Իրեն ընդդիմադիր հայտարարած Հանրապետական խմբակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանում մեծամասնություն էր եւ ուներ 58 պատգամավոր, փաստացի կանգնած է այդ «կոչումից» զրկվելու շեմին: 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, երեկ էլ այդ մասին հայտարարեց Արտակ Սարգսյանը: Այժմ արդեն ՀՀԿ-ն ունի 53 պատգամավոր, սակայն այսքանով էլ ամեն ինչ չի ավարտվում, եւ այս երկու օրերին խմբակցությունից դուրս գալու մասին կհայտարարեն ամենաքիչը եւս երեք պատգամավորներ:
Իսկ այս պարագայում նույնիսկ մեկ պատգամավորի հեռանալու դեպքում ՀՀԿ-ն կկանգնի խնդրի առջեւ, քանի որ պարզ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավոր: Ավելին` ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը` 58 պատգամավոր: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: Իհարկե, Ընտրական օրենսգրքի հեղինակներն ամեն ինչ արել էին, որ խորհրդարանում ձեւավորվի կայուն մեծամասնություն, սակայն իրադարձությունների նման զարգացում վստահաբար չէին կանխատեսում:
Եվ դա է պատճառը, որ այս փուլում ՀՀԿ-ն կանգնած է ոչ միայն փոքրամասնություն դառնալու, այլեւ ղեկավար կազմից զրկվելու շեմին: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածում սահմանված է.
«Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Ստացվում է, որ ՀՀԿ-ն պետք է փոքրամասնություն դառնալու պարագայում ունենա միայն ԱԺ նախագահի մեկ տեղակալ, հակառակ դեպքում Սահմանադրության խախտում է արձանագրվում: Միեւնույն ժամանակ այդ հարցը եւ նոր ղեկավար կազմի ընտրությունն էլ կարգավորվում են նույն հոդվածով, որում էլ ամրագրված էր, որ ղեկավար կազմին ընտրում են, հետ են կանչում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ (53 ձայն): «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, եթե այս թվին գումարենք նաեւ ՀՀԿ-ն արդեն իսկ լքած 5 պատգամավորներին, ստացվում է 52 ձայն, եւ ընդամենը մեկ ձայն էլ ունենալու պարագայում այս ուժերը կարող են հետ կանչել ղեկավար կազմին, քանի որ կունենան քվեարկության համար անհրաժեշտ քանակը: Ընդ որում` այստեղ պարտադիր չէ, որ ՀՀԿ-ից պատգամավորները ձայն ապահովեն խմբակցությունից դուրս գալուց հետո. նրանք կարող են դա անել` նաեւ լինելով ՀՀԿ խմբակցության անդամ, պարզապես քվեարկեն համապատասխան կերպով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը եւս կարծիք հայտնեց, որ այդ ուժերն առաջիկայում պետք է բարձրաձայնեն ԱԺ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը: «Իրենք պետք է հրաժարվեն Ազգային ժողովի նախագահից եւ տեղակալներից, եթե մեծամասնություն չլինեն, եթե իրենց խմբակցությունն արդեն փոքր է: Բայց միգուցե խմբակցությունից դուրս գալով կրկին խմբակցությանն են սատարում: 53-ը դեռ մեծամասնություն է, եթե մի հոգի էլ դուրս գա, մնացած ուժերը պետք է պահանջեն ԱԺ նախագահի եւ երկու տեղակալների հրաժարականները»,- նշեց նա:
Միեւնույն ժամանակ Այվազյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե այս պահին, Սահմանադրության համաձայն, բացի ԱԺ ղեկավար կազմին հետ կանչելուց, այլ իրավական գործընթացներ չկան: «Խորհրդարանական կայուն մեծամասնություն ասվածն աբսուրդ է, եւ դա նախատեսված է եղել նորընտիր խորհրդարանի ժամանակ: Չեն նախատեսել, որ կարող է ինչ-որ ուժ կայուն մեծամասնություն ունենալ, դրանից հետո դա վերանա: Հիմա, ըստ էության, սահմանադրական լուծում չկա: Դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որ արտահերթ ընտրություններից հետո այդ ամենը կարգավորվի», – նշեց նա:
Իհարկե, նույնիսկ ամենավատ երազում ՀՀԿ-ականները երբեք չէին պատկերացնի, որ 23 տարի լինելով իշխանության մեջ, որից 20 տարին՝ իշխանության գլխին, կհայտնվեն նման վիճակում: Հիմա ՀՀԿ-ի՝ խորհրդարանում լծակներ ունենալու իրավունքը մազից է կախված. եւս մեկ պատգամավորի հեռանալու դեպքում նրանք կհամարվեն փոքրամասնություն, եւ փաստացի բոլոր ուժերը կհամարվեն փոքրամասնություն, եթե իհարկե «Ծառուկյան», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները չորոշեն հուշագիր ստորագրել: ԱԺ կանոնակարգ-օրենքում սահմանված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»: Ստացվում է՝ հուշագրի ստորագրման դեպքում դերերը կրկին կփոխվեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՐ ՇԱՀԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու գործընթացը կանխելու հարցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որեւէ քայլ չի անում, քանի որ սեփական շահերն ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետը նպատակ ունի բժշկական կենտրոնի տարածքում լաբորատորիա հիմնել, ուստի չի միջամտում հարցին: Հիշեցնենք, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը կայացվել էր դեռեւս նախորդ կառավարության օրոք` ապրիլի 12-ին: Դրանից հետո բնակիչները բողոքի ցույցեր էին անցկացրել: Ավելի ուշ դիմում էր հասցեագրվել արդեն նոր կառավարությանը լուծարման գործընթացը կասեցնելու համար: Շուտով պարզ կլինի բուժկենտրոնի ճակատագիրը:
ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար- ապրիլ ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա չորս ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 89 հազար 900 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետների` այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է` որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:
ՉԳԻՏԻ
Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության են կանչվելու մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ»: Սողոմոնյանը հրաժարվել է նշել, թե արդյոք Ռ. Քոչարյանը պատրաստվում է այս հարցով որեւէ հայտարարություն անել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր անունը պարբերաբար շոշափվում է Մարտի 1-ի շրջանակում:
ՀԻՆ ՆՈՐԵԿԸ
Կառավարության կազմը երեկ կրկին համալրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված չորս նշանակումներից միայն մեկի անունն էր թերեւս ավելի շատ հայտնի հանրությանը: Սերգեյ Խաչատրյանը, որը հանդիսանում է հասարակության կողմից քննադատված նախագծերի հիմնական հեղինակը, կրկին նշանակվեց առողջապահության նախարարի տեղակալ: Ընդգծենք, որ նա դեղերի` դեղատոմսով վաճառքի որոշման առաջին ջատագովներից էր, բացի այդ, նրա նախագծերից էր նաեւ հանրային վայրերում ծխելն արգելող, դրա դիմաց ահռելի տուգանքներ կիրառելու նախաձեռնությունը, որը եւս հանրության դիմադրությանն արժանացավ: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Խաչատրյանը հանդիսանում է նաեւ ՀՀԿ անդամ:
ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Ավանդաբար հինգշաբթի օրերը անցկացվող նիստն այս անգամ տեղի է ունեցել երեքշաբթի: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, թե նիստում քննարկվել է նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը. «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի: Ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ եւս արհեստական խոչընդոտներ չենք ստեղծի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ սա լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ արհեստավարժ կառավարության ծրագիր»:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, եւ գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին եւ այլն: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,-ընդգծել է վարչապետը: Պ. Սվիտալսկին իր հերթին ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում:
ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ` այսօր սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տարբեր հանդիպումներ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, այդ թվում հարցազրույց ռուսական լրատվամիջոցներից մեկին: Ամփոփվելու են մայիսի 14-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները: Սպասվում է նաեւ երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ՀՀ-ՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կայցելեն Հայաստան: Հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի պատվիրակությունը: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարության հետ: