ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքացիների եւ ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերը, մեղմ ասած, վտանգավոր երանգ են ստանում: Վտանգավոր հենց Արցախի համար, քանի որ երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Նման իրավիճակում պետության ներսում անկառավարելի իրավիճակ ստեղծելու, ապակայունացման ցանկացած փորձ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Բացի այդ, Ստեփանակերտում տեղի ունեցածը վտանգավոր է ոչ միայն այդ պետության համար (քանի որ հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից` փորձելով դիմել ակտիվ ռազմական գործողությունների), այլեւ սա անուղղակի ստվեր է քցում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության վրա: Ի վերջո, Ստեփանակերտում փորձում են կրկնել Հայաստանում իրականացված քայլերը, եւ եթե իրադարձություններն ընթանան ոչ ցանկալի հունով, ապա հետեւանքները ծանր կլինեն:
Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԼՂՀ բնակիչներին դադարեցնել բողոքի ցույցերը: Ավելի վաղ կատարվածի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ նա մշտական կապի մեջ է Բակո Սահակյանի հետ: Իսկ ահա Քոչարյանի գրասենյակից այդպես էլ հստակ պատասխան չեն տվել. «Ի՞նչ արձագանք եք ակնկալում»,- ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոստանալով մեր հարցը փոխանցել Քոչարյանին:
Հ.Գ. Ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ արցախցիները որոշել են դադարեցնել բողոքի ցույցերը: Բանն այն է, որ ի սկզբանե ԼՂՀ իշխանություններն ադեկվատ են գնահատել իրավիճակը, ու նախագահ Բակո Սահակյանի մակարդակով ցույցի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խոստում է հնչել միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատժելու մասին, այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են կատարվում: Մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը պետական պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացրել, որոշվել է ստեղծել հանրային խորհուրդ: Նախնական որոշվել է, որ հրաժարական են ներկայացնելու ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն ու իր տեղակալը իրավիճակի հանգուցալուծման համար: Ու հիմա, հաշվի առնելով Բակո Սահակյանի հետ պայմանավորվածություններն ու ՀՀ վարչապետի հորդորը, բողոքի գործողությունները դադարեցվել են: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ երեկոյան ցուցարարների հետ հերթական անգամ հանդիպման է շտապել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ պահին ՀՀ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով հանդես է եկել հայտարարությամբ: Մարդիկ նրա ելույթը ծափերով են ընդունել՝ հայտարարելով իրենց որոշման մասին:

 

 

 

Թեեւ «թավշյա» հեղափոխության հրապարակային միջոցառումների օրերին հեղափոխականների քննադատության թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր ու իր ընտանիքը, սակայն վերջին շրջանում նրանք մի տեսակ մոռացվել են: Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիրախում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է իր թիմակիցներով՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտեց ԱԱԾ-ն, որը անմիջականորեն կապված էր ՀՀ ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախկին նախագահի հետ: Բացի այդ, խոշոր տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում ԱԱԾ բացահայտումներից հայտնի դարձավ, որ գործարարների հետ գյուղմթերքի իրացման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2017թ. վերջերին, երբ վարչապետը Կարապետյանն էր, ՊԵԿ նախագահն էլ՝ Վարդան Հարությունյանը: Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների բազմամարդ ցուցակում, ո՞վ է հաջորդը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե իրենք նաեւ այլ խոշոր ընկերություններում են ստուգումներ անցկացնելու: Իսկ թե ում մոտ, չի մանրամասնել: «Շատ հայտնի ընկերություններ են»:

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգեւորություններ: Ընդ որում` ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով` մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել. ծրագրում նշված է նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հիմա ՀՀԿ մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն. հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը:

 

 

 

Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է շոու-բիզնեսում մոնոպոլիաների մասին` ասելով, որ նոր կառավարության 100 օրը լրանալուց հետո ինքը բարձրացնելու է այդ հարցը: «Դաշտը մոնոպոլիզացված է վերջին քսան տարում, վերջին տասը տարում՝ ավելի խորացված կերպով: Սեւ ցուցակներ, իհարկե, կային դեռեւս 1998-ից, բայց այն ժամանակ էլի ինչ-որ տեղեր կանչում էին: 2008-ից դռները բացվում են միայն այն մարդկանց առջեւ, որոնք հաճոյանում են իշխանություններին: Ես երբեք չեմ եղել այդ 10-20 հաճոյացողների մեջ»,- ասել է նա՝ հավելելով,- « սեւ ցուցակներ կազմողներն ասել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր «լյուբիմչիկներին» մզցնելու ենք: Ես չգիտեի, որ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիցան» եմ եղել: Ասում էին՝ իշխանության ճաշակով չես: Դրանից հետո այնքան ուրախացա, ավելի լուրջ կարծիք կազմեցի իմ մասին՝ տեսնելով, թե որ երգիչներն են իրենց ճաշակով»:

 

 

 

Ո՞Վ ԷԼ ԽՈՍԻ
ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին, հայտարարել, թե մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին: «Մեզ համար կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ասել է Բաբլոյանը:
Երբ խնդիրները լուծելու ժողովրդավարական ուղու մասին խոսում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, միանգամայն հասկանալի է: Ի վերջո, հենց նրանք կարողացան Հայաստանում «թավշյա» հեղափոխություն իրականացնել, ինչն էլ պայմաններ է ստեղծել երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: Ըստ այդմ` այսօր կարող են ի տես աշխարհի «գլուխ գովել»:
Բայց երբ ՀՀԿ ներկայացուցիչներն են նման թեմաներից խոսում` ներկայացնելով այն որպես մեծագույն ձեռքբերում, մեղմ ասած, ծիծաղելի է: Սա թեկուզ այն պատճառով, որ հենց ՀՀԿ-ի դեմ էր ուղղված «թավշյա» հեղափոխությունը, եւ ՀՀԿ-ն էր ամեն գնով դիմադրում դրան: Բացի այդ, այս կուսակցությունը, քսան տարի շարունակ լինելով Հայաստանի իշխանության ղեկին, այդ ընթացքում ամեն կերպ ոտնահարել է ժողովրդավարական արժեքները, ընթացել խնդիրները լուծելու ոչ ժողովրդավարական ուղիով՝ վտանգելով պետության անվտանգությունը: Դե իսկ ՀՀԿ իշխանության տարիներին հանրության բարեկեցության ապահովման մասին խոսելն աբսուրդի ժանրից է. ընդհակառակը, նրանց օրոք աղքատությունը գնալով միայն խորացել է, արտագաղթն ավելացել: Երկու տասնամյակ շարունակ ՀՀԿ-ն է եղել Հայաստանում ժողովրդավարության հիմնական արգելակող ուժը` դրանով իսկ վտանգելով պետության անվտանգությունը:
Իսկ եթե ՀՀԿ-ականները հայտարարելով՝ «մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին»` նկատի ունեն այն, որ համաժողովրդական շարժման օրերին իրենց իշխանությունը բռնի ուժ չկիրառեց, նոր «մարտի մեկ» չիրականացրեց` գերադասելով խաղաղ ճանապարհով հեռանալը, ապա այլ բան չի մնում, քան հակադարձել հայտնի անձնավորության խոսքերով. «Իյա, իրո՞ք»: Իսկ, ի՞նչ է, ՀՀԿ-ականներն այլընտրանք ունեի՞ն: Իհարկե ո՛չ: Եթե ունենային այլընտրանք, ապա վայրկյան անգամ չէին տատանվի դիմելու կտրուկ գործողությունների, միայն թե մեկ օր անգամ երկարաձգեին իշխանավարումը:




Լրահոս