Օրեր առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ թանգարանային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նախարարը նոր առաջարկով էր հանդես եկել: Նա տեղեկացրել էր, որ բոլոր գերատեսչությունները ստացել են վարչապետի հանձնարարականը ԱԺ-ում ներկա պահին առկա օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Թանգարանային ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը փաստել էր, որ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի բազմաթիվ դրույթներ գործնականում կիրառելի չեն: Արդյունքում որոշում էր կայացվել «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից եւ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերից բաղկացած աշխատանքային խումբ օրենսդրական նոր փաթեթ մշակելու նպատակով:
Իսկ թանգարանային ոլորտում օրենսդրական ի՞նչ փոփոխությունների կարիք ունենք մենք. թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ:
Նարինե Թուխիկյանի խոսքով՝ տասը տարուց ավել մշակույթի նախարարությունն այդպես էլ չկարողացավ պատշաճ տեսքի բերել օրենքի նախագծերը. «Մեզնից պահանջում էին առաջարկներ, այդ առաջարկները տրվում էին, բայց որեւէ տեղաշարժ չկար: Նախագծերն այնքան թերի էին, պրիմիտիվ, որ դրանցով պարզապես հնարավոր չէր աշխատել: Հիմա հուսանք, որ դրանք կփոխվեն: Համենայն դեպս, աշխատանքային խմբում շատ հմուտ անձիք են ընդգրկված, այդ թվում՝ ԻԿՕՄ-ի հայաստանյան ներկայացուցիչը»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ, օրինակ, օրենսդրական մի բացի՝ կապված ֆոնդերի գործունեության հետ. «Ֆոնդերից որոշ ցուցանմուշներ (խոսքս վերաբերում է մասնավորապես կտավներին) պարբերաբար արտահանվում են եւ ներկայացվում ժամանակավոր ցուցադրությունների: Հետագայում, սակայն, դրանք հայտնվում են այս կամ այն գերատեսչության պատերին եւ համապատասխան պայմաններում չեն պահվում (Ի դեպ, այս խնդրի մասին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւս վերջերս բարձրաձայնել էր՝ նշելով, որ պատրաստվում է մշակույթի նախարարությունում փակցված նկարները փոխանցել Ազգային պատկերասրահ-հեղ.)»:
Նարինե Թուխիկյանը խոսեց նաեւ վերոնշյալ օրենքներում տեղ գտած ժամանակավրեպ տերմինալոգիայի խնդրի մասին. «Այդ օրենքներում կիրառվում էին եզրույթներ, որոնք այնքան հին էին, որ այսօր արդեն աշխարհը վաղուց չի օգտագործում: Ծիծաղելի է, որ սովետական հին օրենքից արված վատ թարգմանությունը կարող էր մտնել Ազգային ժողով եւ ընդունվել: Այդպիսի օրենքների կիրառումը զարգացած երկրների օրենսդրություններին իրազեկ չլինելու հետեւանքն էր: Հուսամ՝ նոր խումբը արագ եւ լավ կաշխատի»:
Օրենքներում տեղ գտած եզրույթներից գլխավորներից մեկի մասին խոսեց նաեւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա համար անհասկանալի է՝ ինչպես կարող է թանգարանը կոչվել պետական ոչ առեւտրային կազմակերպություն. «Ամբողջ աշխարհում թանգարանները ՊՈԱԿ-ներ չեն համարվում: Եթե թանգարանը ՊՈԱԿ է, տնօրենն էլ դիտարկվում է մոտավորապես որպես գործարանի տնօրեն: Ես դեմ եմ այդ մոտեցմանը: Իրավաբաններն ասում են՝ օրենքն այդպիսին է, ես էլ ասում եմ՝ փոխեք օրենքը: Հիմա շատ ՊՈԱԿ-ներ դառնում են հիմնադրամներ, որպեսզի խուսափեն այդ կարգավիճակից, ինձ էլ են նույնը խորհուրդ տալիս, ասում եմ՝ շատ կներեք, ինչո՞ւ պետք է հիմնադրամ դառնանք. թանգարանը մնում է թանգարան: Ուստի պետք է հստակեցումներ անել, ոչ թե քառասուն էջանոց օրենք գրել ու ջուր ծեծել»,-եզրափակեց պարոն Սարգսյանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՖՈՆԻՆ՝ ՍՏՎԵՐՈՒՄ
«Կարինե», «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Ժայռ», «Երկունք», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերից, «Դժվար ապրուստ», «Դիմակահանդես», «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է նրա պասիվության պատճառը։
«Նախ` հեռուստանախագծերից հրավերներ չեմ ստանում, հետո` արդեն բավական է` ինչքան նկարահանվեցի (ծիծաղում է)։ Թեպետ եթե տարիքիս եւ բնավորությանս վայել դեր լինի, կընդունեմ հրավերը։ Բայց հիմա բոլոր թեմաները պտտվում են երիտասարդների շուրջ, բոլոր դերերը տրվում են նրանց։ Նորավարտ ռեժիսորները նույնիսկ չեն ճանաչում մեր սերնդի դերասաններին։ Իհարկե, ես չեմ դժգոհում, հասկանում եմ, որ նախապատվությունը պետք է նրանց տրվեր, այսօր նոր կառավարության անդամներն էլ բոլորը երիտասարդներ են, բայց ճիշտ կլիներ, եթե երիտասարդներին առաջ տանեին մեծերի կողքին։ Նրանք ավագ սերնդի ներկայացուցիչներից շատ բան ունեն սովորելու»,-մեկնաբանեց պարոն Հակոբյանը։
Նա հիշեց՝ երբ Վահրամ Փափազյանը մտնում էր թատրոն, իրենք «պատի ծակերն էին» մտնում։ Հիմա այդ երեւույթը, դերասանի խոսքով, վերացել է։ Պարոն Հակոբյանը շեշտեց՝ երիտասարդների մեջ շատ շնորհալիները կան: «Բայց չգիտես` ինչու, բոլորը մորուքով են, մեր ֆիլմերը մոնղոլական ֆիլմեր են հիշեցնում»,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը։
Նա նկատեց, որ երիտասարդներին երբեմն թվում է, թե տարեցներն իրենց արածն արդեն արել են եւ նոր բան չունեն տալու իրենց: «Բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդպես չէ, միշտ էլ նոր բան կա մատուցելու»,-հավելեց պարոն Հակոբյանը։
Դերասանն անդրադարձավ նաեւ այսօրվա արվեստի ոլորտում բոհեմական միջավայրի պակասին: «Մարդկանց հոգսերը շատացել են, եւ նյութը հոգեւորի համեմատ դարձել է դոմինանտ»,-եզրափակեց նա։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԼԵԳԵՆԴՆԵՐԻՀԱՆԴԻՊՈՒՄՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Հայտնի է, որ հուլիսի 8-ին Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեգենդների հանդիպում կկայանա Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի հավաքականների միջեւ: Եվրոպա աշխարհամասում բացի մեկ անգամից միշտ հաղթել են եվրոպական թիմեր, Ամերիկայում նույնպես միայն մեկ անգամ է հաղթել ոչ ամերիկյան թիմ: Նախնական տվյալներով` հանդիպմանը մասնակցելու են հետեւյալ աստղերը՝ Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս եւ այլն:
Հաղորդվում է նաեւ, որ հուլիսի 6-ից 8-ը Երեւանի Ազատության հրապարակում կանցկացվի ֆան-գոտի:
ԾՆԿԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը աջ ծնկի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել: Վիրահատությունը կայացել է Փարիզում: Ալվեսը խաղադաշտ կկարողանա վերադառնալ 2018 թվականի վերջերին: Հիշեցնենք` պաշտպանը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի եզրափակչի` «Լե-Էրբիե»-ի հետ մայիսի 8-ին կայացած խաղում (2:0): Վնասվածքի պատճառով Ալվեսը չի կարողանա օգնել Բրազիլիայի հավաքականին աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում բրազիլացին ֆրանսիական Լիգա 1-ի 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլային փոխանցման, ինչպես նաեւ 1 գոլի հեղինակ:
ԲԱՆԱԿՑԵԼ Է ԿԱՎԱՆԻԻ ՀԵՏ
Մադրիդի «Աթլետիկո»-ն բանակցել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ այս ամռանը: 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Աթլետիկո»-ում, որի կազմում են խաղում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ Դիեգո Գոդինն ու Խոսե Մարիա Խիմենեսը:
Սակայն Կավանիի տրանսֆերը «Աթլետիկոն» կիրականացնի, եթե թիմից հեռանա Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն: Կավանին Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 28 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: