«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այս պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդին է դիմել պաշտպանության նախարարությունը: Ու հիմա «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին:
Ինչպես հայտնի է, «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսն էր: Այս ընկերությունում Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր` Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեին հավասարաչափ բաժնեմասեր:
Ավելի վաղ այս ընկերությունը հասցրել է մի քանի անգամ հայտնվել սեւ ցուցակում, բայց սա Հովիկ Աբրահամյանի եւ Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունից ամիսներ անց: Անցած տարի հայտնի դարձավ, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք բերեց «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը` ըստ որոշ տեղեկությունների` Աբրահամյաններին պատկանող բաժնեմասը: Այսինքն` «Արտֆուդ»-ի մյուս բաժնետերը դեռ շարունակում է մնալ Սերգո Կարապետյանը: «Արտֆուդ»-ը սեւ ցուցակում հայտնվել է հերթական անգամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին` արդեն նոր իշխանության օրոք, դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ խնդրել է նախաձեռնել «Արտֆուդ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ:
Բանն այն է, որ պաշտպանության նախարարությունը մսի պահածոյի ձեռքբերման նպատակով բաց մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Արտֆուդ» ընկերությունը: Նշենք, որ ընթացակարգին մասնակցելու, ինչպես նաեւ մսի եւ մսաբուսական պահածոների մատակարարումները համատեղ իրականացնելու նպատակով «Արտֆուդ»-ի եւ «Էլիտ գրուպ» ընկերությունների միջեւ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Ըստ այդմ` «Էլիտ գրուպ»-ի վրա դրվել է մասնագիտական փորձառություն ապահովելու պարտականություն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերության կողմից թյուրիմացաբար հայտի հետ միասին չի ներկայացվել նշված համատեղ գործունեության պայմանագիրը, որից պետք է պարզ դառնար, որ «Արտֆուդ»-ը ընթացակարգին մասնակցում է կոնսորցիումով «Էլիտ գրուպ»-ի հետ միասին:
Արդյունքում ընթացակարգի հանձնաժողովը որոշել է ընկերությանը ճանաչել առաջին տեղ զբաղեցնող մասնակից, եւ վերջինիս առաջարկվել է ներկայացնել բաց մրցույթի հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը: Դրանից հետո գնահատող հանձնաժողովը հայտարարել է, թե որակավորման պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը լիարժեք չեն եղել. բացակայել են ծանոթության բաժնում նշված պահանջները:
«Արտաշատի պահածոների գործարան» ընկերության կողմից ներկայացվել է համատեղ գործունեության պայմանագիր «Էլիտ գրուպ» -ի հետ, ինչպես նաեւ «Էլիտ գրուպ»-ի եւ 3-րդ կազմակերպության միջեւ կնքված սննդամթերքի գնման պայմանագիր: Մինչդեռ, ըստ ՊՆ-ի, համատեղ գործունեության պայմանագիրն անհրաժեշտ էր ներկայացնել մրցույթի մասնակցության հայտով: Բայց այն «Արտֆուդ»-ի կողմից չի ներկայացվել:
Ու հանձնաժողովը որոշել է կասեցնել նիստը եւ ընկերությանը ծանուցել մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սահմանված ժամկետում ընկերությունը հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացրել է ապրանքների լիարժեք տեխնիկական բնութագրերը, մասնավորապես ծանոթության բաժնում նշված պահանջները: Այս մասով մրցույթի գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը շտկվել են: Բայց չնայած սրան` գնահատող հանձնաժողովը որոշել է մերժել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի հայտը` հիմնավորելով, որ ընկերության կողմից համատեղ գործունեության պայմանագիրը «Էլիտ գրուպ»-ի հետ ներկայացվել է միայն երկրորդ փուլում:
Բայց մյուս կողմից «Արտֆուդ» ընկերությունը գտնում է, որ նման պայմաններում իրենց ընկերությունը թույլ չի տվել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված խախտում, քանի որ ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը շտկվել են եւ ներկայացվել գնահատող հանձնաժողովին: Այսինքն` «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության կողմից առկա է ոչ թե գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, այլ ընկերության կողմից մասնակցության հայտի սխալ պատրաստում: Հետեւաբար դիմելով գնումների բողոքարկման խորհուրդին` խնդրել է հաշվի առնել իրենց դիրքորոշումը եւ ընկերությանը չվերագրել օրենքի խախտում, եւ որպես հետեւանք ընկերությանը չներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Իսկ ահա պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ «Արտֆուդ»-ի ներկայացրած ապրանքների տեխնիկական բնութագրերը լիարժեք չեն եղել: Ըստ ՊՆ-ի` ընկերությունը հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային հասցեին ուղարկել է ապրանքների տեխնիկական բնութագրերի ծանոթության բաժնում նշված պահանջները, մի շարք հարկային հաշիվներ, սակայն չի ներկայացրել նմանատիպ պայմանագրեր:
Մեզ հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը չի բավարարել ընկերության հայտը` անփոփոխ թողնելով նախարարության որոշումը: Արդյունքում խորհուրդը հունիսի 8-ին որոշում է կայացրել բավարարել պաշտպանության նախարարության` «Արտաշատի պահածոների գործարան»-ին սեւ ցուցակում ներառելու պահանջը, այն էլ` երկու տարի ժամկետով:
Փաստորեն, արձանագրենք, քանի դեռ «Արտֆուդի» սեփականատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերության առաջ կանաչ ճանապարհ էր վառված, բայց հիմա, ընդհակառակը, նրանց դիմաց փակվում են դռները: Տիպիկ հայկական իրականություն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԸ ՎՆԱՍՎԵԼ Է
Երեկ Շիրակի մարզի 10 համայնք կարկտահարվել է: Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը վնասել է հիմնականում հացահատիկի դաշտավայրերը: Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Անուշավան, Փանիկ, ինչպես նաեւ Մարմաշեն խոշորացված համայնքի Վահրամաբերդ, Մայիսյան, Սարիար, Հացիկ եւ շրջակա գյուղերն ու Գյումրու սելեկցիոն կայանի արտերն են տուժել: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ` վնասի չափը հաշվարկվելու է վաղը. «Ինտենսիվ կարկուտ է տեղացել: Բանջարաբոստանային կուլտուրաները քիչ են տուժել: Հիմնական վնասը աշնանացան ցորենն է կրել: Դա գյուղապետերն են ինձ փոխանցել»: Նշենք, որ համայնքներից ոչ բոլորում կան տեղադրված հակակարկտային կայաններ: Այն գյուղերը, որտեղ կան տեղադրված, ավելի քիչ են տուժել:
ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ըստ ակադեմիկոս Ֆազիլ Կուրբանովի` ՌԴ-ում բնակվող ադրբեջանական սփյուռքը պատրաստվում է նոր կազմակերպություն բացել: ՌԴ-ում բնակվում է 1.5 միլիոն ադրբեջանցի. մինչեւ 2017թ.-ը ՌԴ-ի տարածքում գործում էր 2001թ.-ին ստեղծված «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը», որը փաստաթղթերի հետ ունեցած խնդիրների պատճառով փակվել էր: Կուրբանովը նշել է, որ կազմակերպությունն ունենալու է նոր անվանում ու կանոնադրություն, այնտեղ կընդգրկվեն հայտնի ադրբեջանցիները: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանում դատարանի որոշմամբ լուծարվեց ՌԴ-ում գործող «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը: Լուծարման պատճառը եղել էր նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը, որը որոշակի լարվածություն էր առաջացրել երկու պետությունների միջեւ հարաբերություններում: «Մենք Ռուսաստանի գերագույն դատարանի որոշումը համարում ենք Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ»,-նախկինում հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը: ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության տեղեկացմամբ` Հանրապետության տարածքում հունիսի 13-16-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը 2-3 աստիճանով կբարձրանա: Մայրաքաղաքում հունիսի 13-16-ը` երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԹՂԹԻ ՎՐԱ
Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի արդեն նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքն այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետը հայտարարել էր, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Հունիսի 1-ին Հովիկ Աբովյանին ազատեցին Տավուշի մարզպետի պաշտոնից: Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին, մեր գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարեւանի դաշտերն ու այգիները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄՈԽՐԱՑԱԾ ԴԻ
Երեկ Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող Գյումրու ցուցանակի հետնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած հրշեջները Ազատանի խճուղում գտնվող շինության ներսում հրդեհը հանգցնելուց հետո հայտնաբերել են 1952 թվականին ծնված Շահանդուխտ Մկրտչյանի մոխրացած դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: