Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում
Այս աղբակույտը գտնվում է մայրաքաղաքի հենց սրտում` Ազատության հրապարակում: Աղբամանն այնքան է լցվել, որ այլեւս հնարավոր չի եղել աղբը տեղավորել, ու ստիպված տոպրակները շարել են աղբամանի կողքին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` օտարերկրյա քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար պահանջվող պետտուրքն ինչքա՞ն է կազմում: Որքա՞ն պետք է վճարել:
Լարիսա Պետրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում բացի պետական տուրքից վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝
– մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 150.000 ՀՀ դրամ.
– երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 120.000 ՀՀ դրամ.
– յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնեք, որ ամուսնության հնարավորինս արագ գրանցման համար աստղաբաշխական թվեր են պահանջվում:
ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկիս մեջ կան անճշտություններ: Ես 1979թ. մայիսի 25-ին ավարտել եմ դպրոցը եւ հենց նույն թվականի հուլիսին ընդունվել Բյուրականի սովխոզում` որպես բանվորուհի: Հրամանի կնիքը առկա է իմ աշխատանքային գրքույկում, սակայն ազատման կնիքը չկա: 1980թ. Նոյեմբերի 28-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի նախապատրաստական բաժանմունքը, որի նախապայմանը եղել է իմ 1,4 ամսվա բանվորական ստաժը: 1981թ. ընդունվել եմ 1-ին կուրս: 1986թ. աշխատում եմ դպրոցում: Ինձ տեղեկացնում են, որ այդ 1,4 ամիս ժամանակահատվածը չեն հաշվում: Ինչո՞ւ:
Թորոսյան Հասմիկ (Արագածոտնի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում Հ. Թորոսյանին 21.11.2017թ. նշանակվել է մասնակի կենսաթոշակ: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, ու ունեն առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացույցային տարին մասնագիտական ստաժ է:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Ելնելով նշվածից` Հ. Թորոսյանին մասնակի կենսաթոշակը նշանակվել է` մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառելով 25.08.1986թ. մինչեւ 2003թ.օգոստոսի 1-ը որպես ուսուցչուհի աշխատած ժամանակահատվածը:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, օրենքն օրենք է, սակայն հաճախ դրանք չեն բխում քաղաքացիների շահերից: