Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստացի ստացվել է այնպես, որ օրենսդիրում փոքրամասնություն համարվող ուժը գործադիրության իշխանության ղեկին է, իսկ մինչ այս օրենսդիրում իշխող ուժը երեկ վերջնականապես դարձավ փոքրամասնություն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այսօր խորհրդարանում բոլոր ուժերը ըննդիմադիր են համարվում. նրանք չունեն կայուն մեծամասնություն` իշխանություն համարվելու համար անհրաժեշտ թվով` 53 մանդատ: Այդքան մանդատ այլեւս չունի ՀՀԿ-ն, չունեն նաեւ կառավարություն ձեւավորած ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն (47 մանդատ), որոնք, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կարող են հուշագիր ստորագրել եւ կառավարվող համարվել:
ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած 6 պատգամավորները չեն կարող միանալ հուշագրին, քանի որ առանձին քաղաքական ուժ չեն, հետեւաբար` պաշտոնապես չեն կարող կառավարություն ձեւավորել: Եվ սա իսկապես խոսում է սահամանադրական ճգնաժամի մասին, որի լուծման միակ բանալին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, հետո նաեւ սահմանադրության փոփոխությունն ու նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցումը:
Առհասարակ, ինչպես սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ ներկայացնում էին «այո»-ի կողմնակիցները, մեծագույն ձեռքբերումներից մեկը կայուն մեծամասնության ներդրումն էր, որը հնարավորություն կտար անցնցում իշխանություն ունենալ: Միեւնույն ժամանակ սահմանադրական օրենքներն արդեն ընդունվում են 3/5-րդով (63 ձայն), եւ նախկինում կոալիցիա կազմած ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, միասին 64 ձայն ունենալով, հանգիստ կարող էին դրանք անցկացնել՝ չունենալով մյուս ուժերի կարիքը: Սակայն հիմա, երբ խորհրդարանում ուժերի վերադասավորվածություն է տիրում, օրենքներ անցկացնելը դժվարին գործ է դառնալու: Էլ չենք ասում այն մասին, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ չէ խորհրդարանական կառավարման համակարգի: Եւ այս օրերին տեսնում ենք այն, ինչի մասին դեռ 90-ական թվականներից ահազանգում էին նախագահական կամ գոնե կիսանախագահական համակարգի կողմնակիցները` խորհրդարանական կառավարման համակարգը համարելով ՀՀ-ի համար անարդյունավետ:
Եվ պետք է ընդգծել նաեւ, որ եթե ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները առնվազն հայտարարել են, որ մինչեւ վերջ սատարելու են Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը, ապա չպետք է կարծել, թե ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները եւ ապագայում այդպես վարվողները հետագայում միշտ կանգնելու են Նիկոլ Փաշինյանի կառավարության կողքին եւ սատարեն նրանց ծրագրերը: Այսինքն` փաստացի Նիկոլ Փաշինյանը չի կարող հույս դնել անգամ 47 պատգամավորի վրա, որն առանց այն էլ բավական չէ անգամ սովորական օրենքների անցկացման համար. այդ դեպքում էլ 53 ձայն է պետք: Եվ նույն խնդիրն էլ ունենալու է ՀՀԿ-ն. նրանք էլ այդքան պատգամավոր չունեն իրենց նախընտրած նախագծերի անցկացման համար: ՀՀԿ-ն չունի նաեւ այն լծակները, որ նախկինի նման ազդի մյուս խմբակցությունների վրա (բացառությամբ փողի, որը դժվար թե արդյունավետ լինի):
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իհարկե երեք տարի առաջ անիրատեսական էր, եւ դա է պատճառը, որ Սահմանադրության մեջ ամրագրված չեն այսպիսի իրավիճակներից դուրս գալու ելքերը, առավել եւս չկան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու լայն հնարավորություններ: Եվ այս իրավիճակում միակ ելքը մնում է սպասել արտահերթ ընտրություններին, որը հենց ընկած է այսօր խորհրդարանում քննարկվելիք կառավարության ծրագրի հիմքում: Մինչ այդ խորհրդարանում շարունակվելու է քաղաքական ճգնաժամ տիրել:
Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Հայաստանի համար քաղաքական առումով ոչ նորմալ իրավիճակ է: «Հայաստանի համար քաղաքականապես ոչ նորմալ իրավիճակ է, եւ մինչեւ արտահերթ ընտրություններն այդպիսի իրավիճակը կշարունակվի: Այսպիսի բաներ այլ երկրներում լինում է, դա նորություն չէ, սակայն Հայաստանում առաջին անգամ է: Իսկ Իտալիայում, որտեղ եւս խորհրդարանական համակարգ է, հաճախ է նման բաներ լինում: Հայաստանի համար է նորություն, քանի որ պետք է մեծամասնությունը ձեւավորի գործադիր իշխանություն, ստացվեց փոքրամասնությունը ձեւավորեց Ազգային ժողովի ղեկավարությունը: Ստացվում է՝ մեզ մոտ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինները ղեկավարում են փոքրամասնությունները», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով` սահմանադրական օրենքները հնարավոր կլինի անցկացնել միայն անկախ պատգամավորների օգնությամբ, ինչը կրկին ոչ նորմալ իրավիճակ է, որի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանին շատ լուրջ փորձություններ են սպասվում, քանի որ չպետք է վստահել այդ նույն մարդկանց, ովքեր քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով շտապեցին լքել այն կուսակցությունն ու մարդկանց, ում շնորհիվ էլ հասել էին այժմյան իրենց կարգավիճակին: Եվ չպետք է այդքան միամիտ լինել եւ կարծել, թե տարիների մտերմությունը ՀՀԿ ղեկավար կազմի հետ ընդամենը մեկ ամսում կվերանա: Ընդհակառակը, այդ նույն պատգամավորները կարող