ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխության ալիքը հասել է նաեւ Նկարիչների միություն: Երեկ այնտեղ բողոքի ակցիա էր` միության անդամների մասնակցությամբ։ Նկարիչները պահանջում էին, որ արդեն 20 տարի միության նախագահությունը ստանձնած Կարեն Աղամյանը հրաժարվի իր պաշտոնից, փոխվի միության կանոնադրությունը, միության անդամները ծանոթ լինեն դրամական հոսքերին, պետական պատվերները հաստատվեն գեղխորհրդի կողմից, եւ «Կերպարվեստ» ամսագիրը բովանդակային փոփոխությունների ենթարկվի՝ դառնալով առավել հանրամատչելի։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակցիայի կազմակերպիչ, նկարիչ Խաչիկ Հարությունյանի հետ։

-Պարո՛ն Հարությունյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք միության խնդիրների մասին, նշել եք, որ Կարեն Աղամյանը Հայաստանում եւ արտերկրում ցուցահանդեսներ կազմակերպելիս նախապատվությունը տալիս է յուրայինների աշխատանքներին, իսկ միության մյուս անդամները նույնիսկ տեղյակ չեն լինում այդ միջոցառումների մասին։ Կցանկանայի` մանրամասնեք այս եւ այլ խնդիրների մասին։
-Նախ՝ Կարեն Աղամյանի իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ։ Նա արդեն հինգերորդ անգամն է պատրաստվում նախագահել միության նախագահի պաշտոնում, 1998-ից այդ պաշտոնն է զբաղեցնում։ Ո՞նց կարող է մարդ 20 տարի այդ պաշտոնում մնալ։ Նկարիչների միություն կոչվածը վաղուց սպառել է իրեն, չի կատարում իր ֆունկցիաները։ Այն իր որակական հատկանիշները հավասարեցրել է զրոյի։ Մենք ճիշտ ենք, Կարեն Աղամյանը` սխալ։ Սա նա պետք է անպայման հասկանա։ Ոչ մի նորմալ նկարչի ցուցադրվելու հնարավորություն չի ընձեռվում։ Միության անդամներից ոչ ոք չգիտի՝ ինչպես են տնօրինվում միություն մտնող գումարները։ Եվ հետո` միայն նախագահությունը փոխելով` ոչնչի չենք հասնի։ Պետք է փոխել միության կանոնադրությունը։ Պետական պատվերները պետք է հաստատվեն պրոֆեսիոնալների կողմից։ Գեղխորհուրդը պետք է ստեղծվի մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում։ Արտասահմանում տեղադրվող հուշարձանների, քանդակների, որմնանկարների, ցուցադրվող նկարների համար պետք է գեղխորհրդի անդամները իրենց համաձայնությունը տան։ Չէ՞ որ դրանք պետության դեմքն են։ Օրինակ՝ Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման համար ո՞վ է պատասխանատու։ Ինչո՞ւ են թույլ տվել, որ այդ անորակ աշխատանքը երկրի անունից ներկայացվի։
-Քանի որ միության նախագահ Կարեն Աղամյանն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում էր, այսպես թե այնպես, ներկա չգտնվեց ակցիային։ Հետաքրքիր է՝ նրա վերադարձից հետո պարոն Աղամյանի հետ հույսեր կապո՞ւմ եք, ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից։
-Ի դեպ, ասեմ, որ Կիեւ մեկնելուց առաջ Աղամյանը հրահանգել է հեռացնել ինձ միությունից, սակայն գեղխորհուրդը չի հաստատել այդ որոշումը։ Իհարկե, Աղամյանը պարտավոր է հաշվի նստել մեր փաստարկների հետ, պետք է նստի մեզ հետ երկխոսության։ Նա պետք է հասկանա, որ սա դատախազություն չէ, այլ արվեստագետների միություն։ Նա պետք է խաղաղ հեռանա եւ իր տեղը զիջի արժանավորին։
-Դուք եւ մյուս նկարիչները առաջ եք քաշում երիտասարդ ղեկավարներ ունենալու անհրաժեշտության հարցը։ Կհիմնավորե՞ք՝ ինչ նկատի ունեք։
-Նախկինում գոյություն ուներ Երիտասարդական միություն, հիմա այն չկա։ Ես այսօր երիտասարդ նկարիչների հետ խոսում էի այդ միության վերականգնման անհրաժեշտության մասին։ Ընդ որում` պետք է, որ Երիտասարդական միությունից երկու-երեք հոգի ընդգրկվի նաեւ գեղխորհրդի կազմում։
-Նկատենք, որ ակցիան այնքան էլ մարդաշատ չէր։ Ինչու՞՝ հասկանալի չէ, հատկապես որ նշում եք, թե դժգոհող նկարիչները մեծ թիվ են կազմում։
-Նախ՝ նկարիչների մաս կազմող դասախոսական կազմը քննության էր, բացի այդ՝ ակցիայի իրականացման օրը նաեւ Արա Շիրազի հուշատախտակի բացումն էր, եւ նկարիչների զգալի հատված այդ միջոցառմանն էր մասնակցում, այդ էր պատճառը, որ ակցիային շատերը ներկա չէին։ Բայց հունիսի 15-ին Կարեն Աղամյանը վերադառնալու է, եւ մենք էլի ենք հավաքվելու եւ ներկայացնելու ենք մեր պահանջները։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԱՆՋՎԵՑ՝ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ»

«Հիմա բոլորը քաղաքական գործիչներ են, ում հարցնես, կասի` ես աշխարհի ամենալավ վարչապետը կլինեմ: Հիմա չգիտես՝ ինչ խոսես, մի բան էլ ասում ես, սկսում են որակումներ տալ՝ «մշակութային տականքներ», «ծախվածներ», չգիտեմ` ինչեր: Չգիտես՝ այս ժողովուրդը ինչ է ուզում: Հիմա մի տենդենց կա, որ աստիճանաբար զարգանում է՝ մարդկանց «քլնգելը»»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետականների նախընտրական քարոզարշավների մաս կազմող համերգներին ելույթ ունեցած երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն՝ անդրադառնալով Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքին եւ դրա վերաբերյալ իր դիրքորոշմանը:

Նա, ամեն դեպքում, հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ հարցին, թե ինչ հույսեր է կապում նոր կառավարության հետ, Ասոն պատասխանեց. «Դրա մասին կարող եմ խոսել ավելի ուշ: Նորընտիր վարչապետը տանջվեց, հազար հոգու հետ թուրութվանքով թշնամի դարձավ հանուն ժողովրդի լավ ապրելու, նրա բարեկեցիկ կյանքի: Հիմա պետք է համբերել, որ տեսնենք՝ ինչ է անում, անում է, թե չի անում: Աստված գիտի՝ ինչ կլինի, չնայած Հայաստանի հետ կապված արդեն Աստված էլ չգիտի` ինչ է լինելու(ծիծաղում է)»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ տպավորություններ ունի Ասոն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից. «Չգիտեմ, ես միշտ էլ լավատես եմ եղել: Ճիշտ աշխատել է պետք: Նախարարը պետք է ճիշտ կողմնորոշվի օգնականներ ընտրելու հարցում, այլապես հիմա շատերը կան, որոնք իբր օգնում են, բայց ավելի շուտ անդունդն են նետում մարդուն»,-տեսակետ հայտնեց երգիչը:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական նորություններից: Ասոն տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի հայկական եւ բուլղարական երգերի միքս՝ պարային եւ ռիթմիկ մի գործ. «Բուլղարական այդ երգը պատահաբար լսեցի, փորփրեցի, տեղեկացա, որ այն բավական հին ստեղծագործություն է, որոշեցի նորովի մատուցել: Հնարավոր է նաեւ` տեսահոլովակ նկարահանեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՆՈՐ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
Կառավարության երեկվա նիստի որոշմամբ ստեղծվել է «Բջնի-ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները: Հարցը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ դրանց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում: Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը եւ 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը: Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին

 

 

ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ
Հայաստանի հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի: «Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաեւ ՀՀ Զինանշանը, իսկ մյուսի վրա «Արսենալ»-ի գույներն են եւ «զինագործների» տարբերանշանը: Խաղակոշիկների հետեւում պատկերված են նաեւ Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները` համապատասխանաբար «Արսենալ»-ում` 7, Հայաստանի ազգային հավաքականում` 18:

 

 

ՄԱՐՍԵԼՈՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Ռեալ»-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն մեկնաբանել է այն շշուկները, թե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` մադրիդյան ակումբ տեղափոխությանը խանգարում է թիմում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը. «Կրիշտիանու Ռոնալդուն չի ղեկավարում «Ռեալ»-ը: Եթե նախագահը որոշի, ցանկացած ֆուտբոլիստ կարող է գալ թիմ: Ասում են, որ Նեյմարը մինչ օրս «Ռեալ»-ում չէ, քանի որ Ռոնալդուն է այստեղ, բայց նման բան չկա: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են, որ Կրիշտիանուն մնա, բայց սա ամենեւին կապված չէ Նեյմարի հարցի հետ. նրա համար մեր դռները միշտ բաց են: Կարծում եմ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալ»-ում, եւ, ինչպես ես բազմիցս ասել եմ, ըստ իս` Նեյմարը մի օր կգա մեր թիմ»,- ասել է Մարսելոն:




Լրահոս