ԱԱԾ ՊԵՏԸ ԶԱՆԳԵԼ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան հայտնեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է:

«Երբ իմ տեղակալն ասել է, որ նախկինում եղել է նման պայմանավորվածություն, ինքը նկատի է ունեցել, որ ՊԵԿ-ում քննարկումների ժամանակ տնտեսվարողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀԴՄ-ներով գյուղմթերքների վաճառք հնարավոր է իրականացնել: Հիմա գյուղմթերքների մասով ՀԴՄ-ով շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերի միջոցով կատարված այդ գործողությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, թե ինչպես պետք է վարվենք, քննությունը շարունակվում է»:
Դիտարկմանը, որ Մաշադյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել 11 սուպերմարկետների հետ պայմանավորվածություններից, մինչդեռ ԱԱԾ-ն ասում է, որ այդ պայմանավորվածությունն ապօրինի է եղել, արդյոք հանցակազմ չկա իր տեղակալի գործողություններում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Որակումները թողնենք քննչական մարմիններին: Մաշադյանը մասնագիտական քննարկումներին տեղյակ է եղել: Ես ասացի, որ ՊԵԿ-ի այս կամ այն պաշտոնյային չենք մեղադրում: Եթե ասում ենք, որ եղել է պայմանավորվածություն, նշում ենք, որ դա եղել է ՊԵԿ-ի հետ, ոչ թե որեւէ պաշտոնյայի»:
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Խոսքն այն մասին է, որ Մաշադյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների (սուպերմարկետների) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի` նրանք 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:
Ի դեպ, Մաշադյանին ԱԱԾ են հրավիրել որպես վկա եւ նա քրեական գործով անցնում է վկայի կարգավիճակով:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ զրուցեց ԱԱԾ պետի զանգի, ինչպես նաեւ պետությանը վնասի փոխհատուցման գործընթացի մասին:
-Պարո՛ն Անանյան, մայիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր. « Բոլորիդ պարզ է, չէ՞, որ ես ապրել եմ այս հասարակության մեջ, բարեկամներ էլ ունեմ, ազգականներ էլ ունեմ, ընկերներ էլ ունեմ, որոնք զբաղեցնում են թե՛ պետական պաշտոններ, թե՛ բիզնեսով են զբաղվում, թե՛…: Ես բոլորին զգուշացրել եմ` հարգեք իմ այսօրվա կարգավիճակը, իմ այսօրվա ստեղծված իրողությունները եւ ձեզ պահեք համապատասխան այսօրվա պահանջներին: Որեւէ խախտում եղավ, ես ոչ մի բանի առջեւ չեմ կանգնի…:Արդեն ինձ հայտնի են դեպքեր Պետական եկամուտների կոմիտեում իմ անվան տակ մարդիկ ինչ-որ բաներ են փորձում անել, զանգել եմ ՊԵԿ-ի նորաշնակ նախագահին եւ խնդրել եմ, որ հանկարծակի իմ անվան հետ կապված ոչ մեկի ոչ մի բան չանել, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել»: Ո՞վ էր փորձել ԱԱԾ պետի անվան տակ որեւէ բան անել, եւ կոնկրետ ի՞նչ էր արել:
-Եղել է նման բան, բայց դա եղել է մասնավոր զրույց:
-Ի՞նչ էին ցանկացել անել ԱԱԾ տնօրենի անվան տակ, նոր պաշտոն էին ցանկացե՞լ ստանալ, թե՞ այլ խնդիր կա, մանրամասնեք մի փոքր:
-Չէ՛, չէ՛, այդպիսի բան չի եղել, իմ պաշտոնավարման առաջին օրը պարզեցի, որ իմ պաշտոնավարման նախորդ օրը հրամանով մի պաշտոնյայի նշանակել էին ինչ-որ կոնկրետ պաշտոնի:
-Կասե՞ք` ով էր եւ ինչ պաշտոնի էին նշանակել:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Այդ անձի անունը կապում էին Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի անունի հետ, ես ուղղակի էթիկայի կանոններից ելնելով, որ չի կարելի նման նշանակում անել` հրամանը չեղյալ եմ հայտարարել, եւ Ազգային անվտանգության ծառայության պետը զանգահարել է ինձ, շնորհակալություն է հայտնել ճիշտ կողմնորոշվելու համար: Այդքան բան է եղել, ուրիշ ոչ մի բան չի եղել:
-Իսկ այլ պաշտոնյաների անվան տակ փորձել ե՞ն նմանօրինակ քայլեր անել, նոր պաշտոնի նշանակվել:
-Ո՛չ, չեն փորձել, նման բաներ հիմա բացառվում են, որեւէ միջնորդություն չի կարող բավարարվել, եթե միջնորդվողը պրոֆեսիոնալ չէ, որեւէ միջնորդություն այսօր բացառվում է: Օրինակ` չեք հավատա, բայց իմ նշանակումից հետո նույնիսկ վարչապետը որեւէ կադրային առաջարկ ինձ չի արել, որովհետեւ համարում եմ, որ ցանկացած պաշտոնյա ինքն է ձեւավորում իր թիմը` իհարկե, համաձայնեցնելով, որովհետեւ կարող են լինել անձինք, ովքեր թիմային պատկերացումնները կամ թիմի առջեւ դրված խնդիրները ճիշտ չեն պատկերացնում, եւ այդ առումով կարող են լինել որոշակի վերապահումեր, բայց մասնագիտական պրոֆեսիոնալ առումով որեւէ միջնորդություն չի լինում, եթե միջնորդվողը չունի պրոֆեսիոնալ հատկություններ:
-Այս օրերին Պետական եկամուտների կոմիտեն հաշվարկում է, թե պետությանը որքան վնաս են հասցրել խոշոր ընկերությունները, որոնք վճարելու դեպքում կալանքի տակ գտնվող անձինք ազատ կարձակվեն, եթե վնասը փոխհատուցեն: Ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:
-Հաշվարկները շարունակվում են, մամուլում հիշատակվող այդ «Նորֆոլկի» հետ կապված 7 միլիոնը, դրանք ընդհանուր առմամբ համապատասպանում են չափերին, բայց հաշվարկները դեռ շարունակվում են:
-Իսկ վնասը, որ փոխհատուցել են, ինչքա՞ն է կազմում այս պահի դրությամբ:
-Ստուգումը շարունակվում է. «Նորֆոլկը» գիտեք, որ պետք է լուծարվի, եւ լուծարային ստուգումը շարունակվում է, եւ ստուգման ժանմանակ է հայտնաբերվում այդ պատկերը: Այդ թվերը, որոնք հնչեցվել են, եղել են մոտավոր գնահատականներ` իհարկե հիմնված որոշակի հաշվարկների վրա, բայց վերջնական ստուգման ժամանակ են դրանք ճշգրտվում, եթե մի քիչ սպասենք լուծարային ստուգման ավարտին, մենք կունենանք պատկերը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՎԵՆԴԵՏԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ
Երեկ կրակոցների են հնչել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սեւանի նստավայրում: Կրակոցների պատճառը մեկ տարի առաջ սպանության վրեժխնդրությունն է, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
2017 թվականի հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, որին կալանավորելուց հետո ցանկացել էին սպանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Այսպիսով, մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության շուրջ կրքերը չեն հանդարտվում, ու մինչ դատարանը քննություն է իրականացնում, տուժող կողմի եւ մեղադրյալի հարազատներն են, միմյանց հետ վիճելով ու կրակելով, փորձում արդարադատություն իրականացնել:
Երեկ` մինչ դատական նիստի սկսելը, մեղադրյալ Մեխակ Հարությունյանի մտերիմներից Հայկասար Հակոբյանի եւ սպանված Հայկ Հակոբյանի հարազատների միջեւ սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել են բռունցքները: Սպանված Հայկ Հակոբյանի հարազատները հարվածներ են հասցրել մեղադրյալի հարազատներից Հայկասար Հակոբյանին, որին ականատես է եղել նրա որդին ու չդիմանալով հոր նկատմամբ բռնությանը` որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում տուժել է Ռաֆիկ Հակոբյանը, որը սպանված Հայկ Հակոբյանի մտերիմներից է:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ որսորդական զենքը ներկայացվել է վարույթն իրականացմնող մարմնին, կատարվում է քննություն:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախկինում կատարված սպանությունների համար տուժողի հարազատները կամ մեղադրյալի մտերիմները վենդետա են իրականացնում: 2017 թվականին Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցները, որն ավարտվեց մահվան ելքով, ասվածի վառ ապացույցն է:
Դատելով իրավիճակից` կողմերը չեն սպասում արդարադատության որոշմանը եւ իրենց սեփական ձեռքերով են փորձում արդարադատություն հաստատել:
Ստեղծված իրավիճակը ահազանգ է այն բանին, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի հնարավոր արյունահեղությունները կանխելու հարցում:
Եւ հետո մեկ բան էլ՝ նոր իշխանությունը պետք է լրջագույն ուշադրություն դարձնի ՀՀ որոշ քաղաքացիների մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործին. ի վերջո, բոլորը գիտեն, որ նույն քրեական կամ թաղային հեղինակությունների, քիչ, թե շատ հայտնի անձանց տանը հրազեն է պահվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԵԼ
Երեկ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում: Արցախի ԱԳՆ-ի փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

 

 

ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման եւ այդ համատեքստում նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման, պատասխանել է. «Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Մենք տեղեկացել ենք գործի քննության մասին ճիշտ այնքան, որքան դրան անդրադարձել է մամուլը: Այսինքն` օգտվել ենք բացառապես հրապարակային աղբյուրներից եւ, բնականաբար, գործի ու քննության ընթացքի վրա որեւէ ազդեցություն չենք ունեցել: Միեւնույն ժամանակ մենք հիմքեր չունենք կասկածելու, թե գործը հավուր պատշաճի չի քննվել: Սակայն եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է»:

 

 

ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ազատվել է կալանքից: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է որոշումը: Ըստ դատավորի որոշման` Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվում է պատգամավորների երաշխավորագրերով: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան` վճարելով 1 մլն դրամ գումար: Անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ «Ծառուկյան դաշինքի» 7 պատգամավոր:

 

 

ԼՈՒԾԵՔ ՀԱՐՑԵՐԸ
«Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո»,- երեկ կառավարության օրակարգային հարցերը սպառելուց հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառությունները շարունակվում են: Վարչապետն ասել է. «Մենք կարողանո՞ւմ ենք դա ապահովել, թե՞ ոչ: Օրենքն ընդունում ենք, հետո սկսում ենք բացատրել, թե ինչու չենք կարողանում իրականացնել: Չլինի՛ հրավառություն, վե՛րջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովի, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում: Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ, ես կլուծեմ»:




Լրահոս