«ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿՈՎ ՉԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն է: Նա անդրադարձել է վերջին քսան տարվա ընթացքում շոու-բիզնեսում ձեւավորված սեւ ցուցակներին, իր՝ դրանցում հայտնվելուն եւ նոր Հայաստանի հետ կապված հույսերին:

-Արմինե, երկրպագուները Ձեզնից նորություններ են ակնկալում: Անակնկալներ սպասվո՞ւմ են:
-Գիտե՞ք, վերջին տարիներին բեմի երգիչները իջել են ռեստորան, ռեստորանի երգիչները բարձրացել են բեմ: Այդ է պատճառը, որ իմ գրած նոր երգը «Բարով տեսանք»-ն է՝ կենցաղային տարբերակով: Քանի որ երգարվեստի դաշտը մոնոպոլիզացված է, մեր ընտանիքով նախընտրել ենք ռեստորան աշխատեցնել եւ ունենալ մի տարածք, որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ:
-Երբվանի՞ց եք ականատեսը այդ մոնոպոլիզացիայի, խնդրում եմ` մանրամասնեք:
-«Թավշյա հեղափոխությունից» հետո ամեն մեկը իր ոլորտի մոնոպոլիայից է խոսում, ասում եմ՝ բա, լավ, շոուբիզնեսի մոնոպոլիայից ե՞րբ են խոսելու: Ես սպասում եմ` հարյուր օրն անցնի, որ նոր բարձրաձայնեմ այդ խնդրի մասին եւ դիմեմ պատկան մարմիններին: Դաշտը մոնոպոլիզացված է վերջին քսան տարում, վերջին տասը տարում` ավելի խորացված կերպով: Սեւ ցուցակներ, իհարկե, կային դեռեւս 1998-ից, բայց այն ժամանակ էլի ինչ-որ տեղեր կանչում էին: 2008-ից դռները բացվում են միայն այն մարդկանց առջեւ, որոնք հաճոյանում են իշխանություններին: Ես երբեք չեմ եղել այդ 10-20 հաճոյացողների մեջ: Ոչինչ, որ քսան տարի կորցրեցինք, քսան տարի էլ ավել կերգենք (ծիծաղում է):
-Ձեր սերնդի ներկայացուցիչները գոնե հասցրին ճանաչվել, ինչ-որ հետք թողնել, իսկ երիտասարդների մասին ի՞նչ կասեք: Նրանց առջեւ այսօր ի՞նչ խնդիրներ են ծառացած:
-Այս սերնդի երգիչների համար իսկապես դժվար է: Ունենք շատ լավ կատարողներ, միջազգային մրցույթներում գրան-պրի շահողներ, բայց նրանց ուղին բարդ է: Նրանցից մեկն էլ զարմուհիս է՝ Նարե Գրիգորյանը: Նոր Հայաստանում էլ մի քանիսը կան, անընդհատ ասում են՝ մենք ենք, մենք ենք. պարզապես զոռբաներ են: Ես հնարավորություն ունեի առանց քծնանքի, ծանոթի, սիրածի հասնել ինչ-որ բանի, բայց այսօր դա հնարավոր չէ: Առանց օճառի անգամ տաղանդավորները չեն կարող առաջ գնալ: Այդ է պատճառը, որ զարմուհիս եւ մյուսները դրսում են գրան-պրիներ շահում, ոչ թե Հայաստանում: Կան երգիչներ, որոնք տոնական օրերին ութ համերգի են մասնակցում, իններորդին չեն մասնակցում՝ վայնասուն են դնում, բոլորին շանտաժի են ենթարկում: Կարելի է մի քիչ համեստ լինել: Բա իմ տեղը լինեիք՝ ի՞նչ կանեիք: Քսան տարի սեւ ցուցակում եմ եղել, այնինչ ես կարողացել եմ ժամանակին ստադիոններ լցնել միայն իմ մենահամերգներով: Երգի պետական թատրոնից շատ հայտնի երգիչներ ասում էին՝ ընտանիք ենք պահում, փող չկա, խնդրում էին, որ մասնակցեն իմ համերգներին: Արթուր Գրիգորիչից թաքուն թողնում էի, որ գան երգեն: Հետո Գրիգորիչն ինձնից նեղանում էր: Տարիներ շարունակ զորամասերում բարեգործական հիմունքներով համերգներ եմ ունեցել, ինձնից հետո որոշ հայտնիներ եկել են գումարով համերգներ են տվել, հետո հայտարարել են, թե բանակի համար եսիմ ինչեր են արել… Ու այսքանից հետո ինձ դուրս են թողել ասպարեզից:
-Իսկ ինչու՞, գուցե նաեւ քաղաքակա՞ն դրդապատճառներ կային:
-Ասում են՝ սեւ ցուցակներ կազմողներն ասել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր «լյուբիմչիկներին» մզցնելու ենք: Ես չգիտեի, որ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիցան» եմ եղել: Ասում էին՝ իշխանության ճաշակով չես: Դրանից հետո այնքան ուրախացա, ավելի լուրջ կարծիք կազմեցի իմ մասին՝ տեսնելով, թե որ երգիչներն են իրենց ճաշակով: Ու երբ ես հայտնվեցի սեւ ցուցակում, ոչ ոք չասաց՝ այս մարդու հետ ինչու՞ այդպես վարվեցիք: Չէ՞ որ իրենց համար տեղ էր բացվել, իրենց տեղը լայնացել էր: Իսկ ես «թավշյա հեղափոխության» օրերին թույլ չտվեցի քարկոծել իմ որոշ կոլեգաների:
-Հույս ունե՞ք, որ նոր Հայաստանում սեւ ցուցակներ չեն լինի:
-Այո՛, ինչպես բոլորը, այնպես էլ ես մեծ հույսեր եմ կապում այս իշխանության հետ: Չնայած որոշ խլուրդներ նորից ամեն ինչ անում են, որ դաշտը մոնոպոլիզացնեն: Համենայնդեպս, վստահ եմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի: Դիմում եմ մենաշնորհների ձգտողներին՝ եթե ձեզ վրա վստահ եք, թողեք` բոլորը երեւան, եւ թող հանդիսատեսն ընտրի՝ ով է լավը, եւ ով՝ ոչ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս