Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Երեկ ԱԺ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին: «Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները՝ ասելով, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել: Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջեւ կրկին անհամաձայնություններ են եղել այս անգամ՝ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լինի: Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Էդմոն Մարուքյանը նույնիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը:
Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, եւ վերջ: Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսված է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»: Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երեւանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռեւս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաեւ նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից: Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն: «Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը: Երեկ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականների հետ նրա շիրմին էր այցելել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներքաղաքական այս իրադարձությունների մասին Սարգսյանի կարծիքը իմանալ, սակայն նա այդպես էլ անպատասխան է թողել մեր հարցերն ու հեռացել:
«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Նման պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին է դիմել պաշտպանության նախարարությունը. արդյունքում, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին: Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ «Արտֆուդ»-ը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց: Հատկանշական է փաստը, որ քանի դեռ Աբրահամյանն ու Կարապետյանը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելու հարցում չուներ որեւէ խոչընդոտ: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, «Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները, այն էլ նոր կառավարության օրոք: Հիշեցնենք՝ ընկերության սեփականատերերի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը կրկին խնդիրների առաջ էր հայտնվել:
ՔՈՌ ԲՈՒՆ
Շահագործվել է Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ ծրագիրը: Խոսքը Տրանսանատոլիական գազատարի մասին է, որը կապում է Հայաստանի հարեւան երեք երկրները` Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը: Այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, եւ հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա` միաժամանակ նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Արձանագրենք մեկ տխուր իրողություն. Հայաստանը հետեւողականորեն դուրս է մղվում ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ էներգետիկ համագործակցության տարածաշրջանային ծրագրերից, արդյունքում` ավելի է խորանում մեր երկրի մեկուսացումը: Ավելի վաղ Հայաստանը շրջանցեցին Թբիլիսի-Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին, Տրասեկան: Տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության նոր ծրագիր է նախատեսվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ:
Հայաստանը շրջանցող նման կարեւոր ծրագրերի բացասական հետեւանքները, իհարկե, միանգամից չեն զգացվի, այլ այդ ամենը կերեւա երկարաժամկետ կտրվածքով, մի քանի տարի անց, առավել եւս, երբ Հայաստանը դեռ չի կարողացել այդ ամենին այլընտրանք առաջադրել. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը պարզապես դոփում է տեղում` խժռելով նորանոր գումարներ:
Ու պետք է արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների քսան տարի վարած քաղաքականության ամենամեծ վնասը հենց սա էր: Եթե երկրում հաստատված ու տարիներ շարունակ քարացած կոռուպցիան հնարավոր է արմատախիլ անել, եթե հնարավոր է վերացնել մենաշնորհը, վերականգնել քաղաքացիների եւ տնտեսական ազատությունները, ապա նույնը չես ասի նման ծրագրերի դեպքում. դրանց գործարկումը կասեցնելն այլեւս անհնար է: Գրեթե անհնար է նաեւ հետագայում նման ծրագրի մասնակից դառնալը: Հայաստանը նման ծրագրերից դուրս է մնում գերազանցապես Ղարաբաղյան հակամարտության առկայության, հարեւան երկու պետությունների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ չունենալու պատճառով: Որքան էլ նախկին իշխանությունները, մատնանշելով ԼՂ հիմնախնդիրը, պնդեն, թե այս իրավիճակն ունի իր օբյեկտիվ պատճառները, միեւնույն է, սա արդարացում չէ: Ի վերջո, նույն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նախկին իշխանությունները գնացին ոչ թե խնդիրը լուծելու, այլ ստատուս քվոն պահպանելու ճանապարհով: Հիմա նոր կառավարության առաջ ծառացել է այս հարցում կտրուկ փոփոխությունների եւ առաջին հերթին հարեւան պետությունների հետ հաշտություն եւ բարիդրացիություն հաստատելու հրամայականը: