«ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆՍ ՔՎԵՆ ՀԵՏ ՉԵՄ ՎԵՐՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, նոր կառավարության գործելաոճի մասին զրուցել է երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա խոստովանել է, որ երբեմն կառավարության գործունեության մեջ իրեն էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, բայց ինքն իր վստահության քվեն չի վերցնում այս կառավարությունից:

-Պարո՛ն Պետրոսյան, հայաստանյան ներքին քաղաքական կյանքի ներկայիս փուլը ինչպե՞ս կորակեք:
-Ես այն կբնութագրեմ մեկ բառով՝ անհամբեր-սպասողական փուլ: Փոփոխությունները, որոնք ակնկալում էինք, իրականացվում են: Այլ բան է, թե որքանով են դրանց տեմպերը բավարարում հանրության տարբեր շերտերին:
-«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի թիրախ է համարում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Նա հարցնում է՝ ով է լինելու այն մեկը, ով որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու՝ որն է բարեգործություն, որը՝ ոչ: Դուք ի՞նչ կասեք այս մասին:
-Ամեն ինչ պետք է սահմանվի օրենքի դաշտում: Պետք է հստակ սահմանազատվի՝ որն է բարեգործությունը եւ որը՝ հարկերից խուսափելու միջոցը կամ զուտ փիարը: Ծառուկյանն, անշուշտ, առատաձեռն է, մարդկանց շատ է օգնել: Բայց միայն Ծառուկյա՞նն է բարեգործությամբ զբաղվում: Եկեք մեդալի հակառակ կողմն էլ դիտարկենք: Այդ օգնության արդյունքում նա նաեւ հավաքել է բավական շատ ընտրական ձայներ: Աշխարհի զարգացած շատ երկրներում բարեգործությունը սահմանված է, եւ բարեգործական նպատակով նվիրատվություն կատարողներն այդ մասով օգտվում են ինչ-ինչ հարկային արտոնություններից: Գուցե այս օրինագծի ընդունման արդյունքում այլ մարդիկ էլ հանդես կգան նման նախաձեռնություններով:
-Երեկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ նշելով, որ նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդներն ընդունելի չեն իր համար: Ինչպե՞ս կորակեք նրա այս քայլը: Շատերը նկատեցին, որ նա սկզբունքային գտնվեց, սակայն հանրության մի հատված էլ մեղադրեց նրան թիմը կառավարության համար դժվարին փուլում լքելու մեջ:
-Մենք ականատեսն ենք մեր իրականության մեջ նոր երեւույթի, երբ նախարարն իր համոզմունքների պատճառով հրաժարական է տալիս: Մենք ընտելացել էինք անդեմ, անատամ կառավարիչներին, պատգամավորներին: Կարծրատիպերի ոչնչացման հերթական նմուշ է սա: Պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը դեռ շատ ջուր կտանի: Ես չեմ կարող կառավարության անդամների փոխարեն խորը վերլուծություններ անել, որովհետեւ ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում, նաեւ չգիտեմ՝ այդ հարցն այսօր ստորջրյա ինչ խութեր է պարունակում: Գուցե վստահության նոր մակարդակ է ապահովվել: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուրս մեր քայլերի համար նախ եւ առաջ ինքներս մեր խղճի առաջ ենք պատասխանատու: Եթե մարդը սկզբունքային է, արժանի է միայն հարգանքի: Բայց խորին ափսոսանքս եմ հայտնում,որ Մանեի տեսակը պակասելու է մեր քաղաքական դաշտում: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ այդ պարտադիրը իմ սրտով էլ չէ:
-Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հանդեպ երկու ամիս առաջվա հանրային միանշանակ վերաբերմունքը կարծես չկա: Ի՞նչ պետք է անի վարչապետը իր դիրքերը ամուր պահելու համար:
-Կարծում եմ՝ կառավարությունը հաստատակամ առաջ է շարժվում: Ամեն բան կամաց-կամաց իր տեղը կընկնի: Մենք դեռ ամբողջական կերպով չենք ռեալիզացրել հեղափոխությունը: Դրա համար տեւական ժամանակ է պետք: Գիտե՞ք՝ երբեմն կառավարության գործունեության մեջ ինձ էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, թվում է, թե ուշացնում են ինչ-ինչ անհետաձգելի լուծումներ:Բայց ես իմ վստահության քվեն չեմ վերցնում այս կառավարությունից: Ես կասկած չունեմ կառավարության հիմնական անդամների քաղաքական բարձր կամքի եւ հետեւողականության առնչությամբ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԷԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների, խոսում ենք առաջին սիրո բերած զգացողությունների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն է: Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է երրորդ դասարանում իր հայոց լեզվի երիտասարդ ուսուցչուհուն. «Նա բեմադրել էր «Գիքորը», եւ ես հենց Գիքոր էի խաղում: Լինում էին դեպքեր, երբ ներկայացման փորձերն իրենց տանն էինք անում: Մի օր էլ թաքուն կախիչից գողացա նրա շարֆը: Դրանից հոտ էի քաշում, եւ ինձ թվում էր, թե ուսուցչուհիս ինձ հետ է»,-հիշեց Սուրենը: Նրա կարծիքով՝ ուսուցչուհին կռահում էր իր զգացմունքների մասին, քանի որ նա էլ իր հերթին առանձնակի ուշադիր էր Սուրենի նկատմամբ. «Ծնողներս իմ սիրո մասին իմացան ավելի ուշ եւ ասացին. «Լավ պրծանք, որ այդ ամենը չի լրջացել»: Դե նրանք դժվար թե ցանկանային, որ իրենց հարսը իրենց որդուց 15 տարով մեծ լիներ»,-ծիծաղելով ասաց բեմադրիչը:
Ի դեպ, Սա Սուրենի դպրոցական կյանքի միակ ինտրիգը չէ: Նրա խոսքով՝ երբ յոթերորդ դասարան էր, բոլորը գիտեին, որ ինքն «ամուսնացած է» Յանա անունով դասընկերուհու հետ. «Իհարկե դա անլուրջ, բայց հետաքրքիր խաղ էր»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ ոչ մի սեր երբեք չի մոռացվում, կլինի դա առաջին սեր, թե երկրորդ կամ երրորդ. «Կարծում եմ՝ սերն ապրում է մարդու մեջ, եւ մարդն ուղղորդում է այն ինչ-որ տեղ»,-նկատեց Սուրենը: Հարցին, թե հաճախ սիրահարվող, թե միասեր տեսակ է, բեմադրիչը պատասխանեց. «Բարդ հարց է: Կարող եմ միայն ասել, որ մարդն առանց սիրո չի կարող ապրել, եթե չի սիրում, ամեն բան անիմաստ է»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՄԱԵՍՏՐՈՆ ԿՈՏՐՎԱԾՔ ՈՒՆԻ
Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բկ, ոտքի կոտրվածք ունի, եւ նրան անհրաժեշտ է վիրահատություն: «Դերասանը ունի ոտքի կոտրվածք, եւ նրան պատրաստում ենք վիրահատության: Չմոռանանք, որ նա 94 տարեկան է»,-տեղեկացրել են հիվանդանոցից:

 

 

ԻՆՔՆԱԳՐԵՐ Է ԲԱԺԱՆԵԼ
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում ինքնագրեր է բաժանել ֆուտբոլասերներին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ համաշխարհային ֆուտբոլի աստղերը: Այն նվիրված է եղել աշխարհի 2018թ. առաջնությանը: Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել ֆուտբոլային այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չավին, Կաֆուն, Լոտար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը եւ Խավիեր Զանետին:




Լրահոս