ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԹՐԱՄՓԻՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա երեքշաբթի տեղի կունենա համաշխարհային մակարդակով պատմական իրադարձություն, երբ դեմ առ դեմ կհանդիպեն ԱՄՆ եւ Հս. Կորեայի առաջնորդները: Անկախ գագաթնաժողովի արդյունքներից` հանդիպումն արդեն իսկ արտառոց է եւ որոշ իմաստով անգամ համաշխարհային սենսացիա` առաջին հերթին հաշվի առնելով երկու առաջնորդների փոխադարձ վիրավորանքները: Ինչ-որ պահի կողմերն անգամ միջուկային պատերազմի շեմին էին, թեպետ դեպքերի նման զարգացումն անգամ լիովին բացառելի չէ:

Դեռեւս իր նախընտրական քարոզչության շրջանում Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարցերը պետք էր լուծել ամենաարագ ու խիստ մեթոդներով: Նա համոզված պնդում էր, որ Հս. Կորեայի ղեկավարությունն ամբողջովին գտնվում էր Չինաստանի ազդեցության տակ, եւ պետք էր վերջինիս հետ սակարկությունների միջոցով հասնել Հս. Կորեայի խաղաղեցմանը: Թրամփն անգամ չէր խորշում հրապարակային իրադրության հանգուցալուծման իր բաղադրատոմսը ներկայացնելուց` որպես հնարավոր տարբերակ համարելով Կիմ Չեն Ընի ֆիզիկական ոչնչացումը: Նախագահի կամ թեկնածուի կարգավիճակին լիուլի անհարիր նման մեկնաբանությունները, սակայն, որեւէ կերպ չազդեցին ընտրության ելքի վրա, եւ Թրամփը հաջողությամբ ընտրվեց ԱՄՆ նախագահ` ձեռնամուխ լինելով ԱՄՆ արտաքին քաղաքականության շեշտակի փոփոխություններին: Վերջինները հատկապես դրսեւորվեցին Հս. Կորեայի հետ հարաբերություններում: ԱՄՆ նախկին նախագահները մե՛րթ ֆինանսական օգնություն էին տալիս Հս. Կորեային` փորձելով այդ կերպ նրան գցել կախվածության մեջ, մե՛րթ նորանոր պատժամիջոցներ էին սահմանում ու կոշտացնում հարաբերությունները: Այս իրավիճակը կարծես ավանդույթ էր դարձել ու շարունակվում էր ամեն նոր նախագահի ընտրության հետ: Սակայն Թրամփը նախընտրեց հեղափոխական ճանապարհը, ինչի առաջին վկայությունը դարձավ նախորդ տարի սեպտեմբերին ՄԱԿ-ում Թրամփի նախագահական առաջին ելույթը: Այդժամ ԱՄՆ նախագահը բարձր ամբիոնից վիրավորանքներ տեղաց Հս. Կորեայի առաջնորդի հասցեին` նրան խոստանալով նորաոճ ու խելացի ռումբեր ուղարկել: Թեեւ ողջ աշխարհը տակնուվրա եղավ պատերազմի այդպիսի հրապարակային մարտահրավերից, սակայն իրադրությունը չհասավ անկառավարելիության: Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընը եւ Հս. Կորեայի ղեկավարությունն էլ իրենց հերթին ամենավերջին խոսքերով զարդարեցին Թրամփին` խոստանալով միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին:
Հարաբերությունների սրումը, սակայն, գագաթնակետին չհասավ հատկապես Չինաստանի ակտիվ միջնորդության շնորհիվ: Չինական կողմը, Հս. Կորեայի նկատմամբ լուրջ վերահսկողություն ունենալով, կարողացավ վերջինիս բանակցությունների սեղանին մոտեցնել: Միաժամանակ Չինաստանին հաջողվեց պայմանավորվել նաեւ Թրամփի հետ եւ կայացնել Հյուսիսային ու Հարավային Կորեաների ղեկավարների ուղիղ շփումները: Չինացիները բավականին խորամանկորեն իրենց դարձրին ամերիկա-կորեական հակասությունների չերեւացող կողմ, բայց միեւնույն ժամանակ բանակցությունների կենսունակության երաշխավոր: Թրամփի նախընտրական բանաձեւը կարծես աշխատեց, քանի որ Չինաստանը մասնակից դարձավ Հս. Կորեային զսպելու քաղաքականությանը: Թրամփը համոզված էր, որ Չինաստանը կկարողանա ազդել Հս. Կորեայի վրա եւ վերջինիս բերել ողջախոհության դաշտ: Բնական է, որ այդ պայմաններում Չինաստանն էլ պիտի ԱՄՆ-ի հետ իր հարցերը կարգավորեր եւ սակարկություններով որոշ տնտեսական զիջումներ ստանալուց հետո ազդեր Հս. Կորեայի վրա` վերջինիս բանակցությունների դաշտ բերելով: Թրամփի համար, որքան էլ որ տհաճ լինեին Չինաստանին արվելիք զիջումները, դրանց քաղաքական նշանակությունը Հս. Կորեային զսպելու համեմատ առ ոչինչ է առնվազն մոտակա հեռանկարի տեսանկյունից: Թեեւ հեռանկարային իմաստով Թրամփը թուլացնում է ԱՄՆ-ի դիրքերը եւ միաժամանակ ուժեղացնում Չինաստանին, սակայն կարճաժամկետ արդյունավետության տեսնակյունից Հս. Կորեային միջուկային հրթիռների փորձարկումներից ետ պահելն ու դիվանագիտության դաշտ տեղափոխելը էականորեն ամրապնդում են Թրամփի դերը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ:
Չինաստանին որպես միջնորդ օգտագործելով հանդերձ` Թրամփի վարչակազմը մեթոդաբանական առանձնահատկություն կիրառեց Հս. Կորեայի հետ հարաբերություններում: ԱՄՆ-ը նախընտրեց հարաբերությունների լարվածությունը գագաթնակետին հասցնելու միջոցով Կիմ Չեն Ընին հարկադրաբար սեղանի շուրջ նստեցնել: Ըստ էության, հետեւողականորեն լարելով իրավիճակը` ԱՄՆ կառավարող վերնախավը գնաց քաղաքական բլեֆի ճանապարհով, ըստ որի` եթե Հս. Կորեան բանակցությունների չգնար, ռազմական հարվածն անխուսափելի կլիներ: Պատահական չէ, որ այդ քաղաքականության հիմնական համակարգողն ու իրականացնողը ոչ թե ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն էր, այլ ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմփեոն: Թիլլերսոնն անգամ տեղյակ էլ չէր, թե ինչպիսի բանակցություններ է վարում Փոմփեոն Կիմ Չեն Ընի հետ, եւ անգամ երբ Հվ. Կորեայի դիվանագիտական խողովակները հայտնեցին Թրամփ-Կիմ հանդիպման մասին, Թիլլերսոնն անմիջապես հերքեց տեղեկությունը, մինչդեռ Սպիտակ տունը հաստատեց: Այժմ արդեն ԱՄՆ պետքարտուղար է նշանակված Փոմփեոն, ինչը հուշում է, որ Հս. Կորեայի հանդեպ վարված նրա քաղաքականության արդյունավետությունը Թրամփը բարձր է գնահատում, եւ այն անխուսափելիորեն շարունակվելու է: Օրեր առաջ Փոմփեոն խոսել է նաեւ Իրանի հետ նույնպիսի քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Պատկերն առավել կհստակվի հունիսի 12-ին կայանալիք հանդիպումից հետո, եւ եթե Կիմ Չեն Ընը գնա լուրջ զիջումների, ԱՄՆ կառավարող վերնախավը մոտ ապագայում կփորձի նույն մեթոդներով հարաբերվել արդեն Իրանի հետ: Սակայն վերջինս ոչնչով նման չէ Հս. Կորեային, իսկ նույնականացումն ու համահարթեցումը, որի սխալը կարող է գործել Թրամփի վարչակազմը, նման պարագայում կարող է լրջորեն ու գուցե անդառնալիորեն ալեկոծել մեր տարածաշրջանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԼԱՐՎՈՒՄ

Տարիներ շարունակ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ գյուղի մի քանի բնակիչների միջեւ լարված հարաբերություններ են: Պատճառը համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տիրող անհաշտ մթնոլորտն է:

Վերջերս Ազատամուտում Ժորա Մարտիրոսյանի որդին քար է շպրտել իրենց հարեւանի տան վրա, որի հետ վատ հարաբերություններ են ունեցել: 33-ամյա հարեւանը փախչելով իրեն պատկանող որսորդական հրացանից օդ է կրակել: Իրավապահների կողմից քննվում են նաեւ Ժորա Մարտիրոսյանի որդու ավտոմեքենան վնասելու հետ կապված հանգամանքները: Մայիսի 29-ին համայնքի ավագանու 9 անդամներից 5-ը, ավագանու նիստ անցկացնելով, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանին: Վերջինս ասաց, որ ինքը նամակով ավագանու անդամներին պատասխանել է, որ ավագանին իրավասու չէ ընտրված համայնքապետին անվստահություն հայտնելու: Նա հայտնեց, որ համայնքի ավագանու 9 անդամներից 5-ն իր կողմնակիցը չեն, ավագանու նախորդ նիստերում վեճեր են եղել, ավագանու կանոնակարգը չի հաստատվել: Համայնքապետի խոսքերով` ավագանու նշված 5 անդամները ցանկանում են, որ համայնքապետարանի ենթակա հիմնարկների` մանկապարտեզի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, կոմունալ ծառայության տնօրեններին ավագանին նշանակի, սակայն դա ՏԻՄ օրենքի խախտում է: Ժ. Մարտիրոսյանի վկայությամբ` եթե ավագանին 2 անգամ չի հաստատում այդ հիմնարկների տնօրենների թեկնածությունը, ապա համայնքի ղեկավարն ինքն է նշանակում նշված հիմնարկների ղեկավարներին:
Մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի, վերջինիս որդիների եւ Ազատամուտի մի քանի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական 3 գործերի վարույթը միացվել է, քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») եւ 137 հոդվածով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»), քրեական գործով ներկայումս մեղադրվողներ չկան: ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանը Ազատամուտ համայնքը ղեկավարում է 2008թ.-ից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

20 ԸՆՏԱՆԻՔ` ԱՆՕԹԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
Գյումրին հայտնվել է գործարարների ուշադրության կենտրոնում: Գործարար, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դիմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` ցանկություն հայտնելով սեփականաշնորհելու Գյումրու Բարեկամության այգին, այն դարձնելու ժամանցի կենտրոն: Նախատեսվում է մոտ 4 միլիոն դոլարի ատրակցիոններ տեղադրել, տարածքում նաեւ սրաճարաններ ու կարուսելներ են լինելու: Ծրագիրն, իհարկե, գյումրեցիների սրտով է, սակայն Բարեկամության այգում 20 ընտանիք է ապրում: Նրանց արդեն հրահանգվել է սեղմ ժամկետում ազատել այգին. «Արդեն 30 տարի Բարեկամության այգում եմ ապրում: Փոքրիկ տնակում 7 անձով ենք բնակվում: Եկան քաղաքապետարանից, ասացին, որ բարերար է հայտնվել, տարածքը պետք է ազատենք: Ոնց կարող եմ թողնել տնակս, երբ գնալու տեղ չունեմ: Հենց իմ պահանջները բավարարեցին, ես էլ նրանց պահանջը կբավարարեմ»,- ասում է բնակիչներից մեկը:
Բնակիչների պահանջները հիմնականում նույնն են՝ ապահովել հարմարավետ բնակարաններով՝ կոմունալ բոլոր պայմաններով. «Արդեն 30 տարի` քայքայված տնակներում ենք, այլեւս հարմարվելու նպատակ չունենք, հիմա էլ թող մեզ հարմարվեն»,- ավելացրեց տարածքի բնակիչներից մեկը:
Քաղաքացիներն ասում են` 3 միլիոն դրամ գումար է առաջարկվել յուրաքանչյուրին նոր բնակարան ձեռք բերելու համար: Շատերը որոնել են, բայց այդ գնի սահմանում Գյումրիում լավ բնակարան չի գնվի: Ասում են` հնարավոր չէ գումարի մեջ տեղավորվել, իրենք չեն պատրաստվում լքել ժամանակավոր կացարանները:
Բարեկամության այգում դեռ մեկ տարի առաջ մոտ երեք տասնյակ ընտանիք էր ապրում: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ջանքերով շատերի համար կեցության խնդիրը վաղուց է լուծվել: Մյուս ընտանիքներն էլ հանդիսանում էին հիմնադրամի շահառուները: Բայց հիմա նրանց խնդիրը Ռուբեն Վարդանյանի ուսերին է: Տարածքի բարեկարգման ծրագիր նաեւ հիմնադրամն ուներ, ցանկանում էր Բարեկամության այգին Բարերարների այգու վերածել, բարեկարգել ու տեղադրել այն բարերարների անուններով ցուցանակերը, որոնց շնորհիվ ընտանիքները տներ էին ստացել: Սակայն գործարարի ծրագիրը քաղաքապետի սրտով է, արդյունքում հիմնադրամը այգում այլեւս անելիք չունի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ԱԶԱՏՎԵՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` երեկ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: Նրա փոխարեն, սակայն, դեռ նոր նշանակում չի արվել:




Լրահոս