ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿՓԵՂԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՓԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ ավարտվեց Մեծ յոթնյակի հերթական գագաթնաժողովը, որը գուցե թե լինի այդ ձեւաչափով վերջինը առնվազն մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը: Գագաթնաժողովին դրսեւորվեց ոչ միայն տերությունների միջեւ առկա տարաձայնությունների ողջ փաթեթը, այլեւ հստակ դարձավ ԱՄՆ նախագահի մեկուսացվածությունը արեւմտյան դաշնակիցներից: Թրամփի ու մյուս պետությունների հարաբերությունների լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ նախագահը թվիթերի միջոցով չեղարկեց իր ստորագրությունը գագաթնաժողովի կոմյունիկեից:

G7-ի գագաթնաժողովն այս տարի ընթանում էր բավականին բարդ պայմաններում` հաշվի առնելով ինչպես համաշխարհային քաղաքական ճգնաժամը Ռուսաստանի մասնակցությամբ ու Հս. Կորեայի հիմնահարցը, այնպես էլ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ լարվածությունը: Հետպատերազմյան շրջափուլից ի վեր ԱՄՆ-ի ու դաշնակիցների միջեւ թեպետ տարակարծություններ եղել են, սակայն դրանք այսօրվա կրիտիկական սահմանին, ըստ էության, երբեւէ չեն հասել: Դժվար է վերհիշել մի դեպք, երբ ԱՄՆ նախագահն այսքան մեկուսացած լիներ իր դաշնակիցներից, որոնց հետ փոխանակվեր հրապարակային քննադատություններով: Դեռ նախագահ ընտրվելու ու պաշտոնական լիազորությունների ստանձնման շրջանում էր դրսեւորվել Թրամփի ու Գերմանիայի կանցլեր Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Աբեի, Կանադայի վարչապետ Թրուդոյի անհաշտությունը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ընտրության ժամանակ էլ Թրամփը անթաքույց կերպով պաշտպանում էր նրա մրցակից Մարի Լը Պենին: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ նույնպես, ի հեճուկս սկզբնական բարեկամական մթնոլորտի, Թրամփը հասցրեց թշնամանալ, երբ քարոզում էր աջ ծայրահեղականություն հենց ՄԹ-ի ներսում: Սակայն օրերս միայն Մեյն էր, որ Թրամփի հանդեպ պահպանեց իր հանդուրժողական վերաբերմունքը` այն էլ կապված հանգամանքի հետ, որ ՄԹ-ը լքում է ԵՄ-ն, եւ առեւտրային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ վերածվում են կենսական անհրաժեշտության:
Թրամփի եւ արեւմտյան դաշնակիցների հարաբերություններն առերեւույթ լարվեցին տնտեսական հիմնահարցերի քննարկման պատճառով, սակայն դրանց բուն էությունը լիովին քաղաքական է: Խնդիրն առաջին հերթին պետությունների ղեկավարների ընկալումներն են իրենց պետության արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ունեցած տեղի ու դերի առումով: Թրամփը լիովին իրագործեց իր նախընտրական խոստումները, երբ համառորեն պնդում էր, որ ամեն ինչ անելու էր ամերիկյան շահերի սպասարկման համար` թույլ չտալով ծախսել պետության ազգային հարստությունն այլոց համար, բարելավել ամերիկյան արտադրողների մրցակցային դիրքը եւ այլն: Բարձրացնելով միջազգային կազմակերպությունների պահպանման ուղղությամբ արվող ծախսերի հավասար բաշխվածության խնդիրը` Թրամփը գտնում էր, որ նախկին կարգն անարդարացի էր, երբ ԱՄՆ-ն, ըստ էության, միայնակ էր պահում այդ կազմակերպությունները, որոնք էլ իրենց հերթին ծառայում էին ընդհանուրի շահերին: Եվ այժմ էլ Թրամփը որոշել է պողպատի եւ ալյումինի առեւտրի հարցում նոր հարկեր ավելացնել: Ըստ նրա` մաքսատուրքերն այնքան ցածր են, որ Կանադայից ու ԵՄ-ից ներմուծվող պողպատն ու ալյումինն ավելի էժան են լինում, ինչից էլ տուժում է ամերիկյան արտադրողը` չկարողանալով դիմանալ մրցակցությանը: Թրամփն անգամ հայտարարում է, որ ամերիկյան արտահանողների համար Կանադան բավականին բարձր մաքսատուրքեր է սահմանել, ինչն էլ ստիպում է իրեն նույն կերպ վարվել: Բիզնեսի առումով Թրամփը լիովին ճիշտ է, քանի որ որպես ԱՄՆ նախագահ պետք է առաջին հերթին մտածի ամերիկյան բիզնեսի շահերի տեսանկյունից: Սակայն հետպատերազմյան շրջանից ի վեր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նման հարցերում հիմնված է եղել լիբերալիզմի սկզբունքների վրա, երբ բաց առեւտրի միջոցով արեւմտյան դաշնակիցներն ընկնում էին ԱՄՆ-ից կախվածության մեջ: Եթե վերջինս անգամ տնտեսապես որոշակիորեն տուժում էր, ապա շահում էր քաղաքական իմաստով: Զիջելով որոշ ֆինանսական հարցերում` ԱՄՆ-ն ստանում էր քաղաքական իշխանություն արեւմտյան տերությունների նկատմամբ եւ լեգիտիմացնում արեւմտյան ժանդարմի իր կարգավիճակը:
Թրամփն այսօր փորձում է այդ նույն կարգավիճակով նաեւ շահեկան վիճակում հայտնվել տնտեսական հարաբերություններում: Սակայն արեւմտյան դաշնակիցներից եւ ոչ մեկը չի հանդուրժելու, որ ֆինանսական հավասար պայմանների դեպքում ԱՄՆ-ն ունենա քաղաքական գերակայություն: Թրամփն, ըստ այդմ, պետք է ընտրի կա՛մ պահպանել քաղաքական գերիշխանությունը եւ որոշակիորեն տուժել տնտեսական հարցերում, կա՛մ կենտրոնանալ ամերիկյան տնտեսության ուժեղացման վրա եւ քայլ առ քայլ կորցնել ազդեցությունը Եվրոպայի ու Կանադայի նկատմամբ: ԱՄՆ նախագահը, լինելով գործարար, թերեւս չի կարողանում պատկերացնել այս նրբությունը, ուստի եւ անընդհատ շեշտադրում է տնտեսականի վրա: Ավելին` նա բավականին անզգույշ գտնվեց Մեծ յոթնյակի` մեծ բանավեճերի ու փոխզիջման արդյունքում կնքված կոմյունիկեից հրաժարվելու հարցում: Նա այդպես վարվեց համացանցում թվիթերյան գրառման միջոցով` պատշաճորեն չտեղեկացնելով իր դաշնակիցներին եւ անակնկալի բերելով վերջիններիս: Դիվանագիտության մեջ Թրամփի պահվածքը պարզ արհամարհանք է, որը դժվար թե եվրոպացիները կուլ տան: Նման իրավիճակում այլեւս հստակորեն կարելի է խոսել արեւմուտքի երկփեղկվածության մասին, ինչը դրսեւորվելու համար լավագույն պայմաններն է ստեղծում Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի համար: Նկատենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նորօրյա պատասխանատուները նույնպես պետք է սթափորեն վերլուծեն ստեղծված դրությունը պատեկրացնելու համար տարածաշրջանում հնարավոր զարգացումների շրջանակն ու ընթացքը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՉՀԱԼԱԾՎՈՂԸ
Կոմիտասի անվան պանթեոնում երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ի թիվս այլ գործիչների հարգանքի տուրք էր եկել մատուցելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Armlur.am-ը երեկ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ մի քանի հարց է ուղղել պարոն Սահակյանին:
-Պարո՛ն Սահակյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես, սակայն Սերժ Սարգսյանը հանձնեց: Հիմա ճամպրո՞ւկ էր, թե՞ ոչ: Ինչո՞ւ հանձնեց:
-Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնեց: Պարզապես սոցիալական այնպիսի երեւույթ էր, որ այն քաղաքական մատեցումները, որոնք օրենքով նախատեսված էին, չօգտագործվեց: Չեմ կարծում, որ մենք ոտքի պիտի կանգնեինք դպրոցական, 1-ին դասարանցիների կամ համալսարանի 2-րդ կուրսի ուսանողների դեմ: Այնպես արեցինք, որ նորմալ վիճակ ստեղծվի մեր հանրապետությունում: Իհարկե, իշխանությունը ճամրուկ չէ, այլ շատ լավ կլինի, որ նոր իշխանությունները, որ եկել աշխատում են, ճամպրուկի պահով իրենց խնդիրները չվերջացնեն: Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ եթե մեծ գաղափարներ ունեն, մեր երկրում կիրառվեն:
-Նիկոլ Փաշինյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Նա լա՞վ վարչապետ է:
-Այդ աշխատանքը ոչ թե ես պետք է գնահատեմ, այլ ամբողջ երեւույթը: Դեռեւս աշխատանքային հիմնական մոտեցումները հասարակության մեջ երեւելի չեն: Կարծում եմ` առաջիկայում երբ կամփոփեն իրենց գործողությունները, հնարավոր կլինի նաեւ այդ մասին խոսել: Իմիջիալյոց, այս ամբողջ իշխանության հատվածից մենք եւ ես ճանաչում եմ միայն Նիկոլ Փաշինյանին: Նրանք, ովքեր նախարարներ են, դեռեւս չգիտենք` ուժեղ են, թե թույլ: Տեսնում եմ, որ առանձին վարչական աշխատողներ էլ չեն եղել: Կարծում եմ` մի մասը ուժեղ է, մի մասը կփոխվի: Էդ դեպքում նոր միայն կարելի է գնահատել ամբողջական աշխատանքը:
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ-ում քաղաքական հալածանքի ենթարկվողներ կա՞ն, քանի որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, որ այդ հարցով իրեն դիմեն:
-Ինձ նայեք, տեսեք` ինձ հնարավո՞ր է հալածել:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը ներկայացնելիս Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված իրացնողի ու ներմուծողի համար: Ըստ այդմ` կառավարությունը կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում: «Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի, բրենդիի, դրանց սպիրտի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ է ստեղծում շշալցված կոնյակ եւ կոնյակի սպիրտ իրացնող եւ ներմուծող մեծ ու փոքր ընկերությունների համար»,- ասել է Խաչատրյանը:

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՔՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարկումներ եղան, պարզվում է ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը ունի-չունի, ընդամենը 4500 եվրոյի չափ դրամական միջոց ունի: Ավելին՝ Հայրապետյանը եկամուտ չի հայտարարագրել. նա հունվարի 1-ից մինչեւ նախարար նշանակվելը աշխատավարձ անգամ չի ստացել: Ի դեպ, երիտասարդ նախարարը մամուլում իր մասին հրապարակումների վերաբերյալ հայտարարել էր, որ իր դեմ արշավ է ընթանում, եւ դա քաղաքական պատվեր է:
Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ եւ 597 դոլար: Իսկ որպես եկամուտ մշակութային Մակունցը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ընդհանուր կազմել է 1 մլն 551 հազար դրամ: Նրա հայտարարագրից տեղեկացանք, որ բնակարան, տուն, ավտոմեքենա չունի:
Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս