«ԵԼՔ»-Ը՝ ՆՈՐ ՄՈՒՏՔԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է եղել մեկ կուսակցություն դառնալու կետը, սակայն խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց այդ դրույթը չի իրականացվել, ավելին՝ մինչ այժմ այս գործընթացի հետ կապված դեռեւս ոչ մի քննարկում չէր իրականացվում եւ գործընթացը կարծես թե առկախված էր. պատճառը դաշինքի անդամ երեք կուսակցությունների միջեւ ոչ այնքան հաշտ հարաբերություններն են. Էդմոն Մարուքյանն ի սկզբանե չսատարեց Նիկոլ Փաշինյանին, ու նրա կողքին կանգնեց այն ժամանակ, երբ թավշյա հեղափությունը մոտ էր հաղթանակին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թավշյա հեղափոխությունից հետո այս հարցով քննարկումներ են սկսվել, սակայն դեռ միայն կուսակցությունների ներսում. հարցը դաշինքում ավելի լայն ձեւաչափով դեռ չի քննարկվել: Այս օրերին դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության անդամները քննարկումներ են անցկացնում հասկանալու համար մեկ կուսակցություն դառնալու եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական հանդես գալու հնարավորությունները:
ԼՀ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամները հասկանում են, որ այս պահին առանց ՔՊ-ի իրենց համար շատ բարդ է լինելու ընտրություններում համապատասխան ձայներ ապահովելը: Սակայն նաեւ հասկանում են, որ եթե մեկ կուսակցություն դառնալու համաձայնության գան, ապա գլխավոր է դառնալու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, եւ ընտրացուցակում կգերիշխեն հենց այս կուսակցության թեկնածուները, ինչպես որ այսօր նրանք գերիշխում են կառավարությունում: ՔՊ-ին միանալու տարբերակին մյուս երկու ուժերն այնքան էլ դեմ չեն, քանի որ այսպես կապահովեն նաեւ իրենց ներկայացվածությունը խորհրդարանում՝ պատգամավորական մանդատ, բարձր աշխատավարձ, անարգել ճամփորդելու հնարավորություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով դաշինքի մաս կազմող կուսակցություններում բազմաթիվ կարծիքներ են առկա, անգամ չի բացառվում, որ ՔՊ-ն առանձին մասնակցի, իսկ մյուս երկու ուժերն էլ միասին՝ սակայն օգտագործելով հենց դաշինքի անվանումն ու կարգախոսը: Եվ ամենեւին պատահական չէ, որ լրագրողների հետ զրույցում երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իր համար «Ելք կա»-ն ավելի լավ կարգախոս է, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը: Սա, ըստ էության, հենց մեսսիջ էր՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընտրություններին միասնական կամ առանձին մասնակցելու շուրջ քննարկումներն ընթանում են, սակայն արդյունքների մասին դժվարացավ խոսել: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե առաջիկայում սպասվում է «Հանրապետություն» կուսակցության համագումարը, որի նպատակը թիմն ավելի երիտասարդացնելն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում եւս այս հարցի վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր արտահայտել, թե եթե առանձին-առանձին գնան ընտրության, նրանցից ոչ ոք չի հաղթի: Սակայն այս մոտեցմանն այնքան էլ համակարծիք չէր Արամ Սարգսյանը, ով մեզ հետ զրույցում ընդգծեց, թե յուրաքանչյուր մարդ հաղթանակի վերաբերյալ իր ուրույն մոտեցումն ունի:
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե իրենք այս պահին միայնակ էլ կարող են մասնակցել եւ անհրաժեշտ ձայներ ապահովել, սակայն դա չի նշանակում, թե մյուսներին չպետք է հարգել: «Այս պահին քննարկումներ են ընթանում, քանի որ հուշագրի չորրորդ կետում ամրագրված էր մեկ կուսակցություն դառնալու քննարկումներ սկսելը եւ հավատարիմ մնալով մեր հուշագրի կետին՝ մենք այդ քննարկումները սկսել ենք: Հիմա ենք սկսել, քանի որ պայմաններ, իրավիճակ է փոխվել, եւ այդ հարցը քննարկելու անհրաժեշտություն կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Վերջինս եւս ընդգծեց, թե այդ քննարկումները միայն կուսակցություններում են ընթանում, այլ ոչ թե դաշինքում: «Կուսակցությունները տարբեր են, եւ միասնական քննարկում դեռ չի եղել: Առայժմ մենակ կուսակցություններում ենք քննարկել, նույնիսկ վարչության նիստում չենք քննարկել», – ընդգծեց նա:
Լենա Նազարյանը նաեւ նշեց, թե հենց այս քննարկումների արդյունքում հայտնի կդառնա, թե ով կլինի խմբակցության ղեկավար: «Դա էլ պայմանավորված կլինի այդ քննարկումներով: Ոչ մի ժամկետ չկա: Մենք որոշեցինք, որ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի քննարկումից հետո կանդրադառնանք նաեւ այդ հարցեին», – եզրափակեց Նազարյանը:
Պարզից էլ պարզ է, որ այս պահին ՔՊ-ն կարող է առանձին էլ ապահովել իր համար անհրաժեշտ ձայները, եւ մյուս ուժերը դա շատ լավ հասկանում են: Եվ հաջորդ խորհրդարանում կրկին հայտնվելու միակ տարբերակը ՔՊ-ի հետ որեւէ ձեւաչափով հանդես գալն է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաեւ կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համոզել գործընկերոջը, որպեսզի հետ վերցնի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մերուժան Սիմոնյանի որոշումը վերջնական է: Հրաժարականի պատճառներն իրականում շատ խորն են, եւ որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե երբեւէ պաշտոնի կռիվ չեն անում, սակայն ակնհայտ է, որ Սիմոնյանի որոշումը հենց դրանով է պայմանավորված: Նա Սյունիքի մարզպետ դառնալու հույսեր է ունեցել, սակայն վերջին պահին պարզվել է, որ այդ պաշտոնն այլ մարդու են հատկացնում՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ որդուն՝ Կարեն Համբարձումյանին: Եվ հիմա Սիմոնյանին փոխարինողի հարցում եւս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սիմոնյանը պատգամավոր է դարձել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից՝ հավաքելով 8168 ձայն: Նրանից հետո հաջորդ առավելագույն ձայն ստացած թեկնածուն Դավիթ Հարությունյանն է (4694 ձայն)՝ Եղեգնաձորի քաղաքապետը, եւ մեր տեղեկություններով` մանդատը վերցնելու ցանկություն չունի: Նրանից հետո ավելի շատ քվե ստացել է Աղասի Հակոբջանյանը (4373 ձայն), սակայն նրա խորհրդարան գալը միանշանակ չէ: Սյունիքի նորանշանակ մարզպետ Համբարձումյանը հենց Հակոբջանյանի փեսան է, եւ այս պարագայում կստացվի աները՝ պատգամավոր, փեսան՝ մարզպետ, սակայն ԲՀԿ-ականները հակված են, որ այսպիսի կապերը միանշանակ չեն ընդունվի թե՛ հասարակության, թե՛ նոր կառավարության կողմից: Մեր տեղեկություններով` այս պահին այդ առումով քննարկումներ են ընթանում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Հավելենք, որ Հակոբջանյանից հետո էլ մյուս ձայներ ստացած թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է՝ 4033 ձայն, սակայն նա էլ արդեն պատգամավոր է համամասնական ընտրակարգով:

 

 

ՎԱՐՁԱՀԱՏՈ՞ՒՅՑ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը: Ըստ Պն-ում տարածված լուրերի` զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ:

 

 

ԼՈՒՌ ԷՐ
Երեկ Կոմիտասի անվան պանթեոնում վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ հարգանքի տուրք էր եկել մատուցելու պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀԿ կարկառունները` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ այլ գործիչներ: Սերժ Սարգսյանի դեմքից երեւում էր, որ բավական անտրամադիր է: Նա, թիմակիցների հետ կանգնած, գլուխը գրեթե վերեւ չէր բարձրացնում: Միայն մերթընդմերթ փորձում էր աչքի տակով նայել ներկաներին: Ծաղիկներն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ խոնարհելուց եւ նրա ընտանիքի անդամների ձեռքը սեղմելուց հետո Սարգսյանը շտապեց հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչո՞ւ թողեց իշխանությունը, Սարգսյանը չպատասխանեց` շարունակելով լուռ քայլել դեպի պանթեոնի մուտքը: Մյուս հարցին` վարչապետ Փաշինյանի աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, եւս լռությամբ պատասխանեց` դեմքի թեթեւ ժպիտով:

 

 

 

ԵՐԿՈՒՍԻ ՕՐՈՔ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, նա կարող է բանակցել միայն իր փոխարեն: «Առնվազն երկու հարցում Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն: Առաջինը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը` Արցախի տարածքային ամբողջականության խնդրին»,-ասել է փոխնախարարը: Անդրադառնալով հարցին, թե ում օրոք է, վերջիվերջո, Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից` փոխնախարարը նկատել է. «Ակնհայտ է, որ սխալներ թույլ տրվել են թե՛ առաջին նախագահի եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Խնդիրն այն չէ, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է լիարժեք բանակցային կողմ»: Փոխնախարարի համոզմամբ` Ադրբեջանը շատ կցանկանար, որ այսօր բանակցությունների ձեւաչափում լիներ Հայաստանը, Ղարաբաղը եւ իրենք գային երկու ֆորմատով` ներկայացնելով դա որպես միջպետական վեճ: «Իհարկե դա բացառվում է: Այն պահին, երբ Բաքուն կընդունի Ղարաբաղին որպես լիարժեք բանակցային կողմ, մենք կարող ենք ակնկալել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել»,- նշել է նա:

 

 

ԼԻԱՐԺԵՔ ՉԷ
Հայաստանի եւ Իրանի միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում։ Այդ մասին Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել Իրանի հետ կիսվելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձեւավորման ուղղությամբ ունեցած փորձով։ Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին կարեւորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների սահմանին «Բարեկամության եւ խաղաղության այգի» հիմնելու ծրագրին։

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Նախագահ Արմեն Սարգսյանն ու կինը` Նունե Սարգսյանը, ՌԴ պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց` Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:




Լրահոս