ԱՄԵՆ ԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ԹՈՂ ԻՐԵՆ ՑՈՒՅՑ ՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ երկրորդ այցի, Հայաստանի նոր կառավարության կադրերի, Ադրբեջանի գործողությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի հետ:

-Պարոն Կորոտչենկո, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ի՞նչ կարելի է ակնկալել երկրորդ հանդիպումից:
-Առաջին հանդիպումը ծանոթություն էր, նաեւ պարոն Փաշինյանի` իր նոր կարգավիճակին հարմարեցումը: Առաջին հանդիպմանն անդրադարձ կար երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների համատեքստում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների վերահաստատման հարցին տնտեսության եւ ռազմական ոլորտում: Դա արարողակարգային հանդիպում էր, ոչ ավելին:
-Արցախի սահմանին օրերս հայ զինվոր սպանվեց ադրբեջանական կողմից, Թուրքիան էլ համազորային բանակ է Նախիջեւանում տեղակայել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական գործընթացներով:
-Ես կարծում եմ` գլխավորն այժմ Հայաստանի համար այն է, որ պարոն Փաշինյանն ունենա աշխատունակ, կոմպետենտ նախարարներ: Դեռեւս մենք տեսնում ենք շատ երիտասարդ մարդկանց, ովքեր այնքան էլ մեծ փորձ չունեն պետական համակարգում, եւ նրանք պետք է այդ փորձը ձեռք բերեն: Գլխավոր մարտահրավերը Հայաստանի համար ներքաղաքական է: Ոչ մի Ադրբեջան չի կարող այնքան վատություն անել Հայաստանին, որքան ոչ կոմպետենտ նախարարների կաբինետը: Այդ իսկ պատճառով Փաշինյանն առաջնահերթ պետք է կարգավորի սեփական կառավարության կաբինետը: Իսկ այսօրվա նախարարները պետական համակարգում աշխատանքի փորձ չունեն: Եվ սա է հետագայում որոշելու Փաշինյանի կառավարության հաջողությունը կամ անհաջողությունը:
-ՀՀ վարչապետը վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը նույնպես պետք է բանակցությունների մասնակցի` որպես երրորդ կողմ: Գուցե սա՞ էլ է ազդել Ադրբեջանի պահվածքի վրա:
-Եւս մեկ անգամ ասեմ. գլխավոր խնդիրն այսօր Հայաստանի համար այն է, որ Փաշինյանի կառավարությունը նորմալ աշխատի: Նրանք պետք է նորմալ ղեկավարեն երկիրը, որպեսզի տնտեսությունն աշխատի, ներդրումներ լինեն: Դա է գլխավոր խնդիրը: Իսկ եթե Փաշինյանի կառավարությունը ոչ կոմպետենտ լինի եւ սլաքներն ուղղի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմ, չի ընդունվի հայ ժողովրդի կողմից: Հայ ժողովուրդը բողոքի ցույցերի դուրս եկավ, որպեսզի Հայաստանում կոռուպցիային վերջ տրվի, բարձրանա մարդկանց կենսամակարդակը: Դրանով պետք է Փաշինյանը զբաղվի: Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի կողմ սլաքներն ուղղելու փորձերը կավարտվեն նրանով, որ նա կարժանանա նախորդ նախագահի ճակատագրին: Դրա համար Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի, որպեսզի աճի տնտեսությունը, մարդիկ նորմալ ապրեն: Բայց բավական ոչ կոմպետենտ մարդիկ կան: Եթե Փաշինյանի կառավարությունը պրոֆեսիոնալ ձեւով ղեկավարի երկիրը, ավելի կհեշտանա արտաքին քաղաքականության հարցը:
-Իհարկե, կարծիքները տարբեր են: Բայց տեղեկություններ կան, որ ՌԴ պետդումայում այնքան էլ դրական չեն ընդունել ՀՀ կառավարության նոր դեմքերին:
-Գիտեք ինչ, Հայաստանի ընտրությունը հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք, ցանկանալով բարգավաճում հայ ժողովրդին, ցանկանում ենք, որպեսզի ծաղկի տնտեսությունը: Իսկ Հայաստանի տնտեսությունը հիմնականում կծաղկի այն պատճառով, եթե կոմպետենտ լինեն կառավարության դեմքերը: Ռուս փորձագետներն ասում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքն էլ միանշանակ չէ. 2000 մարդ աշխատում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ կառուցելու այնպիսի քաղաքական ապագա, որ Հայաստանը մտնի ԱՄՆ ուղեծրի մեջ: Այնպես որ ընտրությունը Հայաստանինն է: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Եթե Ձեզ դուր է գալիս Փաշինյանը, ի սեր Աստծո, թող լինի Փաշինյանը: Մենք Ռուսաստանում, մեծ հաշվով, հետեւում ենք իրադարձություններին, մենք չեն ազդում դրանց վրա: Բայց ինձ զարմացնում է այն, որ կան նախարարներ, ովքեր փորձ չունեն: Դա ինձ հիշեցնում է 90-ականների սկզբի Ռուսաստանը, երբ Գայդայի թիմը Ռուսաստանին բարդ իրավիճակի էր բերել: Գլխավորն այն է, որ Հայաստանը նման իրավիճակում չհայտնվի: Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատվություն կրում: Ամեն ինչ Փաշինյանի ձեռքերում է, թող իրեն ցույց տա: Եթե նա վերցրել է իշխանությունը, ուրեմն պետք է պատասխանատվություն կրի դրա համար:
-Իսկ ՌԴ-ն ի՞նչ է մտածում Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնելու հարցի շուրջ:
-Դա պետք է որոշի քաղաքական ղեկավարությունը: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ իրավիճակ լինի, բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով: ՀՀ նոր վարչապետը պետք է ցույց տա իրեն, որովհետեւ մի բան է լոզունգներով դուրս գալ փողոց, մեկ այլ բան է ղեկավարել երկիրը:
-Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ ՌԴ-ն շարունակաբար զենք է վաճառում Ադրբեջանին:
-Մենք զարգացնելու ենք Հայաստանի հետ հարաբերությունները նույն կերպ, ինչպես զարգացնելու ենք Ադրբեջանի հետ: Մեզ համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարեւոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները: Բայց Ադրբեջանը ՀԱՊԿ կազմում չկա, իսկ Հայաստանը կա: Այդ իսկ պատճառով որոշակի տարբերություն կա: Բայց մենք բոլորի հետ ենք ուզում լավ հարաբերություններ զարգացնել:

 

 

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Երեւանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է «Երեւան» հիմնադրամի լուծարման հարցը: Խոսքն այն մարմնի մասին է, որի մուտքերի եւ ծախսերի օրինականության վերաբերյալ կան լուրջ կասկածներ, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, այս հիմնադրամին պարտադիր նվիրատվություն են կատարում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք այս կամ այն հարցով դիմել են քաղաքապետարան, ու ցանկանում են, որ հարցը դրական լուծում ստանա:

Թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամում ստուգումների ու բացահայտումների շարք է սպասվում: Պատահական չէ, որ մինչ այդ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին իրենց անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Գործիչները կասկածներ ունեին, որ հիմնադրամում կարող են կոռուպցիոն սխեմաներ լինել: Եվ այս իսկ պատճառով իրենք դիմել են դատարան, որպեսզի քննվի հիմնադրամի գործունեությունը: Դատական առաջին նիստը տեղի կունենա հունիսի 27-ին: Ու հիմա, փաստորեն, մինչ այդ հիմնադրամը լուծարվում է:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից: «Երեւան հիմնադրամը քաղաքապետարանի կազմի մեջ չի մտնում: Դա առանձին կառույց է»,- ասաց նա: Հարցին, թե ինչու է հիմա որոշվել կատարել այդ գործընթացը, Գեւորգյանն ասել է. «Ես տեղեկություն չունեմ, քանի որ այն մեր աշխատակազմի հետ կապ չունի»: Չնայած, հիշեցնենք, «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ավելին` հոգաբարձուների խորհրդի անդամ են քաղաքապետարանի պաշտոնյաները:
Թեմայի շուրջ զրուցել ենք նաեւ խնդրով զբաղվող պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
-Տիկին Նազարյան, ավագանու հաջորդ նիստում քննարկվելու է «Երեւան» հիմնադրամի լուծարման հարցը: Մյուս կողմից պետք է դատական նիստ տեղի ունենա: Լուծարման գործընթացը չի՞ խանգարի Ձեր նախաձեռնած քայլերին:
-Կարծում եմ` անկախ այն հանգամանքից, թե կդադարեցվի, չի դադարեցվի գործունեությունը, մենք դատարանով պետք է կարողանանք ստանալ այդ հիմնադրամի նախկին տարիների գործունեության մասին տեղեկություններ:
-Այսինքն` կան կասկածներ, որ հիմնադրամում կոռուպցիոն գործարքնե՞ր են եղել:
-Այո՛, կան կասկածներ, որ այդ հիմնադրամին քաղաքացիները նվիրատվություններ են արել, ավելի ճիշտ` իրենցից կաշառքներ են ուզել, որ ինչ-որ արտոնություններ տան քաղաքապետարանից: Եվ դա հիմնադրամի կողմից ներկայացվել է որպես իրենց բարի կամքի դրսեւորում: Մենք խնդրել ենք, որպեսզի մեզ տրամադրեն այն բոլոր մարդկանց ցանկը, ովքեր արել են այդ նվիրատվությունները: Իսկ հիմնադրամի լուծարման հստակ պատճառը չգիտեմ: Դա թող իրենք բացատրեն, բայց հնարավոր է` դա կապված է մեր` դատական ընթացք տալու հետ: Երեւի էլ պետք չի, որ երեւա որպես հիմնադրամ:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ
Մինչ նոր կառավարությունը խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, դեռեւս մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակեղծարարության դիմած անձինք դատարաններում կռիվ են տալիս: 2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններին ընտրակեղծիքի համար կալանավորված Դավիթ Սիմոնյանի գործով վճիռը հրապարակվել է: Հիշեցնենք, որ նա ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս եւ այնտեղ վերցնելով եղբոր անձնագիրը` գրանցվել է ընտրողների ցուցակում եւ քվեարկել նրա փոխարեն: Մայիսի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է նրան ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով եւ 300 հազար դրամ տուգանք նշանակել: Սակայն նկատենք, որ ընտրակեղծիքի համար դատապարտված Սիմոնյանը համաձայն չէ այս որոշման հետ, բողոքարկել է այն ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով արդարացնել իրեն:

 

 

ԷԼԻ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ
Այս տարվա հինգ ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 3054 մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիսին մեկնել է 448 հազար 626 մարդ եւ ժամանել` 447 հազար 500-ը: Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը` 1126 մարդ: Իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 30 հազար 639 եւ վերադարձել` 28 հազար 711 մարդ, բացասական մնացորդը` 1928 հոգի: Ասել է թե` այս տարվա հինգ ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 3 հազար 54 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, եւ արտագաղթի ամբողջական ծավալների մասին կարելի է պատկերացում կազմել, երբ հրապարակվեն ընդհանուր ցուցանիշները:

 

 

ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Հունիսի 6-ին Վերաքննիչ դատարանը հետաձգեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի միջնորդությունը եւ չփոխեց նրա խափանման միջոց կալանքը: «Հիմա ես էլի չեմ տեսնում, որ դատարաններն արդարադատություն են իրականացնում»,-անդրադառնալով հունիսի 6-ի որոշմանը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա, սակայն, շեշտեց, որ անկախ դատավորի որոշումից` շարունակելու են պայքարել, որպեսզի արդար որոշում կայացվի, քանի որ նոր Հայաստանում Գեւորգի արարքն այլեւս դատապարտելի չէ, եւ նա պետք է ազատ արձակվի: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը նախորդ տարվա հունվարին 2 տարվա ազատազրկման դատապարտվեց` ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Պատժի կեսից ավելին նա արդեն կրել է:




Լրահոս