Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ԵՎ ԿՐԵԼ ԱՅՍ ԱՄՌԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ամառ է, եւ ժամանակն է պահարանները համալրել թրենդային հագուստով եւ ատրիբուտներով: Այդ հարցին գրագետ մոտենալու համար տեղին է հետեւել մասնագետի ցուցումներին: Ոճաբան Արայիկ Գաբաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է իր խորհուրդներով` այս տարվա ամառային նորաձեւության վերջին միտումների հետ կապված: Մենք պարզել ենք, որ այս տարվա հավաքածուներում առկա են մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք անտարբեր չեն թողնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Ստորեւ ներկայացնում ենք ոճաբանի դիտարկումները:

Այսպիսով, այս ամռանը նորաձեւ են կանաչի, փիրուզագույնի, մանուշակագույնի երանգները: Հավաքածուներում իրենց տեղն ունեն ջունգլիի, արմավենու, խոլորձի, լայն բացված վարդի տեսքով պրինտները: Աչքի ընկնող գույների ֆոնին կարելի է նկատել մանր, պիոնանման վարդեր՝ փնջի տեսքով:
Բլուզներից մոդայիկ են բաց ուսերով, դաստակներով, թեւերի շրջանում լայն կտրվածքներով մոդելները: Հավաքածուներում մեծ տեղ ունեն ուսերի հատվածում ցանցերով բլուզները: Բավական թրենդային են նաեւ բարձիկները՝ ուսերի շրջանում:
Կիսաշրջազգեստներից ակտուալ են մինչեւ ծնկները հասնող մոդելները, որոնք եկել են վաղ 1990-ականներից:
Շրջազգեստներից մեծ տարածում ունեն մինիմալ լուծումներով տեսակները, կրկին ուսերը բաց մոդելները: Նորաձեւ են նաեւ երկար պիջակներ հիշեցնող շրջազգեստները: Ի դեպ, ասեմ նաեւ, որ այս ամռանը ամեն երկրորդ-երրորդ մոդելի վրա առատորեն կիրառվել են կոճակներ:
Տաբատներից մոդայիկ են գոտկատեղից սկսվող լայն թե՛ միագույն, թե՛ մանր պրինտներով, ներքեւամասից հավաքվող մոդելները, որոնք ժամանակին անվանվում էին «բանան»:
Շորտերի շրջանում մեծ տեղ ունեն, այսպես ասած, թափվող, կարճ տեսակները՝ հաստ գոտիով, որոնք հեռվից կիսաշրջազգեստ են հիշեցնում:
Սանդալների ընտրանիում կարելի է հանդիպել հաստ տակացուներով եւ նուրբ վերնամասերով մոդելների, որոնք կեդերի են հիշեցնում: Շատ հետաքրքիր մի տենդենց կա՝ ոտքի առջեւի եւ ետեւի մասերը բաց բոթասների տարածումը: Այս տարի շատ ֆիրմաներ են իրենց հավաքածուներում ընդգրկել բոթասների այդ տեսակը: Նորաձեւ են նաեւ կոշիկի վերեւի հատվածում բրդյա գործվածքով, խոշոր ծակոտիներով մոդելները: Այս ամռանը սանդալները հագնում են նաեւ կարճ նասկիներով:
Պայուսակներից մեծ տարածում ունեն կտորե ուղղանկյուն, կլոր մոդելները: Ծովափին կրում են հիմնականում մեծ պայուսակներ: Ակտուալ են նաեւ փայտե ատրիբուտները: Կա մի հետաքրքիր տենդենց. նորաձեւության տներից շատերը պայուսակների հետ կիրառում են կախազարդեր, որոնք հաճախ ուրիշ գույնի ու ոճի են եւ խանգարող հանգամանք են հանդիսանում: Չեմ կարծում, թե դրանց օգտագործումը տեղին է, ամեն դեպքում, ճաշակի հարց է:
Գլխարկներից մոդայիկ են գլխի հատվածը բաց ձեւերը, որոնք արեւից պաշտպանելու համար չեն, այլ պարզապես դեկորատիվ բնույթ են կրում: Նորաձեւ են նաեւ ծղոտից գլխարկները:
Ակնոցի տեսականուն առնչվող միտումներն այս ամռանը բավական հետաքրքիր են: Նորաձեւ են գունավոր ապակիները, այնպիսի ակնոցները, որոնց ապակիները մի քանի երանգներ են պարունակում: Թրենդային են ակնոցները, որոնց շրջանակների եւ ապակու գույնը տարբերվում են: Հետաքրքիր են փեթակ հիշեցնող մոդելները, որոնց պարագայում բացի հիմնական ապակուց՝ ակնոցն ապակիով պատված է նաեւ աջ եւ ձախ կողմերից: Այնպես որ այս ամառը լի է անակնկալներով: Մնում է ընտրել այն մոդելները, որոնք կհամապատասխանեն ձեր էությանն ու կազմվածքին:
Հ.Գ. Վերջում Արայիկ Գաբաջյանը խորհուրդ տվեց նորաձեւության միտումներին հետեւելով՝ չկորցնել սեփական ես-ն ու պահել անհատականությունը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԿԻՆՈՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ»

Վերջերս գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իր ոլորտի որ խնդիրներին է պատրաստվում անդրադառնալ ռեժիսորը եւ արդյոք հեշտ է աշխատել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, վերջինս պատրաստակամ է արդյոք խորհուրդներ լսելու հարցում:

Պարոն Մաթեւոսյանը նախ նկատեց, որ այս նախարարությունը պետք է կարողանա ճիշտ կառավարել այն «ժառանգությունը», որը ստացել է իր նախորդներից: Նրա խոսքով՝ քանի որ հեղափոխությունից հետո որոշակի դադար էր գրանցվել, դրանից հետո նախ հարկավոր է վերականգնվել եւ ոտքի կանգնել:
«Հիմա իրավիճակին ծանոթանալու փուլում ենք: Կինեմատոգրաֆիային վերաբերող հարցեր դեռ նախորդ կառավարության օրոք էին ակտիվ նախաձեռնող պրոֆեսիոնալների կողմից առաջ քաշվել, քննարկման էր դրվել, օրինակ, կինոյի մասին օրենքը: Այլ հարց է, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով առաջադեմ եւ խրախուսելի կետեր համառորեն չէին ընդգրկվում այդ ծրագրերում: Կինոյի բնագավառը ազատ մրցակցությունն ու միջազգային համագործակցության համար նախատեսված նախագծերի գրագետ ընտրությունն ապահովող մեխանիզմների կարիք ունի: Հարկավոր է ոլորտը զերծ պահել կամայական եւ վարչարարական մեթոդներից: Կինոն պետք է ապահովագրվի կոռուպցիոն ռիսկերից»,-մեկնաբանեց պարոն Մաթեւոսյանը:
Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի աշխատելաոճին, ապա այն մեր զրուցակիցը դրական գնահատեց՝ շեշտելով, որ նախարարը ինֆորմացիայի ժողովման եւ իրավիճակի վերլուծման փուլում է. «Նախարարի համար այս համակարգը նոր է, ես մի քիչ ծանոթ եմ դրան եւ ինձ լավ եմ զգում, որ կարող եմ օգնել Լիլիթ Մակունցին: Ինձ համար ողջունելի են հատկապես արագ տրամաբանելու եւ իրավիճակային լուծումներն արագ գտնելու նրա հատկանիշները, նաեւ բարեխղճությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ
Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ ազգային ընտրանու ավագը շարունակելու է լինել Հենրիխ Մխիթարյանը. «Ավագը Մխիթարյանն է, ու փոփոխություն չի լինելու: Այս երկու խաղերում Մխիթարյանի գործողություններն ինձ շատ գոհացրին: Նրա ցուցանիշներից շատ գոհ եմ: Ինչ վերաբերում է լիդերական հատկանիշներին, ապա դրանք շատ տարբեր են: Կա առաջատար դաշտում եւ առաջատար` հանդերձարանում: Ինձ շատ գոհացրեց այն, ինչ տեսա Մխիթարյանի կողմից»,- ասել է Վարդան Մինասյանը: Նա նաեւ խոսել է Յուրա Մովսիսյանի մասին: Ֆուտբոլիստը, որը տեւական դադարից հետո հրավիրվել էր հավաքական, վնասվածք ստացավ եւ չկարողացավ միանալ մեր ընտրանուն, բայց այցելեց հավաքականին Ավստրիայում: «Յուրայի գալն ինձ համար շատ կարեւոր էր: Այն շփումը, որ ես տեսնում էի նրա եւ խաղացողների միջեւ, այն մթնոլորտը, որ տիրում էր այդ երեք օրվա ընթացքում հավաքականում, ինձ շատ դրական լիցքեր հաղորդեց: Յուրայի մոտիվացիան շատ բարձր է, նա շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը»,- ասել է Վարդան Մինասյանը:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿՀԵՌԱՆԱ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ Արքայական ակումբից: Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է իսպանական ակումբի ղեկավարության դիրքորոշումից: «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել են, որ չեն պատրաստվում բարձրացնել Ռոնալդուի վարձատրությունը:
Ռոնալդուն համարում է, որ խաբված է, քանի որ Պերեսի հետ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ունեցել պայմանագիրը երկարաձգելու համատեքստում: Ոչ պաշտոնական տվյալներով` ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 45 միլիոն եվրո: Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. Նա ստանում է տարեկան 21 միլիոն եվրո:




Լրահոս