ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսեւորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որեւէ զոհ չի եղել, այլ միայն մեկ հոգի է վիրավորվել:
Պետք է արձանագրենք, որ սա վենդետայի հերթական դրսեւորումն է. նախորդ տարի կրակոցներ էին հնչել նաեւ Երեւանում` Վերնիսաժին հարող տարածքում. այն ժամանակ էլ ալավերդցի քրեական հեղինակություններն էին որոշել իրենց հին հարցերը լուծել զենքով: Նման դեպքեր եղել են նաեւ ավելի վաղ ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս բնակավայրերում:
Երեկ տեղի ունեցածը հերթական ահազանգն է այն բանի, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի կանխարգելիչ գործողություններ իրականացնելու եւ արյունահեղությունները բացառելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում առաջնահերթ քայլերից մեկն էլ կարող է լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը:
Համաձայնեք, ՀՀ ոստիկանապետ Օսիպյանն ու ԱԱԾ պետ Վանեցյանն ի պաշտոնե գիտեն կամ կարող են իմանալ, թե որ պաշտոնյաների, պատգամավորների, օլիգարխների, քրեական ու թաղային հեղինակությունների, նրանց մերձավոր ազգականների մոտ կա ապօրինի զենք-զինամթերք: Այնպես որ հիմա իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լինի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը: Այս հարցում իր անելիքն ունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ի վերջո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո են գործում, հետեւաբար ինքը կարող է խիստ հրահանգ իջեցնել` հետեւելով հանձնարարությունների կատարման ընթացքին:

 

 

ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, եւ գործընթացը մեկ ամսից ավել կտեւի: «Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, եւ այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաեւ Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»: Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, եւ Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարեւաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»:

 

 

 

Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2014թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը: «Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,- ասել է նա: Մեր հարցին, թե բիզնեսը փակելու գործոններից մեկն արդյոք գործոններից մեկը Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել: «Դե, դժվար չէ կռահել: Բայց ես կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին սկսի բիզնեսով զբաղվել: « Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի»,- ասել է Բաղդասարովը:

 

 

 

Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ հանձնարարականներից մեկը վերաբերում էր գործարար դաշտում պատշաճ ստուգումներ անցկացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք իրականացվելու են ստուգումներ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, որն, ինչպես հայտնի է, միացել էր համաժողովրդական շարժմանը: «Այդ ընկերությունն ընդգրկված է եղել 2016-2017 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, որի համաձայն՝ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում: Դրա արդյունքներով 2017թ. ընկերությանը առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 34, 6 մլն դրամի չափով»,- նշված է նրանց պատասխանի մեջ: Միաժամանակ ՊԵԿ-ից պարզաբանել են, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն ընդգրկված է 2017-2018 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, հետեւաբար վերջինիս մոտ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համալիր հարկային ստուգում:

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼԸ
Թավշյա հեղափոխության հաղթանակից անցել է մեկ ամիս: Եւ այսօր պետք է նկատենք, որ այդ ժամանակահատվածում արված բացահայտումները, կառավարության նոր ներկայացուցիչների հրապարակած փաստերը թեեւ ոչ ամբոջապես, բայց հնարավորություն տվեցին ընդհանուր, ավելի առարկայական պատկերացում կազմելու վերջին քսան տարիներին Հայաստանում իշխանությունների կոռուպցիայի մակարդակի, կոռուպցիոն սխեմաների մասին: Խոսքը միայն խոշոր սուպերմարկետներում հարկային առանձին ռեժիմով գործունեության վերաբերյալ ԱԱԾ բացահայտումների մասին չէ: Ոստիկանությունն այս մեկ ամսվա ընթացքում չարաշահումների, գումարների անտեղի վատնման մի քանի դեպքեր էլ բացահայտել է Երեւանի քաղաքապետարանում ու վերջինիս ծառայություն մատուցած ընկերություններում:
Բացի այդ, երեկ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե տարբեր գնահատականներով Հայաստանում ստվերը 22-40 տոկոսի սահմաններում է: «Ստվերը գոյանում է այնտեղ, որտեղ չկա փաստաթղթավորում, չկա բիզնեսի գրանցում»,- ասել է Անանյանը:
Կառավարության նիստում էլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է խոսել սոցիալական ծառայության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների մասին: «Ես ուզում եմ խոսել սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության մասին: … Այս տասնչորս ծրագրերի մի որոշակի մասը հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ե՛ւ պետական միջոցների ուղղակի վատնում, ե՛ւ շորթում է գնում` օդում կախված լուրերի համաձայն: Ես կարող եմ թվարկել մի քանի ծրագիր, որոնք ուղղակի մեծ վատնումների տեղիք են տալիս»,- պնդել է փոխվարչապետը:
Ավելի աղմկահարույց բացահայտումների կարելի է սպասել այն բանից հետո, երբ ամբողջությամբ կձեւավորվի եւ լիարժեք կգործի Պետական վերահսկողական ծառայությունը:
Իսկ մինչ այդ պետք է արձանագրենք մեկ տխուր իրողություն. Հայաստանը քսան տարի շարունակ թաղված է եղել կոռուպցիայի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություններն անդադար խոսել են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, ընդ որում՝ պայքարը վիրահատական միջոցներով իրականացնելու մասին: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են մշտապես, խոսել ամեն առիթով, բայց այդպես էլ քայլ չեն արել այդ ուղղությամբ: Ահա, թե ինչու նրանց հավաստիացումներն հասարակության զգալի մասն այդպես էլ չընդունեց: Այսօր պարզվում է՝ թերահավատները միանգամայն ճիշտ էին. նախորդ իշխանությունները մի քանի հարյուր դոլար կաշառք վերցրած պաշտոնյաներին ձերբակալելուց այն կողմ այդպես էլ չանցան` շրջանցելով իրական, գլխավոր կոռուպցիոներներին:




Լրահոս