2006թ-ից Լոռու մարզում ներդրված «Հատուկ դպրոցների եւ մանկատների բեռնաթափում» ծրագրով մարզի 5 հատուկ դպրոցներ վերակազմավորվեցին կրթական այլ հաստատությունների: 660 Լոռու մարզի եւ 260 Շիրակի հատուկ դպրոցների աշակերտները ինտեգրվեցին հանրակրթական եւ ներառական հաստատություններում: Միայն Վանաձորի թիվ 2 հատուկ դպրոցը մնաց գիշերային խնամքի կենտրոն 81 շահառուներով, որն էլ այս տարի վերակազմավորվեց ցերեկային կենտրոնի: Սաները վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ, նրանցից միայն 10-ը խնամքի հատուկ կարիք ունեն:
Վերակազմավորման է պատրաստվում նաեւ Վանաձորի մանկատունը: 120 սաներով մանկատանը մնացել են 56-ը: Նրանք կորդեգրվեն, կընդգրկվեն խնամատար ընտանիքներում կամ ժամանակավորապես կտեղավորվեն 10 երեխայի համար նախատեսված փոքր մանկան տներում, կապրեն մարդկանց մեջ, նրանց հարեւանությամբ, սովորական բնակարանի պայմաններում:
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, թե «Քննարկումը 2015-ից է սկսվել՝ դեռ իմ տնօրեն դառնալուց առաջ, սակայն ծրագրում շտապողականություն պետք չէ, որ երեխաներին չվնասենք. միայն պետք է ուրախանալ, որ մարզում նման մեծ հաստատություն չենք ունենա»:
Ծրագրի իրականացմանը ժամանակին խոչընդոտում էին հատուկ հաստատությունների տնօրենները, այժմ` մանկատան երեխաների ծնողները: Երեխաների 80 տոկոսը սոցիալական կապեր ունեն, որը խանգարում է խնամատար ընտանիքներում ընդգրկվել: Մեկ շաբաթվա ընթացքում 6 երեխա տեղափոխվել են խնամատար ընտանիքներ. «Կան երեխաներ, որ հենց ընտանիքներում են, նրանց իրավունքները ոտնահարվում են, շատ դժվար է այդ ընտանիքների հետ աշխատել: Ծնողները չեն ցանկանում` երեխան գնա խնամատար ընտանիք, եւ նպատակահարմար չէ, որ իր ընտանիքում մեծանա. Փոքր ընտանեկան մոդելը նոր մոտեցում է եւ շատ լավ տարբերակ է, որ երեխան ծնողի կարգավիճակին մոտ լինի: Այստեղ ինչքան էլ փորձենք շատ ջերմություն տալ, միեւնույնն է, սա խմբային է, ընդհանուր է»:
Մինչեւ վերակազմավորման բուն գործընթացը պետք է լուրջ քննարկել` ինչի կարիք ունի մարզը. «Ամենաառաջինը վերականգնողական կենտրոնն է: Առաջին օգնության անհրաժեշտություն է լինում՝ սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական, որից հետո երեխան կգնա ընտանիքին մոտ միջավայր: Արդեն չենք ունենա մի իրավիճակ, երբ երեխան 2 տարեկանից գա եւ մինչեւ չափահաս դառնալը մնա նույն պատերի մեջ», -ասում է Մ. Դավթյանը:
Ծրագիրն իրականացնող Առավոտ ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանն ասում է` մարզում ընտանեկան ջերմության կարիք միայն մանկատան երեխաներն ունեն: 900-ից ավելի երեխա տուն են վերադարձել, բայց խնդիրները, որի պատճառով երեխաները հայտնվել էին հատուկ հաստատություններում, մնացել են նույնը: Աղքատության շեմն է շատ բարձր, թերսնուցված երեխաներն են բավականին շատ, որը ոչ միայն ֆիզիկական ու առողջական,այլ նաեւ մտավոր խնդիրներ է առաջ բերում. «Ծնողները աշխատաշուկայում մրցունակ չեն, եւ ընտանիքները չեն կարողանում ինքնուրույն ապահովել հիմնական պահանջմունքները: Այդ շերտի հետ ինչ-որ մեկը միշտ պետք է աշխատի, որ նրանք մենակ չմնան: 4-5 երեխա ունեցող ընտանիքները ռիսկային գոտում են գտնվում եւ ամեն պահի կարող են սայթաքել»:
Հասարակությունից դուրս մնալու առաջին քայլը բնակարանի կորուստն է: Ընտանիքների 90 տոկոսը կիսախարխուլ տներում կամ վարձակալությամբ են ապրում, որն իր հետ ֆինանսական նոր խնդիր է առաջացնում: Ընտանիքների հզորացում է անհրաժեշտ. «Գուցե սոցիալական բնակարանների հատկացման ծրագրեր սկսենք, կամ վարձը փոխհատուցի համայնքը: Չի կարելի երեխայի հարցը լուծել առանց համայնքի, Համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը ուղղորդում է մեզ երեխաներ եւ ուրիշ ոչինչ: Համայնքի բյուջեում հատուկ տեղ պետք է լինի սոցիալական ծրագրերի համար, եւ այդ պարտավորությունը համայնքի վրա դրվի: Համայնքն այստեղ չի երեւում: Պետության քայլերն էլ ի շահ համայնքի զարգացման պետք է լինի, հզոր համայնքում միայն երեխան պաշտպանված կլինի»:
Մ. Շահվերդյանն ասում է` առաջին քայլն արված է, ստեղծված խնդիրների ճիշտ լուծում է պետք գտնել, որպեսզի Լոռու մարզի 1313 միակողմանի եւ 19 երկկողմանի ծնողազուրկ երեխաներից ոչ մեկը չհայտնվի թեկուզ ժամանակավոր հատուկ հաստատությունում:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Լոռի
ԱՇԽԱՏԱՆՔ` ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի կարծիքով` Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդկանց աշխատանքով ապահովելու պայմաններ է պետք ստեղծել: Նա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվել է, թե արդյոք նախարարության ծրագրերում կա արդարադատության նախարարության հետ համատեղ այս խնդրին լուծում տալու հարցը: Մ. Թանդիլյանը պատասխանելով ասել է. «Խնդիրն առկա է, եւ մենք արդարադատության նախարարության հետ կաշխատենք»: Պատգամավորը ընդգծել է նաեւ, որ դրանք մի շարք կարեւոր խնդիրներ կլուծեն. «Այս մարդիկ աշխատանքից հոգնած գալիս են, եւ շատ հարցեր տեղն են ընկնում, օրինակ` թղթախաղը եւ այլն: Նրանք ժամանակ չեն ունենա, այնպես որ, խնդրում եմ` ուշադրություն դարձրեք այս հարցին»,- ասել է Հ. Հակոբյանը:
ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի. այդ պաշտոնում նշանակել է Արեն Մկրտչյանին:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԽԽՎ-ՈՒՄ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կներկայանա թարմացված կազմով: Կոռուպցիոն սկանդալների պատճառով Վուսալ Հուսեյնովին եւ Ռովշան Ռզաեւին կփոխարինեն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգմավորներ Չինգիզ Գանիզադեն եւ Նագիֆ Խամաեւը: Սա այս տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող 12-հոգանոց կազմում արդեն երկրորդ փոփոխությունն է:
ԵՐԿՈՒ ԶՈՀ
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ԹԸի 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրափոսում: Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր խորհրդական ունի: Այդ պաշտոնում նշանակվել է գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը: