ՍՅՈՒՆԻՔԻՆ ՄԱՐԶՊԵՏ ՉԻ՞ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական ներկայացրին: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է մինչեւ վերջին վայրկյանը կառչած մնալ աթոռից եւ պաշտոնը պահելու համար դռնեդուռ է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սկզբում Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակիցների մոտ, նաեւ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում չի գրի, եւ կսպասի, թե ինչ հիմքով են իրեն ազատելու: Բայց մյուս կողմից նա փորձել է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել: Քանի որ ժամանակին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, փորձել է նրա միջոցով վարչապետի մոտ իր լոբբինգն անել: Միայն թե ապարդյուն. երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունքի մարզպետը հրաժարական է ներկայացնելու: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վահե Հակոբյանի հետ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո իրեն հատուկ վրդովված արձագանքեց. «Դուք ինձ հոգնեցրեցիք, չեք պատկերացնում, թե ինչքան: Ցտեսություն…»: Ավելի ուշ նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը փոխանցեց, որ Հակոբյանն այսօր արդեն՝ մինչեւ կառավարության նիստի մեկնարկը, հրաժարական կտա: «Մինչեւ կառավարության նիստի սկսվելը մենք հայտարարությամբ հանդես կգանք, որից կտեղեկանաք Վահե Հակոբյանի մարզպետ մնալու-չմնալու մասին»,- ասաց խոսնակը: Փաստորեն, Վահե Հակոբյանը վերջապես հասկացել է, որ իր նման մարդիկ նոր կառավարության համար անցանկալի են, եւ որոշել է ոչ թե սպասել պաշտոնանկությանը, այլ վերջին օրով ինքնակամ հրաժարական ներկայացնել: Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Սյունիքում չի հաջողվում նորմալ մարզպետ նշանակել: Հուսանք՝ այս անգամ նոր կառավարությանը կհաջողվի:
Հ.Գ. Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը:

 

 

«Կային դրդապատճառներ, հակառակ դեպքում չէր լինի իշխանափոխություն: Եղել են բացթողումներ, բնականաբար: Եթե չլինեին բացթողումներ, այս իրավիճակը չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման խոստովանությամբ է հանդես եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով թավշյա հեղափոխության պատճառների մասին: Նա նաեւ հավելել է, որ ՀՀԿ-ում դեռեւս քննարկում եւ վերլուծում են տեղի ունեցածի պատճառները: Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ ցնծությամբ ընդունվեց ողջ երկրում` դառնալով տոնախմբության առիթ, Բաղդասարյանը հակադարձել է. «Ամբողջ հանրապետությունը 3 մլն ժողովուրդ է»: «Մեծամասնության կողմից փողոցներում ուրախ բացականչությունները, բարձր տրամադրությունը հնարավոր չէր չնկատել»,- դիտարկմանն էլ պատասխանել է. «Եթե Դուք համեմատեք` տներում ինչ էր կատարվում եւ փողոցներում, արդեն կխոսենք այդ համեմատության մասին»:

 

 

 

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել: «Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում, հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության եւ սեփականության կամ բիզնեսի եւ կառավարության տարանջատում: Այդ ամենը, ինչ ամրագրված է, ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ծրագիր է: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության ծրագրի հասցեին ՀՀԿ-ականների քննադատություններին, Խաչատրյանը նշել է. «Իրենց պահվածքը հուշում է, որ արդեն քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում»:

 

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ: «75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ գնդապետ Մարգարյանը մասնակցել է պետականաշինության գործին: Իսկ մեր հարցին, թե ինչու ՀՀԿ իշխանության ժամանակ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս, Ալիկ Սարգսյանն ուշագրավ խոստովանություն է արել. «Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ»: Հետո, նա նաեւ մեկնաբանել է, որ «ազատ» ասելով` միանգամայն այլ բան նկատի ունի. « մինչ այդ քննություն էր գնում, ասում էի` չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ»: Նկատենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավարն է դեռեւս:

 

 

 

ԴԱԺԱՆ ՍՏԱՑՎԵՑ
ԱԺ-ում կառավարության ծրագրի երեկվա քննարկումներն առիթ դարձան վերհիշելու երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը: Հինգ տարի առաջ կրկին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, դիմելով այն ժամանակ նախարար Արմեն Աշոտյանին ու նրա ՀՀԿ-ական գործընկերներին, Վահան Հովհաննիսյանը զգուշացրել էր. «Դուք, որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»:
Երեկ, իհարկե, որեւէ մեկը Աշոտյանին ու նրա հանրապետական գործընկերներին «դալաններում չծեծեց» (չնայած մի պահ քիչ էր մնում խորհրդարանի դահլիճում ձեռնամարտ սկսվեր Աշոտյանի ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ): Բայց ՀՀԿ-ականների հասցեին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ելույթներն ավելի դաժան էին, ավելի նվաստացնող, քան եթե նրանց դալաններում ծեծեին:
Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր. «Ծառուկյան» խմբակցությունը հին հաշիվներ ունի մի շարք այլ ՀՀԿ-ակաների հետ: Ու քանի որ հիմա ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը, բայց շարունակում է իրեն դրսեւորել նույն ոճով՝ հեգնելով ու ծաղրելով ընդդիմախոսներին, արժանացան հակահարվածի՝ բավական դաժան ու նվաստացուցիչ: Նվաստացուցիչ այն աստիճան, որ հիմա ՀՀԿ-ականներն ունեն բոլոր իրավունքներն իրենց հայտարարելու քաղհալածյալ` միջազգային հանրությունից հայցելով պաշտպանություն: Ինչպես Օստապ Բենդերն էր խորհուրդ տալիս. «դիմեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային: Միգուցե այնտեղ ձեզ օգնեն»: Սա հատկապես Նաիրա Զոհրաբյանի հայտնի համեմատականից հետո, երբ խորհուրդ տվեց հիշել Կարավաջոյի «Հուդիթ եւ Հողոփեռնես» կտավը: Սահմռկեցուցիչ կտավ, որտեղ Հուդիթը թրի հարվածով կտրում է Հողոփեռնեսի գլուխը…:
Որքան էլ ԱԺ դահլիճում երեկ տեղի ունեցածը զվարճալի էր թվում` ինչ-որ տեղ կոմպենսացնելով այս տարիներին Երեւանի կրկեսի բացակայությունը, բայց միեւնույն ժամանակ սա վտանգավոր է: Վտանգավոր, քանի որ նման մթնոլորտը որեւէ լավ բանի չի հանգեցնի: Եւ հատկապես նոր իշխանությունը, որ ձեւավորվել է ոչ թե պարտադրանքով, այլ ժողովրդի ցանկությամբ, չպետք է իրեն դրսեւորի նախորդի նման: Պետք է տարբերվի նախորդից իր լայնախոհությամբ, ներողամիտ գտնվի ու նաեւ հասարակությանը տանի այդ ճանապարհով:




Լրահոս