունը աշխատում է, հասկանում եք, ծառայության համար նշանակություն չունի ղեկավարները, մարդիկ սովոր են իրենց գործին, մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալներն են եւ աշխատում են պետության համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված 2 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատեցին նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական վարչությունից:
Ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից՝ գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Արդյունքում, 2018 թվականի մարտին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կայացրել էր այս գործով վճիռը, եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը, եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով:
Եվ ահա այս գործով հիմնական դերակատարներից մեկին ազատ են արձակել: Մասնավորապես` դեռեւս դատաքննության փուլում հայտնի դարձավ, որ գործով անցնող Հովհաննես Պետրոսյանը միակ անձն է, որ ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ու վերջինիս տված տվյալների հիման վրա էլ Սեֆիլյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Հարցաքննության ընթացքում Հովհաննեսը նշել էր, թե Սեֆիլյանի հանձնարարականով ինքը զենք է ստացել գործով մեկ այլ մեղադրյալ Հրայր Թոփչյանից, որը պետք է օգտագործվեր իշխանափոխության նպատակով զինված հարձակումներ կատարելու համար: Ըստ էության` այս ցուցմունքի համար էլ իրավապահները Պետրոսյանի նկատմամբ մեղմ էին մոտեցել, եւ դեռ ավելին` այդ մեղմ մոտեցումը ապահովեց դատարանը` նրան առավել մեղմ պատիժ սահմանելով` ընդամենը երկու տարի: Եվ ահա երեկ լրացել է նրա պատժի կրման ժամկետը, եւ նրան ազատ են արձակակել: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական վարչությունից` հայտնելով, որ երեկ լրացել է նրա պատժի կրման ժամկետը, եւ նա ազատ է արձակվել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Գեղարքունիքի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել: Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեւանի թերակղզում՝ ճանապարհին` ԹԸի 2107 մակնիշի ավտոմեքենայի հետնամասում, տղամարդու դի կա: Ոոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը:
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
«Սասնա ծռեր»-ի գործով Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխվել է: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում երեկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նույն դատավորը մերժել էր այդ միջնորդությունը: Խաչատուր Գիչյանը այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա ծռեր»-ը մուտք էին գործել ՊՊԾ գունդ:
Նշենք նաեւ, որ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացրել Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Վերջինս միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը եւ կիրառել գրավ` 1 մլն դրամի չափով: Դատարանը խորհրդակցությունից վերադարձել է եւ որոշում կայացրել բավարարել միջնորդությունը: «Մեղադրյալ Մանվել Աթոյանին անհապաղ ազատել կալանքից, կիրառել գրավ»,-ասել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նշենք, որ Աթոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 35-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՓՈՐՁ
Երեկ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի բարձրահարկ շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել մամուլում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը` դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու ցուցումով: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակչի կողմից նույն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Շ. Ո.-ին 25.000 դրամ է տրվել, որի դիմաց վերջինս նրա երեխայի՝ 2016թ. սեպտեմբեր ամսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի բացակաները ճանաչել է հարգելի: Քանի որ առկա են եղել կաշառք տալու եւ ստանալու հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: