Հայաստանում համատիրության ինստիտուտը առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել համատիրության աշխատողների, հատկապես նախագահների մոտ:
Ըստ E-draft տեղեկատվական կայքէջի` «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է` կառավարումը իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներկայումս գործող կարգավորումից նախագծով էական փոփոխության է ենթարկվել բազմաբնակարան շենքերի կառավարման ձեւը: Այս նախագծի համաձայն` համատիրությունները լուծարվելու են: Նախատեսվելու է ժամկետ` 6 ամիս, սեփականատերերի կողմից կառավարման մարմին ընտրելու համար, իսկ մինչ այդ գործելու են համատիրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք լուծարելու պատճառն այն է, որ համատիրության ներկայացուցիչները պատշաճ չեն իրականացնում իրենց իրավասությունները, չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն եւ սեփականատերերի չեն հրավիրում ժողովների: Մյուս կողմից սեփականատերերն իրենք հաճախ անգործություն են դրսեւորում, քանի որ բացակայում է շահագրգռվածությունը մասնակցելու բազմաբնակարան շենքերի կառավարմանը: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն:
Նախագծից տեղեկացանք, որ կառավարման մարմինը պարտավոր է սեփականատերերին տեղեկություններ տրամադրել իր գործունեության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Իսկ ահա կառավարչին ընտրելու են սեփականատերերը եւ մատուցած ծառայությունների դիմաց վճարելու են նրա հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով եւ չափով: Կառավարիչն էլ իր հերթին պատասխանատվություն է կրելու բազմաբնակարան շենքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար: Բացի այս, կառավարչի լիազորությունների ժամկետը չի կարող անսահմանափակ լինել:
Նա իր լիազորություններն իրականացնելու է պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց ավելի լինել: Ավելին` անարդյունավետ կառավարելու դեպքում սեփականատերերը կարող են վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները: Իսկ երբ սեփականատերերը կառավարիչ չեն նշանակում, ապա Տեղական ինքնակառավարման մարմնին իրավասություն է վերապահվելու նշանակել կառավարիչ: Եւ 3 ամիս շարունակ սեփականատերերի կողմից կառավարիչ չընտրելու դեպքում նշանակվում է մրցույթով ընտրված կառավարչին, սակայն սա չի սահմանափակում սեփականատերերին ցանկացած ժամանակ ընտրել իրենց համար նախընտրելի կառավարչի: Որպեսզի այս դեպքում կառավարչի վարձատրությունը ավելի բարձր չլինի, քան այն դեպքում, երբ կառավարիչ կընտրեին սեփականատերերը, սահմանվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինը կառավարիչ է նշանակում հրապարակային մրցույթի արդյունքում կառավարչի ծառայությունների մատուցման նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կառավարչին: Նախագծով փոփոխության է ենթարկվել նաեւ պարտադիր վճարների որոշման կարգը: Ըստ այդմ` սեփականատերերի ժողովն է որոշելու պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը: Ի դեպ, սոցիալապես առավել անապահով ընտանիքներին պարտադիր վճարների կատարման նպատակով պետության կողմից կտրվի աջակցություն: Իսկ ահա բազմաբնակարան շենքի անհրաժեշտ ծախսերի տնտեսական ծրագիրը կազմվելու է կառավարման մարմնի կողմից եւ ներկայացվելու է սեփականատերերի հաստատմանը:
Սակայն «Համատիրությունների ազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը պահանջում է որոշման նախագիծը նախ քննարկել փորձագետների հետ: Ըստ մասնագետի` օրենքի այս նախագիծն իրականացված է նախորդ կառավարության կողմից: «Նախագիծը չի լուծում առկա հիմնախնդիրները: Անթույլատրելի է օրենքի նախագիծ ներկայացնել առանց սահմանելու գլխավոր սկզբունքները, խնդիրները: Այս պարագայում գործ ունենք քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքի կառավարման խնդիրների հետ` ընդհանուր սեփականության կառավարման խնդրի հետ, եւ շտապողական կլինի տարիներով ստեղծված ինստիտուտի վայրկյանական ոչնչացումը: «Զգո՛ւյշ եղեք, քաղաքապետարանները բացարձակ չեն հասկանում ընդհանուր սեփականության կառավարման խնդիրներից: Խոսեք համատիրությունների ղեկավարների հետ: Պետք է սահմանել` ինչ բան է համատիրությունը, այլ ոչ թե ավիրել ինստիտուտը»,- հայտարարել է ասոցացիայի նախագահը: Ապա նոր իշխանությանը առաջարկել եւ պահանջել է նախագիծը մասնագիտական քննարկման դնել եւ իրեն ու ՀԿ անդամներին հրավիրել:
Իսկ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակիչները դեռ շարունակում են առնետներով ու աղբով լի մուտքերից օգտվել: Չենք խոսում աղբի գարշահոտությունից, որը գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում առկա է` դրան գումարած բարձրահարկ շենքերի վերելակների անսարքության խնդիրը: Բազմաբնակարան շենքերի բնակիչները ծագած խնդիրները փորձում են լուծել իրենց սեփական միջոցներով: Անգամ երբ շենքի վերելակն է փչանում, շենքի բնակիչներն են գումար հավաքում շարժիչի, տարբեր մասերի համար, մասնագետ են կանչում ու նորոգում: Այս պատկերը նույնն է ինչպես մայրաքաղաքի մի քանի հարյուրի հասնող, այնպես էլ մարզային քաղաքների մի քանի տասնյակ բոլոր համատիրություններում:
