ՉԵԶՈՔ ԿՈՂՄԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի ցույցեր են: Ցուցարար քաղաքացիները պահանջում են տարբեր տարիների ապօրինություններ գործած ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Ցույցերը սկսվել են քաղաքացիների` ուժային կառույցների ներգրավմամբ ծեծկռտուքից հետո: Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն 2 անգամ ընդունել է ցուցարարներից մի քանիսին, քննարկել նրանց պահանջները:

Նշենք, որ տեղի ունեցող դեպքերին Հայաստանից արձագանքել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս, ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցածի կրկնությունը ԼՂՀ-ում վտանգավոր է` հաշվի առնելով պատերազմական վիճակը, շեշտել է. «Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու եւ պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռեւս 1993 թ. իրեն պաշտոնապես ԼՂ անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` ՀՀ ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը…Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:
Երեկ երեկոյան Փաշինյանը հայտարարել է, թե «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա եւ բերի կոնկրետ եզրակացությունների եւ հետեւությունների»: Փաշինյանը կոչ էր արել դադարեցնել ցույցերը:
Նախագահ Արմեն Սարգսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանն էլ ասաց, որ նախագահը հեռախոսի միջոցով մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ: Հարցին` այլ քայլ լինելու է Ա. Սարգսյանի կողմից, նա նշեց. «Կճշտեմ, կասեմ»: Հատկանշական է, որ այս հարցում լուռ են 2-րդ եւ 3-րդ նախագահները: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի արձագանքում Արցախի դեպքերին, 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ի՞նչ արձագանք եք ակնկալում»: Դիտարկմանը, թե որպես 2-րդ նախագահ` նա իր խոսքն ասի հայկական երկրորդ պետության դեպքերի վերաբերյալ, Սողոմոնյանը նշեց. «Ես Ձեր հարցը հասկացա: Անպայման իրեն կփոխանցեմ»: Նույն հարցի վերաբերյալ 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշեց. «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մշտական կապի մեջ է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի եւ իր մարտական ընկերների հետ»:
Արցախի ցույցերին ակտիվ է հատկապես ազատամարտիկ Վահան Բադասյանը, ում հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է բողոքի ցույցերի նպատակի եւ այլ հարցերի շուրջ:
-Պարոն Բադասյան, ո՞վ է Արցախում ընթացող ցույցերի կազմակերպիչը:
-Երիտասարդներն են կազմակերպել ինքնաբուխ կերպով: Երկվորյակ եղբայրներ Կարենը եւ Դավիթն են կոնկրետ կազմակերպիչները:
-Իսկ Դուք պարզապես մասնակցո՞ւմ եք ցույցերին:
-Ես միացել եմ, այսինքն` մեր խմբով միացել ենք ցույցերին: Մենք հայտարարել ենք, որ ցուցարարների, երիտասարդների կողքին ենք ու պատրաստ ենք ամեն ձեւով աջակցելու, որպեսզի իրենց պահանջը բավարարվի: Իսկ ո՞րն է այդ պահանջը, մինչեւ մեր գնալն էլ այդ պահանջը դրել էին` ուժային կառույցների հրաժարական` ոստիկանություն, անվտանգության ծառայություն` բացառությամբ բանակի: Բոլոր կառույցների հրաժարականն էին իրենք ուզում, բայց մենք առաջարկեցինք, որպեսզի բանակը չլինի, հասկանում եք, թե ինչու. բանակը կապ չունի նրանց հետ: Եվ այդ պահանջն այդպես գնաց: Դա մի օրվա կատարված չէր: Տարիներ ի վեր այդ կառույցների կողմից կազմակերպվում էին տարբեր դեպքեր, ծեծուջարդ:
-Իրականում Արցախում ցույցեր իրականացնելու նպատակը ո՞րն է:
-Նպատակն իրավիճակի շտկումն է, այլ պահանջ չկա: Եղան նախագահի հրաժարականի կոչեր, բայց քանի որ ես անձամբ պատասխանատու էի մեր խմբի հետ միասին, մենք ժխտեցինք դա: Բայց եթե մենք ժխտեցինք, դա չի նշանակում, որ այդ հարցը չի կարող օրակարգում ընդգրկվել: Ասեմ նաեւ, որ ցույցի հաջորդ գիշերը հակամիտինգ էր կազմակերպվել, Արցախի իշխանական թեւը զոռով մարդկանց էր բերել Ստեփանակերտի հրապարակ, որոնք ասում էին, թե դեմ են ցուցարարների պահանջին:
-Որտե՞ղ է Հայաստանի իշխանությունն այս ամբողջ գործընթացում:
-Միջամտություն չկա: Պարզապես ես լուր ունեմ, որ հորդորում են Արցախի իշխանություններին հարցը լուծել մարդու իրավունքների եւ կոմպրոմիսի ճանապարհով:
-Այս իրավիճակում, երբ Արցախն, ըստ էության, պատերազմող երկիր է, սահմանները խաղաղ չեն, որքանո՞վ է նպատակահարմար բողոքի ցույցեր իրականացնելը:
-Ես հարցին հակառակ կողմից եմ նայում: Հաշվի առնելով, որ Արցախը, ինչպես Դուք նշեցիք, պատերազմական երկիր է, հաշվի առնելով, որ մոտ է սահմանին` իշխանական, ուժային կառույցների կողմից նման հանցագործությունների հեղինակ լինելը, մարդկանց իրավունքների ոտնահարումը եթե դավաճանություն չասեմ, ապա անարդարություն է: Մեր նախաձեռնող խումբը որոշել էր դիմել Արցախի նախագահին: Այստեղ հարցը միայն ուժային կառույցները չեն: Ինքը պետք է բոլոր կադրերին ազատի պաշտոններից: Բոլոր ասպարեզներում այս իրավիճակը տիրում է` կրթության մեջ, մշակույթի մեջ: Այս բոլոր ոլորտներում կոռուպցիան տիրում է: Եվ պետք է որ փոփոխվի. դա լինի ցույցերի եւ ճնշման միջոցով, լինի ինքնամաքրման միջոցով. ինչպես որ լինի: Մենք պետք է դա տեսնենք:
Հ.Գ. Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ցուցարարների հետ, իր մոտ խորհրդակցություններ է անցկացրել: Երեկ նա հայտարարել էր, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական: «Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան եւ հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է Բակո Սահակյանը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԴԵ՞Մ

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը քաղաքական դաշտում հայտնվեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ ավագանու իր կազմով ընտրությանը մասնակցեց նաեւ Քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ընտրություններին կուսակցության ձայները չգերազանցեցին 400-ը: 3 տարի անց Կարեն Սարուխանյանը կրկին հայտնվեց քաղաքական դաշտում: «Իմ քայլը» շարժման կողքին կանգնեց առաջին իսկ օրվանից, քայլեց Նիկոլ Փաշինյանի հետ ու նրա կողքին եղավ մինչ հաղթանակը:

Կարեն Սարուխանյանը ծնունդով գյումրեցի է: Ընտանիքը որեւէ բիզնես չունի: Միայն հայտնի է, որ հայրը Աշոցքի շրջանում անասնապահությամբ է զբաղվում: Բյուրակնի վարչական ղեկավարի փոխանցմամբ` ընտանիքը գյուղի հետ որեւէ այլ առնչություն չունի:
Շիրակի մարզպետի պաշտոնում Սարուխանյանը հայտարարել է, որ մարզի խնդիրներին քաջատեղյակ է եւ գործելու է հանուն շիրակցու պայմանների բարելավման. «Շիրակի մարզի հոգսերին ու խնդիրներին տեղյակ եմ, քանի որ մարզի բնակիչ եմ: Ես ձեզանից մեկն եմ, ապրում եմ Շիրակի մարզում եւ մարզի հոգսերով, ինձ համար, բնականաբար, մեր մարզի դարդ ու ցավն անծանոթ չէ: Սա, կարծում եմ, առավելություն է, որոշակիորեն կհեշտացնի իմ աշխատանքը, բայց անելիքներ շատ կան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր մարզն ամենաաղքատ ու գործազրկությամբ աչքի ընկնող մարզերից մեկն է: Ինձ համար առաջնային է լինելու աշխատատեղերի ստեղծման հարցը, այն անհատներն ու գործարարները, ովքեր ներդրում անելու ցանկություն են ունենալու մեր մարզում, ես միշտ նրանց կողքին եմ կանգնելու»:
Նաեւ հայտնի է, որ Կարեն Սարուխանյանը անձնական խնդիրներ ունի Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, որն, ի դեպ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակն էր գլխավորում: Ըստ տարածված լուրերի` առաջին հաշվեհարդարը հենց նրա հետ է լինելու, եթե, իհարկե, ՀՅԴ-ն չփորձի Կուրղինյանին պահել եւ իշխանության վերեւներում լեզու գտնել: «Իսկ կադրային այլ փոփոխություններ կլինեն բոլոր ոլորտներում»,- հայտարարել է նորանշանակ մարզպետը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս