ՈՂՋ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության, Ընտրական օրենսգրքի, ՀՀԿ-ականների` քաղաքական հալածանքների ենթարկվելու եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Բայց նախկինում դեմ էիք: Ինչ-որ բա՞ն է փոխվել:
-Մենք նշել ենք, որ ՀՀԿ-ն իր օրակարգում արտահերթ ընտրությունների հարցը չունի: Եվ նույն Փաշինյանն ու իր թիմը ներկայացրել են կառավարության ծրագիր եւ չեն նշել, որ ամռանը լինելու են ընտրություններ: Հինգշաբթի օրը ԳՄ նիստի ժամանակ գրեթե բոլոր անդամները ներկայացրել են իրենց կարծիքը եւ նշել, որ ՀՀԿ-ն պատրաստ է թե՛ արտահերթ ընտրությունների, թե՛ Ընտրական օրենսգրքի հարցով նստել բանակցությունների: Այսինքն` մեզ համար քննարկման փակ թեմա չկա: Բայց ոչ ոք չի կարող ասել` 3 ամիս կամ 6 ամիս հետո ինչ կլինի: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ուզի, անի: Դրա համար պետք է լինեն իրավական նախապայմաններ: Կառավարությունն իր ծրագրում նշել է, որ մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան: Հիմա կարող է մյուսն էլ ասի 2 տարվա, այն մյուսն էլ` 4 տարվա ընթացքում:
-Խումբը, որն այժմ զբաղվում է Ընտրական նոր օրենսգրքի մշակմամբ, ասում է, որ վարկանշային ընտրակարգը պետք է հանվի:
-Ուրեմն, «պետք է» դա քաղաքական բառապաշար չի: «Պետք է»ներով ոչ ոք թող ոչ ոքի հետ չխոսի: Երկրորդը` Ընտրական օրենսգրքի հետ կապված ոչ թե քաղաքացիական կառույցները, այլ քաղաքական դերակատարները պետք է որոշեն: Կքննարկենք, դա երկարատեւ գործընթաց է: Մենք մեր կարծիքը կասենք, իրենք` իրենցը: Այդ պետք է, մետք է, դա քաղաքական կապիտուլյացիա է: Ռեյտինգային կլինի, համամասնական կլինի, մեծամասնական կլինի, ցանկացած առաջարկ պատրաստ ենք նստել, քննարկել: Այսօր ես պատրաստ չեմ դրա մասին խոսել, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը ոտքի վրա ձեռքի հետ ընդունվող բան չի, որ ձեռքի հետ վրա-վրա ընդունենք: Մենք չենք մերժում քննարկումը, եւ Դավիթ Հարությունյանն այդ մասին շատ ուղիղ ասել է:
-Կա՞ն քաղաքական գործիչներ ՀՀԿ-ում, ովքեր քաղաքական հալածանքի են ենթարկվում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր, որ այդ հարցով իրեն դիմեն:
-Իսկ ինչ է`չգիտե՞ք, որ կան: Ամբողջ խմբակցությունը քաղաքական հալածանքի է ենթարկվում. մայիսի 1-ին, մայիսի 8-ին..: Եթե մարդուն թաղում են, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ, եթե սոցիալական ցանցերով հայհոյում են, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ, եթե կառավարության այսօրվա պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում գրում է` «Շարմազանով 42», ու գրում է` «հողը վրեդ թեթեւ լինի», դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ: Եթե ԵՊՀ ռեկտորին հիվանդանոց են հասցնում, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ: Ու այդ շարժման առաջնորդը չի խոսում դրա մասին, որոշ գործիչներ էլ ասում են` դա չի եղել: Ես շատ ուրախ եմ, որ գոնե «Ելք» խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր համարձակություն են ունեցել, դուխ են ունեցել, որ զանգել են ու ներողություն են խնդրել: Բայց ցավում եմ, որ այսօրվա վարչապետն այդ համարձակությունը չի ունեցել, որ զանգի ինձ, զանգի իր պատգամավոր գործընկերներին ու ներողություն խնդրի: Իսկ ներողություն խնդրելը վատ բան չի: Չի կարող որեւէ մեկն իր քվեարկության, իր կարծիքն արտահայտելու համար ոտնձգության ենթարկվի: Ամբողջ Հանրապետական խմբակցությունը ենթարկվել է հոգեբանական բռնության: Ե՛վ մայիսի 1-ին, ե՛ւ 8-ին, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ հետո ենթարկվել է դրան: Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ճնշում: Այդպես ասեմ, որ ավելի մեղմ, ավելի քաղաքական լինի:
-Հիմա այդ հարցով Դուք պատրաստվո՞ւմ եք դիմել իրավապահներին:
-Սա ավելի շատ քաղաքական էթիկայի, քաղաքական կոռեկտության, գործընկերային հարգանքի եւ դաստիարակության հարց է: Ես ասել ու ասում եմ` դա ինձ վրա չի ազդում: Ինչպես Փաշինյանն է ընդդիմությունում պայքարել, երկու այդքան էլ Շարմազանովն է պայքարել: Շարմազանովն իր երկրին միայն ծառայել է: Ո՛չ կոռուպցիայի մեջ եմ եղել, ո՛չ էլ անօրինականություն եմ արել: Թող գլուխ գովի նա, ով 8 տարի ԱԺ փոխնախագահ է ու ոչ մի կոռուպցիայի թեմայի մեջ չկա: Իմ ճակատը շատ պարզ է ե՛ւ իմ ընտանիքի, ե՛ւ իմ ընտրողների, ե՛ւ իմ հասարակության առջեւ: Ես որեւէ անձի դեմ խնդիր չունեմ, կլինի Փաշինյան կամ այլ անձ: Մեկը եթե Ֆեյսբուքով 2 հատ ավել քֆուր գրեց…կարծում եմ` շատերը հասկացան, թե դա ինչ է: Ես ՀՀԿ մտել եմ Աշոտ Նավասարդյանի հորդորով եւ շարունակելու եմ գաղափարներն առաջ տանել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՕԳՏՎԱԾԸ
Պարզվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին 0 կողմ ձայնով տարածքներ է տրամադրել իր բարեկամներին: Նրանցից մեկն էլ Վանաձորի «Ցալկուտ» համատիրության նախագահ Սիլվա Եթիմյանն է, որը ՀՀԿ-ական հայտնի ընտրակեղծարար է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ դեռեւս 2012 թվականի օգոստոսին Դարբինյանը Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 29 շենքի առաջին հարկի ավելի քան 64 քմ մակերեսով բացվածքը 2 մլն 560 հազար դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձեւով օտարել է Սիլվա Եթիմյանին: Սակայն ըստ փաստաթղթի` Վանաձոր համայնքի ավագանին ո՛չ կողմ է քվեարկել, ո՛չ դեմ եւ ո՛չ էլ ձեռնպահ: Իսկ Սիլվա Եթիմյանը հայտնի է նաեւ այլ պատմությամբ. «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին գրել էր, որ Եթիմյանը մտադիր Է եղել զբոսաշրջության նպատակով մեկնել Բելգիա, սակայն նրան անհրաժեշտ Է եղել դեսպանատուն ներկայացնել երաշխավորագիր, որն Էլ տվել են ե՛ւ նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ե՛ւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայնեք, սա բավական լավ նյութ է իրավապահների զբաղվելու համար:

 

ԽԵՂՃ ԿԻՆ
Լոռու մարզի դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին բավական դժվար գործ է բաժին ընկել: Նա քննելու է քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ Լոռու մարզի քննչականի պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` խոշոր չափերով կաշառք: Բացի նրանից, ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վլադիմիր Դավթյանը, որը կատարել է Վահագն Աբգարյանի պատվերը. սպանել է Կամո Փիրուզյանին: Ու, փաստորեն, այս քրեական հեղինակության գործը կքննի կին դատավոր:

 

 

 

ՀԱՄԵՍՏ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի` նախարարն ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.0I մակնիշի երկու ավտոմեքենաները: Թորոսյանի դրամական միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը կազմել է 9 մլն 230 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած 1 մլն դրամ վճարը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանի հայրը` Գեւորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է:

 

 

 

ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրապարակել է իր նիստերից մայիս ամսվա բացակայությունների ցանկը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիս ամսվա ընթացքում ոչ հարգելի բացակայել է երկու պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանն ու ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Սա, համաձայնեք, հետաքրքիր է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանը կուսակցական ընկերներ են, ավելին՝ ՀՀԿ փոխնախագահները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի նիստերից հարգելի բացակայել են Կարեն Բեքարյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ըստ տեղեկանքի՝ Էնֆիաջյանը գործուղման է եղել, իսկ Բեքարյանի բացակայության պատճառը նշված չէ:

 

 

ԿՓԱԿՎԻ՞
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը մտադիր է փակել նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնած երկու խոշոր ծրագրերից առնվազն մեկը: Վերջին օրերին նախարարն ուսումնասիրել է, թե որքան բյուջե է տրամադրվել նախկինում «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին: Եվ պարզվել է, որ դրանց համար նախարարության բյուջեից բավական մեծ գումար է ծախսվում: Այժմ այս ծրագրերից մեկը նախատեսվում է փակել: Հիշեցնենք, որ նախարարի որոշմամբ դադարել է նաեւ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակությունը: Եթե անկեղծ, ապա նոր նախարարի նման որոշումը միանգամայն տեղին է. ի վերջո, այս նախարարության իրականացրած ծրագրերը շատ հաճախ եղել են ընդամենը ատկատների հիանալի միջոց: Միաժամանակ, նախորդ տարիներին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել այս նախարարությունում ու պարզել, որ հրատարակված տարեգրքերը չեն իրացվել, այլ կապոցներով մնացել են նախարարության պահեստներում, ասել է, թե տեղի են ունեցել աննպատակային ծախսեր, բյուջեի գումարները պարզապես մսխվել են:




Լրահոս