ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀՀԿ-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հունիսի 1-ի նիստում գործադիրը հաստատեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառույցի ծրագիրը, եւ այն խորհրդարանում կքննարկվի հունիսի 7-ին: Մինչ այդ ՀՀԿ խմբակցության անդամները տարբեր զրույցներում նշում էին, թե հակված չեն խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության աշխատանքը եւ, ըստ այդմ, գործադիրի ներկայացրած ծրագրին արհեստականորեն դեմ քվեարկելու հիմքեր չեն տեսնում: Այլ կերպ ասած` նրանք հակված էին կողմ քվեարկել ծրագրին, ընդունել տալ եւ թողնել, որ Նիկոլ Փաշինյանի թիմն աշխատի:

Սակայն հիմա այդպիսի հայտարարություններ անողները կանգնել են փակուղու առջեւ: Բանն այն է, որ կառավարության ծրագրում մեկ ամբողջ գլուխ նվիրված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Մասնավորապես, թվարկված են այն մեխանիզմները, որոնց կատարելու դեպքում միայն հնարավոր կլինի իրականացնել ընտրություններ: Ընդ որում` ծրագրում նաեւ ժամկետ է մատնանշված եւ ընդգծված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Մինչ այդ, սակայն, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ծրագրում են քննարկումների արդյունքում հրաժարվել ռեյտինգային համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու եղանակով եւ այլն:
Եվ հիմա ՀՀԿ-ն փակուղու առջեւ է կանգնել, քանի որ ե՛ւ ծրագիրն ընդունելու, ե՛ւ չընդունելու դեպքում էլ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, պարզապես ժամկետներն են տարբեր: Եթե ծրագիրն ընդունվի, նվազագույնը մինչեւ այս տարվա վերջ դեռեւս կայուն դիրքերում մնալու ջիգեր գործադրող ՀՀԿ-ն կարող է շունչ քաշել, իսկ ահա տապալման դեպքում ընտրություններն ավելի շուտ կլինեն: Սահմանադրության համաձայն` կառավարության ծրագիրը չընդունելու դեպքում պետք է կրկին տեղի ունենա վարչապետի ընտրություն, եւ երկու անգամ այն տապալելուց հետո, կամ ծրագիրը եւս մեկ անգամ չընդունելուց հետո խորհրդարանը լուծարվելու է, եւ առավելագույնը 45 օր անց տեղի են ունենալու ընտրություններ: Իսկ այդ ընթացքում սեփական թեկնածուով հանդես գալու ռիսկին նրանք չեն դիմի:
Եվ այդ պարագայում նրանց որպես այլընտրանք մնում է կառավարության ծրագիրն ընդունելն ու ընտրությունները որքան հնարավոր է ուշ անցկացնելը: Պատահական չէ, որ դեռեւս օրեր առաջ` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե իրենք պատրաստ են քննարկումներ անցկանցել Ընտրական օրենսգրքի շուրջ:
Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ խմբակցության նիստում քննարկում են՝ ինչպիսի դիրքորոշում արտահայտեն ծրագրի շուրջ: Ընդ որում` մեր տեղեկություններով` կարծիքները ներսում տարբեր են: Մի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն: Եվ մեր տեղեկություններով` այդ այլընտրանքը կրկին լինելու է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու քվեարկության պես: Այսինքն` կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ ժողովրդի թեկնածուին, եւ այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին «մաքուր» դուրս կգա՝ ասելով, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը: Եվ պատահական չէ, որ երեկ արմատական ՀՀԿ-ականները խուսափում էին կարծիք ասել ծրագրի մասին՝ կոչ անելով սպասել բուն քննարկումներին:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն ամբողջությամբ ընթերցել է կառավարության ծրագիրը եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միան առկա են ոգեւորություններ: Ընդ որում` Բաղդասարյանի խոսքով` ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում: Միեւնույն ժամանակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կրկին հայտարարեց, թե իրենք հնարավոր արտահերթ ընտրությունների առումով որեւէ քննարկումից չեն հրաժարվում եւ առաջարկի դեպքում պատրաստ են մասնակցել դրանց:
Նկատենք, որ կառավարության ծրագրում թվային տվյալներ եւ այդ առումով ծրագրեր արտացոլված չեն: Իհարկե, սա հասկանալի է, քանի որ խոսքը ժամանակավոր կառավարության մասին է, որի հիմնական ցանկությունն արտահերթ ընտրությունների գնալն է: Միեւնույն ժամանակ հենց այս հանգամանքը կարող է պատճառ հանդիսանալ ՀՀԿ-ի քննադատության: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ ասել, թե ինչու են կառավարության ծրագրից բացակայում թվային տվյալները: «Ամեն մի ծրագիր նախորդ ծրագրից մեծ հավանականությամբ տարբերվում է: Ուղենիշներ կան, բայց թվեր չկան, եւ դրան պետք է վերաբերվել հենց այդպես, որ թվեր չկան: Քանի որ չկա որեւէ պահանջ, որը կարգավորված է որեւէ մի ակտով, եւ պետք է որեւէ ծրագիր դրան համապատասխանի, ապա այստեղ խնդիր չկա», – նշեց Ջանջուղազյանը:
Հավելենք, որ մեր տեղեկություններով` կառավարության ծրագիրը հիմնականում գրվել է ՔՊ-ականների` մասնավորապես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից: Իհարկե, ծրագրի շուրջ քննարկումներ եղել են թե՛ ՀՅԴ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում, սակայն նրանց մասնակցությունն այնքան էլ մեծ չի եղել: Սակայն մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու: Բանն այն է, որ նույն կառավարության ծրագրում առկա կետերը եւ փոփոխություններն իրականացնելը ժամանակ է պահանջում, եւ այդ ամենն այնքան էլ հեշտ չէ: Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը փոփոխելուց հետո պետք է հավանության արժանանա Վենետիկի հանձնաժողովի կողմից, եւ միջազգային պրակտիկայում էլ ընդունված է, որ նման դեպքերում ընտրություններ կարող են անցկացվել նվազագույնը վեց ամիս անց միայն: Իսկ մինչ այդ էլ ՀՀԿ-ն կմնա իր բուն կազմով եւ, թերեւս, պատրաստ հնարավոր արտահերթ ընտրությունների:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՔՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ում շարունակվում է տրոհումը: Մասնավոր զրույցներում ոչ միայն գործարարները, այլ նաեւ մյուս պատգամավորներից մի քանիսն են խոստովանում կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին` միեւնույն ժամանակ ընդգծելով, թե տարիների անցած ճանապարհն է իրենց հետ պահում կտրուկ քայլեր անելուց, մտածում են, թե կարող է ճիշտ չընկալվել: Միեւնույն ժամանակ խմբակցությունից դուրս չեկողներն այնպես չէ, որ հավատարիմ են մնալու կուսակցությանը, եւ չի բացառվում, որ առաջիկայում քվեարկությունների ժամանակ հետաքրքիր դրսեւորումներ լինեն, մասնավորապես, չվարվեն այնպես, ինչպես հրահանգում է ՀՀԿ խմբակցությունը: Իսկ մինչ այդ էլ խմբակցությունը հերթով լքելու են խմբակցության գործարար թեւերի ներկայացուցիչները: Օրեր առաջ Արման Սահակյանը հայտարարեց այդ մասին, իսկ առաջիկա օրերին նման նոր հայտարարություններ կլինեն: Մեր տեղեկություններով` իրար հետեւից խմբակցությունից դուրս գալու մասին կհայտնեն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Աշոտ Արսենյանը: Սակայն այս ամենը չպետք է համարել իրականում ՀՀԿ-ի տրոհում, քանի որ գործընթացը համաձայնեցված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Օրեր առաջ հենց Արայիկ Գրիգորյանի տանը հանդիպում է եղել գործարարների թեւերի հետ, եւ ՀՀԿ ղեկավարը նրանց ասել է, թե հանգիստ են եւ կարող են առանց որեւէ խնդրի դուրս գալ խմբակցությունից: Նրա այս հայտարարությունը վերաբերում է հենց վարկանիշային ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ականներին, ովքեր կողմ էին քվեարկել նաեւ Փաշինյանին: Սակայն այս պարագայում միեւնույն ժամանակ կթուլանա ՀՀԿ-ի դիրքերը խորհրդարանում, եւ քաղաքական առումով կդժվարանա նոր կառավարության ծրագրերին դեմ քվեարկելը:
Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանը, որ ե՛ւ մայիսի 1-ին, ե՛ւ մայիսի 8-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին` այդպես հարուցելով ՀՀԿ-ականների զայրույթը, երեկ ուշ երեկոյան հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:

 

 

ՀԱՎԱՔԵԼ Է ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նա լքելու է իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կատարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկ ու կես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում: Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մատակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերականգնելու համար:

 

 

 

ՆՈՐ ՊԵՏԸ
ArmLur.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեկ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին, ավելին` եղել է նրա հավատարիմը: Բայց նրա ու Խաչատրյանի հարաբերությունները լարվեցին դեռեւս 2014թ. օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո: Ի դեպ, հենց այս դեպքից հետո աշխատանքից ազատվեց Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Թե ինչպես Կարապետյանը կարողացավ հաջողացնել իշխանափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնել, դժվար է ասել: Բայց հատկանշական է մի փաստ, որ նա ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի կնքահայրն է: Պարզվում է նաեւ, որ Կ. Կարապետյանը ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի աներորդին է: Հիշեցնենք, որ նա աչքի է ընկել համակարգում կոռումպացված իմիջով: Մեզ մնում է հուսալ, որ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նոր ղեկավարի թելադրած խաղի նոր կանոնների պայմաններում զրկված կլինի նախկին աշխատաոճով գործելու հնարավորությունից:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է
Նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության պետական տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն: Նա շնորհավորել է դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ մաղթել հաջողություններ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաեւ հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարեւոր ուղղություններից է:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգի»-ի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի եւ «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր եւ փոխգործակցության զարգացման ուղիները:




Լրահոս