Մյուս կողմից` համատիրությունները լուծարելը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Սա, կարելի է ասել, կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն: Համաձայնեք, որ նրանք այս հարցում ուղղակի անփոխարինելի են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՅՈԹ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Մայիսի 17-ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 6 այլ ամբաստանյալների գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ դատարանը քրեական գործը վարույթ է ընդունել հունիսի 12-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է դատական նիստ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Ադամյանը 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամակահատվածում ստուգում իրականացնող բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազեցնելուն: Բացի այդ, Ա. Ադամյանը անտառային ֆոնդի տարածքից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը ապօրինաբար անտառից դուրս բերելու թույլտվության համար Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Սասուն Հայրապետյանից ստացել է կաշառք՝ վերջինիս ունեցած պարտքը չվճարելու ձեւով: Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով: Սույն քրեական գործով` տարբեր հոդվածներով, մեղադրվում են նաեւ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության, կենսաբազմազանության բաժնի ավագ տեսուչ Արմեն Ավագյանը, նույն բաժնի տեսուչ Կարեն Էրոյանցը, Արծաբերդի անտառտնտեսության Նորաշենի անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանը, այդ անտառտնտեսության Նավուրի անտառպետության անտառապետ Ալբերտ Հովհաննիսյանը, Արծվաբերդի անտառպետության անտառապետ Հրաչիկ Ավագյանը, Նորաշենի անտառպետության 5-րդ եւ 6-րդ պահաբաժինների անտառապահ Անդրանիկ Եսայանը: Ա. Ադամյանի եւ Ա. Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, Կ. Էրոյանցի եւ Ա. Հովհաննիսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, Ա. Ավագյանը, Վ. Թարխանյանը եւ Հ. Ավագյանը գտնվում են կալանքի տակ: Ներկայումս որպես անտառտնտեսության տնօրեն պաշտոնավարող ՀՀԿ անդամ Ավետիք Ադամյանը 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններում խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր. ստանալով 4895 ձայն` նա ընտրություններում չհաղթեց: Ա. Ադամյանի որդին` Կարեն Ադամյանն էլ Տավուշի մարզպետի տեղակալն է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՔՐԳՈՐԾ
Ոստիկանության Իջեւանի բաժնում կաշառակերության հոդվածով քրեական գործ է հարուցվել Սեւքարի անտառտնտեսության անտառապետ Արտավազդ Ամիրխանյանի հանդեպ: Ըստ քրգործի նյութերի՝ անտառապետը Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղի մի բնակչից վերջինիս կողմից ապօրինի ծառահատում թույլ տալու համար 2018թ. ապրիլին վերցրել է 10 հազար դրամ, մայիսի 13-ին` 20 հազար դրամ կաշառք: 20 հազար դրամը նա վերցրել է 4 ծառի ապօրինի հատում թույլատրելու դիմաց: Անտառին պատճառվել է ավելի քան 500 հազար դրամի վնաս: Ն. Ծաղկավանի բնակչի հանդեպ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է` խոշոր վնաս պատճառելով»), Ա. Ամիրխանյանի հանդեպ` 311 հոդվածի 1-ին մասով («Կաշառք ստանալը»): Քրգործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Ո՞Վ 10 ՄԼՆ-ՈՎ ԿԳՆԻ
Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, այլ վերահեռարձակում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 2017թ. մայիսի 3-ին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ` «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման վարույթում: Ընկերության սնանկության կառավարիչ Գեւորգ Ավագյանն ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է: «Տավուշ ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը:
Մեր տեղեկություններով՝ պարտքերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 7 միլիոն դրամ: Հեռուստաընկերությունը կարող է ֆինանսապես առողջանալ, նորից եթեր վերադառնալ, եթե գնորդ, ֆինանսական ներդրող գտնվի: Հավաստի տվյալներով՝ մարզային հեռուստաընկերությունը Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի սեփականությունն է, թեեւ գրանցված է Հ. Աբովյանի մտերիմ ֆիզիկական անձի անունով: Վերջինս այդ հեռուստաընկերությունում տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար շուրջ 3 միլիոն դրամի ներդրում է կատարել: Հեռուստաընկերության վաճառքի դեպքում Հ. Աբովյանը պահանջելու է իր ներդրած 3 միլիոն դրամը: Այդ կերպ հեռուստաընկերության վաճառքի նվազագույն գինը դառնալու է 10 միլիոն դրամ: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ են սպասվում, մարզային հեռուստաընկերությունը` որպես քարոզչամիջոց, կարող է հետաքրքրություն ներկայացնել:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