են Նիկոլ Փաշինյանին ապագայում տհաճ անակնկալներ մատուցել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ խմբակցության քաղաքական թեւն այսօր պատրաստվել է անխնա քննադատելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը, ինչպես դա արեց մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն այս անգամ ծրագրի ընդունումը չեն տապալի: Մենք տեղեկացանք, որ հիմնական քննադատությունն իրականացվելու է ծրագրի տնտեսական եւ ֆինանսական կողմի առումներով, քանի որ այնտեղ թվային տվյալներ չկան: Մեր տեղեկություններով` քննադատելու հիմնական բեռն ինչպես մայիսի 1-ին, այս անգամ եւս իրենց ուսերին են վերցնելու ծանր հրետանին՝ Էդուարդ Շարմազանովը, Կորյուն Նահապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը: Երեկ այս ամբողջ թիմը ժամեր շարունակ քննարկել է այսօրվա քաղաքականությունը: ԱԺ էր բերվել ՀՀԿ «ծանր հրետանին»` ԳՄ անդամներից նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը: Արդեն բաժանված է, թե նրանցից ով որ ոլորտն է քննադատելու` ըստ մասնագիտությունների: Չնայած այդ ամենին` կառավարության ծրագիրն ընդունվելու է, ՀՀԿ-ի գաղափարական թեւը կրկին դեմ է լինելու իբրեւ գաղափարական ընդդիմություն: Սակայն անակնկալները կրկին չեն բացառվում, քանի որ, օրինակ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե կողմ է քվեարկելու: Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու խմբակցությունից դուրս եկած 6 հոգին, գեներալները, դեռ խմբակցության կազմի մեջ գտնվող գործարարները, նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը, որ ժամանակին կողմ էին քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետությանը:
ԿՆՎԱԶԻ՞, ԹԵ՞ ՈՉ
Վերջին օրերին համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարների չափը հնարավոր է առաջիկայում նվազի: Ի դեպ, այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից: Այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունից, սակայն մեզ այնտեղից փոխանցեցին, որ սպասարկման սակագնի չափը որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Այդ խոսակցությունները կան, բայց մենք չենք սակագին որոշողը, այլ ՀԾԿՀ-ն»: Իսկ ահա ՀԾԿՀ-ից այս հարցին մեզ կարճ-կոնկրետ պատասխանեցին` նշելով, որ նման հարց չի քննարկվում, օրակարգում չկա: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ՀԾԿՀ-ի հետ միասին քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունները: Թե ինչ արդյունք կունենան այդ քննարկումները, ժամանակը ցույց կտա:
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՌԱՑԱՎ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ հրաժարական է տվել` հայտարարելով. «Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին եւ վստահեցնել, որ մեր երկարամյա գործունեության հաջողության գրավականը եղել է միասնական, թիմային աշխատանքը եւ համախմբվածությունն ընդհանուր գաղափարների շուրջ»:
ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կառավարության ներկայացրած ծրագիրը իրավական տեսակետից համարում է նպատակների հուշագիր: Գ. Կոստանյանն ընդգծել է, որ կառավարության ծրագրում տեսել է միայն նպատակներ, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն եւ գործողություն չի ծրագրվել: Հարցին` ՀՀԿ-ն պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պայմանագիր կնքել կառավարության հետ, Գ. Կոստանյանը պատասխանել է,- «Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի որպես նաեւ այդ ծրագրին հավանության արժանացում»: Իսկ այն հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից հերթով պատգամավորներ են դուրս գալիս, արդյոք մտահոգո՞ւմ է իրենց, նա ասել է,- «Բացարձակ ինձ չի մտահոգում»:
ՉՈՐՍ ՏՈԿՈՍ
Հրապարակվել է Համաշխարհային բանկի` Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որտեղ կանխատեսվում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ 2018թ., իսկ 2019 եւ 2020թ.` 4%: Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8 տոկոս աճ, հաջորդող երկու տարիներին` 3.8 եւ 3.2 տոկոս, Թուրքիայում` 2018-ին, ըստ կանխատեսումների, կգրանցի 4.5 տոկոս աճ, հաջորդ երկու տարիներին` 4 տոկոս, իսկ Ռուսաստանում այս տարի կգրանցվի 1.5 տոկոս տնտեսական աճ, հաջորդող երկու տարիներին` 1.8 տոկոս:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Հերթական որոշման համաձայն` Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հակոբ Վարդանյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել. նրանք են Միքայել Փաշայանն ու Արթուր Մանուկյանը:
ԵՐԿԱԹԳԻԾ ԴԵՊԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ
Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Ահմեդ Արսլանի` Կարսում արած հայտարարության համաձայն` Թուրքիայում այս տարվա վերջին կարող են մեկնարկել Կարս-Իգդիր-Արալըղ-Դիլուջու երկաթգծի շինարարական աշխատանքները: Թուրքիայից դեպի Նախիջեւան տանող երկաթգծի շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2018թ. վերջին, 2019թ. սկզբին: Արսլանը նշել է, որ երկաթգիծն ավելի ուշ կմիացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն` դուրս գալով դեպի Կարս-Քափըքուլե գիծ, որը հատում է ամբողջ Թուրքիայի տարածքը` արեւելքից արեւմուտք, եւ դուրս գալիս Եվրոպա: