Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Դժվար է հասկանալ, թե այս աղբամանի վրա ինչու է հենց «աղբամուղ» գրված: Հավանաբար հայերենում նոր բառ է արծարծվում: Կարեւորը, աղբամուղը ծառայի իր նպատակին:
ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 18.560 դրամ, սակայն իմ հաշվարկով պետք է ստանամ 21.120 դրամ: Ունեմ 8 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս է հաշվարկվել իմ թոշակի չափը: Եթե հնարավոր է, ներկայացրեք սխեմայով:
Վահե Եղոյան (Գեղարքունիքի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչեւ 10 տարվա ստաժի առկայության դեպքում ` Գ=0,1x Ս բանաձեւով
բ) 11-ից մինչեւ 40 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01x (Ս-10) բանաձեւով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02x (Ս-40) բանաձեւով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը: 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության` մինչեւ 2014թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները` բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
Ըստ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի` Վ. Եղոյանի ընդհանուր աշխատանքային ստաժը 01.01.2014թ. կազմել է 4 տարի 4 օր, որից 1տարի 3 ամիս 17 օրը` 14.09.2012թ. 01.01.2014թ., աշխատած ժամանակահատվածն է, իսկ 2 տարի 8 ամիս 17 օրը ուսման ժամանակահատվածն է:
Հաշվի առնելով, որ Վ. Եղոյանը ծնվել է 23.10.1988թ.` նրա կենսաթոշակը հաշվարկվել է նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի` 01.01.2018թ. դրությամբ նրա ունեցած ընդհանուր աշխատանքային ստաժը` 8 տարին, բազմապատկվել է ստաժի 1 տարվա համար սահմանված արժեքով` 800 դրամով` կազմելով 6400 դրամ, որը հաշվարկվել է 4 տարվա աշխատանքային ստաժի համար սահմանված գործակցով` 0.4-ով եւ ստացված գումարին` 2560 դրամին, ավելացվել է հիմնական կենսաթոշակի չափը` 16.000 դրամը, որի արդյունքում կենսաթոշակի չափը կազմել է 18.560 դրամ: Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին տեղեկանք դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, որի հիման վրա Վ. Եղոյանի կենսաթոշակը օրենսդրությամբ սահմանված կարգով վերահաշվարկվել է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից` 01.02.2018թ.:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս մանրամասն ներկայացված է: Մնում է` քաղաքացին ծանոթանա աշխատանքային ստաժի հաշվարկման կարգին եւ հարցերի դեպքում դիմի սոցիալական ապահովության տարածքային բաժին:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` բուքմեյքերական գործունեություն իրականացնելու համար արդյոք հաստատագրված վճար պե՞տք է վճարել:
Հովհաննես Պետրոսյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86.2 հոդվածի դրույթներով` Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) տոտալիզատորի կազմակերպիչները.
գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշում է ելակետային տվյալի 5.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: