ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԻՍԿԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության արտահերթ նիստում ընդունվեց հարկային օրենսգրքում մի շարք հստակեցումների ու համաներման մասին նախագիծը: Այն ներկայացրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` հայեցակարգային փոփոխությունները դեռ քննարկումների մեջ են: Նրա խոսքերով` այս որոշումը հստակեցումների ու համաներման գործառույթների մասին է: Ի դեպ, նշենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:
Այս թեմայի շուրջ երեկ որոշ մասնագետներ կարծիքներ հայտնեցին այն մասին, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասով տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ: Սակայն ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց` նշելով, որ այս փոփոխության նախագիծը մշակվել է դեռեւս հունվար-փետրվար ամիսներին: «Կարեն Կարապետյանի կառավարությունը համաձայնվեց եւ առաջարկները ընդունեց, որ հարկային օրենսգրքում կան դեռեւս թերություններ: Իսկ հունվար-փետրվար ամիսներին ինտենսիվ քննարկումներ են անցկացվել: Ընդ որում` խորհրդակցությունը անցկացնում էր ներկայիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով այդ ժամանակ հանդիսանում էր հանձնաժողովի` ֆինանսների նախարարության կողմից նախագահող անձնավորությունը: Այդ քննարկումների արդյունքում արդեն փետրվար ամսին նախագիծը համարյա պատրաստ վիճակում էր: Դրանից հետո հասկանալի պատճառներով փոփոխություններ եղան, հետաձգվեց, ապա որոշակի մասեր հղկվեցին: Եւ քանի որ այդ փաթեթը պատրաստ էր, դրա համար հիմա արդեն կառավարությունը իր ընթացակարգերով պետք է շարունակի տանել առաջ: Այսինքն` ներսում պետք է քննարկվի, ապա ուղարկվի ՀՀ ազգային ժողով»,- ներկայացրեց Գագիկ Մակարյանը: Ապա ավելացրեց, որ այդ քննարկումներին մասնակցել է նաեւ բիզնես ասոցիացիաների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրա խոսքերով` այս փոփոխությունները կարեւոր են, քանի որ նպատակ ունեն հենց ռիսկերը շտկել, վերացնել, բացառել. «Առաջարկությունների փաթեթը բավականին լավն է»:
Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ առեւտրային բանկերը կարող են ներել այդ գումարները: «Դեռ պարզ չէ` արդյոք պետությունը չի խառնվում, ինչ-որ սուբսիդիաներ, կոնպենսացիաներ ունի` բանկերի հետ կապված, թե բանակցությունները բացարձակ թողնում է բանկերի ու հաճախորդների վրա: Դեռեւս պարզ չէ: Կառավարությունը հենց սկզբից մտադիր էր գյուղատնտեսության ոլորտում վարկային ներում իրականացնել, որովհետեւ գյուղացիները կքում են այդ բեռի տակ, չեն կարողանում մարել, գումար չկա իրենց ձեռքին գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Բայց այս դեպքում պետությունը հնարավոր է` միջամտի: Դրա համար պետք է տեսնենք, թե ինչ որոշում կընդունվի, եւ որ ուղղությունով այն կընթանա»,- նկատեց մասնագետը:
Բացի այս, նախագծով առաջարկվում է նաեւ որոշ ապրանքների դրոշմավորումը հանել: Այդ ապրանքներից են աղը, կաթնամթերքը, պանիրը, սուրճը, թեյը եւ այլն: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարության` աղը կհանվի դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, եւ, բացի այդ, աղի դրոշմավորումը առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ: Նաեւ մինչեւ 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը եւս կհանվի դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետեւաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար: Իսկ ահա թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչեւ 10 տոկոս շեղումը չի դիտարկվի դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:
Ըստ Մակարյանի` սա լավ հնարավորություն է հնից ազատվելու համար. «Հիմա պետք է փոխել եւ հրաժարվել հնից եկող հոգեբանական թելադրված փոփոխություններից: Չէ՞ որ ամեն ինչը չէ, որ կարելի է ստուգել, ամեն մեկի կողքին չես կարող մի ստուգող կանգնեցնել: Դրա համար ես կողմ եմ այս փոփոխություններին: Թեթեւացնել է պետք, որքան կարելի է: Ռիսկեր չեմ տեսնում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԿՍԵԼ Է ՄԵՂԱԴՐԵԼՈՎ
Լոռու նորանշակ մարզպետ Հրանտ Մարգարյանի առաջին խորհրդակցության օրակարգը թեեւ լայն էր, բայց քննարկումներն ու հարցերը շատ չէին: Պարզվեց, որ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում` ներառյալ հանգստյան օրերը, վարչության պետերի հետ հանդիպումներ ու քննարկումներ արդեն եղել էին: Մարզպետ Մարգարյանը սրտնեղեց, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել եւ համապատասխան լուսաբանում չի եղել: Թեեւ Լոռու մարզպետն այս միտքը մի քանի անգամ կրկնեց, բայց օրակարգային հարցերից հետո լրագրողներին դուրս հրավիրեց: Նիստի ավարտին հետաքրքրվեցինք, թե ինչու մարզպետ Մարգարյանը պատասխանեց. «Օրակարգը ձեզ հայտարարած էր, օրակարգի շրջանակներում դուք ներկա եք եղել, իսկ այլ քննարկումներ, որոնք կարող են ընկալվել որպես իրականություն (սպասեք դրան), բայց իրականությանը դա չհամապատասխանի: Դրա համար աշխատանքային վիճակ կա, պրոցես կա, որը ես եմ որոշում լինի լրագրողների ներկայությամբ, թե ոչ: Այսինքն` թափանցիկության հետ կապված ոչ մի խնդիր չպետք է լինի եւ ոչ մի կասկած: Ես պատրաստ եմ 100 օրը լրանալուց հետո մամլո ասուլիս հրավիրեմ»: Մեր հարցին, թե մեղադրում եք Զլմ-ներին չլուսաբանելու համար, բայց դուք մեզ հետ չեք աշխատում, չեք համագործակցում, մարզպետը չպատասխանեց, այլ հրահանգեց, հարցի պատասխանի ակնկալիքով իրեն չհետեւել եւ իր աշխատանքին չխանգարել:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Լոռի

 

 

ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ
Հունիսի 12-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Դեբեդավանի միջնակարգ դպրոցում նշանակված է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Այդ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 20 տարի դպրոցը ղեկավարած Մարինե Հարությունյանը, ով հավակնում է տնօրեն ընտրվելու, ասաց, թե նախկինում 3 անգամ մրցույթը չի կայացել, քանի որ մրցութային հանձնաժողովում Տավուշի մարզպետարանի 2 ներկայացուցիչները չեն ներկայացել: Մ. Հարությունյանի խոսքերով` նրանք միտումնավոր չեն ներկայանում մրցույթին, քանի որ մրցույթի կայանալու դեպքում ինքը տնօրեն կընտրվի: Նա հայտնեց, որ մրցույթին չներկայացող անձինք Բերդավան գյուղի բնակիչներ են, կրթության ոլորտի հետ կապ չունեն, մեկը Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանի հաշվապահն է, մյուսը Հ. Աբովյանի սուպերմարկետում արտարժույթի առուվաճառք կատարողը: Վառելափայտի բացակայության պատճառով Դեբեդավանի դպրոցում մարտի 17-ին դասեր չէին կայացել, սակայն այդ օրը դպրոցի 5 ուսուցիչներ աշակերտներին մատյաններում գնահատականներ էին նշանակել: Այդ պատճառով ապրիլի 17-ին նախկին մարզպետ Աբովյանն աշխատանքից ազատել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Հարությունյանին, մարզպետարանի իրավաբանական վարչությունն այդ առթիվ դատախազություն է դիմել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երեւան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում եւ հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը` անկախ պատկանելիությունից: Նախարարը հանձնարարել է նաեւ առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները ծառայության սակագինն իջեցնելու եւ ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:




Լրահոս