Հունիսի 11-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասյանն ասաց, թե երբեք չի եղել դեպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկի պարտադիր կուտակային համակարգին,եւ այս անգամ էլ մնում է իր տեսակետին: Վարչապետը հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում: «Մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք` առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ուզում եմ սա հստակ արձանագրենք»:
Երեկ Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանը հարցին, թե ինչու մինչեւ վերջ չպնդեց իր դիրքորոշումը, նշել է, թե իր սկզբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին»,-նշել է նախարարը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ:
-Պարո՛ն Համբարձումյան, վարչապետի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ բանավեճն ինչո՞վ եք պայմանավորում: Արդյոք Մինասյանը թիրախավորվա՞ծ է, թե՞ այլ խնդիր կա:
-Չեմ կարծում, որ թիրախավորված է: Եվ այս հարցի շուրջ Արծվիկ Մինասյանն իր տեսակետն արտահայտել է:
-Հիշենք թեկուզ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նույնպես նման միջադեպեր լինում էին, եւ Մինասյանը նկատողություն էր ստանում:
-Ես կարծում եմ` պարոն Մինասյանը պարզապես հավատարիմ է իր տեսակին, նկարագրին. չի վախենում իր դիրքորոշումները, տեսակետները բարձրաձայն արտահայտելուց, ոչ թե համր լռությամբ համաձայնում է այս կամ այն հարցին: Իսկ այդ քննարկված հարցը` կուտակայինի մասով, ինչ-որ առումով հարկադրված լուծում էր: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծում է ստանում: Եվ պարոն Մինասյանի արտահայտած մոտեցումները վերաբերում էին հենց դրան:
-Բայց այդ ընթացքում Գյուղնախարարը մոտեցավ պարոն Մինասյանին, ականջին ինչ-որ բան ասաց, եւ դրանից հետո Մինասյանը փոխեց դիրքորոշումը. դեմ էր, բայց հետո կողմ եղավ որոշմանը:
-Ես, ճիշտն ասած, չեմ արձանագրել այդ պահը, որ Դուք ասում եք: Չգիտեմ` ինչ կարող է ասած լինել: Բայց կարծում եմ` բավական հստակ էր իր ասածն այն առումով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի առումով ճիշտ լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա:
-Իսկ Փաշինյանի արձագանքն, ըստ Ձեզ, կոպի՞տ չէր Մինասյանի հանդեպ:
-Ամեն մեկն իրավունք ունի յուրովի գնահատելու: Կարծում եմ, քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, ամեն մեկը պետք է իր տեսակետն արտահայտի:
-Այսինքն՝ կոպի՞տ չէր Փաշինյանի նման արձագանքը:
-Ես Ձեր հարցին պատասխանեցի:
-Հստակ չէր:
-Ասում եմ` ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետը յուրովի արտահայտելու:
-Դուք մի առիթով ասել եք, որ հակադաշնակցական հիվանդությունը պարբերական բնույթ ունի: Հիմա սա հակադաշնակցականության դրսեւորո՞ւմ էր, թե՞ այլ բան:
-Վերջին օրերին այդ միտումը կարծես թե նահանջ է արձանագրել:
-Եվ ինչո՞վ եք դա բացատրում:
-Դժվար է միանշանակ գնահատական տալ: Չեմ ուզում ենթադրություններ անել: Կարծում եմ` պայմանավորված է ամենատարբեր ուժերի կողմից Դաշնակցության հանդեպ ունեցած եւ հաճախ ոչնչով չարդարացված գնահատականներով: Եվ անընդհատ Դաշնակցության հարցում առաջնորդվում են բուռն խնդիրներ տեսնելու ցանկությամբ: Բայց կարծում եմ, որ անընդհատ իրականությունը հակառակն է ապացուցում:
-Իսկ չե՞ք կարծում, որ այդ հակադաշնակցական մոտեցումները կլինեն նաեւ ՀՀԿ-ի կողմից, քանի որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից: Հիմա վստահաբար առաջվանը չեն երկկողմ հարաբերությունները:
-Ես չեմ ուզում շատ սեւեռվել այդ մոտեցումների վրա, որովհետեւ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, եւ ժամանակը ցույց է տալիս, թե քաղաքական ուժերից որն ինչպես է հանդես գալիս, դավանո՞ւմ է արդյոք սկզբունքներ, թե՞ ոչ, եւ ինչ մղումներից է գործում: Եվ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
-Գուցե այժմ ՀՀԿ-ն զայրացա՞ծ է ՀՅԴ-ի վրա կամ նեղացա՞ծ է Ձեզնից:
-Չեմ կարծում: Ինչո՞ւ եք ուզում խնդիրներ տեսնել Դաշնակցության եւ ՀՀԿ-ի հարաբերություններում. չկան խնդիրներ: Եվ մենք որեւէ քաղաքական ուժի հետ խնդիրներ չունենք: Մեր հարաբերությունները բացառապես քաղաքական են, եւ կարծում եմ, որ Դաշնակցությունը քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելու առումով քաղաքական կաշկանդվածություն չունի:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՀՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր խորհրդարանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Միակ թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է, որ առաջադրվել էր դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Երեկ այս հարցի քննարկումը խորհրդարանում բավականին թեժ անցավ, եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորին ուղղված պատգամավորների հարցերը վերաբերում էին աղմկահարույց մի շարք քրեական գործերի, նաեւ ՀՀԿ-ի իշխանության կողմից գործադրված ճնշումներին:
Բայց ավելի ուշագրավ էին ոչ թե ՍԴ անդամի թեկնածուի շուրջ քննարկումները, այլ քաղաքական իրավիճակը, որում ընթանում էին քննարկումները եւ լուծվելու է հարցը: Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների երեք հինգերորդի, այսինքն 63 պատգամավորի կողմ քվե։ ՈՒ հիմա նրա ընտրվելու հավանականությունը կասկածի տակ է: Ընտրությունը կկայանա փակ գաղտնի ընթացակարգով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում երեկ արդեն իսկ հայտարարել է, որ իրենց հուզող հարցերը մնացին անպատասխան, այդ պատճառով էլ դեմ են քվեարկելու:
Առայժմ հստակ չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նախկինում ՀՀԿ-ն երբեք այսպիսի դեպքերում խնդրի առջեւ չէր կանգնում, քանի որ իր 58 մանդատով եւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ապահովում էր 3/5-րդի համար անհրաժեշտ քանակը: Այժմ արդեն ՀՀԿ-ն ունի 52 պատգամավոր եւ, եթե անգամ ՀՅԴ-ն մասնակցի եւ իր յոթ պատգամավորով կողմ քվեարկի, ստացվում է 59 ձայն: Եվ այսօր առաջին փորձությունը կարող է սպասվել, երբ պետք է հասկանալ, թե ինչպես կվարվեն ՀՀԿ խմբակցությունը լքած 6 պատգամավորները: Հետաքրքիր է՝ նրանք իներցիայով կքվեարկեն ՀՀԿ-ի պես, թե սեփական դիրքորոշումը կհայտնեն: Հենց դրանից է կախված՝ ՍԴ դատավորի թեկնածուն կանցնի, թե ոչ:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար դատավորի թեկնածու հաջորդաբար առաջադրում է ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը։ Սահմանադրական դատարանում այս պահին դատավորի մեկ թափուր տեղ կա։ Անցյալ ամիս խորհրդարանը ՍԴ դատավոր չընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Էմիլ Բաբայանին, ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի փոխարեն պետք է դառնար դատավոր: Իսկ Ելիզավետա Դանիելյանն առաջադրվում է մեկ այլ թափուր տեղի համար. հունիսի 16-ին լրանալու է դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի 65-ամյակը, եւ նրա լիազորությունները դադարելու են։ Եվ ստացվում է, որ եթե այսօր եւս մեկ անգամ տապալվի քվեարկությունը, ապա Սահմանադրական դատարանում արդեն երկու դատավորի պաշտոն թափուր կմնա, եւ սա շատ հավանական սցենար է:
Այստեղ շատ վատ իրավիճակում է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա կմնա առանց երկու դատավորի, եւ այս իրավիճակը նաեւ հենց նրա հեղինակած Սահմանադրության հետեւանքն է: Ասել է թե՝ Թովմասյանին նաեւ իր հեղինակած կաղ օրենսդրությունը դեռ երկար է հետապնդելու, եւ եթե իշխանությունը չուզի համալրել թափուր տեղերը, այդպես էլ կմնա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՀԱՆԵԼ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտարարեց, որ ՀՔԾ որեւէ քննիչի սենյակում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. «ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը եւ դրոշը, եւ այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից»: Սակայն նկատենք, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ՀՔԾ-ում դեռեւս ապրիլի 23-ից հետո իրավիճակ էր փոխվել: Բանն այն է, երբ ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՔԾ-ում մի շարք քննիչներ հանել են նրա լուսանկարը: Այս օրերին քննիչները տատանվում էին՝ ո՞ւմ լուսանկարը կախել՝ նախագահ Արմեն Սարգսյանի՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Բայց, փաստորեն, հարցն ինքնըստինքյան լուծվեց. վարչապետը հրահանգել էր որեւէ պաշտոնյայի նկար չկախել, ու ՀՔԾ-ում դատարկ պատերը մնացին այդպես էլ դատարկ:
ԿԱՌԱՎԱՐՎՈ՞ՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը գործող իշխանությունների սրտով է, ավելին՝ մասամբ նրանց կողմից ուղղորդվում է: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Գարեգին Բ-ին փոխարինողը լինելու է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Ես հերքում եմ: Նման բան չկա»,-ասաց խոսնակը: Փորձեցինք պարզել նաեւ, թե ինչպես կվարվի Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, եթե իրեն առաջարկվի դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոս: «Այժմ գահին հայրապետի գահակալության պայմաններում այդ հարցը քննարկելն անբարոյականություն է: Երբ գահը թափուր լինի, այդ ժամանակ կքննարկվեն թեկնածուները»,-նշեց նա:
ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսած բարձրացնելու է ավիատոմսերի սակագները: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` պատճառը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունն է: Բանն այն է, որ ֆուտբոլային խաղերի համար աշխարհի գրեթե բոլոր երկրներից մեծ քանակությամբ երկրպագուներ են մեկնում Մոսկվա: Առիթից օգտվելով` ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը` բոլոր, այդ թվում եւ Երեւան-Մոսկվա ուղղությունները: Օրինակ` եթե հունիսի 13-ին մեկ անձի համար Երեւան-Մոսկվա ուղղությունը առաջարկվում է ավելի քան 78 հազար դրամով, ապա 14-ին այն արժե 131 հազար դրամ, նույն օրը երեկոյան վաճառքի մնացել է երկու տոմս`110 հազար դրամ արժեքով: Իսկ ահա հունիսի 17-ին ընկերությունը Երեւան-Մոսկվա ուղղության ավիատոմսը առաջարկում է նաեւ 158 հազար դրամով: Նշենք, որ բարձրացել են նաեւ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից դեպի Ռուսաստան ուղղության ավիատոմսերը: