Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, որի շրջանակներում նա ձերբակալվել էր, բայց հետո ազատ արձակվել:
– Պարո՛ն Համբարձումյան, կարծես թե վերջին ամիսներին դարձել եք Հայաստանի ամենահայտնի քաղաքապետը, ում անունն ամենաշատն է շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում, իսկ բոլոր այդ պատմությունները սկանդալների հետ են կապված:
– Անկեղծ ասած` արդեն հոգնել եմ ամեն անգամ նույն բանը կրկնելուց, միեւնույնն է, եթե հիմա հերթով անդրադառնամ իմ անձի հետ կապվող դեպքերին կամ, ավելի ճիշտ, դրանք հիմնավոր կերպով հերքելուն, ապա զանգելու են ձեր մյուս գործընկերները եւ նույն թեման սկսելու են շահարկել: Միգուցե ամբողջ խնդիրն այն է, որ ես բարեխղճորեն կատարել եմ իմ աշխատանքը, իմ քաղաքի հոգսերով եմ ապրել ու քիչ ուշադրություն եմ դարձրել իմ աշխատանքը ներկայացնելուն, ինչը ստիպել է Մասիսից եւ մեր մարզից դուրս բոլորին հիշել միայն իմ բարեկամների ու ազգակցական կապերի մասին. թերեւս սկսեմ ավելի ակտիվ շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
– Այսինքն` պնդում եք, որ, օրինակ, Էրեբունու դեպքերի հետ կապ չունե՞ք:
– Ես ոչ միայն կապ չունեմ, այլեւ զարմանում եմ, որ մարդիկ այդ դեպքերը կապում են իմ անվան հետ, ի՞նչ եք կարծում, առաջնային մանդատով քաղաքապետ դարձած մարդը պետք է դուրս գար եւ տուրուդմփոց սարքեր ցուցարարների հետ, չե՞ք կարծում, որ այդ մակարդակի իջնելը ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաբարոյական, քաղաքապետը պետք է մնա իր դիրքում, եւ ես իմ դիրքում եմ:
– Փաստորեն, Ձեզ լավ քաղաքապետ եք համարո՞ւմ:
– Խնդրում եմ, գոնե մեկ-մեկ գալ Մասիս ու տեսնել կատարած աշխատանքը, ծանոթանալ ծրագրերի հետ: Լումա-լումա փող ենք հավաքում, որ քաղաքում մի հարց լուծենք, մի քիչ գեղեցկացնենք, մարդիկ չձգտեն ժամանակ անցկացնելու համար գնալ այլ քաղաքներ, կարող եմ ասել` կոռուպցիոն երեւույթների ռիսկերը գրեթե զրոյական են, իսկ ԶԼՄ-ներն ու սոցցանցերի շատ օգտատերեր հերիք չի՝ չեն ասում` լավ, գոնե աշխատում է, այլ իմ անձը ներքաշում են պատմությունների մեջ, որի հետ ես կապ չունեմ: Օրինակ` Դուք քանի՞ անգամ եք եղել Մասիսում ու քանի՞ անգամ եք շփվել մասիսցիների հետ:
– Առիթ չեմ ունեցել:
– Բա դե տեսնո՞ւմ եք, միայն սոցցանցերից ու անհայտ ծագման լրատվամիջոցներից եք տեղեկություններ ստանում, դրա համար էլ նման սխալ տպավորություն ունեք:
– Պարո՛ն Համբարձումյան, խոսքը միայն Էրեբունիում տեղի ունեցած դեպքերի մասին չէ, տեսագրություն կա, որտեղ երեւում եք Արտաշատ-Երեւան մայրուղու վրա հավաքված բազմության հետ:
– Այդ օրն իսկապես եղել եմ, այս պահին թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, բայց գնացել էի որպես Մասիսի քաղաքապետ, եւ այնտեղ մեծ թվով մասիսցիներ եւս կային, գնացել եմ, որպեսզի իրավիճակը հանկարծ անվերահսկելի չդառնա, ես փորձել եմ հանգստացնել կրքերը ու, կարծես թե, դա ինձ հաջողվել է, որի համար հերթական անգամ ոչ թե դրական խոսքեր լսեցի, այլ մեղադրանքներ:
– Լավ, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ոստիկանություն հրավիրելը, դատախազության հայտարարությունը եւ իրավապահների պահվածքը:
– Այդ մասով մեկնաբանություններ տվել եմ, ես պնդել ու պնդելու եմ, որ ենթադրյալ քրեորեն պատժելի գործողության կամ արարքի մասնակից չեմ եղել: Իրավապահների աշխատանքը հարգել եւ հարգում եմ, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում ամեն կերպ աջակցել նրանց, եթե նորից հարցեր կլինեն, պատրաստ եմ դեպքերի ցանկացած ընթացքին, գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությունները:
– Նոր կառավարության հետ աշխատել պատրաստվո՞ւմ եք:
– Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, ասեմ ավելին, պարտավոր եմ հանուն իմ քաղաքի ակտիվորեն աշխատել կենտրոնական իշխանությունների եւ մարզպետարանի հետ, ընդհանրապես համայնքների ղեկավարներս առաջնային մանդատ ստացած մարդիկ ենք եւ ժողովրդի առաջին դարդուցավը տեսնողը մենք ենք, մեզ հետ հույսեր շատ են կապում, եւ հուսով եմ` նոր կառավարությունը Մասիս քաղաքի խնդիրները լուծելու ավելի շատ հնարավորություն կունենա: Իսկ հանդիպում դեռ չի եղել:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի կալանավորման մասին լուրը կայծակնային արագությամբ է տարածվել քաղաքում: Մինչ ուրբաթ երեկո դպրոցի տնօրենը աշխատանքի վայրում է եղել, խոսել անձնակազմի հետ, քննարկել քննություների հետ կապված խնդիրներ: Տնօրենի կալանավորումից հետո դպրոցում իրավիճակը լարված է: Ոստիկաններն հաճախ են այցելում, հարցաքննում յուրաքանչյուրին ու փորձում պարզել այն անձանց անունները, որոնք հնարավոր է` կապ ունենան չարաշահումների հետ: Այժմ դպրոցի կազմակերպչական հարցերով ուսումնական գծով փոխտնօրեն Հայկուհի Ջանոյանն է զբաղվում: Նա տնօրենի կալանավորման մասին սոցիալական կայքերից է իրազեկվել. «Այսօր սպասում էինք տնօրենին, չեկավ աշխատանքի, հետո իմացանք, որ կալանավորվել է: 2011 թվականից ղեկավարել է դպրոցը, խնդիրներ մինչեւ հիմա չեն ծագել»,- ասաց նա:
Ներառական կրթական համակարգում ֆինանսավորումը կատարվում է ըստ երեխաների թվի: Տրամադրվում է սնունդ ու ճանապարհածախս: Պարզվում է` դպրոցի տնօրենը, ըստ նախնական տվյալների, չարաշահումներ է թույլ տվել սննդի ձեռքբերման ուղղությամբ: Ծնողներից մի քանիսը հաճախ են բողոքել սննդից, բայց բողոքներն անպատասխան են մնացել մինչ գործի դատարան հասնելը. «Ծնողների հետ զրուցել եմ, նրանց կողմից բողոքներ կան, որոնք կապված են սննդի փաթեթների հետ: Խնդիրը կապված է սննդի որակի հետ, ծավալի հետ: Հնարավոր է` հենց այդ ուղղությամբ էլ եղել են չարաշահումները»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Չարաշահումներն ի հայտ են եկել մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում: Հայտնաբերված բացթողումներն ու չարաշահումները հավաստող փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն: Քննության արդյունքում պարզվել է, որ 697-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն դպրոց է մատակարարվել եւ երեխաներին բաշխվել մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է:
Այժմ համապատասխան գործողություններ են իրականացվում պարզելու այն անձանց անունները, որոնք հնարավոր է` ունեն որեւէ առնչություն գործի հետ: Մինչ այդ թիվ 40 դպրոցի Մասանագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Նվարդ Մկրտչյանն էլ պնդում է, թե դպրոցում ներառական կրթությունը իրականացվել է պատշաճ մակարդակով: «Մեկ ամիս առաջվանից ոստիկանները եկան, սկսեցին հարցաքննել: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Ես զարմանում եմ՝ ծնողներն ինչու են բողոքում: Այսքան ժամանակ որեւէ մեկը մեզ չի դիմել»:
Շիրակի մարզում սա Ներառական կրթական համակարգում չարաշահումների հայտնաբերման երկրորդ դեպքն էր: Առաջինը եղել էր ամիսներ առաջ Բյուրակնի դպրոցում:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում` սպառողական շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի գնանկումով: Բայց չնայած այդ հանգամանքին` ՀՀ քաղաքացին ոչ բոլոր ապրանքատեսակների մասով է զգում գնանկումը:
Եւ այսպես, պաշտոնական տվյալներով` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժանացումը: Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավականին էժանացավ` ավելի քան 200 դրամով: Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաեւ կաթնամթերքը` պանիրը`1.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամսվա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը եւս էժանացել է: Ըստ վիճակագրական կոմիտեի` միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան եւս անմասն չի մնացել էժանացումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքարավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը եւս արձանագրվել է իշանափոխությունից հետո:
Փոխարենը ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների` համապատասխանաբար 0.1 եւ 0.2 տոկոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում թանկացել են դեղագործական ապրանքները` 0.4 տոկոսով: Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը` 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը` 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը` 2.3 տոկոսով: Սա, թերեւս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տոկոս հավելաճով: Մյուս կողմից բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հուսանք, որ վիճակագրական կոմիտեի արձանագրած գնանկումը շուտով քաղաքացու համար տեսանելի կլինի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